Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



ՆՎԻՐՈՒՄՀայ լեգենդար լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե) պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Չատինյանին 60-ից ավելի տարիներ մարզչամանկավարժական գործունեության, սերունդներ կրթելու, հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար օրերս շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը:

…Արցախյան վերջին պատերազմի ծանր օրերն էին: Առաջնագծում կյանքի եւ մահվան կռիվ էր: Թիկունքում ամեն մեկը փորձում էր հնարավորինս սատարել, աջակցել կռվող տղաներին. թիկունքի ջերմությունը, ուշադրությունը բազմապատկում էր զինվորի ուժը:

95-ամյա լեռնացնաց-փրկարար Աղվան Չատինյանն էլ լեռնագնացի իր նոր համազգեստները` ջերմակայուն տաբատները, դահուկորդի բրդյա գլխարկները, որ առանձնակի խնամքով պահպանել էր տարիներ շարունակ, ուղարկեց բարձրադիր տեղանքում կռվող զինվորներին: Այ, թե տարիքն էլ տեղը լիներ, հաստատ, առանց վարանելու կկանգներ  նրանց կողքին…

Դեռևս 1990-ական թվականներին, երբ նոր էր կազմավորվում հայկական բանակը, Աղվան Չատինյանը լեռնագնաց-փրկարար ընկերների՝ Ֆրանց Գևորգյանի, Զավեն Մարիկյանի հետ իրենց անշահախնդիր օգնությունն առաջարկեցին լեռնային կտրտված, բարդ տեղանքներում ծառայող ստորաբաժանումների հրամանատարներին։

ՆՎԻՐՈՒՄ«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր հանրապետության տարածքն ընկած է հիմնականում միջին լեռնային, խիստ կտրտված շրջաններում, ցանկալի է, որ մեր բանակի զինվորը, ռազմական գիտելիքներին լիարժեքորեն տիրապետելուն զուգահեռ, կարողանա գնահատել տեղանքի առանձնահատկությունները և տեղաշարժվելու ճիշտ երթուղի ընտրի։ Քիչ չեն եղել դեպքեր, երբ զինվորները բքի, ձնահյուսի պատճառով վտանգավոր իրավիճակներում են հայտնվել: Եթե զինվորը չտիրապետի բնական արգելքները հաղթահարելու տեխնիկական հնարքներին, սպասվելիք վտանգները դիմակայելուն ու ճիշտ չգնահատի ստեղծված իրավիճակը, դա կարող է հանգեցնել դժբախտ պատահարների և նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ մարտական գործողությունների ընթացքի վրա»,- նշում է Աղվան Չատինյանը: Նա մոտ երեք տասնամյակ հաշվառման մեջ է եղել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբում և պարբերաբար զբաղվել է զինակոչիկների լեռնային պատրաստության հարցերով:

Այսօր էլ, չնայած պատկառելի տարիքին, վաստակաշատ լեռնագնաց-փրկարարը պատրաստ է տարիների կուտակած փորձը սիրով ուսուցանելու հայրենիքի պաշտպաններին:

Ա. Չատինյանը բազմաթիվ մասնագիտական, գիտամեթոդական, ուսումնական աշխատությունների, գրքերի հեղինակ է, նա Հայաստանում ձմեռային բիաթլոնի, մականախաղի և փրկարարական գործի հիմնադիրն է։

Փորձառու լեռնագնացն իր գործունեության ընթացքում տարբեր երկրամասերում մասնակցել է 40-ից ավելի փրկարարական աշխատանքների, հաճախ է փրկել ծանր, անելանելի կացության մեջ հայտնված մարդկանց. բազմաթիվ շնորհակալական նամակներն այդ ամենի խոսուն վկաներն են:

Հագեցած ու բովանդակ է անցել լեգենդար լեռնագնացի կյանքը, լեռներ նվաճելուց զատ՝ որպես կասկադյոր, մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներին («Անձամբ ճանաչում եմ», «Ուրվականները հեռանում են լեռներից….», «Թռիչք անդունդի վրայով», «Սգավոր ձյունը», «Ուղղահայաց»)` բարդ ժայռամագլցումների ժամանակ փոխարինելով Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թոնունցին և այլ հանրաճանաչ դերասաններին։

ՆՎԻՐՈՒՄԾերունազարդ լեռնագնացը առանձնակի ջերմությամբ է հիշում այդ օրերը. «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմի նկարահանումներն էին, հեռվում նկատեցի Գուրգեն Թոնունցին՝ դեմքն արյունոտ, սարսափազդու: Շտապ մոտեցա, որ օգնեմ, Թոնունցը ժպտում էր. գրիմն այդքան բնականին մոտ չէի տեսել… Այդ նույն ֆիլմում Մետեխի բանտից իջնելու մի քանի փորձ արեցի: Վերջին փորձից հետո, մի փոքր հոգնած նստեցի հանգստանալու, լսում եմ ծափահարություններ, եւ ասում են՝ վարպետը կանչում է: Հրաչյա Ներսիսյանն օղու բաժակը մեկնեց ինձ. «Ապրե՛ս, ալպինի՛ստ, լավ խաղացիր, կենացդ եմ խմում»:

«Ես վերելքներ շատ եմ հաղթահարել՝ Պամիրում, Տյան-Շանում, Կովկասում, Ալպերում, բայց «աշխարհի տանիքը»՝ Էվերեստը, մնաց, Արարատն էլ մնաց,-տխուր խոստովանում է պրոֆեսորը:- 1958 թվականին մասնակցում էի Պամիրում Խորհրդային Միության և Չինաստանի հետ համատեղ իրականացվող էքսպեդիցիային, որը կազմակերպված էր 1960 թվականին Էվերեստ բարձրանալուն նախապատրաստվելու համար, սակայն, ցավոք, երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով վերելքը տեղի չունեցավ»:

Տասնամյակներ առաջ էլ, երբ Վազգեն Առաջին կաթողիկոսը հանդիպել էր մարզիկներին, Աղվան Չատինյանը խնդրել էր ընդառաջել՝ Արարատ բարձրանալու համար: Կաթողիկոսը ցավով խոստովանել էր, որ Թուրքիայի կառավարությունը համաձայնություն չի տալիս:

Վաստակաշատ լեռնագնացը իր վերջին լուրջ վերելքն իրականացրել է ուղիղ 20 տարի առաջ՝ 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Սպիտակ» փրկարարական ջոկատի տղաների հետ միասին Արագածի գագաթին խաչ կանգնեցրին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Բանակ և հասարակություն


13/05/2021