Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐԻՍ ԿՈՂՔԻՆ…»



«ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐԻՍ ԿՈՂՔԻՆ...»Փոխգնդապետ Անդրեյ Համզոյանը, գերազանցությամբ ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատարից սկսած, տարբեր հրամանատարական պաշտոններ է վարել: Պատերազմից ամիսներ առաջ նշանակվել էր զորամասի հրամանատարի տեղակալ: Այն զինվորականներից է, որի թիվ մեկ խնդիրը իր զորքի, իր զինվորների կողքին լինելն է: Ապրիլյան պատերազմի մասնակից է: 44-օրյա պատերազմի ընթացքում անընդմեջ առաջնագծում է եղել՝ կամավորների, զինվորների կողքին. նրանց հակագրոհների է տարել: Ամենադժվար պահերին իր հմտությամբ, հնարամտությամբ դուրս բերել շրջափակումից, կյանքեր է փրկել: Երբեք չի խնայել իր կյանքն ու առողջությունը…

Տիկին Վալյան իր կյանքում այնքան ցավ ու սարսափ է ապրել… Հիմա որդու կողքին նստած՝ աչքերն անընդհատ  խոնավանում են… 44-օրյա պատերազմի ընթացքում որդին՝  Անդրեյ Համզոյանը, բազմաթիվ վտանգներից ու դժվարություններից անցնելով, ծանր վիրավորվել է: Մինչև գոտկատեղը խորը այրվածքներ, վերջերս ոտքի երրորդ, աչքերի՝ ութերորդ վիրահատությունն է տարել,- ասում է տիկին Վալյան կսկիծով:

Հադրութցի այս ընտանիքը՝ փոխգնդապետ Անդրեյ Համզոյանը, ծնողները, երկու մանկահասակ դուստրերը և կինը, պատերազմի արդյունքում կորցրել են տունն ու… հայրենի քաղաքը:  Երևանում վարձով են ապրում: Տիկին Վալյայի ընտանիքին մեծ ցավ է բաժին հասել դեռևս Արցախյան ազատամարտի ընթացքում:

Անդրեյը պատմում է.

-Մորաքրոջս տղաները երկուսն էլ կռվում էին: Մեկը Քարվաճառի ազատագրումից հետո եկել էր տուն: Հարազատները եկել էին նրան տեսնելու: Դարպասի մոտ էր, ճանապարհում էր հյուրերին, երբ թշնամին նրա աչքերի առաջ հրթիռակոծեց տունը… հղի կինը, մայրը՝ մորաքույրս, տատը տեղում մահացել են: Տան անդամներից միայն հայրն է ողջ մնացել:

-Իսկ 1993 թ. նոյեմբերին,- որդու խոսքը շարունակում է տիկին Վալյան,- երբ հայրս մեքենայով գյուղից Հադրութ էր գալիս երեխաներիս տեսնելու, թուրքերը ավտոմատներով կտրել էին ճամփան…Նա էլ այդպես զոհվեց:

…Նստած ենք բնակարանի՝ թույլ լուսավորված հյուրասրահում. Անդրեյի ամբողջ ընտանիքն այստեղ է: Անդրեյը կիսապառկած է: Ոտքն ամրացնող երկաթե շյուղերից երևում է, որ ապաքինումը դեռ երկար է տևելու:

Մանուկ հասակից պատերազմի արհավիրքները տեսնելով՝ ազատամարտիկ հոր՝ Վլադիմիր Համզոյանի օրինակն աչքի առջև, նա այլ ուղի չէր կարող ընտրել:

-Ութ տարեկան էի, երբ Արցախյան պատերազմն սկսվեց,- հիշում է Անդրեյը:- Բակի տղաներով մեր միակ խաղը կռիվ-կռիվն էր: Չգիտեինք՝ շտաբն ինչ է, միայն գիտեինք, որ նրա տեղը պիտի գաղտնի մնա: Թեկուզ մի լավ ծեծ ուտես, պիտի չթողնես, որ  թշնամին քո տարածքը մտնի: Այնքան «իրական» էին մեր կռիվները, որ նույնիսկ վիրավորներ էինք ունենում: Մեկի աչքն էր վնասվում, մեկի ոտքն ու ձեռքը:

«ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐԻՍ ԿՈՂՔԻՆ...»Մեր սերունդն ամբողջությամբ զինվորական գործով էր տարված. դասարանցիներիս ուղիղ կեսը զինվորականի մասնագիտությունն ընտրեց: Ես ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Որպես հրետանավոր էի գրանցված, բայց հրետանավորը թիկունքում պետք է լինի: Իսկ ես ինձ միշտ առաջնագծում էի տեսնում, իմը զինվորի կողքին լինելն էր: Փոխեցի մասնագիտությունս՝ մոտոհրաձիգ: Երբ այս վերջին պատերազմը սկսվեց, միավորման հրամանատարին խնդրեցի ինձ ուղարկել նախկին պաշտոնիս՝ գումարտակի հրամանատարությանը: Բայց շուտով կարիք եղավ կամավորների «Հայդուկ» ջոկատը ղեկավարելու, և նրանց հետ մեկնեցի Ջրական: Չնայած իր գործը թիկունքում էր, բայց ավագ լեյտենանտ Նիկոլ Աթոյանը որոշեց ու ինձ հետ եկավ: Ես դեմ էի. երիտասարդ սպա, որը պատրաստվում էր սեպտեմբերի վերջին ամուսնանալ. բայց… պատերազմը խանգարեց: Համառեց ու ի վերջո եկավ: Մինչև վերջ էլ կողքիս էր:  Իմ խնդիրը կամավորների ջոկատը տեղ հասցնելն էր, պաշտպանությունը կազմակերպելն ու ետ գալը: Բայց տեսա, որ այնտեղ իմ կարիքը կա: Մնացի: Հոկտեմբերի 1-ն էր:

Հասել էին նշանակման վայրը՝ վտանգավոր մի հատված, ու անմիջապես էլ մտել մարտի մեջ: Կամավորների մի մասը 50-ն անց մարդիկ էին, որոնք երկար ժամանակ զենքի հետ չէին առնչվել: Ջոկատի հրամանատարը ենթասպայի կոչումով տարեց, բայց քաջարի մի մարդ՝ Գարուն Բաբայանն էր: 1990-ականների ազատամարտում կռված «Հայդուկ» ջոկատի հրամանատար՝ Ջերմուկցի Համոյի եղբայրն է:

-Այս մարդիկ, չնայած տարիքին, վախ չունեին: «Ապրես» մականունով կամավոր ունեինք, որ 73 տարեկան էր: Ոգի էր տալիս, կատակներ անում, երգում: Տրտնջացող չկար՝ անգամ երկար քայլերթերին: Մեր ջոկատը մինչև վերջ կատարեց իր խնդիրը, չընկրկեց ոչ մի վտանգի առջև: Հակագրոհներ էլ ենք իրականացրել: Ցավոք, վիրավորներ ու զոհեր էլ ունեցանք, քանի որ ամենավտանգավոր հատվածներից մեկում էինք: Մի մութ գիշեր Ջրականի մեր պաշտպանության հատվածում էինք, երբ մոտ 500 մետրի վրա երկինքն ամբողջությամբ լուսավորվեց, ու աստղերի պես լույսեր սկսեցին թափվել: Գետինը բռնկվեց ու երկար այրվում էր: Չէինք հասկանում՝ սա ի՞նչ է: Հետո, երբ հակագրոհի էինք գնալու ու «Չռիկներ» կոչված տեղանքի մոտով էինք անցնում, տեսանք շտապ օգնության «Ուազները», որ ամբողջությամբ այրված մարդկանցով էին բեռնված… «Սպիտակ ֆոսֆոր» կոչված քիմիական այս զենքի հետևանքները սարսափելի են… Բոլոր արգելված զենքերը թշնամին կիրառել է այս պատերազմում:

