ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԵՐՈՍԸ
«Հիմիկվանները դիպլոմները հետներն են ծնվում»՝ հաճախ ենք լսում այս կատակախառը խոսքը մեր փոքրիկների մասին։ Այսպիսին էր նաև գյումրեցի Գևորգ և Լուսինե Մկրտչյանների՝ 2001 թ. օգոստոսի 8-ին ծնված ավագ որդին՝ Կոլյան։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի մայրը հիշում է, թե ինչպես են ցանկացել հինգ տարեկան Կոլյային մանկապարտեզ ընդունել, իսկ նա «վճռականապես» ասել է. «Չէ՛, ես դպրոց եմ ուզում, ոչ մի մանկապարտեզ»։ Փորձել են համոզել, բայց ապարդյուն. Կոլյան իր «տղամարդու» խոսքն ասել էր արդեն: Ուսուցիչներով որոշել են թույլ տալ Կոլյային փորձնական երկու ամիս մասնակցելու դասերին։ Եվ արդեն հոկտեմբերին գրանցել են համառ փոքրիկին, որովհետև բոլորից լավ էր սովորում, ի հայտ եկան նաև նրա բացառիկ ունակությունները, հատկապես՝ մաթեմատիկայից։
Դպրոցական տարիներին աչքի էր ընկնում կամքի ուժով ու պատասխանատվության զգացումով, նաև՝ փոքր եղբոր՝ Հովհաննեսի նկատմամբ մեծ սիրով։ Եվ ուսմանն ու պարապմունքներին զուգընթաց աշխատում էր, ամեն կերպ ձգտում էր, որ փոքր եղբայրը ոչնչի պակաս չզգա ու անհոգ մանկություն ապրի։
2018 թ. Կոլյան ավարտեց թիվ 26 դպրոցը։ Նույն տարի էլ ընդունվեց ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի «Էլեկտրոնիկա» բաժինը։ Մի վճռորոշ դրվագ նրա կյանքում. ձախ ոտքի էկզոստոս (ոսկրի գերաճ) ուներ։ 2019 թ. որոշեց վիրահատել ոտքը, որ անպայման զորակոչվի՝ կատարի Հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Նույն թվականի դեկտեմբերի 16-ից արդեն բանակում էր։ Շատ էր ոգևորված, հպարտ էր… Նախնական ծառայությունն անցկացրեց Գյումրիում, հետո՝ Իջևանում։ Կոլյայի մտերիմ ընկերն էր Արարատի Այգևան գյուղի բնակիչ Արսեն Յարալյանը։ Երկուսն էլ հակատանկային դասակի «ֆագոտի» հաշվարկի ջոկի հրամանատարներ էին։ 10 ամիս միասին ծառայեցին, ունեցան լավ ու վատ օրեր, անչափ հարազատացան։ Կոլյան մշտապես խորհուրդներ էր տալիս ընկերոջը։ Եվ Արսենն էլ պատրաստ էր անվերջ լսել Կոլյայի՝ Գյումրու բարբառով գրավիչ, հումորով համեմված խոսքը։ Կոլյան միշտ բարձր տրամադրություն էր փոխանցում ընկերներին։
…Վերջին պատերազմի օրերին մեր հերոս տղաներից շատերը հարազատներից թաքցնում էին իրենց մասնակցությունը մարտերին։ Սակայն Կոլյան մոր զանգին պատասխանեց այսպես.
«Մա՛մ ջան, առաջինը հենց դու պիտի իմանաս, որ ես Արցախ եմ գնում, որովհետև դու ուժեղ ես, դու Կոլյայի մաման ես։ Մենք պարտավոր ենք թուրքի դեմ կռվող մեր տղերքի կողքին լինել։ Պիտի գնամ և հետ գամ։ Հիշի՛ր, մա՛մ ջան, դու Կոլյայի մաման ես…»։
Պատերազմի ընթացքում տասնիննամյա Կոլյան իր զինակից ընկերներով, ՀՀ Ազգային հերոս, գնդի հրամանատար Թաթուլ Ղազարյանի հետ Իշխանաձորում մասնակցեց թեժ մարտերի։ Նրա մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեր հրետանին դիպուկ նշանառությամբ հակառակորդի բազմաթիվ տեխնիկա և կենդանի ուժ ոչնչացրեց։
Մեր տղաներն արիաբար էին մարտնչում։ Եվ թշնամին տեսնելով, որ այդպես անհնար է առաջանալ, գործի դրեց իր ամբողջ զինանոցը՝ հրետանի, անօդաչու թռչող սարքեր… Այդ օրը Կոլյան ու Արսենը մի քանի մետր էին իրարից հեռու, երբ Արսենը վիրավորվեց։ Ամեն ինչ մթնեց շուրջը. ոչինչ չէր տեսնում։ Գիտակցությունը կորցրեց։ Ուշքի եկավ Կոլյայի գոռոցից.
«Յարալյանը վիրավոր է» և նշանառության տակից տղերքով դուրս բերեցին Արսենին։
Արսենը հիվանդանոցում երկար բուժվեց։ Միշտ կապի մեջ էր Կոլյայի հոր հետ։ Ամիսներ շարունակ ընկերոջից տեղեկություն չկար: Նրա մտքով չէր էլ անցնում, որ իր կյանքը փրկած հարազատ ընկերն իրեն հիվանդանոց ճամփելուց ընդամենը մեկ օր անց՝ հոկտեմբերի 19-ին, մինչև վերջին փամփուշտը կռիվ է տվել ու զոհվել…
Կրտսեր սերժանտ Կոլյա Գևորգի Մկրտչյանը զորամասի հրամանատարության անունից պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, պատվոգրով, ներկայացվել է կառավարական պարգևի։ Հերոսի հաղթական ու վեհ կերպարը վառ պահելու համար Գյումրիի թիվ 26 դպրոցում Կոլյայի անվամբ հուշատախտակ է տեղադրվել։
«Հայրենիքը սիրիր այնքան, որքան ինձ ես սիրում»,- հրաժեշտից առաջ պատգամել էր տասնիննամյա Կոլյան սիրած աղջկան…
ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ք. Գյումրի
Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ճակատագրեր