ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է Հարավային ռազմական օկրուգն ուժեղացնել «Սու-35Ս» 3 կործանիչներով
Ռոստովի շրջանի Միլերովո քաղաքում տեղակայված 31-րդ կործանիչ ավիագունդը ներկայումս զինված է «Սու-30ՍՄ» կործանիչներով։ «Սու-35Ս» կործանիչների թռիչքի հեռավորությունը թույլ է տալիս Միլերովոյից ծածկապաշտպանել Ռուսաստանի ամբողջ Հարավը՝ Սևծովյան ափը, Ղրիմը և Հյուսիսային Կովկասը։
Ի պատասխան ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-21» լայնածավալ զորավարժության՝ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբը սեպտեմբերին նախապատրաստում է Բելառուսի հետ համատեղ «Արևմուտք-2021» զորավարժությունը
Մայիսից մինչև սեպտեմբեր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորքերն ու ռազմական տեխնիկան կազմ ու պատրաստ վիճակում կանգնած են լինելու դեմ դիմաց։
Ռուսաստանում կասկածում են, որ ապրիլի 28-ին Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին ջրային ռեսուրսների համար վեճի պատճառով բռնկված և երկուստեք տասնյակ զոհերի հանգեցրած զինված բախումը հրահրվել է բրիտանական դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից, որոնք զինված են եղել ՆԱՏՕ-ի 60 մմ-անոց արագաձիգ և անձայն ականանետներով
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը նշում է, որ նախ՝ բախումը համընկավ Աֆղանստանից ամերիկյան զորքերի շուտափույթ դուրսբերման հետ, երկրորդ՝ այն սկսվեց ոչ թե փոխհրաձգությունից, այլ միանգամից ականանետներից բացված կրակով, երրորդ՝ արևմտյան ԶԼՄ-ները սովորականից արագ արձագանքեցին, հետևաբար, սպասում էին իրադարձությանը, չորրորդ՝ բախվող կողմերից ոչ մեկը կրակի գոտուց նախօրոք չէր հեռացրել յուրային քաղաքացիական բնակչությանը, թեպետ տրամաբանական է, որ գոնե նախահարձակ կողմը պետք է աներ դա։
ԱՄՆ-ը միացել է Եվրամիության Անվտանգության և պաշտպանության ոլորտներում ենթակառուցվածքային համագործակցության ծրագրին (PESCO), որպեսզի Եվրամիությունը պաշտպանի Ռուսաստանից
Ծրագրի գլխավոր նպատակը զինված ուժերի ծավալման գործընթացի արագացումն է։ Համագործակցության շրջանակում ԱՄՆ-ը մտադիր է Եվրոպայում կառուցել ճանապարհներ և կամուրջներ, որպեսզի Ռուսաստանի հետ բախման դեպքում զորքերը տեղափոխի ավելի արագ, քան հակառակորդը։ Մասնավորապես, պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ն պետք է կարողանա Մերձբալթիկայի պաշտպանության համար մեկ ամսում տեղափոխել 50 հազար զինծառայողների։
Ծրագրին միացել են նաև Կանադան ու Նորվեգիան։
Ավելի վաղ՝ մարտի սկզբին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ նույնիսկ պաշտպանական ծախսերի ավելացման դեպքում Եվրամիությունն ի վիճակի չէ ինքն իրեն պաշտպանելու։
Բրիտանական «Դեյլի էքսպրես» հանդեսը գրել է, որ ռուսական նորագույն միջուկային հիպերձայնային «Սարմատ» հրթիռն ունակ է հաղթահարելու ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը և ոչնչացնելու Տեխասի կամ Անգլիայի չափ տարածք
«Սարմատի» փորձարկումները տեղի են ունենալու այս տարի։
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ը բախվում է միջուկային ներուժ ունեցող միաժամանակ երկու ռազմավարական մրցակիցների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ
Մայիսի 6-ին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության հրամանատար, ծովակալ Չարլզ Ռիչարդը։ Նրա կանխատեսմամբ՝ Չինաստանն այս տասնամյակի վերջում կկրկնապատկի միջուկային զենքի իր պաշարը։
Ռուսաստանն իրականացնում է միջուկային սպառազինության արդիականացման լայնածավալ ծրագիր, որը, ծովակալի գնահատմամբ, կատարված է մոտ 80 % -ով, թեպետ Կրեմլը հայտարարում է, թե՝ 88 % -ով։
2030-2050 թթ. ռազմական գործողություններն աստիճանաբար կտեղափոխվեն տիեզերք
Հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Սերգեյ Խատիլյովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում ստեղծվող նոր տիեզերակայաններում արդեն իսկ նախատեսվում են պաշտպանության միջոցներ։
