Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԻՏԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ԿԱՊԻՏԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԼևոն Խաչատրյանը ծառայում էր խաղաղապահ բրիգադում: Պատերազմն սկսվելուն պես Լևոնն իր հրամանատարությամբ գործող վաշտի հետ նույնպես Արցախում էր և հերոսաբար մարտնչեց մինչև նոյեմբերի 3-ը:

Լևոնի զինվորական կյանքի մեկնակետը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր: Ուսման ընթացքում ցուցաբերում էր գերազանց առաջադիմություն և մեկ տարի ուսանելուց հետո նրան կրթությունն արտերկրում` Իտալիայում շարունակելու հնարավորություն ընձեռվեց։ Սովորեց հինգ տարի և գերազանցությամբ ավարտեց երկու ակադեմիա:

Այդուհետ Լևոն Խաչատրյանը ծառայության  նշանակվեց հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկում: Հետո նրան ուղարկեցին Միացյալ Նահանգներ՝ դարձյալ ուսումը շարունակելու, վերապատրաստվելու նպատակով: Հայրենիք վերադառնալուն պես սկսվեց բանիմաց զինվորականի առաքելությունը խաղաղապահ բրիգադի կազմում՝ որպես դասակի, հետո վաշտի հրամանատար:

Կապիտան Լեւոն Խաչատրյանը հընթացս երկու խաղաղապահ առաքելության է մասնակցել՝ Լիբանանում, այնուհետև Սիրիայում: Հայրը դժվարանում է նշել, թե ինչու Լևոնն ընտրեց զինվորականի մասնագիտությունը, բայց հպարտությամբ ընդգծում է՝ որդին ջանք չի խնայել բանակի առաջընթացի գործում իր նպաստը բերելու համար:

Լևոնը ծնողներին տեղյակ չէր պահել մարտադաշտ մեկնելու մասին: Որ որդին Արցախում է՝ մայրը պատահաբար  է իմացել.

ԿԱՊԻՏԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ-Նվիրվող տեսակ էր, ընկերների համար յուրաքանչյուր զոհողության պատրաստ, կռվի դաշտում էլ մինչև վերջ կանգնել է նրանց կողքին… Ասաց՝ «Ընկերներս լավն են, նրանց մենակ չեմ թողնի», ու… գնաց պատերազմ,- պատմում է մայրը՝ Մարինե Խաչատրյանը։

Օրերս Լեռնավանի դպրոցում, որտեղ սովորել է Լևոնը, նրա անվամբ դասասենյակ բացվեց:

Ուսուցիչների հուշերում Լևոնը մնացել է որպես անսահման բարի, չափազանց լավատես ու լուսավոր երիտասարդ:

29 օր Լևոն խաչատրյանը եղել է ռազմաճակատի ամենաթեժ ուղղություններում, մասնակցել է ականազերծման աշխատանքների: Սուրենը կապիտան Խաչատրյանի վաշտի զինվորներից է: Ասում է, թեև տարիքով Լևոնն իրենից փոքր էր, բայց շատ բան ուներ  նրանից սովորելու:

-Ցանկացած ժամանակ միշտ առաջինն էր: Կարողանում էր այնպես բացատրել, որ արդյունքը տեսնում էինք անմիջապես: Ազգի զինվորն էր, ծառայեց պատվով ու կռվեց մինչև վերջ,- ասում է Սուրեն Միրզոյանը։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Ճակատագրեր


13/05/2021