Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՆՔԻ ԹԱԳՈՒՀԻՆ



ԵՐԿՆՔԻ ԹԱԳՈՒՀԻՆԱշխարհում մի մեծ գյուղ կա, անունը Բանանց: Բանանցեցիք աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ ու խիզախությամբ: Նրանք կարողացել են ժայռակերտ տարածքի վրա այգիներ տնկել և ծաղկեցնել իրենց գյուղը: Բանանցը շատ բնագավառներում է հայտնի մարդիկ տվել: Գյուղը մեծ ներդրում ունի նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում. 600 բանանցեցի զոհվել է հանուն մեծ հաղթանակի: Բանանցը տվել է նաև մի խիզախ կին օդաչու…

Ասյա (Թագուհի) Վանյանը փոքր տարիքից աչքի է ընկել բացառիկ աշխատասիրությամբ ու համառությամբ: Աշխույժ, եռանդուն և ընդունակ աղջիկը հասցրել է և՛ սովորել, և՛ աշխատել՝ այդպիսով թեթևացնելով իր մեծ ընտանիքի հոգսը: Սակայն Ասյային մանկուց հրապուրել է երկինքը: Եվ նա սկսել է հաճախել Բաքվի աերոակումբի դպրոց: Սկզբում օդապարիկով թռչել է սովորել, ապա նաև՝ ինքնաթիռով:

Հայրենական մեծ պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ: Շուտով սկսվել են նրա մարտական թռիչքները։ Մարտերի ընթացքում ֆաշիստների մտքով անգամ չի անցել, թե իրենց դեմ մարտնչող խիզախ օդաչուն կին է:

Մի օր հերթական մարտական առաջադրանքը կատարելիս վնասվում է Ասյայի ինքնաթիռի շարժիչը: Խիզախ հայուհին վնասված ինքնաթիռն ուղղում է թշնամու կուտակումների վրա: Մարտական ընկերները տեսնում են, թե ինչպես է նրա ինքնաթիռը զարկվում գետնին ու բոցավառվում: Դիպվածի պատճառով նրան համարել են զոհված:

…Ամիսներ անց, զորամասերից մեկում Ասյայի մարտական ընկերները հանդիպում են նրան: Եվ նա պատմում է եղելությունը, թե ինչպես է ինքնաթիռի գետնին բախվելու հարվածի ուժից ինքը դուրս  շպրտվել, ծանր վիրավորվել և ուշագնաց եղել: Դեպքի վայր հասած յուրայիններն են նրան առաջին օգնությունը ցույց տվել ու տեղափոխել դաշտային հոսպիտալ:

Ապաքինվելուց հետո խիզախ հայուհին կրկին մեկնել է առաջնագիծ, շարունակել թռիչքները և իր մարտական ընկերների հետ ազատագրել Լեհաստանը, Հունգարիան ու հասել Բեռլին:

Առաջին հայ կին օդաչուն պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով  ու բազմաթիվ մեդալներով: Պատերազմից հետո հերոս հայուհին բնակություն է հաստատել Ուկրաինայի Պանչևո քաղաքում և այնտեղ էլ 1996 թ.  80 տարեկան հասակում կնքել իր մահկանացուն։

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի

գիտաշխատող-ֆոնդապահ, ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Պատմության էջերից


06/05/2021