Ռուսական «Ս-500» «Պրոմեթևս» զենիթահրթիռային համալիրն արդեն այսօր ունակ է ոչնչացնելու թիրախներ տիեզերքում՝ 200 կմ բարձրության վրա (տիեզերքի սահման է համարվում 100 կմ բարձրությունը)։
ԹՈՒՐՔԻԱ
2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակիցներին պատժելու պատրվակով վերջին 5 տարիներին Թուրքիայում կատարվել է զինված ուժերի մասշտաբային զտում, և բանակը լիովին հայտնվել է հատուկ ծառայությունների հսկողության տակ
Զորացրվել է թուրքական բանակի գեներալների 50 %-ը և շտաբային սպաների 90 % -ը, շատերը ձերբակալվել են։ Նոր ստեղծված բանակը իշխանությունների հլու կամակատարն է։
Թուրքիայի զինվորականները հաջողությամբ փորձարկել են տեղական արտադրության «HISAR A+» զենիթահրթիռային համալիրը, «M60TM» տանկի կրակի կառավարման «VOLKAN-M» համակարգը և տանկի 1500 ձիաուժ հզորությամբ առաջին «Batu» շարժիչը
Մայիսի 4-ին և 5-ին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Ավելի վաղ՝ 2020 թ. դեկտեմբերին, նա հայտարարել էր, որ Թուրքիան ձգտում է պաշտպանական արդյունաբերության լիակատար անկախության։
Եթե մի քանի տասնամյակ առաջ Թուրքիան ներմուծում էր իր սպառազինության 80 % -ը, ապա այսօր ինքն է արտադրում իրեն անհրաժեշտ սպառազինության 76 % -ը
Մայիսի 8-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նա նշել է, որ ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Թուրքիան այլևս կախված չէ այլ երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։
ԱԴՐԲԵՋԱՆ
Մայիսի 5-ին Ադրբեջան է առբերվել զինված ուժերի համար նախատեսված թուրքական ինժեներական տեխնիկայի և սարքավորման հերթական խմբաքանակը
Ականազերծման համար նախատեսված մեխանիկական սարքավորումը կշռում է 12,5 տ, կարող է հեռակառավարվել վահանակով, պայթեցնում է մինչև 25 սմ խորության վրա տեղադրված հակահետևակային ականներ, ժամում ականազերծում է 900 քառակուսի մետր տարածք՝ 90 % արդյունավետությամբ։
Այս տարի Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է ծախսել 1,5 մլրդ դոլար՝ հայկական վերահսկողությունից ազատված տարածքների վերականգնման համար
Մայիսի 5-ին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը։ Նրա խոսքով՝ նշված տարածքում ծրագրվում է զարգացնել գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և լեռնահանքարդյունաբերությունը։
ԻՐԱՆ
Իրանում հաջողությամբ փորձարկվել է տեղական արտադրության «Սիմուրգ» սուպերհամակարգիչը, որը մեկ վայրկյանում կատարում է առնվազն կվադրիլիոն (1000 տրիլիոն) գործողություն
Մայիսի 5-ին տեղեկացրել է Իրանի տեղեկատվության և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմը։
Սուպերհամակարգիչները կիրառվում են գիտության բազմաթիվ բնագավառներում, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի և արհեստական բանականության ոլորտներում բարդագույն հաշվարկներ կատարելու համար։
Մայիսի 9-ին Իսրայելի բանակը սկսել է իր պատմության մեջ ամենալայնածավալ զորավարժությունը, որի սցենարի համաձայն՝ պետությունը պատերազմ է մղում միաժամանակ բոլոր ռազմաճակատներում՝ հյուսիսից հարավ
Զորավարժությունը տևելու է մեկ ամիս։ Նմանարկվելու է պատերազմ լիբանանյան շիական ռազմականացված «Հեզբոլլահ» կազմակերպության (որը ձգտում է Լիբանանում ստեղծել մահմեդական պետություն Իրանի օրինակով) և Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան մահմեդական շարժման դեմ։
ՎՐԱՍՏԱՆ
Մայիսի 3-14-ը ԱՄՆ-ի՝ Եվրոպայում հատուկ օպերացիաների հրամանատարությունը Սևծովյան տարածաշրջանում անցկացնում է «Trojan Footprint-21» («Տրոյական ոտնահետք») ամենամյա զորավարժությունը, որին Վրաստանն առաջին անգամ է մասնակցում
Զորավարժությանը մասնակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ռումինիայի հատուկ օպերացիաների ուժերը։ Զորավարժություններն անցկացվելու են Վրաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Չեռնոգորիայում և Մակեդոնիայում։
Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Ռազմաքաղաքական