Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ



ՀԵՐՈՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՀարություն Ստեփանյանը՝ Հարութը, ինչպես նրան անվանում են հարազատներն ու մտերիմները, ծնվել է 1974 թ. ապրիլի 4-ին Աբովյան քաղաքում։ Արմատներով Սյունիքից է, հայրը Մեղրիից է, մայրը՝ Խնձորեսկից: Ավարտել է Աբովյանի թիվ 6 դպրոցը, 1993-1994 թթ. ծառայել է Հայոց բանակում: Զորացրվելուց հետո Աբովյանի շրջանային հեռուստատեսությունում սովորել է օպերատորական գործը, որն էլ հետագայում դարձավ նրա սիրելի զբաղմունքն ու աշխատանքը: Ընդունվել է ՀՀ Կինոյի և ռադիոյի ակադեմիայի օպերատորական բաժինը, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Աշխատել է «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում, այնուհետև՝ Աբովյանի քաղաքապետարանում՝ որպես ֆոտոլրագրող: Մասնագիտությամբ լինելով նաև լուսանկարիչ՝ մի շարք տեղական եւ միջազգային ֆոտոմրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը։

2003 թվականից «Կարին» ավանդական երգի ու պարի համույթի անդամ էր։ Նրա «ընտանեկան» պատմությունն էլ սկսվել է հենց «Կարին» համույթից, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ՝ Սուսաննայի հետ։ Նրանց հարսանիքի կնքահայրն էլ, բնականաբար, եղել է համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը։ Հետագայում՝ 2016 թ. Հարութն էլ Աբովյանում հիմնել է «Ժայռ» ավանդական պարի համույթը։

Սիրում էր ճամփորդել, լուսանկարել տարբեր թեմաներով, ինչպես նաև արշավներ կազմակերպել դեպի Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրեր: Ընկերները պատմում են, որ արշավների ընթացքում Հարութը հետաքրքիր ու զվարճալի պատմություններով մեղմում էր երկար ու ձիգ ճանապարհի դժվարությունները։ Սար ու ձոր, ամեն քար ու թուփ, ամեն հուշարձան նրա համար հարազատ էր: Նա երազում էր մեծ ու հզոր Հայաստանի մասին, որի ամեն անկյունը երևում է նաև իր լուսանկարներում:

ՀԵՐՈՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորների հետ Հարությունը մեկնել է Մարտակերտի շրջանի դիրքերը պաշտպանելու։ Պատերազմի 21-րդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Տոնաշենում մարտական հերթապահության ժամանակ չորս զինակից ընկերները՝ Հարութը, Արթուրը, Դավիթն ու Սևակը, զոհվում են ինքնաթիռի ռմբահարումից: Սգում էր ամբողջ քաղաքը, սգում էին Հարութին ճանաչողներն ու անծանոթները… Նրան հերոսավայել հուղարկավորեցին Աբովյանի քաղաքային գերեզմանատան ընտանեկան հանգստարանում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թ. մարտի 19-ի հրամանագրով Հարություն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

♦♦♦

Ապրիլի 25-ին, ՀՀ Նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել էր մերօրյա հերոսի լուսանկարների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ էին հավաքվել Հարութին ճանաչող, նրա սխրանքն ու գործունեությունը գնահատող հայրենանվեր մարդիկ: Ցուցադրվեց նրա մասին պատմող «Հարութը…» ֆիլմը, որը նկարահանել են հերոսի ընկերները՝ ռեժիսոր Կարեն Բաղդասարյանն ու օպերատոր Մանուկ Չարչյանը: Ֆիլմում օգտագործվել են նյութեր հերոսի անձնական արխիվից, լուսանկարներ և տեսագրություններ:

ՀԵՐՈՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՀարութի մասին իրենց հիշողություններով ներկաների հետ կիսվեցին ու սրտի խոսք ասացին սիրված արվեստագետներ ու մտավորականներ՝ «Կարին» երգի ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, ընկերները: Ընկերը՝ Արմեն Երիցյանը, պատմեց, թե ինչպես էր Հարութը ոտքով Սիսիանի սարերով հասել Գառնի: «Հարութն իր լավատեսությամբ փոխում էր մարդկանց: Նրա համար առանցքային էր հայրենաճանաչման գաղափարը»,- ասաց նա:

Խոսելով ֆիլմի ստեղծման մասին՝ Կարեն Բաղդասարյանը նշեց. «ֆիլմի համար սցենար չի գրվել: Ամեն ինչ արվել է սրտի թելադրանքով»։ Ցուցադրությունից առաջ բացման խոսքով հանդես եկավ Հարություն Ստեփանյանի կինը՝ Սուսաննան. «Իրականում, այս միջոցառումը նախատեսված էր կազմակերպել ապրիլի սկզբներին, քանի որ ապրիլի 4-ը Հարութի ծննդյան օրն է, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվեց, և այսօր ամուսնուս աշխատանքների մի մասն է ներկայացված այս ցուցադրությանը։  Բոլոր նկարներում գերիշխում են բնության գույները՝ մայրամուտին, արևածագին, ձմռանը, գարնանը… Ցուցահանդեսի նպատակը ոչ միայն Հարություն Ստեփանյանի աշխատանքները ցուցադրելն է, այլև նրա աշխատանքների վաճառքի գոյացած հասույթով առողջական խնդիրներ ունեցող զինվորներին օգնելը: Ուստի, ցուցահանդես-վաճառքից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Այդպիսով, Հարութն իր նկարների միջոցով անգամ կփորձի օգնել Հայրենիքի պաշտպաններին»,- ասաց Սուսաննան:

ՀԵՐՈՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԼուսանկարների ցուցադրությունը շարունակական կլինի: Հաջորդ ցուցահանդեսը նախատեսված է հոկտեմբերին՝ ի հիշատակ պատերազմում հերոսացած բոլոր քաջորդիների:

Գագիկ Գինոսյան. «Հարութի մասին կարելի է երկար խոսել: Այնպես ստացվեց, որ 2003 թվականից իրար հետ նույն ճակատագրով ու ճանապարհով էինք քայլում: Սակայն այս վերջին պատերազմի ընթացքում հայտնվեցինք տարբեր ճակատներում: Որպես հրամանատարի տեղակալ՝ գրեթե ամեն օր կարողանում էի զանգահարել և նորություններ իմանալ ճակատի մյուս թևերից, երկրում տիրող իրավիճակից և այլն: Մի օր մղձավանջային երազ էի տեսել, փոքր-ինչ վատառողջ էի, ու ինձ տեղափոխել էին հարևան գյուղ: Սակայն սկսվեց մեր տարածքի ռմբակոծությունը, և օգնական ուժեր էին պետք: Երբ ռմբակոծությունը դադարեց, աղջիկս զանգահարեց՝ ասելով, որ Խոյեցի Սևակը զոհվել է: Անհասկանալի և այլայլված վիճակում հայտնվեցի… Նորից զանգ եղավ, աղջիկս էր, ասաց՝ Հարութը … ու էլ չշարունակեց: Հասկացա, որ պատերազմը հասավ իմ խրամատ: Հարութի հետ ծանոթացել եմ պատահական, մեր առաջին մենահամերգի փորձերի ժամանակ նա մոտեցավ ինձ ու ասաց, թե ցանկություն ունի համերգը նկարահանելու: Հետո միացավ «Կարինի» մեծ բանակին՝ մասնակցելով բոլոր համերգներին՝ թե՛ որպես պարող, թե՛ որպես լուսանկարիչ ու օպերատոր: Հարութն ու բոլոր մեր հերոսներն անմահացան հանուն մեր Հայրենիքի անվտանգության ու լուսավոր ապագայի»:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի, Սիրարփի Կարապետյանի ու Հարություն Ստեփանյանի

ընտանեկան արխիվի

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


06/05/2021