Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԴԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ԼԵՎՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ



ԳՐԱԴԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ԼԵՎՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ«Մարդամոտ էր, ընկերասեր, կարեկից …». 19-ամյա զինվոր որդուն այսպես է ներկայացնում մայրը: Լևոնի ամենամեծ երազանքը հայրենիքը բարգավաճած տեսնելն էր: Ամեն օր ինքնակրթվում, գիտելիքների պաշարն էր հարստացնում, որ ինքն էլ իր կարողություններով ծառայի հզոր Հայաստանի կերտման գործին.

«Տղաս ամենաթանկը տվեց հայրենիքին… Լևոնին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա նահանջող չէր, անգամ եթե հրաման տրվեր, հետ չէր դառնա, սա իր ընտրությունն է եղել»,- ասում է մայրը և հավելում, որ որդին հայրենիքը սիրելու առաջնահերթ բանաձև ուներ. օգնել հայրենակիցներին, օգնության կարիք ունեցողներին: Դեռ դպրոցական տարիներից Լևոնը շփվել է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ, նրանց ներգրավել տարբեր միջոցառումներում: Աչքի լույսից զրկված մարդկանց համար արշավներ էր կազմակերպել, միասին լեռների բարձունքներ են հաղթահարել, օգնել է նրանց զգալու այն, ինչն ուրիշները տեսնում են.

«Մի անգամ հարցրի՝ Լևո՛ն ջան, ի՞նչը քեզ ստիպեց այդ նախաձեռնությունն իրականացնել, ասաց՝ մա՛մ, ուզում եմ, որ այդ մարդիկ զգան, որ կյանքում ամեն դժվարություն հաղթահարելի է…»:

Լևոնը գերազանցությամբ ավարտել էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և ընդունվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, ուսումը շարունակելու էր ծառայությունից վերադառնալուց հետո:

Լևոն Խուրշուդյանը ծառայության է մեկնել 2020 թ. հունվարի 16-ին: Վեց ամիս ծառայել է ուսումնական զորամասում, ծանոթացել զինվորական վարք ու բարքին, այնուհետև, որպես հաշվարկի հրամանատար՝ կրտսեր սերժանտի կոչումով, ծառայությունը շարունակել է մեկ այլ զորամասում: Ծառայության ընթացքում ազատ ժամերին ինքնակրթությամբ է զբաղվել՝ հաճախ զինվորներին էլ հաղորդակից դարձնելով իր գիտելիքներին. «Երբ զանգում էի, երբեմն ասում էր՝ մա՛մ, ազատ ժամերին զինվորներին աստղագիտություն եմ բացատրում, և հումորով հավելում էր, թե՝ երևի գեներով քեզ եմ քաշել»,- ասում է մայրը։

Լևոնը «Գրադի» հաշվարկի հրամանատար էր: Պատերազմն սկսվելուն պես նրանց վաշտը անցել է պաշտպանության: Զինվորը 23 օր ամենաթեժ կետերում է եղել, մի դիրքից մյուսը նետվելով՝ մարտական խնդիր կատարել, կռվել է հերոսաբար ու չի ընկրկել թշնամու առջև: Նրա հաշվարկը ոչնչացրել է հակառակորդի մեծաքանակ թիրախներ, կենդանի ուժ:

Մայրը պատմում է, որ բոլոր զանգերի ժամանակ որդին վստահեցրել է՝ ինքը լավ է, անվտանգ ու ապահով վայրում, մարտերն ընթանում են իրենցից մեծ հեռավորության վրա: Միայն վերջին խոսակցության ժամանակ է Լևոնն ասել, որ նույնպես ճակատում է. «Ասաց՝ մա՛մ, էստեղ մեր կյանքի ու մահվան կռիվն ա… տղայիս վերջին խոսքերն են եղել»:

Լևոն Խուրշուդյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին, Մարտունու շրջանում: Հայրենիքի հավերժ զինվորը Արցախի նախագահի կողմից հետմահու արժանացել է պետական պարգևի՝ «Արիության» մեդալի:

Մայրը ևս մեկ անգամ շեշտում է. հերոսաբար զոհվելը իր որդու ընտրությունն է եղել, ինքը պարտավոր է հաշտվել…Ասում է՝ միայն մի ցանկություն ունի, այն է՝ արժևորենք մեր բոլոր տղաների սխրանքները, մեր բանակի կռիվը: Հույս է փայփայում՝ որդու երազած լուսավոր ու միասնական հայրենիքը դեռ կերտելու ենք ու մի օր նորից բաց ճակատով կանգնելու ենք «Եռաբլուրում» հանգչող մեր երկնային զորքի առջև…

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ճակատագրեր


06/05/2021