Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ



ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ1941 թ. հունիսի 22-ին Գերմանիան, խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքված չհարձակման մասին պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա…

Պատերազմի հենց առաջին օրերից Խորհրդային Հայաստանի պետական և կուսակցական մարմինները, տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները, հանրապետական, քաղաքային և շրջանային զինվորական կոմիսարիատները անմիջապես լծվեցին հանրապետության ռազմական կարողությունը գործարկելու աշխատանքներին։ Հանրապետության առջև դրվեցին հույժ կարևոր խնդիրներ՝ առաջին հերթին ամբողջ գործունեությունը վերակառուցելու ռազմական հիմունքներով, ապահովելու զորահավաքը, ճակատ մեկնածներին փոխարինելու կադրեր ընտրելու և թիկունքի աշխատանքն անխափան շարունակելու համար։ Ապա պետք է կազմակերպվեր բնակչության ռազմական ուսուցումը, աշխարհազորի կազմավորումը, սահմանամերձ շրջաններում պաշտպանական ամրաշինությունների կառուցումը և այլն։

Պատերազմի առաջին շրջանում իրագործված ռազմահավաքային աշխատանքներում կարևոր տեղ է գրավել ազգային դիվիզիաների կազմավորումը։

Հայ ժողովրդի 60 հազարից ավելի զավակներ պատերազմին մասնակցել են հայկական վեց ազգային դիվիզիաների կազմում։ Դրանցից մեկը՝ 261-րդը, մշտապես եղել է Հայաստանում և ոչ միայն պաշտպանել է Թուրքիայի հետ Խորհրդային Հայաստանի պետական սահմանը, այլև ռազմաճակատի համար պատրաստել է երթային գումարտակներ։

Առաջին հայկական դիվիզիան 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան էր, որը կազմավորվել էր Հայաստանում դեռ 1920-1922 թթ.։ Դիվիզիայի կոմիսար Անդրեյ Գերվասիևի վկայությամբ՝ դիվիզիայի ավելի քան 16-հազարանոց անձնակազմից շուրջ 14 հազարը, կամ 90 տոկոսը, հայեր էին։

1941 թ. սեպտեմբերի վերջին դիվիզիան մեկնել է Արևմտյան ռազմաճակատ՝ Ուկրաինա, որտեղ էլ մասնակցել է Պոլտավայի շրջանում ընթացող ծանր պաշտպանական մարտերին։ Դիվիզիան հատկապես աչքի է ընկել Ստալինգրադի ճակատամարտում։ Հենց այդ ժամանակ էլ արժանացել է գվարդիականի կոչման և անվանվել 51-րդ գվարդիական Կ. Վորոշիլովի անվան կարմրադրոշ հրաձգային դիվիզիա։ Ստալինգրադյան ճակատամարտում տարած փայլուն հաղթանակը Հայրենական պատերազմում դրել է արմատական բեկման սկիզբը։

51-րդ գվարդիական դիվիզիան 1943 թ. հունիսի 19-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հայերն այդ ժամանակ, ռուսներից և ուկրաինացիներից հետո, երրորդն էին, որ արժանացան այդ պատվին։

Այնուհետև դիվիզիան ակտիվորեն մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, իսկ 1944-1945 թթ. մասնակցել է Բելոռուսիայի հյուսիսային շրջաններից ու Մերձբալթիկայից թշնամու դուրսմղմանը։ Պոլոցկի ազատագրման համար նրա մի քանի գնդեր ստացել են «Պոլոցկյան» պատվանունը, իսկ Վիտեբսկի ազատագրման համար՝ «Վիտեբսկյան»։

1945 թ. մայիսի 9-ը դիվիզիան դիմավորել է Լիտվայի Մեժմալա գյուղի շրջանում։

Այսպիսով՝ դիվիզիան անցնելով ավելի քան 12 հազար կմ մարտական ուղի, ոչնչացրել է թշնամու ավելի քան 50 հազար և գերի վերցրել 15 հազար մարդ, ազատագրել 1000-ից ավելի բնակավայր, 6 անգամ արժանացել Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությանը։ Դիվիզիայի շուրջ 20000 զինվորներ ու սպաներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 26 հոգու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, իսկ 7-ը դարձել են «Փառքի» 3-րդ աստիճանի շքանշանակիրներ։

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆՀայկական ազգային դիվիզիաների մեջ իր ուրույն տեղն ունի 390-րդ հրաձգայինը, որը հայկական դիվիզիաներից առաջինն է մեկնել ռազմաճակատ։ Մյուսների համեմատությամբ նրա մարտական ուղին շատ կարճ եղավ և բաժին ընկած ճակատագիրն էլ՝ դաժան։

Դիվիզիան կազմավորվել է 1941 թ. օգոստոսին Վրաստանի Զուգդիդի և Փոթի քաղաքներում, 1942 թ. հունվարին տեղափոխվել է Կերչ։ Այստեղ էլ համալրվել է հայ զինվորներով և սպաներով՝ դառնալով հայկական։ 1942 թ. մարտին նրա անձնակազմի մոտ 10000 հոգուց 9000-ը հայ էր։

Կերչի թերակղզում մղված մարտերում 390-րդ հայկական հրաձգային դիվիզիան ցուցաբերել է փայլուն մարտական որակներ։ Այսպես՝ 1942 թ. մարտի 20-ին զորամիավորումը արյունահեղ մարտերում կասեցրել է գերմանական 22-րդ տանկային դիվիզիայի հարձակումը՝ նրան պատճառելով ծանր կորուստներ։ Կատաղի մարտերից մեկում՝ 1942 թ. մարտի 31-ին ստացած մահացու վիրավորումից ապրիլի 2-ին մահանում է դիվիզիայի խիզախ հրամանատար, գնդապետ Սիմոն Զաքյանը։

1942 թ. մայիսի 8-ին հակառակորդը Կերչի ճակատում անցել է վճռական հարձակման ու նույն օրը ճեղքել խորհրդային զորքերի պաշտպանությունը։ Խորհրդային զորքերի միայն մի փոքր մասին է հաջողվել տարհանել Թամանի թերակղզի։ Կերչում և նեղուցի ջրերում զոհվել են հազարավոր հայ մարտիկներ։ Կերչի մայիսյան աղետից հետո հունիսի 14-ին դիվիզիան կազմալուծվել է։

1941 թ. օգոստոսին Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվել է 408-րդ հրաձգային դիվիզիան, որի հրամանատարն էր Պավել Կիցուկը։ Սկզբում այն իր ազգային կազմով եղել է խառը, սակայն ռազմաճակատ մեկնելիս անձնակազմի ավելի քան 97 տոկոսը արդեն հայեր էին։

1942 թ. սեպտեմբերին 408-րդ դիվիզիան Կովկասյան ռազմաճակատում էր։ Ի դեպ, Կովկասի համար մղվող մարտերին մասնակցող երեք հայկական ազգային դիվիզիաներում (89-րդ, 408-րդ և 409-րդ) և այլ զորքերում մարտնչում էին ընդհանուր առմամբ 100000 հայ մարտիկներ։

1942 թ. աշնանը 408-րդ դիվիզիան Տուապսե-Գելենջիկ շրջանում ընթացող արյունահեղ կռիվներում ջախջախել է ռումինական 3-րդ լեռնահրաձգային դիվիզիան, իսկ այնուհետև, ծանր կորուստներ պատճառելով գերմանական 19-րդ հետևակային դիվիզիային՝ կասեցրել է նրա գրոհը։ Սակայն այդ անզիջում պայքարում կրած մեծ կորուստների պատճառով 1942 թ. նոյեմբերին 408-րդ Հայկական հրաձգային դիվիզիան դուրս է բերվել ռեզերվ և վերակազմավորվել որպես 7-րդ առանձին հրաձգային բրիգադ։

