Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՍԱՐԱՆ



Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և ռազմական համագործակցության բարձր մակարդակը շեշտադրում են մշակութային կապերի, այդ թվում նաև՝ լեզվի իմացության կարևորությունը: Հիշեցնելով, որ ընդամենը երկու օր անց՝ մայիսի 9-ին,  նշվելու է ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակի հերթական տարեդարձը, Վաղարշակ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նորաբաց լսարանում  կվերապատրաստվեն Մեծ Հայրենականի հաղթանակը կերտած հայազգի մարշալների և զորահրամանատարների արժանի հետնորդները:

Ռազմական համալսարանի կուրսանտների հետ մեկտեղ ռուսաց լեզվի ուսուցման լսարանում իրենց գիտելիքները կհամալրեն նաև ՌԴ ռազմաուսումնական բարձրագույն հաստատություններ դիմող սպաները:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռուսաց լեզվի ուսուցման լսարանը կրելու է ռուս անվանի զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի անունը:

Խորագիր՝ Նորություններ


10/05/2021