Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԳՐԻՉԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԶԵՆՔՈՎ



ԵՐԲ ԳՐԻՉԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԶԵՆՔՈՎԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից շատերը ժամկետային զինծառայողներ էին, երբ սկսվեց պատերազմը: Իսկ մի քանիսն էլ կամավոր մեկնեցին ճակատ: Վաչագան Մանուկյանը, Սլավա Բադալյանը և Աշոտ Խաչատրյանն անմահացան Արցախի պաշտպանության համար մղված մարտերում: Նրանք մասնագիտական «զենքը»՝ գրիչը, մարտական զենքով փոխարինեցին՝ հանուն պատմական արդարության վերահաստատման եւ Արցախի ճակատում Հայ զինվորի սխրանքը մի օր թղթին հանձնելու, մեր ժողովրդի նոր հերոսապատումը պատմությանն ի պահ տալու հավատով: Ավաղ, իրենք այդ հերոսապատումի անմահ հերոսները դարձան…

Օրեր առաջ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի, Սլավա Բադալյանի համակուրսեցիներ՝ Էդգար Ղուշչյանի ու Դավիթ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Վահե Հակոբյանի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի հովանավորությամբ Արցախյան ազատամարտում զոհված լրագրող Նորայր Մարությանի անունը կրող լսարանը վերանվանվեց՝ «Լրագրող ազատամարտիկների լսարան»: Նորայրի լուսանկարի կողքին ավելացան ևս երեքը` Վաչագանի, Սլավայի և Աշոտի լուսանկարները:

Վաչագանը շուտով կավարտեր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան… Նա նոր խոսք, նոր ասելիք պիտի բերեր ժուռնալիստիկա, բայց սեպտեմբերի 27-ին փոխվեց ամեն բան: Ժամանակին հեղինակած բանաստեղծական տողերն արդեն իսկ հուշում են, որ Վաչագանն առաջիններից մեկն է արձագանքել Հայրենիքի պաշտպանության մարտակոչին: Եվ օրեր անց նա արդեն Արցախում էր: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը պատմում է, որ որդուն ծանուցում չէր եկել զինկոմիսարիատից, բայց Վաչագանը կամավոր մեկնեց ճակատ:

-Անկեղծ ասած՝ երբ սկսվեց պատերազմը, ես ուզում էի նրան ետ պահել սահման մեկնելու մտքից, բայց ժամկետային ծառայության տարիներին` Քարվաճառի սահմանները պահելիս վաստակած «Գարեգին Նժդեհ» մեդալը պարտավորեցնում էր ինչպես որդուս, այնպես էլ ինձ: Գիտակցելով, որ նա լավագույն կերպով տիրապետում է իր գործին, և որ նրա տեղը հենց առաջնագծում է, զսպեցի ծնողական զգացումներս, չընդդիմացա: Մեկնեց և անմահացավ որդիս…

Սլավա Բադալյանը գերազանցությամբ էր ավարտել ֆակուլտետի բակալավրիատը: Թեպետ ուներ տարկետման իրավունք, սակայն որոշել էր մեկնել պարտադիր ժամկետային ծառայության։

ԵՐԲ ԳՐԻՉԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԶԵՆՔՈՎՉափազանց արդարախոս էր, ազատասեր… Ընտրեց լրագրողի մասնագիտությունը: Ցանկանում էր իր մասնագիտությամբ ծառայել Հայրենիքին… Պատերազմի ժամանակ Սլավան մի տանկ է խոցել, հետո 2-ը… Անգամ այդ օրերին զանգելիս նրա ձայնը երբեք չէր դողում, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, պատրաստակամ ու հաղթական ոգով էր խոսում,- եղբոր մասին պատմում է Սլավայի քույրը` Վիկտորյան:

Աշոտ Խաչատրյանն այդպես էլ չհասցրեց վայելել ուսանողական կյանքը, ընդունվեց համալսարան և կարճ ժամանակ անց զորակոչվեց ազգային բանակ:

-Աշոտը դպրոցում հատկապես պատմության դասերին առանձնահատուկ էր պատրաստվում:

Մի անգամ ձայն տվեցի, որ գա հաց ուտելու, չեկավ: Գնացի իր սենյակ, բարկացած մոտեցա, որ անջատեմ, նկատեցի, որ Տիգրան Մեծի ժամանակների մասին պատմող ինչ-որ տեսանյութ է նայում: Ճաշը մատուցեցի համակարգչի մոտ: Կյանքում որդուս համար շատ կարևոր տեղ ուներ Հայոց պատմությունը: Նույնիսկ, երբ ծառայում էր, պարբերաբար պատմավեպեր էր խնդրում: Շատ ոգեշնչված էր մեր պատմական հերոսների կերպարներով,- պատմում է մայրը` տիկին Անժելան:

Միջոցառման ավարտին ներկաներն իրենց ելույթներում առանձնահատուկ ընդգծեցին, որ այսուհետև տղաների ներկայությունն այս լսարանում պիտի յուրաքանչյուր ուսանողի և դասախոսի է՛լ ավելի պարտավորեցնի, յուրաքանչյուրն իր տեղում է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով պիտի ծառայի մեր Հայրենիքին` վառ պահելով տղաների հիշատակը՝ կյանքի ուղենիշ դարձնելով հանուն բարու, ազնիվի, վեհի ինքնազոհաբերումի նրանց պատրաստակամությունը:

ՄՈՒՇԵՂ ԿՈՒՐԵԽՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Լուսանկարները՝ ՏԱԼԻԹԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Բանակ և հասարակություն


13/05/2021