409-րդ Հայկական հրաձգային դիվիզիան ստեղծվել է 1941 թ. հուլիսին հանրապետության տարածքում տեղաբաշխված 45-րդ բանակի կազմում։

1942 թ. փետրվարի 5-ին դիվիզիան վերակազմավորվել է որպես Հայկական ազգային դիվիզիա, որի անձնակազմի ավելի քան 97 տոկոսը հայեր էին։ Սկզբում դիվիզիայի հրամանատարն էր գնդապետ Արտաշես Վասիլյանը, սակայն, երբ նա նշանակվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար, նրան փոխարինեց Վասիլի Գլադկովը։

1942 թ. դեկտեմբերի 2-ին դիվիզիան Լենինականից մեկնել է ռազմաճակատ և 1943 թ. հունվարի 3-ին Հյուսիսային Կովկասում խորհրդային զորքերի հակահարձակման հենց սկզբին հարևան զորամիավորումների հետ ազատագրել է Մոզդոկը։

Դիվիզիան հերոսաբար է մարտնչել նաև Ուկրաինայում (Կիրովոգրադի ազատագրման համար արժանացել է «Կիրովոգրադյան» պատվանման), Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում (արժանացել է «Բրատիսլավյան» կոչման), ապա նորից տեղափոխվել Հունգարիա, որտեղ էլ 1945 թ. հուլիսին կազմալուծվել է։

Հայկական ազգային դիվիզիաներից առավել հանրահայտը և առավել հարուստ մարտական կենսագրություն ունեցողը 89-րդ Թամանյան դիվիզիան է։ Այն կազմավորվել է 1941 թ. դեկտեմբերին Երևանում։ Դիվիզիայի առաջին հրամանատարը եղել է գնդապետ Սիմոն Զաքյանը, որին 1942 թ. մարտին փոխարինել է փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը, իսկ գնդապետ Զաքյանը այդ ժամանակ արդեն նշանակվել էր 390-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիայի ավելի քան 99 տոկոսը հայեր էին։

1942 թ. օգոստոսին 89-րդ դիվիզիան ռազմաճակատում էր՝ Հյուսիսային Կովկասում և կենտրոնացվել էր Գրոզնու մոտ։ Հոկտեմբերի կեսերին զորամիավորումը տեղափոխվել է Մալգոբեկ քաղաքի մատույցներ։ Երկու և կես ամիս տևած ծանր պաշտպանական մարտերից հետո՝ 1943 թ. հունվարի 3-ին, 89-րդ Հայկական դիվիզիան անդրկովկասյան ռազմաճակատի մյուս զորքերի հետ անցել է հակահարձակման և մասնակցել Մալգոբեկ, Գեորգիևսկ, Միներալնիե Վոդի, Ստավրոպոլ քաղաքների և մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը։

Դիվիզիայի մարտական ուղու փառավոր էջերից է 1943 թ. սեպտեմբերին Թամանի թերակղզում ամրացած հակառակորդի պաշտպանական «Կապույտ գծի» ճեղքումը Սախառնայա Գոլովկա-Դոլգայա լեռան հատվածում։ Այստեղ են անմահ սխրանքներ գործել դիվիզիայի ավագ սերժանտներ Հունան Ավետիսյանը, Սուրեն Առաքելյանը և սակրավոր Ջահան Կարախանյանը, որոնց հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1943 թ. հոկտեմբերի 3-ին դիվիզիան ազատագրել է Թաման քաղաքը, ինչի համար Գերագույն գլխավոր հրամանատարության հոկտեմբերի 9-ի հրամանով նրան շնորհվել է «Թամանյան» կոչումը։

Այնուհետև 89-րդ Թամանյան դիվիզիան, այլ խորհրդային զորամիավորումների հետ, ապրիլի 11-ին ազատագրել է Կերչ քաղաքը, ինչի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, իսկ մայիսին աչքի է ընկել Սևծովյան ռազմական նավատորմի գլխավոր բազայի՝ Սևաստոպոլի ազատագրման օպերացիայում՝ գրոհելով ամենադժվարին հատվածներից մեկում՝ Գոռնայա լեռան դիմաց։ Սևաստոպոլի ազատագրման համար դիվիզիայի 5 մարտիկներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, 6000 զինվոր և սպա պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, իսկ դիվիզիային շնորհվել է Կարմիր դրոշի շքանշան։

