ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԵԼ
Երեկ Իրանի իրավապահ մարմիններն ազատ են արձակել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գրավելու մեղադրանքով ձերբակալված 12 ուսանողներին:
Միաժամանակ, ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության, Նիդեռլանդների ներկայացուցիչը Եվրոպական Միության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդակցությունում հայտարարել է Թեհրանից իր դեսպանին ետ կանչելու մասին: Իտալիան ևս ընդունել է նման որոշում և չի բացառում ընդհանրապես Թեհրանում իր դիվանագիտական ներկայացուցչության դադարեցումը: Արտգործնախարարների հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել Թեհրանի միջուկային ծրագիրը կյանքի կոչող Իրանի 179 հաստատությունների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև Սիրիայի նկատմամբ, այսպես կոչված, «սահմանափակող միջոցառումների» ընդունման մասին:
Թեհրանում ՌԴ արտգործնախարարությունը և Իրանի հատուկ ծառայությունները լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկում Ռուսաստանի դեսպանատան շենքի անվտանգության ապահովման համար: Հայտնելով այդ մասին, ՌԴ արտգործնախարարությունը պարզաբանել է, որ Մոսկվան որևէ ոչ բարեկամական քայլի չի դիմի Թեհրանի նկատմամբ, ուղղակի դիվանագիտական ներկայացուցչության շենքը գտնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անմիջական հարևանությամբ:
Նովեգիան ևս Թեհրանում իր դեսպանատան պահպանության աստիճանի գնահատումից հետո որոշում է ընդունել իր դիվանագետներին ետ չկանչելու մասին:
Արևմտյան մի շարք փորձագետների կարծիքով, Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը Իրանի իշխանությունների մանրամասն ծրագրած և երկարաժամկետ ու հեռահար նպատակներ հետապնդող գործողություն էր, որի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սիրիայում կատարվող դեպքերից, և զգալի չափով հասավ իր նպատակին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան