«ԹԱՄԱՆՅԱՆ» ԴԻՎԻԶԻԱՅԻ 100-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԸ
Մեծ Հայրենականի հաղթանակից ուղիղ 76 տարի անց Անդրանիկ պապը կրկին ուսերին է գցում մեդալների առատությունից ծանրացած պիջակը եւ… բոլորին հղում իր մաղթանքը.
-Միայն ու միայն խաղաղություն: Ես զինվոր մարդ եմ, Հայրենական պատերազմի ասպետ եմ: Ես միայն խաղաղություն եմ ուզում,- ասում է 100-ամյա վետերանը, որի առույգությունը ուղղակի զարմացնում է բոլորիս:
1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Իր հրանոթով հասել է մինչև Բեռլին, երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուն պես նորից համալրել է «Թամանյան» դիվիզիայի շարքերը։
Խոսելով պատերազմի ու պարգևների մասին՝ Անդրանիկ պապը խոստովանում է.
-Ինձ համար ամենաթանկն ու արժեքավորը սա է,-ցույց տալով կրծքին ամրացրած մեդալներից մեկը՝ ասում է պապը: -Սա իմ մարտական ընկերոջ՝ ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անունը կրող մեդալն է։ Հունանը ավագ սերժանտ էր: Իմ մարտական ընկերն էր. նրա հետ շատ աղ ու հաց եմ կերել:
Անդրանիկ պապը մի դիպված է հիշում նաև փառապանծ «Թամանյան» դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի մասին: Հարմար տեղավորվելով բազկաթոռին՝ չորս տարի շարունակ պատերազմի արհավիրքների միջով անցած Անդրանիկ Գևորգյանը պատմում է.
-Հայրական տնից մինչև Բեռլին եմ հասել: Ամեն օր ու ամեն մի հաղթանակ մեզ մոտեցնում էր մեծ հաղթանակին։ Հաղթանակից մի քանի օր առաջ հանդիպեցինք «Թամանյան» դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանին: Հրամանատարը առհասարակ շատ մռայլ ու վերին աստիճանի պահանջկոտ մարդ էր: Նրա դեմքին ոչ մի անգամ ժպիտ չէիր տեսնի: Ապրիլի 30-ին, Նվեր Սաֆարյանի ելույթից հետո, մենք տղերքով պարեցինք մեր ավանդական «Քոչարին»: Հենց այդ օրը, այդ ուրախության պահին, մենք նրա դեմքին առաջին անգամ ժպիտ տեսանք:
Մեծ Հայրենականի ժամանակ երեք անգամ վիրավորված ասպետը մի դրվագ էլ հիշում է իր հետ կապված.
– Արկը ինձ շատ մոտ պայթեց, ու պայթյունի ալիքը ինձ շպրտեց մոտակա դատարկ ջրատարը: Լսում եմ գլխավերևումս կանգնածների խոսակցությունը. «Թող այստեղ մնա, մինչև «պախարոնի» դասակը գա, դիակը տանի»: Աչքերս բացեցի ու ասացի. «Տղե՛րք, ես ողջ եմ, դեմքս է արյունոտ»: Գրպանումս Աղոթագիրք կար, որ մայրս էր տվել: Հենց մորս տված Աղոթագիրքն էլ ինձ փրկեց,- բառերը հատ-հատ արտաբերելով ու դեմքին ժպիտ խաղացնելով,- ասում է «Թամանյան» դիվիզիայի լեգենդար զինվորը:
Ի դեպ, հենց հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, լրացավ Անդրանիկ Գևորգյանի ծննդյան 100-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ վետերանին շնորհավորելու համար նրա տուն այցելեց նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Հարությունյանը հետաքրքրվեց մեկ դարի շեմը հաղթահարած վետերանի առողջությամբ, նշեց, որ նրա և Մեծ Հայրենականի մյուս վետերանների սխրանքները օրինակ են թե՛ իր, թե՛ ռազմական բուհերում ուսանող ապագա սպաների համար։
-Եկել եմ, որ շնորհավորեմ Ձեր ծննդյան 100-ամյակը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հավատացնում եմ, որ մենք կունենանք հաղթանակած բանակ, և մեր ժողովուրդը կապրի անվտանգ,- ասաց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ Անդրանիկ պապին հանձնելով Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանիկը։ Իսկ Վետերանների միության հանրապետական խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նրան պարգևատրեց պատվոգրով և «Պատվավոր վետերան» կրծքանշանով։
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում