Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉՈՎ…



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉՈՎ...Պատերազմի մեկնարկից հետո շատ հայորդիներ ներքին մղումով դեպի սահման էին ձգվում: Սրանք այն մարդիկ էին, որոնք խորապես զգում էին պահի կարևորությունը, չէին հապաղում ու չէին ընկրկում որևէ վտանգի առջև՝ խորապես գիտակցելով, որ մեր սերունդներին իր հոգատար գրկում պահող Հայրենիքը վճռական պահերին բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի: 

 

Կամավորից՝ հրամանատար

Ստորաբաժանման հրամանատար, կապիտան Արթուր Հովհաննիսյանը մեկն է այն հայորդիներից, որ առաջնագծում են ճիշտ այն պահին, երբ իրենց կարիքը կա, երբ Հայրենիքն օգնության է կանչում:

Զինվորագրման առաջին քայլերն արել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում: 2014 թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և իր դիմումի համաձայն՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, ծառայության անցել Արցախի զորամասերից մեկում:

«Եթե ծառայել, ուրեմն՝ առաջնագծում». սա երիտասարդ զինվորականի համար ոչ թե պարզապես խոսք, այլ հավատամք է, կենսակերպ: 2016 թ. Ապրիլյան քառօրյայի մասնակից է. եղել է ամենաբարդ տեղանքներից մեկում, ընդունել թշնամու առաջին հարվածները, արել հնարավորն ու անհնարինը՝ իր մարտական դիրքերն ամուր պահելու համար:

2018 թ. առողջական խնդրի պատճառով դուրս էր եկել բանակից:

-Վերադառնալու ցանկությունը միշտ է եղել,- ասում է,- ու առիթն էլ… այս պատերազմը եղավ։

Վաղ առավոտ էր. հայրս արթնացրեց, թե՝ «Ելի՛ր, տղա՛ս, կռիվը սկսվեց…»: Հայրս պահեստազորի սպա է: Քնաթաթախ ասացի. «Ա՛յ պապ ջան, ի՞նչ կռիվ, թո՛ղ քնեմ» ու հանկարծ գիտակցեցի, թե ինչ է ասում: Էլ ոչ մեկին ոչինչ չասացի, վեր կացա, նստեցի մեքենաս ու սլացա Արցախ՝ իմ զորամասի ուղղությամբ: Մինչև տեղ հասնելս չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում, թե թշնամին ի՜նչ ուժեր է կենտրոնացրել: Սեպտեմբերի 28-ին նշանակման վայր հասա: Երբ տեսա թշնամու հրետանու հարվածների աննախադեպ խտությունը, հասկացա՝ սա պարզապես կռիվ չէ, այլ լայնամասշտաբ պատերազմ: Նախորդ օրը ճեղքումը այս ուղղությամբ էր եղել. բավականին զոհեր, վիրավորներ ունեինք: Տարածքը հինգ մատիս պես գիտեմ, տեսնում էի՝ որ կողմից ինչ գործողություն է ընթանում: Զորամասում՝ առաջին դիրքից մինչև վերջինը, տարածվել էր գալուս լուրը, տղերքը ուրախացել էին: Հայկական բանակի ամենակարևոր ուժը մեր մարտական ընկերությունը, եղբայրությունն է, իրար համար կյանք չխնայելու պատրաստ լինելը: Անմիջապես միացա այն ստորաբաժանմանը, որի հրամանատարն եմ հիմա:

-Միշտ ձգտել եմ առաջնագծի ամենավտանգավոր հատվածներում լինել,- շարունակում է Արթուրը։- Պատերազմն իմ գիտակցության մեջ Հայրենիքը վերականգնելու հնարավորություն է: Մարտական գործողությունների ժամանակ, երբ տարածք ես ազատագրում, զգում ես նախնիներիդ ուրախությունը, ու դա ոգեշնչող է: Ճիշտ է, այս պատերազմը կորուստներով լի էր, բայց օրը կգա, ու ես կանցնեմ այն բարձունքներով, որոնց այժմ հեռվից ենք նայում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉՈՎ...-Ինչպե՞ս եղավ, որ որպես կամավոր գալով՝ ստանձնեցիր ստորաբաժանման հրամանատարությունը:

-Մեր ստորաբաժանման հրամանատարը՝ փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը, հզոր մի տղա, գերազանց էր ղեկավարում մարտերը: Տեսնում էի նրա վարած մարտը, ստորաբաժանումների ղեկավարման նրբություններն ու սովորում էի նրանից: Նրա հետ կռվեցինք սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը, երբ, ցավոք, հրետանու հարվածից նա ծանր վիրավորվեց: Եվ մեր ստորաբաժանման հրամանատար նշանակվեցի ես: Փորձել եմ Արթուրի պես պատվով ղեկավարել այն:

Իրեն վստահված ստորաբաժանումով Արթուրը Ջրականի, Հադրութի, Մարտունու, Ճարտարի առաջնագծում է կռվել, ու, չնայած թշնամու՝ մարտ նետած աննախադեպ մեծ ուժերին,  զինտեխնիկայի բազմակի առավելությանը,  ամեն տեղ կռվել են արիաբար, ուժերի գերլարումով, անմնացորդ նվիրումով:

-Կռվի երրորդ օրը հակառակորդին «հյուր» գնացինք,- պատմում է Արթուրը։- Գիտեի՝ տվյալ տարածքում նրանց հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն էր պատրաստվում գրոհի: Նրանց հանկարծակիի բերեցինք: «Համոզեցինք»՝ քարտեզները ձեռքներից վերցրինք,- այսպես թեթև ու կատակով է պատմում իրենց խիզախ գործողություններից մեկի մասին: Հակառակորդի 4-5 տասնյակ տանկեր ենք խփել այդ ընթացքում, տարբեր զինտեխնիկա խոցել: Խփված զինտեխնիկայով մի «շքերթ» էլ մենք կարող էինք կազմակերպել,- ասում է ու ցավով հավելում,- բայց… մնաց իրենց մոտ:

Երիտասարդ սպան շատ բան է տեսել ու զգացել այդ դժնդակ օրերին, բայց ամենից առաջ՝  իր զինվորների հերոսական ոգին.

-Մեր տղերքը նույնիսկ ամենանեղ իրավիճակում էլ նահանջի մասին լսել անգամ չէին ուզում, փորձում էին հակառակորդին ամեն կերպ ճնշել, ցավոտ հարվածներ հասցնել: Հենց նրանց այս վարքն էր այդ օրերին նաև ոգևորում, թևավորում մեզ՝ սպաներիս: Այնքան հմուտ էին,  որ հենց մարտի դաշտում, սպաների կորստից հետո զինվորներիցս երկուսը վաշտի հրամանատար դարձան: Իմ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը՝ Մկրտիչ Քարամյանը, մարտական գործողությունների ընթացքում զոհվեց… Զինվորս՝ Նաիրի Նաջարյանը փոխարինեց նրան ու լիարժեք հրամանատար դարձավ: Մյուս ստորաբաժանման հրամանատարը՝ Դադունց Սամվելը, էլի անմիջապես շարքայինից հրամանատար դարձավ։ Հպարտ եմ տղերքովս:

-Պատերազմական իրավիճակում ի՞նչն է ամենակարևորը զինվորականի համար: 

-Առաջին հերթին պետք է ինքդ քո ուժերին վստահես: Գործողություններդ պետք է կշռես, արագ գնահատես իրավիճակն ու գործես՝ առանց կասկածի ու ժամանակ կորցնելու: Սա է ամենակարևորը:

-Կամավորներ է՞լ կային ձեզ հետ:

-Հոպարը,- զվարթացած անմիջապես մարտիկներից մեկին է մտաբերում Արթուրը։- Արցախյան պատերազմով անցած փորձառու ազատամարտիկ է, մոտ 55 տարեկան: «Հոպար» էինք ասում, ու իրոք՝ մեր բոլոր տղերքի համար նա հորեղբայր էր, բոլորի մասին հավասար հոգում էր, չնայած, որ իր որդին՝ Էդուարդն էլ մեր զորամասում էր ծառայում. ստորաբաժանումներիցս մեկի հրամանատարն էր: Հոպարն էլ էր կամավոր եկել: Որպես տարիքով մեծ, փորձառու զինվորական՝ բոլորին ոգի էր հաղորդում: Երբ ռիսկային ինչ-որ խնդիր պիտի կատարեինք, միշտ կողքիս կանգնած էր: Հակառակորդին խուճապի մեջ գցելու ուժեղ հնարքների էր տիրապետում: Երբ զգում էինք, որ որևէ դիրք այլևս արդյունավետ չէ պահելը, հակառակորդի համար «անակնկալ» էինք պատրաստում: Մոմը վառում էր, տեսնում՝ որքան ժամանակում է այրվելու, տակը պայթուցիկներ էինք դնում ու հաշվարկում թշնամու տեղ հասնելու պահը: Մեկից մեկ աշխատում էր: Սկզբից մինչև վերջ մեզ հետ մնաց Հոպարս. մարտական ընկերս է:

Արթուր Հովհաննիսյանի՝ կռվում թրծված ստորաբաժանումը այսօր էլ մարտական հերթապահություն է իրականացնում առաջնագծում. լավագույն ստորաբաժանումներից է:

-Հանգի՞ստ է արդյոք այս օրերին դիրքերում։

-Դիրքերում երբեք էլ հանգիստ չի կարող լինել ու չպե՛տք է լինի: Միշտ պետք է պատրա՛ստ լինես: Այս պատերազմն ինձ համար շատ ծանր էր՝ մարդկայինից մինչև տարածքային կորուստներ… Այժմ մեր դիմաց էլի նույն թշնամին է, այն թշնամին, որին հատ-հատ ճանաչում եմ, երևի նրանց ավելի լավ եմ ճանաչում, քան ինքս ինձ: Մի բանում վստահ եմ՝ մենք դեռ կասենք մեր խոսքը:

 

Կամավոր Հոպարը եՎ նրա որդին՝ Էդուարդը

Արմեն Համբարձումյանը՝ Հոպարը, պատերազմի լուրն առնելուն պես կամավոր շտապել էր այն դիրքերը, որտեղ որդին՝ Էդուարդն էր ծառայում: Անմիջապես ներգրավվել էր պաշտպանական մարտերում: Էդուարդին  հաջողել էր տեսնել միայն մեկ շաբաթ անց:

Նստած ենք նրանց երևանյան տան պատշգամբում, և գույնզգույն թութակների ճռվողյունի ներքո հայր ու որդի իրենց բաժին պատերազմից են պատմում: Հրամանատարին՝ Արթուրին են հիշում, որի հմուտ ղեկավարությամբ կռվել են պատերազմի օրերին: Էդուարդը երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ ՌԴ Ցիալկովսկու համալսարանն ավարտելուց հետո՝ 2019 թ., եկել է Հայաստան՝ ծառայելու: Սպայական դասընթացներն ավարտելուց հետո ևս երկու տարի՝ որպես սպա, պետք է ծառայեր զորքերում: Ուսումը գերազանցությամբ ավարտելուց հետո 2020 թ. օգոստոսին որոշեց առաջին կարգի զորամասում ծառայել՝ նախընտրելով Արցախի առաջնագիծը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արմենը՝ Հոպարը, դեռ քնած էր, երբ սկսվեցին հեռախոսազանգերը. «Պատերա՛զմ է…»: Էդուարդը դիրքերում էր այդ օրերին. կապ չկար: Նույն օրը երեկոյան 4 ընկերներով հավաքվել ու կամավոր մեկնել են առաջնագիծ: Անմիջապես գնացել են որդու զորամասը: Հրամանատարին խնդրել է, որ որդու մոտ գնա: Վերջինս էլ Արմենին առաջարկել է այլ դիրքերում «Մոբի» կազմակերպչական աշխատանքներով զբաղվել: Համաձայնել է: Հենց դիրքեր տանող ճանապարհին էլ հանդիպել են Արթուրին: Սեպտեմբերի 28-ից միասին են եղել մինչև պատերազմի ավարտը:

-Ցերեկային փոխհրաձգություններից հետո, մութն ընկնելուն պես, մարտական հերթապահություն էինք իրականացնում, որ թշնամին մթան քողի տակ չփորձեր ներխուժել,- պատմում է Արմենը։- Տեսնում էի, թե ինչպես է Արթուրը՝ տեղանքին քաջածանոթ լինելով, ամենաբարդ դիրքերից մեկից մյուսը գնում. բարդագույն խնդիրներ լուծում:

Արմենը՝ որպես պատերազմով անցած ազատամարտիկ, կազմակերպչական հարցերով է զբաղվել, հարկ եղած դեպքում՝ Արթուրի հետ հետախուզության գնացել:

Էդուարդն է պատմում.

-Արթուր Հովհաննիսյանին մինչև մարտական գործողությունները չեմ ճանաչել: Մեր հրամանատարը Գրիգորյան Արթուրն էր, որը մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվեց: Եվ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Ավագյանը եկավ մեզ մոտ ու ներկայացրեց մեր նոր հրամանատարին՝ Արթուր Հովհաննիսյանին:

Մարտերի ընթացքում զգացինք նրա հզոր աուրան: Ռազմի դաշտում նրա խոսքը գործ էր: Որպես գումարտակի հրամանատար՝ հնարավորինս անվտանգ վայրում պետք է լիներ ու ղեկավարեր մարտը, բայց նա մշտապես առաջնագծում էր։ Գիշեր-ցերեկ ավտոմատը մեջքին շրջում էր տարբեր կետերով… Երբեք չէր ասի՝ «Ոգիդ բա՛րձր պահիր»: Գալիս, ասում էր՝ «Սա պետք է անենք, նա պետք է անենք»: Այնքան վստահ ու հանդարտ էր ասում, որ ակամա տրամադրվում էինք գործողությունները հաջողությամբ կատարելուն: Անընդհատ հետևում էր իմ և մյուս հրամանատարների ճիշտ ղեկավարմանը: Անձամբ հետախուզում էր տարածքը, տեղեկացնում՝ ո՛ր ուղղությամբ թշնամու շարժ կա, ո՛ր ուղղությամբ կենտրոնացնենք մեր ուշադրությունը: Հոկտեմբերի 21-ի առավոտյան էր: Արթուր Հովհաննիսյանը և հայրիկը հետախուզության էին գնացել: Հրաձգային կրակ սկսվեց: Նորանշանակ շտաբի պետ Արթուր Ալավերդյանը դիրքավորվեց թմբի գագաթին՝ չորս-հինգ զինվորի հետ, մեզ էլ ձեռքով արեց, որ մոտենանք. ևս 4-5 հոգով գնացինք: Բայց թշնամու ուժերը արագ աճում էին. դեմ հանդիման նրանց  հատուկջոկատայիններն էին: Մեր ուղղությամբ թշնամու տանկ էր գալիս: Հակատանկային նռնականետով տանկը ոչնչացնելու համար ոտքի կանգնելուն պես՝ դիպուկահարի հարվածից վիրավորվեցի, հետ շպրտվեցի: Գոռացի՝ «Դիպուկահար է աշխատում»: Արթուր Ալավերդյանը եկավ ինձ մոտ, որ հեռադիտակով գտնի՝ որտեղից էր աշխատում  դիպուկահարն, ու հենց այդ պահին մահացու վիրավորում ստացավ: Հովհաննիսյան Արթուրը շտապեց մեզ մոտ: Եկավ, ոտքերիս մոտ նստած մարտ էր ղեկավարում՝ առանց զրահաբաճկոնի, առանց կասկայի, արագ հրահանգներ էր տալիս: Նա հույզերին չտրվեց. տեսնում էր, որ իր մարտական ընկերը, ենթակա սպան զոհվել են, վիրավորներ կան, և շարունակում էր ղեկավարել մարտը: Արթուրը կապվեց հորս հետ և ասաց, որ օգնություն է հարկավոր, ասաց, որ ես ու տղաները վիրավոր ենք: Պապան «Ուազով» եկավ ու մեզ տեղավորեց մեքենայի մեջ: Բայց դեռ չէր շտապում հեռանալ: Արթուրն ասաց. «Արմե՛ն, քշի՛, տա՛ր տղաներին»: «Չէ՛, բոյը կվերջանա, հետո»: Մարտը դեռ շարունակվում էր. հարկավոր էր տեսնել՝ արդյոք էլի վիրավորներ չե՞ն լինելու: Մեր բուժակը զոհվել էր: Պապան վիրակապեց մեզ, ցավազրկող ներարկեց: Մոտ երկու ժամ էլ սպասեցինք ու նոր դուրս եկանք: Այդ ընթացքում 3 հոգի վիրավոր էլ բերեցին:

-Դիպուկահարի կրակոցից ձեռքս էր ջարդվել,- ասում է Էդուարդը: Նրա թևին երևում է արդեն սպիացած վերքը,- բայց, կարելի է ասել,  բախտս անասելի բերել էր. այդ օրը 6 զոհ ունեցանք…

-Գնացիր, ու պատերազմը սկսվեց: Փաստորեն «ճիշտ ժամանակին» էիր հայտնվել զորամասում։

-Իհարկե,- պատասխանում է երիտասարդը,- այս կյանքում ոչ մի պատահական բան չի լինում…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Ազգային բանակ


20/05/2021