Թիկունքում Հադրութն էր, առջևում՝ Ջրականը: Հադրութն արդեն թշնամու վերահսկողության տակ էր: Եկավ մի պահ, որ շրջափակման մեջ հայտնվեցինք: Բայց մինչև վերջ մեր դիրքերը չէինք թողնում: Նահանջի հրաման տրվեց: Պետք է դուրս գայինք շրջափակումից՝ անհնարին թվացող մի բան: Մի պահ ինքս էլ կասկածում էի հաջողությանը, քանի որ կապ չկար, պատկերացում չունեի՝ հակառակորդն ուր հասած կլինի: Այդուհանդերձ, երկու օրում թշնամու «քթի տակից» հաջողվեց դուրս բերել ջոկատը: Մինչև վերջ անձնակազմիս չէի ասում, թե որտեղով պիտի անցնեինք, թե ինչ վտանգներ կային… Ամենադժվարը վիրավորներին դուրս բերելն էր: 4 վիրավոր ունեինք:  Թիկնոց-վրանի մեջ դրած՝ տանում էինք, բայց հետզհետե ծանրանում էր նրանց վիճակը: Հենց սկզբից էլ որոշել էինք՝ անկախ ամեն ինչից, ոչ մեկին չենք թողնելու: Պայմանն էր. «Կա՛մ բոլորով ողջ ենք դուրս գալիս, կա՛մ միասին զոհվում…»: 40 հոգով ողջ ու առողջ դուրս եկանք շրջափակումից՝:  Երբ գրեթե հասել էինք մերոնց, հրետանային փոխհրաձգություն սկսվեց, մենք ՝էլ՝ արանքում: Գետը փրկեց. թաքնվեցինք այնտեղ: Մերոնք հույս չունեին, որ մեզ կհաջողվի դուրս գալ անվնաս: Երբ հասանք 1-ին պաշտպանական շրջանի աջաթևյան ստորաբաժանմանը, հրամանատարը զեկուցեց, որ Համզոյանն իր ջոկատով դուրս է եկել շրջափակումից, միավորման շտաբի պետ, գնդապետ Սերգեյ Շաքարյանը ականջներին չէր հավատացել, ասել էր՝ «Տվեք՝ ձայնը լսեմ»: Ձայնս լսեց, ուրախացավ, բայց էլ իրար չտեսանք. զոհվեց…(գնդապետը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման): Միավորման հրամանատարը արագ կազմակերպեց, ու մեքենայով չորս վիրավորին դուրս բերեցին: Չորսն էլ, փառք Աստծո, այսօր ողջ են:

1-ին պաշտպանականի հրամանատարի տեղակալի պաշտոնը թափուր էր: Հրամանատար Հայկ Կիրակոսյանն առաջարկեց, որ մնամ՝ որպես տեղակալ: Առանց այն էլ՝ ուզում էի մնալ ինձ հարազատ այս զորամասում: Ինձ թիկունքում չէի պատկերացնում: 15 տարի զորքերում, ու ինձ ոչ մի օր չեմ պատկերացրել առանց զինվորի: Երբ գումարտակիս զինվորներն ինձ տեսան, շատ ուրախացան: Լսել էին. գնում-գալիս, հարցնում էին. «Պարոն փոխգնդապետ, կմնաք, չէ՞, մեզ հետ»:

Հրամանատարական կետը… շատ անսովոր վիճակում էր այդ պահին. մխրճված էր արդեն հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքի մեջ: 1-ին պաշտպանականը մինչև վերջ ոչ մի քայլ չնահանջեց: Ճիշտ է, առաջին օրը հակառակորդին հաջողվել էր դիրքեր գրավել, բայց դրանց մեծ մասը ետ ենք վերցրել: Առջևում էլ, աջ կողմում էլ՝ Ջրականում, թիկունքում էլ հակառակորդն էր արդեն: Ուրիշ կողմից էինք սպասում հարձակումը, բայց հակառակորդը, Վարանդայի, Ջրականի ուղղությամբ հաջողություններ ունենալով, թիկունք էր անցել: Թշնամին կիլոմետրերով մեր թիկունքում էր: Չնայած դրան՝ մինչև նահանջի հրամանը կռվում էինք: Մեր զինվորները ո՜նց էին կռվում… Այսքան բան տեսած զինվորականս զարմացած էի նրանց հերոսականությունից:

Հակառակորդը հաջողել էր առաջնագծին 25-30-ից ավելի տանկ մոտեցնել: Գումարտակների ուժերով պետք է կանխեինք նրանց զրահատեխնիկայի առաջխաղացումը: Հատկապես մեր հինգերորդ գումարտակի անձնակազմն էր աչքի ընկնում: 5-րդ գումարտակը՝ Ղազարյան Դավիթի հրամանատարությամբ (նա հետմահու Ազգային հերոսի կոչման արժանացավ), ճիշտ տանկերի դիմաց էր տեղակայված: Մոբով եկած մեկ այլ գումարտակի հրամանատար՝ պահեստազորի փոխգնդապետ Սայիրյան Սեյրանը, նռնականետն առավ ու հակատանկային մարտկոցից մի զինվորի հետ, որն էլ իր հակատանկային ֆագոտն էր վերցել, տանկերին ընդառաջ գնացին ու առաջին իսկ հարվածից մի տանկ խոցեցին: Տանկը կանգնեց, նրա ետևում հակառակորդի տանկերի ամբողջ շարասյունը քարացավ: Թե հետո ինչ տեղի ունեցավ, պատերազմական ոչ մի ֆիլմում չեք տեսնի: Գումարտակի հակատանկային մարտկոցի զինվորներն առանց ժամանակ կորցնելու վրա տվեցին, եղած բոլոր միջոցներով սկսեցին կրակել տանկերի վրա: Կախվում էին գնդացրի մասից ու նռնակներ նետում տանկերի մեջ: Հակառակորդի տանկերը մեկը մյուսի ետևից պայթում էին: Միայն այդ հակատանկային մարտկոցն այդ օրը տասնյակից ավելի տանկ խփեց: Տղաներն, ասես, սովորական ուսումնական վարժանքի էին դուրս եկել, այնքան վստահ էին գործում: Թշնամու մյուս տանկերի անձնակազմերը սա տեսնելով՝ շրջեցին տանկերն ու հետ քաշվեցին: Հակատանկային այս մարտկոցի տղաների հերոսությունը բացառիկ էր… Եթե այդ պահին մի միլիմետր նահանջած լինեին, տանկերն առաջ էին գալու: Անձնակազմը դիրքերը պահում էր, ու ոգին բարձր էր. բոլոր գործողություններում հաղթում էինք: Ի՜նչ մերձամարտ էին վարում… 20-25 մետր հեռավորությունից նռնակներ էին նետում ճշգրիտ: Մերձամարտում մեր տղաներն անզուգական էին: Դժվարությունն ավելի խորքում՝ թիկունքում էր, որտեղ թշնամին անօդաչուներով և հրետանիով էր գործում: Անգամ մեր մեկ զինվորականի համար մեկ ԱԹՍ էին կիրառում. գիտեին՝ մեր մեկն իրենց 100-ն արժեր… Չնայած տեղային հաջողություններին՝ ուժերը շատ անհավասար էին: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ետ քաշվելու հրաման ստացանք. սպառազինության, թիկունքային ապահովումը խիստ դժվարացել էր: Զենքը՝ սպառվել… Միակ ճանապարհը, որով տեղաշարժվում էինք, թշնամին թիրախավորում էր. վիրավորներ, զոհեր…: Զորամասի հրամանատար Հայկ Կիրակոսյանի հետ Հադրութի զորամասը, դրան միացած այլ ստորաբաժանումները՝ 2000-ից ավելի մարդ, Էլի նույն կերպ՝ հակառակորդի «քթի տակով» դուրս բերեցինք շրջափակումից:  Հույս չունեինք, որ մարդկանց գոնե կեսին ողջ-առողջ դուրս կբերենք: Բոլորին դուրս բերեցինք:

…Հետո Մարտունիում էինք: Խնդիր դրվեց, որ գումարտակներից մեկի ուժերով մի կարևոր բարձունք պահվի, որը Մարտունու պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ուներ: Պաշտպանություն իրականացնելիս գումարտակի վրա մեկ օրում թշնամու ինքնաթիռներով երկու անգամ հարձակում եղավ, ռմբահարումներից զգալի կորուստներ ու վիրավորներ ունեցանք: Գումարտակը ստիպված էր ետ քաշվել: Այդ օրը բարձունքը պահելու հաջորդ փորձը ես էի գլխավորելու. հրամանատար Կիրակոսյանը երկու օրով բացակայելու էր: Գործողությունն անհնարին էր թվում. պետք է հետախուզեինք տարածքը, հասկանայինք՝ արդյո՞ք արդեն սարի վրա չեն: Որոշեցինք, որ ես, գումարտակի նորանշանակ հրամանատար, փոխգնդապետ Սեդրակ Վարդանյանը, զորամասի շտաբի պետ Արտյոմ Գևորգյանը, երկու կամավորով, երկու զինվորով ոտքով բարձրանալու էինք սարը: Մեքենայով հնարավոր չէր. անմիջապես կթիրախավորվեինք: Մեզ հետ եկավ նաև զորամասի գնդերեցը՝ Ղարիբյան Կարոն, որն առաջնագծի ամենաթեժ կետերում միշտ իմ կողքին էր լինում: Զինվորներիցս մեկը թախանձագին խնդրում էր, որ ինքն էլ մեզ հետ գա. դրանից մի քանի օր առաջ հերոսաբար զոհված փոխգնդապետի՝ Սեյրան Սայիրյանի որդին էր՝ Արամը: Թույլ չտվեցի: Ինքն էլ հադրութցի է, նեղացավ: Համոզելու համար ասացի. «Մեր վիրավորվելու հնարավորությունը մեծ է. դու պետք է մնաս այստեղ, որ եթե մեզ մի բան լինի, օգնության հասնես»: Մոբի մեր տղաներից մեկն էլ եկավ. անունը, ցավոք, չեմ հիշում, շատ ոգով տղա էր. ամենավտանգավոր տեղերով կգնար: Դիտողություն էի անում. «Զգո՛ւյշ եղիր, խրամուղիներո՛վ շարժվիր»: Կատակում էր. «Կամանդի՛ր ջան, Աստված միշտ լավերին է տանում. ես այդքան լավը չեմ, մի՛ անհանգստացիր»: Դրանից մեկ օր առաջ նա իր կյանքը վտանգելով՝ շատ վիրավորների կյանք էր փրկել: Երբ ճանապարհի կեսն արդեն անցել էինք, մութն ընկավ: Մեր շարժումը նկատել էին. սկսեցին հրետանիով ու ԱԹՍ-ներով խփել: Երբ ռմբահարումը դադարեց, պարզվեց, որ մեր գումարտակի նորանշանակ հրամանատարն ու երկու կամավորները զոհվել էին… Մոբից մեր քաջ տղան էլ զոհվեց… Շտաբի պետը վիրավոր էր: Զեկուցեցի իրավիճակը: Մնացել էինք երեքով: Հրամայվեց ետ գալ: Իջանք. սպասում էինք լուսաբացին, որ մի փորձ էլ անենք: Հոկտեմբերի 31-ն էր: Առավոտյան 5-ի կողմերը զորամասի հրամանատար Կիրակոսյանը եկավ: Փոքրիկ հետախուզությունը մեզ հուշեց, որ թշնամին արդեն դիրքավորված էր սարի վրա: Այս պայմաններում անձնակազմիս չէի ուզում ռիսկի տանել: Հրահանգավորեցի, որ ներքևում պատրաստ լինեն: Ավագ լեյտենանտ Նիկոլ Աթոյանը, ինչպես միշտ, խնդրում էր հետս գալ: Թույլ չտվեցի. նեղսրտեց շատ. կտրականապես արգելեցի գալ: Ես, հրամանատարը և կապի պետն «Ուազ»-ով ճամփա ընկանք: Ժամանակ չունեինք անգամ  մեր անվտանգության մասին մտածելու: Ամեն գնով ուզում էինք պահել սարը: Երբ տեղ հասանք, կապ տվեցին. «Սարի վրա շարժում ենք նկատում. մարդիկ կան»: Հայկը ուզում էր զեկուցել իրավիճակի մասին: Մեքենային էինք մոտենում, երբ «Բայրաքթարը» հարվածեց ուղիղ մեքենային: Սկզբում չհասկացա՝ ինչ կատարվեց:  Մեր ամբողջ հանդերձանքն այրվում էր… Փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանը զոհվեց տեղում:  Այդքանը…

Ես դեռ հիվանդանոցում էի: Փոքր աղջիկս եկել էր տեսակցության: «Պապա՛, արի խոսենք կռվից…»: Նստեցրի կողքիս: «Հիշո՞ւմ ես, որ թուրքերը մեզ վրա կրակում էին՝ դո՜մ, դո՜մ, դո՜մ»: «Հա՛, հիշում եմ»:  «Հիշում ե՞ս՝ գիշերը մի տեղ գնացինք, ո՞ւր գնացինք»: «Թաքստոց»: «Դու թուրքերի շատ ե՞ս խփել…»: «Հա՛, եղել է»: «Բայց դեռ կան, չէ՞: Հիմա մեր տանը թուրքե՞րն են ապրում»: «Հադրութում հիմա իրենք են…»: Մտքերի մեջ ընկավ… Երեխաները շատ ծանր են տանում տան կորուստը: Անընդհատ հարցնում են. «Ե՞րբ ենք հետ գնալու մեր Հադրութը, մեր տունը»: Հարցնում են, ու կարծես ամեն անգամ դանակով սրտներին հարվածեն, երբ ասում ենք՝ դեռ պիտի սպասենք…

Անդրեյի ընտանիքը Հադրութում էր, գիշեր էր, երբ սկսվեց քաղաքի ռմբահարումը:

-«Գիշերանոցներով անմիջապես նկուղ իջանք, հետո տեղափոխվեցինք ապաստարանները,- պատմում է Անդրեյի կինը՝ Դիանան:- Մի վայրկյան անգամ չէին դադարում հարվածները. առաջին օրը հենց ստիպված էինք Հադրութից դուրս գալ: Տեղափոխվեցինք մոտակա գյուղերից մեկը:

-Անօդաչուներով առաջինը զորամասին էին խփել, հետո անցել քաղաքին,- ասում է Անդրեյը:- Ես արդեն երկու օր էր՝ հրամանատարական կետում էի: Հակառակորդի զորաշարժից, մեծ կուտակումներից ելնելով՝ ենթադրում էինք, որ լուրջ հարձակում է սպասվում:

Անդրեյը պատերազմի օրերին ընտանիքին միայն մի քանի անգամ է զանգել. «Նորմալ է», ասել ու անջատել է:

-Գիտեի, որ այլ ուղղությամբ էր կռվում,- ասում է Դիանան:- Երբ իմացանք, որ Հադրութը լիովին թշնամու հսկողության տակ է, ուզում էի զանգել, զգուշացնել, որ հանկարծ չփորձի տուն գնալ: Անդրեյը մի քանի օր չէր իմացել, որ թուրքերն արդեն քաղաքում են:

-Միշտ ինքս ինձ խոստման պես ասել եմ. «Թե Հադրութը չլինի, լավ է՝ ես էլ չլինեմ»: Ծանր էր, որ Հադրութում չէի այդ օրերին: Քանի որ մեր թիկունքում էր, կարծում էինք, թե Հադրութն էլ ենք պահում: Երբ լուրն առանք, չէի հավատում, բայց երբ քաղաքի մի քանի հատվածներից տեսա բարձրացող ծխե սյուները… Որոշեցի «Հայդուկներիս» ջոկատից 15 մարդ առանձնացնել ու գնալ, փորձել ինչ-որ գործողություն անել: Մինչև այսպես կոչված՝ «9-րդ կմ»-ին մոտեցել էինք: Կանգնեցրին. «Կասենք՝ երբ գնաս»: Չէին ուզում ասել, որ փոքրաթիվ մեր ուժերով հաջողության հնարավորություն չկար…

Անդրեյի հայրը՝ Վլադիմիրը, Արցախյան պատերազմի մասնակից է. ժամանակին  այն դիրքերն էր պահել, որոնք հետագայում Անդրեյն էր պահելու:

-Բայց այս մեկը շատ դաժան էր,- ասում է:- Շատ բաների միջով ենք անցել, բայց այսպիսի բան չէինք տեսել: Այսքանից հետո էլ ոգով ուժեղ են մեր տղաները:

-Հիվանդացա: Մտածում էի՝ վե՛րջ…,- տիկին Վալյան է պատմում:- Անդրեյն ասաց. «Մա՛մ, եթե դու չլավանաս, ես էլ չեմ լավանա»: Համոզեց, որ ապրեմ:

-Ի՞նչ ես մտածում ապագայի մասին,- դիմում եմ Անդրեյին:

-Հադրութը ետ բերելու հույսն է ինձ պահում: Պիտի՛ ետ բերենք:

Անդրեյը ձգվում է տեղում, նստում, հարմարեցնում վիրավոր, երկաթե շյուղերով ամրացված ոտքը: Խնդրում եմ, որ ամբողջ ընտանիքով հավաքվեն նրա շուրջը՝ լուսանկարվելու:

Հավատում եմ, որ մի օր ոտքի կկանգնի, կվերադառնա շարք: Անդրեյն այն սպաներից է, որ իր խոսքի տերն է ու միշտ իր զինվորի կողքին:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի և ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/05/2021