Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ



ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ«Ամեն առավոտ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր լեռնային հրաշագեղ գյուղի իր խաղողի այգին է շտապում Յակով Ալթունյանը: Անցնում է իր խնամած ու փայփայած այգու «խնդողնի» տեսակի խաղողի վազերի կողքով, նայում, հիանում է իր ստեղծածով և օրհնում հայրենիքում բացվող նոր, խաղաղ օրը… » (Հատված «Հայ զինվորի» 2020 թ. փետրվարի 2-ի համարից):

…Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Յակովը հայրենի հողի վրա ապրելու, արարելու իրավունքը իր պապերի հաստատակամությամբ ու նվիրումով էր վաստակել: Արցախյան ազատամարտի օրերին ծանր վիրավորումից հետո իր մեջ ուժ էր գտել շարունակելու ծաղկեցնել, ապրեցնել իր ծննդավայրը: Նրա սերն ու կապվածությունը հայրենիքի հանդեպ գենետիկական է, քանի որ Հադրութը՝ պատմական Դիզակը, հայկական այն շեներից է, որին հազարամյակներով թշնամու ոտք չի դիպել: Պահել են արյան, անգին կյանքերի գնով… Մի տարուց քիչ ավելի է անցել վերոհիշյալ նյութիս հրապարակումից, կորուստներով ու ցավով լի տարի…

 

…Խոստացել էի այցելել Արցախ՝ Հադրութի Մեծ Թաղեր գյուղ. շատ էի ուզում լինել հնագիտական թանգարանում, որի դիմաց ցուցադրված է այս հող ու ջրի ծնունդ՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի «ՄիԳ-17» կործանիչը: Ուզում էի այցելել այն վայրերը, որոնց մասին գրել էի, բայց չէի տեսել երբևէ: Քայլել Յակովի հիմնած «խնդողնի» տեսակի խաղողի այգում, խմել այգու սառնորակ աղբյուրի ջրից: Տեսնել, թե ինչպես է ապրում այս զարմանալի, երբեք չընկճվող ընտանիքը, լինել նրանց պապենական տանը, որ նրանք իրենց ուժերով, գերմարդկային կամքով ու ջանքերով նորոգել, հարմարեցրել էին իրենց ոչ սովորական, դժվարին, բայց լիարյուն կյանքին:

Հեռախոսով էինք զրուցել, բայց հեռվից հեռու մե՜ծ ջերմություն էի զգացել նրանցից, հիացել նրանց կամքի ուժով, ապրելու, արարելու ձգտումով ու… նրանց անչափելի, անմեկնելի Սերությունով… Սեր բառի գերադրական, համընդգրկուն արտահայտումն է, որ հադրութցի այս ընտանիքի անդամների շուրթերից հնչում է բնական՝ որպես իրենց առօրյա կյանքը ոռոգող, ուղղորդող Աստվածատուր ուժ…

…Չգնացի Հադրութ… Իրենք եկան Աբովյան՝ ոչ իրենց կամքով…

Ժամանակավոր կացարանի այգում, որ բարեկամներից մեկն էր տրամադրել, ինձ դիմավորեցին Յակով Ալթունյանն ու իր կինը՝ Իննան: Ջերմության ալիքները ողողեցին ինձ… Միեւնույն ժամանակ՝ սիրով հյուսված օջախը կորցրած մարդկանց թախիծն ու անհուն ցավը.

-Ես պիտի գայի ձեզ տեսնելու, դո՛ւք եկաք:

Իննան փորձում է աննկատ սրբել աչքերը.

-Ախր, մտքներովս չէր անցնում, որ չենք վերադառնալու: Մտածում էինք՝ Քառօրյա պատերազմի պես մի քանի օրից ամեն ինչ կավարտվի…

ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸԱնցյալ տարի, երբ դեռ պատերազմի մասին միայն անորոշ մտածումներ ունեինք, իմ ակնարկում պատմել էի այս անսովոր մարդկանց տեսակի ու ճակատագրի մասին: Հասցրել էի Յակովի զորակոչիկ որդուն՝ Գրիգորին, խաղաղության բարեմաղթանքով բանակ ճանապարհել: Չէի մոռանում Գրիգորի աչքերից հորդող վճռականությունը, բարությունը, նրա՝ ընտանիքից սերող յուրատեսակ ազնվազարմ կեցվածքը:

Գյուղից հեռացան հոկտեմբերի 12-ին, երբ արդեն լուրեր էին հասնում, որ Հադրութը թշնամին է վերահսկում, եւ շուտով գյուղ են մտնելու…

-Մինչև վերջին պահը կամուկացի մեջ էինք՝ դուրս գանք, չգանք: Գիտեինք, որ արդեն հարյուրով զոհեր ունենք: Թուրքը խումբ-խումբ փորձում էր Հադրութ մտնել: Իննան ասում էր. «Յակո՛վ, գուցե ժամանա՞կն է…»: «Մի՛ վախեցիր,- ասում էի,- երկու հարյուր հոգի են. մերոնք կշրջապատեն, կջարդեն»: Հոկտեմբերի 3-ին կամ 4-ին էր, Հադրութից զանգեց ընկերս: «Կարո՞ղ ենք գիշերը ձեր տանը մնալ: Քաղաքն անընդմեջ հրթիռակոծվում է»: Մեծ Թաղերը սահմանից քիչ հեռու է՝ խորքում: 90-ականների պատերազմում մեր գյուղում 5000 հոգի ենք տեղավորել: Բայց այս անգամ մեզ վրա կրակող զենքն ուրիշ էր: Երբ իրավիճակը շատ թեժացավ, սահմանի բնակչությունն սկսեց տեղափոխվել մեր գյուղը: Ո՞վ կմտածեր, որ թուրքը կհասնի մեզ… Մի մասը անտառով դուրս եկավ գյուղից: Փառք Աստծո, ինձ հաջողվեց մեքենայով թշնամու կողքով անվնաս անցնել: Մեծահասակներին, որոնք կտրականապես հրաժարվել էին դուրս գալ իրենց տներից, սպանել էին գյուղ ներխուժած թուրքերը… Մինչ այդ, գյուղին հարվածել էին ինքնաթիռներով, հրթիռակոծել տարատեսակ ԱԹՍ-ներով:

-Ոչինչ չվերցրինք մեզ հետ՝ ընտանեկան ալբոմները, Մարիամիս հարսանիքի տեսագրությունը, փաստաթղթեր, համակարգչի կրիչներ, էլեկտրական սարքեր, ոչինչ…,- հերթով հիշում է Իննան:

-Խաղողը հասցրե՞լ էիք քաղել:

-Խաղողն արդեն լրիվ հասել էր,- ասում է Յակովը, որի արժանավայել, ազնվազարմ կեցվածքը չի կքում ծանր հիշողությունների բեռի տակ:- Այգու կեսը հասցրել էինք քաղել: Համագյուղացիներից մեկը մի մեքենա խաղող բարձեց, ասաց. «Վաղն էլ կգամ, մյուս մասը կտանեմ: Չհասցրեց՝ զոհվեց: Առավոտյան շուտ մկրատները սրեցի. ուզում էի արագ հավաքել մնացած խաղողը: Չհասցրինք ճանապարհվել. ռմբակոծության ձայները լսվում էին տարբեր կողմերից: Հադրութի և Ստեփանակերտի ռմբակոծության լուրը տարածվեց ակնթարթորեն: …15 տոննա խաղող մնաց այգում: Տանը 500լ թթի օղի եմ թողել, 400լ գինի: Փեթակներս այգում մնացին անտեր: Թթենու, տանձի ծառեր ունեի, շուրջ 40 խնձորենի, 12 նռնենի, արքայաթուզ…

ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ…Օրերս մեր գյուղի առաջին զոհերից մեկի՝ Սարյան Մարտիրոսի թաղումն էր՝ վեց ամիս անց: Հայրը ընկերս էր: Գիտեինք, բայց չէինք համարձակվում հայտնել հորը: Թեժ մարտերում մնացել էր դիրքի փլուզված հատվածում: Մտածել էին՝ տարածքը կազատագրվի, կհանեն, կհանձնեն ընտանիքին: Բայց, թշնամին հապշտապ բուլդոզերով եկել-հարթեցրել էր դիրքը: Մեծ Թաղերի մեր բոլոր գերեզմաններն արդեն գետնին են հավասարեցված: Նոր ճանապարհ են գցել մեր գյուղի միջով. Իլհամը դրանով ցուցադրաբար ելումուտ է անում Շուշի…:

-Հիմա կրկին խոսում են համակեցության մասին: Դա հնարավո՞ր է,- հարցնում եմ Յակովին:

-Հադրութը հազարամյակներ շարունակ միայն հայերով է բնակեցված եղել, բայց Սովետի օրոք միշտ զգացել ենք Ադրբեջանի կազմում լինելու «առավելությունը»: Ջուր չկար. կրում էինք հեռուներից, գազ չկար՝ փայտ էինք վառում: 5-10 տարի համառ դիմումներից հետո, մի սիրուն օր տեսնենք՝ մեծ մեքենաներով խողովակներ բերեցին: Պարզվեց՝ նավթահորերից հանված հին խողովակներ են: Վերջապես եկել էր մի ժամանակ, որ ջուր, գազ, ճանապարհ ունեինք… Ադրբեջանցու հետ ապրելու երկու ձև կա՝ երբ կարգավիճակները հավասար են, կամ, երբ քոնն ավելի բարձր է:

-Ինչպե՞ս եք հարմարվում այստեղ:

-Ես միայն այստեղ հասկացա, որ ամուսինս հաշմանդամ է…,- խոսում է Իննան՝ փորձելով թախիծին զվարթ հնչերանգ խառնել:- Գյուղում նա ամբողջ օրը աշխատում էր լիովին առողջ մարդու պես:

-Ինձ ասում էին. «Ինչո՞ւ մարդ չես կանչում, որ փայտդ կոտրի»: Արդեն 28 տարի է, ինչ հաշմանդամ եմ, բայց ամեն ինչ ուզում եմ ինքս անել,- շարունակում է Յակովը:- Կռվում ոտքերս կորցնելուց քսան օր անց ինքս ինձ երդվեցի, որ հաշմանդամի կյանքով չեմ ապրելու: Մտքումս պարզորոշ դրոշմեցի՝ ոչ մի դեպքում չես ասելու՝ «սա հնարավոր չի»: Ինձ ապրեցրել է հնարամտությունը, աշխատանքը, սերը բնության նկատմամբ, ընտանիքիս Սերությունը… Իմ մեծ ընտանիքը ինձ իր ձեռքերի վրա բարձրացրեց…

Նրա ընտանիքը միայն այս հինգ հոգին չեն. իր ամբողջ գերդաստանն է՝ հայրական և մայրական կողմերի ներդաշնակ միությունը: Ազատ մի ժամի Յակովը հիշել, գրառել է, թե գյուղում քանի ազգատոհմ կա:

-Ալթունյաններս ամենաշատն ենք՝ հինգ ճյուղ:- Ցույց է տալիս թղթի վրա խնամքով գծագրված տոհմածառը: -Աղջկաս՝ Մարիամիկիս հետ ենք կազմել այստեղ գալուց հետո:

ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ…Իրիկնանում է: Յակովն իր հանդարտ, խորքերից եկող ձայնով իրենց գերդաստանի պատմություններն է անում: Դրանց վերաբերյալ մի ամբողջ գիրք կարելի է գրել: Հմայված նրանց տոհմածառի շշուկներն եմ լսում. որքան վիշտ ու կորուստ, բայց, միևնույն ժամանակ, մեծ սեր ու միասնություն կա այս ծառի ամեն ճյուղում, ամեն տերևի մեջ… Սա է Հայրենական, Արցախյան պատերազմներում ճղակոտոր, բայց կորուստները արժանապատվորեն ու սիրով հաղթահարած, իրար թև ու թիկունք կանգնած հերոսական այս գերդաստանի՝ մե՜ծ ընտանիքի հարատևման գաղտնիքը:

Գյուղի տունը Յակովի հայրը՝ Գրիգորը, իր ձեռքերով էր կառուցել: Որդու վիրավորվելուց հետո նոր հարմարություններ ստեղծեցին: «Մեր կարևոր հոգսը տան պայմանները լավացնել էր: Ուզում էինք շատ երեխաներ ունենալ: Փա՜ռք Աստծո, Մարիամիցս ու Գրիգորիցս հետո՝ 10 տարի անց, Աննաս ծնվեց: Անկողնային հիվանդ հայրս գորովանքով էր նայում անտրտունջ բոլոր դժվարությունները տանող Իննային, ասում էր. «Հարսս իմ շորերը իր երեխաների շորերի պես է լվանում, սպիտակ բմբուլի են նման. մանուշակի պես են բուրում…»: Հիմա մեր մեծ աղջիկը՝ Մարիամն է Ստեփանակերտում դժվարությունների մեջ: 11 ամսական փոքրիկ ունի, համալսարանի վերջին կուրսում է: Ամուսինը մեր գյուղապետն էր: Կորցրին ամեն ինչ: Բայց, միևնույն է, մտածում ենք, որ այս ամենը անցողիկ է, ոչի՛նչ, հաստա՛տ ամեն ինչ լավ է լինելու,- ծանր հիշողությունները այսպես՝ իրեն հատուկ լավատեսությամբ է կնքում Յակովը:

Զինվոր որդուց՝ Գրիգորից 44-օրյա պատերազմի առաջին օրերին ընդհանրապես ոչ մի տեղեկություն չեն ունեցել: Մինչև պատերազմը Իվանյանի տանկային զորամասում էր ծառայում: Ինքնագնաց հրետանու կայանքի մեխանիկ է: Մի քանի ուղղություններով մղված մարտերից ամենադժվարները Ջրականի ու Մարտունու ուղղությամբ են եղել.

-Մի առավոտ մեր բարեկամներից Ավետը՝ Գրիգորենց զորամասի բուժակներից մեկը, զանգեց,- պատմում է Յակովը,- կոդերով էր խոսում. «Ձյա՛ձ Յակով, եթե «անվերադարձների» մեջ Ալթունյան ազգանունով մարդ տեսնես, Գրիգորը չի»: Մի երկու ժամից հետո զորամասի հրամանատարի տեղակալը զանգեց. երբեք ինձ չէր զանգել. «Գրիգորի մոտ ամեն ինչ լավ է, չանհանգստանաք»: Եվս երկու ժամից Գրիգորը զանգեց. «Պա՛պ, նորմալ է ամեն ինչ…»: Հետո պարզվեց՝ այդ օրը նրանց ստորաբաժանումը մեծ կորուստներ է կրել: Դրանից մեկ-երկու օր առաջ մի հաշվարկով ճշգրիտ հարվածներով ադրբեջանական տանկերի մի ամբողջ շարասյուն էին վերացրել: Նրանց դիվիզիոնը թշնամու «կոկորդին կանգնած ոսկոր» էր: Օրեր անց՝ անօդաչուներով մերոնց դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել… Հրաշքով միայն Գրիգորի խրամաբջջին հրթիռ չէր դիպել… Զոհեր, վիրավորներ…

Պատերազմի վերջին շրջանում Գրիգորի ստորաբաժանումը երեք օր Շուշիի մատույցներում էր: Կրակային դիրքերը փոխելով՝ նոյեմբերի 6-9-ը Ստեփանակերտի մոտ էին: Յակովն անհանգիստ էր. հակասական տեղեկություններ էր ստանում.

-Նոյեմբերի 9-ի գիշերն էր, ուզում էի քնել, հանգստանալ. առավոտյան պիտի գնայի Գորիսից մեքենաս բերեի, բայց անհանգիստ էի. հակասական լուրեր էի առնում,- պատմում է Յակովը:- Գիշերը 3-ին 20 պակաս զանգ եկավ. Գրիգորս էր: «Պա՛պ, ի՞նչ է կատարվում: Դրանք ձայները կտրել են… Ի՞նչ հաշիվ է»: Ասացի՝ «Գրիգո՛ր ջան, երևի, էլ վերջ…»:

Ինչպես Գրիգորի բանակ մեկնելն էր համընկել նրա ու Յակովի հետ առաջին հարցազրույցիս, այդպես էլ այս մեկը համընկավ նրա՝ արձակուրդ գալու հետ: Գրիգորի հետ Ազատության հրապարակի հենց նույն նստարանին ենք նստած. խոստացել եմ՝ շատ հարցեր չեմ տալու:

-Գիտե՞ք,- ասում է,- «Հայ զինվորի» այն համարը, որում ընտանիքիս մասին նյութն էր, ամբողջ պատերազմի ընթացքում ինձ հետ էր. չէի բաժանվում: Չէի ուզում կորցնել… Երբ կարոտը խեղդում էր, հանում էի ուսապարկիցս, կարդում էի, մեր լուսանկարներին էի նայում…

Շուտ էի իմացել, որ մեր գյուղն արդեն թշնամու ձեռքում է: Գիտեի, բայց այդ մասին մտածելու ժամանակ չկար: Ու դա չէ ամենածանրը: Ճիշտ է, այսօր հող ենք կորցրել, բայց վաղը հետ կբերենք, իսկ… ոսկի տղաներին, որ կորցրել ենք, էլ հետ չենք բերի…

Հոկտեմբերի 6-ը իմ ծննդյան օրն է. առավոտյան տղաները հասցրին ասել՝ «Ծնունդդ շնորհավոր»: Մի պահ կապվեցի տան հետ, շնորհավորեցին… Հետո իմացանք, որ երկար երթարշավ է նախատեսվում՝ դեպի Ջրական: Հասանք մյուս օրը՝ երեկոյան: Կյանքիս ամենայուրօրինակ ծննդյան օրն էր… Այդ օրերին՝ մինչև ամսի 10-ը, կորուստներ ունեցանք: Հետո շարժվեցինք Մարտունու ուղղությամբ: 8 օրվա ընթացքում տանկերի շարասյուն ու շատ այլ զինտեխնիկա ենք խփել: Հոկտեմբերի 25-ին ծանր էր վիճակը, արկերը սպառվել էին: Ճանապարհը, որով պետք է զինամթերք հասցնեին մեզ, հրետակոծվում էր: ԱԹՍ-ների հրթիռների կարկուտ էր մեր ուղղությամբ… 4 վիրավոր ընկերներիս կարողացանք դուրս բերել,11-ը զոհվեցին…

Երեք օր զորամասում էինք: Մեր գնդերեցը հարցրեց՝ ո՞վ մկրտված չէ: Ընկերս՝ Նարեկը, մկրտված չէր: Կնքահայրը ես եղա: Այս խաչը,- ցույց է տալիս պարանոցի խաչը,- ինձ այդ օրը տվեցին: Մի բան կարող եմ հաստատ ասել՝ հավատքը, աղոթքն է փրկում ամենածանր պահերին…

Հետո Շուշին էր: Այդտեղ զոհեր, փառք Աստծո, չունեցանք… Երբ ամսի 9-ի դրությամբ արդեն որոշակիություն կար, մերոնց զանգեցի, հարցրի՝ մկրտությանս խաչը, մեր ընտանեկան լուսանկարները վերցրե՞լ են, թե՞ մնացել են գյուղում… Մի ամբողջ կյանք կար դրանցում… «Ոչ մի բան կարևոր չի,- ասաց հայրս:- Ճիշտ է՝ հայրական տուն է, ցավալի է, բայց… մեզ համար ամենակարևորը դո՛ւ ես…»:

-Երբ հիմա քայլում ես քաղաքով, ի՞նչ ես զգում,- փորձում եմ դեպի ներկա տեղափոխել Գրիգորին:

-Երբ նայում եմ անցորդներին, իմ տարիքի երիտասարդների աչքերին, այն զգացողությունն եմ ունենում, թե ոչինչ չի եղել… Նրանք չեն գիտակցում, որ շատ բան պետք է փոխել մեր կյանքում: Մարդիկ չեն գիտակցում, որ իրականում իրենք շատ ավելի մեծ արժեքների տեր են: Ամեն առավոտ, երբ արթնանում են, տեսնում են արևածագը, կյանքի գույները, ծառը, սարը, իրենց սիրելի մարդկանց… Դա ամենամեծ երջանկությունն է ու հարստությունը… Համաձայն եմ՝ վատ է հիմա: Բայց պետք է հասկանանք, թե ինչու է վատ, ու ինչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը, որպեսզի լավ լինի…

Գրիգորը և նրա ընկերը՝ Մարատը, ներկայացվել են «Արիության» մեդալի: Ի դեպ, Մարատի հայրն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել եւ նույնպես արժանացել է «Արիության» մեդալի:

-Մեզ համար այդ մեդալները մի նշանակություն ունեն,- ասում է Գրիգորը,- պիտի դնենք մեր ծնողների մեդալների կողքին եւ ասենք՝ «Ահա սա էլ մեր բաժին գործի վկայությունը…»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


06/05/2021