Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՆԵՏԱՅԻՆ-ՀՐԿԻԶՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ



ՀՐԱՆԵՏԱՅԻՆ-ՀՐԿԻԶՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԱմենակուլ կրակը՝ որպես զենք, մարդկությունը կիրառել է անհիշելի ժամանակներից, և այդ մասին վկայություններ կան հնագույն գրական աղբյուրներում: Դարեր շարունակ տարածքներ են զավթվել «հրով և սրով», և եթե այժմ «սուրը» դուրս է եկել գործածությունից, ապա զինվորական գործում «հուրը»՝ որպես ռազմական հզոր խոցող միջոց, շարունակում է կիրառվել և զարգանալ:

Հնագույն ժամանակներում առեղծվածային և չափազանց վտանգավոր զենք է եղել «հունական կրակը»: Պատմությունը թողել է բազմաթիվ ճակատամարտերի և ծովային մարտերի մանրամասն նկարագրություններ, որտեղ կիրառվել է հունական կրակը. այն թշնամու վրա էին տեղում պղնձյա փողերից, մարտական նավերի վրա տեղադրված ինքնաձիգներից, կամ խառնուրդը լցվում էր փակ անոթի մեջ, որը քարանետ մեքենայով նետվում էր թշնամու վրա: Կոտրվող անոթից դուրս հոսող խառնուրդը օդի հետ շփվելով բոցավառվում էր՝ պատճառելով մեծ վնասներ: Այն այրվում էր նույնիսկ ջրի մակերևույթին: Կրակը ջրով հանգցնել անհնարին էր, քանի որ ջրի ազդեցությամբ այն ավելի էր բորբոքվում: Ավելի ուշ ստեղծվեցին հունական կրակի կիրառման նոր միջոցներ: Սիֆոնների և պոմպերի միջոցով խառնուրդը բարձր ճնշմամբ դուրս էր նետվում խողովակներից: Հունական կրակի պայթյունը ուղեկցվում էր խիտ ծխարձակմամբ և սարսափելի դղրդյունով, շուրջբոլորն ամեն ինչ բոցավառվում էր՝ ինչպես լիցքի թռիչքի, այնպես էլ անկման ընթացքում: Զարմանալի չէ, որ միայն հիշեցումը հունական կրակի մասին զորքերում առաջացնում էր սարսափ և շփոթություն:

Հրազենի զարգացմանը զուգընթաց, կրակի նշանակությունը՝ որպես մարտական միջոցի, նվազում է, քանի որ վառոդի կիրառումը թույլ էր տալիս մեծ հեռավորության վրա հակառակորդին հասցնելու զգալի կորուստներ: Ցամաքում մարտական գործողությունների ժամանակ կրակի կիրառումը իր նշանակությունը պահպանում էր՝ հատկապես ամրոցների և քաղաքային ամրաշինական կառույցները գրավելու ժամանակ:

…Հրկիզող միջոցները լայն թափով կրկին սկսեցին զարգանալ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Առաջին անգամ 1915 թ. գերմանական զորքերը կիրառել են Ֆիդլերի նախագծով ստեղծված փոքր ուսապարկային՝ «Վեկե», մեծ ուսապարկային՝ «Կլեյֆ», և մեծ փոխադրական՝ «Գրոֆ» հրանետները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արդեն Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ռուսաստանը ունեին հրանետային ստորաբաժանումներ: Պատերազմից հետո հրանետային-հրկիզող միջոցները՝ որպես մարտավարության ժամանակ կիրառվող զինատեսակներ, ինտենսիվորեն զարգացան և Երկրորդ համաշխարհայինի սկզբներին շատ երկրների բանակների սպառազինության մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում:

Ժամանակակից հրանետային-հրկիզող միջոցները անցել են զարգացման տարբեր փուլեր:

Այսպես, օրինակ, խորհրդային առաջին PОКС-1 (ранцевый огнемет Клюева-Сергеева) ուսապարկային հրանետը, որը ստեղծվել էր 1940 թվականին, ուներ բազմաթիվ թերություններ: Առաջինն այն էր, որ հրկիզող նյութի գրեթե կեսը այրվում էր զենքի կիրառման պահին և թռիչքի ընթացքում, երկրորդ՝ վտանգված էր հրանետորդի կյանքը. լուսածրող փամփուշտով բաքի վնասվելու դեպքում հրկիզող նյութի ինքնաբուխ բռնկման հետևանքով հրետանորդը կարող էր այրվել:

ՀՐԱՆԵՏԱՅԻՆ-ՀՐԿԻԶՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԱվելի ուշ ստեղծվեց բազմակի կիրառման PПО (реактивный пехотный огнемет) հետևակի ռեակտիվ հրանետը, որի հրթիռը պարունակում է 4 լիտր հրկիզող նյութ, նշանառու հեռավորությունը կազմում էր 190 մետր և հաղթահարում էր առավելագույնը 400 մետր հեռավորություն, զերծ էր PОКС-1-ի թերություններից:

1976 թ. նախագծված նոր՝ ավելի կատարելագործված, մեկանգամյա կիրառման РПО-А «Шмель» հետևակի ռեակտիվ հրանետի հրթիռը ի տարբերություն РПО-ի, պարունակում էր 2,1 կգ հրկիզող նյութ, նշանառու հեռավորությունը կազմում էր 600 մետր և ուներ թռիչքի առավելագույնը1200 մետր հեռավորություն: Այս հրանետը իրեն գերազանց է դրսևորել Աֆղանական պատերազմի (1988-1989 թթ.) ընթացքում՝ լեռներում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ: Դրա շնորհիվ խորհրդային զորքերին ոչ միայն հաջողվել է քարանձավային և լեռնային ժամանակավոր ապաստարաններում ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը, այլ նաև՝ թեթև զրահամեքենաները:

Հետևակի ռեակտիվ հրանետային ստորաբաժանումները, որոնք ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի կազմում են, առաջադրված խնդիրները իրականացնում են առանձին կամ մոտոհրաձգային զորամասերի և ստորաբաժանումների հետ միասին՝ նոր հայտնաբերված և պլանավորված նշանակետերը ոչնչացնելու համար: Նոր հայտնաբերված նշանակետերը ոչնչացնելու համար հրանետորդները մոտոհրաձգային մարտակարգերի կրակի ներքո՝ պաշտպանվելով գնում են առջևից եւ կատարում են հրանետում: Պլանավորված նշանակետերի ոչնչացումը հրանետորդները իրականացնում են ինչպես անհատական, այնպես էլ տրված ստորաբաժանումների կազմում:

Հրանետորդների դերը մեծ է բնակավայրերում ընթացող մարտերի ժամանակ, գետնահարկերում, շենքերի նկուղներում պաշտպանվող հակառակորդին ոչնչացնելու, թաքստոցների պատերն ու ինժեներական կառույցները հրկիզելու դեպքերում:

1980-ական թթ. ԽՍՀՄ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի վարչության պատվերով ստեղծվում է ТОС-1 «Բուրատինո» (ТОС-тяжелая огнеметная система), իսկ ավելի ուշ՝ 2001 թվականին, ТОС-1А «Սոնցեպյոկ» ծանր հրանետային համակարգը (ԾՀՀ): Ըստ էության, երկուսն էլ «Գրադ», «Սմերչ», «Ուրագան» համակարգերին համազոր համազարկային կրակի համակարգեր են, որոնք, սակայն, առանձնանում են իրենց մարտական բնութագրերով, ինչպես նաև մարտի դաշտում կիրառման բնույթով:

ТОС-1А «Սոնցեպյոկ» հաշվարկի կազմի մեջ մտնող մարտական մեքենան (ՄՄ) ամրակցված է Т-72А կամ Т-90 տանկերի բազայի վրա և նախատեսված է 220 մմ տրամաչափ ունեցող չկառավարվող ռեակտիվ արկերը (ՉԿՌԱ) տեղակայելու և դեպի նշանակետը արձակելու համար: ՄՄ-ի վրա է տեղակայված ռեակտիվ արկերի համար նախատեսված խողովակաձև 24 ուղղորդիչներից բաղկացած լիցքավորման փաթեթը, ներկառուցված մեքենայի զրահապատ, շարժական հատվածի մեջ, որն ուղղորդվում է լազերային հեռաչափի (որի շնորհիվ նշանակետից եղած հեռավորությունը որոշվում է մինչև 10 մ ճշգրտությամբ) և բալիստիկ հաշվիչի միջոցով: Ներկայումս գոյություն ունեցող համազարկային կրակի համակարգերը ստեղծվել են երկրորդ էշելոնի ստորաբաժանումների կիրառման համար: Դրանք չեն կարող կիրառվել հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Միայն ТОС-1А-ի ՄՄ-ն, զրահապատ լինելու և նվազագույնը 400 մ հեռավորությունից թիրախը խոցելու հնարավորության շնորհիվ կարող է մարտական առաջադրանք կատարել առաջնագծում, շատ կարճ ժամանակահատվածում գործնականում մնալով անխոցելի: ՉԿՌԱ-ները կազմված են թերմոբարիկ կամ հրկիզող խառնուրդ պարունակող գլխիկից, պայթուցիչից և պինդ վառելիքային ռեակտիվ շարժիչից: Նպատակակետի մակերեսի վրա պայթուցիչի գործարկման հետևանքով կենտրոնական պայթեցնող լիցքը ոչնչացնում է գլխիկի թաղանթը, ինչի հետևանքով թերմոբարիկ խառնուրդը ցրվում է աերոզոլի տեսքով. առաջացած գազային ամպը մթնոլորտի թթվածնի հետ փոխազդելով՝ բոցավառվում է, և տեղի է ունենում ծավալային պայթյուն: Այրում-պայթյուն գործընթացը առաջացնում է հզոր հարվածային ալիք, որը խոցում է թիրախները: Պայթյունի էպիկենտրոնում բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է նույնիսկ թաքստոցներում եղող կենդանի ուժը: Թերմոբարիկ խառնուրդի մեծ ծավալը ապահովում է հարվածային ալիքի արտահայտված բացասական ճնշում, ինչի շնորհիվ այն պահպանում է խոցող ներգործությունը էպիկենտրոնից մեծ հեռավորության վրա: Խոցման մակերեսը լրիվ համազարկով կազմում է 40000 մ2: Թերմոբարիկ հրթիռները հատկապես արդյունավետ են լեռներում, որտեղ հարվածային ալիքների ինտերֆերենցվելու շնորհիվ ավելի են հզորանում: Այս տիպի արկերը չունեն թռիչքի ժամանակ կառավարող համակարգ: Արկը դեպի նշանակետ է թռչում ըստ բալիստիկ հետագծի:

ТОС-1А «Սոնցեպյոկ» հրանետային ծանր համակարգը նախատեսված է հետևակի և տանկերի կրակային պաշտպանության, հակառակորդի կենդանի ուժի, հարձակողական և պաշտպանական մարտերի ժամանակ բաց և փակ կրակային դիրքերի ոչնչացման, ինչպես նաև թեթև զրահապատ տեխնիկան և փոխադրող միջոցները շարքից հանելու համար:

Համազարկային կրակի դիպուկությունը իրականացվում է գործարկիչը մինչև 6 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետի վրա ավտոմատացված համակարգով ուղղելու միջոցով:

ТОС-1 «Բուրատինո» և ТОС-1А «Սոնցեպյոկ» հրանետային ծանր համակարգերը իրենց «արդարացրել են» մի շարք խոշոր ռազմական կոնֆլիկտների (Աֆղանստանում, Չեչենական երկրորդ պատերազմում, Սիրիայում, 2016 թվականին՝ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից) ժամանակ, և դրանց կիրառման արդյունավետությունը դեռևս մնում է չգերազանցված:

2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Արցախյան լայնամասշտաբ մարտական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի կազմում գտնվող ТОС-1А ծանր հրանետային համակարգի (ստորաբաժանումների) կիրառման բարձր արդյունավետությունը, ցույց տրվեցին, որ մարտական գործողությունների առանձին դրվագներում այն կարող է որոշիչ դեր ունենալ ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների հաջող կատարման համար: ТОС-1А-ի կիրառման արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեծաքանակ մարդկային ուժ և ռազմական տեխնիկա, ծանր կորուստներ են պատճառվել հակառակորդի ավտոշարասյուններին, ռազմաճակատների մի շարք հատվածներում կասեցվել են հակառակորդի առաջխաղացումները: Պատերազմի ընթացքում բազմիցս արձանագրվել են ТОС-1А տիպի ծանր հրանետային համակարգերի օգտագործման փաստեր նաեւ հակառակորդի կողմից: Մարտական գործողությունների ընթացքում, համաձայն Արցախի Հանրապետության պաշտոնական հաղորդագրության՝ հակառակորդը մարտական գործողությունների ընթացքում կորցրել է վեց ТОС-1А:

2021 թ. տվյալներով՝ ТОС-1А «Սոնցեպյոկ» հրանետային ծանր համակարգով համալրված են՝ Ադրբեջանի (18 միավոր), Ալժիրի (18 միավոր), Իրաքի (3 միավոր), Ղազախստանի (3 միավոր), Սաուդյան Արաբիայի (10 միավոր) զինված ուժերը:

Ներկայումս ՌԴ-ում փորձարկում են նոր սերնդի՝ ТОС-2 կամ «ТОСОЧКА», ծանր հրանետային համակարգը, որն ի տարբերություն ТОС-1А-ի՝ տեղադրված է ԿԱՄԱԶ ավտոմեքենայի վրա և ունի ավելի կատարելագործված մարտավարական-տեխնիկական բնութագրեր:

Իսկ ТОС-1А համակարգերը կարիք ունեն արդիականացման՝ կրակի հեռահարության ավելացում մինչև 15 կմ, ՌԷՊ, ռազմական նշանակության գեոտեղեկատվական և զորքերի ավտոմատ կառավարման համակարգերի ներդրում: Վերջին երկու համակարգերի շնորհիվ հնարավոր կլինի իրական ժամանակահատվածում ստանալ թիրախների կոորդինատները, երթուղիները: Հաշվի առնելով ռազմարդյունաբերական համալիրի արձանագրած հաջողությունները՝ հուսով ենք, որ արդիականացման աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ՀՀ ներուժի միջոցով:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչություն, կապիտան

ԷՌՆԵՍՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչություն, փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ռազմական


06/05/2021