1945 թ. ապրիլի 16-ին սկսվել է Հայրենական մեծ պատերազմի եզրափակիչ՝ իր ծավալներով վիթխարի Բեռլինի օպերացիան։ Ապրիլի 22-ին 89-րդ Թամանյան դիվիզիան գրավել է Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքը և մասնակցել Բեռլինի պատմական գրավմանը, որի համար դիվիզիան պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով։ Այդ նույն շքանշանով է պարգևատրվել նաև դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։

Հայկական 89-րդ Թամանյան Կարմրադրոշ, Կուտուզովի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշանակիր հրաձգային դիվիզիան անցել է մարտական երկար ու փառավոր ուղի՝ Մեծ Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին և Էլբա գետը։ Դիվիզիան ազատագրել է ավելի քան 900 բնակավայր և 300 քաղաք, ոչնչացրել թշնամու ավելի քան 11 հազար զինվորի և սպայի։ Դիվիզիայի ավելի քան 12 հազար մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, այդ թվում՝ 9-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի և 8-ը՝ Զինվորական փառքի շքանշանի ասպետի կոչման։

Հայ մարտիկները սխրագործություններով աչքի են ընկել նաև Լենինգրադի 900-օրյա անօրինակ հերոսական պաշտպանության ժամանակ։ Շուրջ 30 հազար հայեր մասնակցել են Լենինգրադի պաշտպանությանը, 10 հազարը զոհվել են Լենինգրադն ու մարզն ազատագրելիս։ Լենինգրադի պաշտպանության ժամանակ ցուցաբերած խիզախության համար գնդացրային ստորաբաժանման հրամանատար Աշոտ Ղազարյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

Խորհրդային բանակի տարբեր զորատեսակներում հազարավոր հայ մարտիկներ ու սպաներ աչքի են ընկել նաև Մոսկվայի մատույցներում, Օդեսայում, Ստալինգրադում ու Կուրսկի աղեղում, Ղրիմում ու Կովկասում, Ուկրաինայում ու Բելոռուսիայում, Մերձբալթիկայում ու եվրոպական երկրներում։

Պատերազմի առաջին տարում կատարած սխրանքների համար 4 հայորդիների՝ օդաչու Լազար Չափչախյանին, Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերի օդաչու Նելսոն Ստեփանյանին, որին հետմահու շնորհվել է նաև Խորհրդային Միության հերոսի կրկնակի կոչում, լեյտենանտներ Խաչատուր Մելիքյանին և Սերգեյ Օգանովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։։

1941 թ. հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը տեղի ունեցած Սմոլենսկի ճակատամարտում մարտիկների ցուցաբերած զանգվածային հերոսության և ռազմական բարձր վարպետության շնորհիվ ծնվել է և խորհրդային գվարդիան։ Առաջին գվարդիականների թվում էր 395-րդ հրաձգային գնդի հրամանատար, մայոր Համազասպ Բաբաջանյանը, որը գվարդիականի պատվավոր կոչման արժանանալու հետ մեկտեղ պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Դա ապագա ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի առաջին մարտական պարգևն էր։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին իր ռազմավարական ունակություններով ու խիզախությամբ աչքի է ընկել ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ, գլխավոր ռազմածովային շտաբի պետ, ծովակալ Հովհաննես Իսակովը, հետագայում՝ Խորհրդային Միության ծովակալ, Խորհրդային Միության հերոս։ Իսակովն զբաղվում էր Լենինգրադի հրետանային պաշտպանության ամրապնդմամբ։

Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավարն էր գնդապետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց, հետագայում՝ ավիացիայի մարշալ)։ Դժվարին իրավիճակում նա ղեկավարել է շտաբի աշխատանքը, կապ հաստատել բոլոր զորամասերի հետ, ինչի շնորհիվ պատերազմի միայն առաջին օրը Արևմտյան ռազմաճակատի օդաչուները ոչնչացրել են հակառակորդի 100 ինքնաթիռ։ Հետագայում Խանփերյանցը դարձել է առաջին հայ մարշալը, նշանակվել Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ։

Պատերազմի առաջին մարտերում իր խիզախությամբ և օպերատիվ հմտությամբ աչքի է ընկել Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս)։ Մերձբալթիկայի ու Բելոռուսիայի ազատագրման և Արևելյան Պրուսիայի գրավման համար մղված դաժան մարտերում զորավար Հովհաննես Բաղրամյանը իր զորքերով հաջողությամբ իրագործել է մի շարք դժվարին օպերացիաներ։

1944 թ. աշնանը գերմանացի զավթիչները վերջնականապես դուրս շպրտվեցին Խորհրդային երկրից, և մարտերը տեղափոխվեցին Գերմանիայի ու նրա դաշնակիցների տարածքներ։ Խորհրդային բանակը ձեռնամուխ եղավ հիտլերյան բանակի ջախջախմանն ու Բեռլինի վրա հաղթանակի դրոշի բարձրացմանը։ 1945 թ. մայիսի 8-ին Գերմանիան ընդունեց իր անվերապահ կապիտուլացումը։

Պատերազմի ընթացքում իրենց մեծ ավանդն են ունեցել բռնազավթված շրջաններում թշնամու խոր թիկունքում գործող պարտիզանները, որոնց շարքերում ևս աչքի են ընկել հարյուրավոր հայեր։ Գոյություն են ունեցել մի քանի պարտիզանական ջոկատներ, որոնք համալրված են եղել առավելապես հայերով։ Օրինակ՝ Սերգեյ Հարությունյանի հրամանատարությամբ «Հաղթանակ» ջոկատը, Արամայիս Հովսեփյանի հրամանատարությամբ «Անաստաս Միկոյանի անվան» ջոկատը, Անդրանիկ Մալխասյանի հրամանատարությամբ «Ստեփան Շահումյանի անվան» ջոկատը և այլն։

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իրենց ծանրակշիռ ավանդն են ունեցել նաև անտեսանելի ճակատի առասպելական հետախույզներ՝ գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանը, գնդապետ Աշոտ Հակոբյանը, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանը և նրա կինն ու գործընկերուհին՝ քաջասիրտ հայուհի Գոհար Վարդանյանը և ուրիշներ։

Երբեք չեն մոռացվի նաև պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորության մեծագույն ջանքերը։ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրից մինչև նրա հաղթական ավարտը Խորհրդային Հայաստանի աշխատավորների հերոսական աշխատանքի շնորհիվ հանրապետությունը վերածվել էր Կարմիր բանակի իսկական մարտական զինանոցի, որտեղից՝ «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» նշանաբանով ամեն օր տասնյակ գնացքակազմերով ռազմաճակատ էին ուղարկվում մարդկային համալրումներ, զենք, զինամթերք, սնունդ, հանդերձանք և այլն։ Ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկները մարտերի ամենածանր պահերին զգում էին թիկունքի աշխատավորության աջակցությունը՝ ստանալով նրանց նյութական ու բարոյական օգնությունը։

Հայրենական պատերազմին Խորհրդային Միությունից մասնակցել են 500 հազարից ավելի հայեր, որոնցից 300 հազարը՝ Հայաստանից, իսկ շուրջ 200 հազարը՝ ԽՍՀՄ այլ հանրապետություններից։ Ցավոք, շուրջ 200 հազար հայ մարտիկներ զոհվել են պատերազմի ընթացքում…

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը գերազանց քննություն է բռնել թե՛ ռազմաճակատում և թե՛ թիկունքում։

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ավագ գիտաշխատող

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Պատմության էջերից


06/05/2021