Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԵԺ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ



ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԵԺ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ«Ես տղամարդկանց ղեկավարել եմ մարտական գործողություններում, վարել ուղղաթիռներ, ներդրումներ կատարել ֆոնդային բորսայում, ճանապարհորդել դեպի հեռավոր երկրներ, հիմնել և վաճառել բիզնեսներ և այդ ընթացքում հաջողություններ ու կորուստներ ունեցել: Բայց այս ամենից  ոչինչ ինձ համար չի կարող համեմատվել հայր լինելու հետ: Իմ ծառայությունն օգնում է մյուս հայրիկներին այս երկրի վրա ամենաազնվական ձեռնարկի մեջ, որն է՝ աստվածավախ տղամարդկանց դաստիարակությունը»:

ՉԱՔ ՀՈԼԹՈՆ

 

Չաք Հոլթոնը պատերազմների մասին գրող անկախ լրագրող է: 2003 թվականից ռեպորտաժներ է ներկայացնում «Christian Broadcasting Network», «Քրիստոնեական հեռարձակման ցանց»-ին և այլ լրատվականների: Հոլթոնը շատ է ճանապարհորդել որպես օպերատոր: 2012-2018 թթ. վարել է առցանց հեռուստատեսային շոու, որը կոչվում էր Life of Duty: Frontlines: «Կյանքը ծառայության մեջ. առաջնագծեր» Բացի այդ, հրապարակել է «Կոշիկներ գետնին» վերնագրով առցանց բլոգ, որտեղ նա քննարկում է Մերձավոր Արևելքում պատերազմների և զորքերի բարոյականության հետ կապված հարցեր: 2018 թ. վերջին նա բացեց «Թեժ գոտի Չաք Հոլթոնի հետ» վերտառությամբ կայքէջը: Չաք Հոլթոնը 44-օրյա պատերազմի օրերին Արցախի առաջնագծում է եղել, վավերագրել պատերազմի ամենաթեժ օրերի իրադարձությունները: Այս ամենի մասին զրուցեցինք ռազմական լրագրողի հետ:

-Շրջել եմ ավելի քան 20 տարբեր երկրներում, կարելի է ասել՝ բոլոր թեժ տեղերում՝ Աֆղանստան, Սիրիա, Իրաք, Վենեսուելա… Հայաստան եկա 2020 թ. հոկտեմբերին: ԱՄՆ-ում ինձ հետ կապ հաստատեց մի հայ կին՝ Աննա Աստվածատրյանը, որն ինձ մի փոքր պատմեց այս կոնֆլիկտի մասին: Նրա հետ հարցազրույցից իմացա, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խնդիրներ ունի: Արդեն 20 տարի է, ինչ վարում եմ «Թեժ գոտի» եթերը ու Հայաստանի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեի: Անգամ չգիտեի, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է: Երբ իմացա, որ Հայաստանը քրիստոնեական երկիր է, մտածեցի՝ ԱՄՆ-ում շատ քրիստոնյաներ կան, որոնք, հնարավոր է, հետաքրքրվեն այս խնդիրներով, բայց իրականում ոչինչ չգիտեն: ԱՄՆ-ում գործընկեր եմ քրիստոնեական «Հեռարձակման ցանցի» հետ: Խոսեցի նորությունների գծով տնօրենի հետ, նա ինձ ասաց. «Շատ հետաքրքիր պատմություն է: Ինչո՞ւ չեք գնում՝ լուսաբանելու», և այդպես ես եկա Հայաստան, գնացի Արցախ, նկարահանեցի այն ամենը, ինչ տեսա: Այդ ընթացքում շատ ավելին իմացա Հայաստանի մասին՝ մարդկանց, պատմության և մշակույթի, ուտեստների մասին, և սիրահարվեցի Հայաստանին: Անչափ գեղեցիկ երկիր է, շատ հետաքրքիր պատմություն ունի: Մարդիկ անչափ բարեհամբույր են, քեզ լիովին ապահով ես զգում, անվտանգ, ապրուստը բնավ թանկ չէ: Եվ երբ վերադարձա Նահանգներ, պարզվեց, որ այն փոքրաթիվ ամերիկացի լրագրողներից մեկն եմ, որ լուսաբանելու է այս պատերազմը: Հարցազրույցների շատ առաջարկներ ստացա այլ լրատվական գործակալություններից: Դրանցից մեկում՝ Կալիֆորնիայում գտնվող հայկական գործակալությունում, հարցազրույցի ընթացքում ասացի, որ շատ կուզենայի նորից գնալ Արցախ ու ներկայացնել այն ամենը, ինչը կատարվում է այնտեղ: Նրանք ինձ քաջալերեցին: Ասացին, որ հարկ եղած ֆինանսական օգնությունը կկարողանան հավաքել, որ կարողանամ հետ գնալ և լայնամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանեմ այդ ամենի մասին: Իմ աշխատանքի թերի կողմերից մեկն այն է, որ հաճախ չեմ հասցնում խնդիրն ավելի խորքից տեսնել: Բայց այս անգամ ստացվեց: Կարողացա հետ գալ: Այնքան շատ պատերազմներ ու աղետներ եմ տեսել իմ կյանքում, որ ինձ պետք էր այս ամենին նայել մի մարդու աչքերով, որ երբեևէ պատերազմ չէր տեսել: Որոշեցի հունվարին դեռահաս դստերս բերել իր ընկերոջ հետ:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԵԺ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

-Ինչո՞վ էր տարբերվում այս պատերազմը Ձեր տեսած մյուս պատերազմներից:

-Ամեն պատերազմ իր յուրահատկությունն ունի: Այս մեկի անսովորությունն այն էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կռվում են շատ փոքր Հայաստանի դեմ, իսկ այս երկու երկրները միասին այնքան մեծ են, որ կարող էին հեշտությամբ մարտադաշտում Հայաստանի դեմ դուրս գալ, բայց նրանք ռմբահարում էին հայերին օդից թե՛ ԱԹՍ-ներով, թե՛ ինքնաթիռներով, թե՛ հրետանիով: Մի՞թե սա տղամարդու պատերազմ էր նրանց կողմից:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ էր այդպես:

-Նրանք պատվի զգացում չունեն: Նրանք ռմբահարում էին քաղաքացիական ենթակառուցվածքները, մարդկանց տները: Ձեր երիտասարդները կռվում էին իրենց գոյության, իրենց Հայրենիքի համար: Նրանք պաշտպանվում էին, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները հարձակվում՝ վերցնելու համար այն հողերը, որ պատկանում են Արցախին: Եթե երկու կողմերը ստորաբաժանումներով իրար դեմ դուրս գային, նրանք անհամեմատ ավելի շատ զոհեր կտային: Բայց նրանց համար շատ ավելի հեշտ էր հեռվից ռմբահարել:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԵԺ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ-Դուք Արցախում էիք, երբ այդ ռմբահարումներն ընթանում էին հայկական քաղաքների վրա: Ի՞նչ տեսաք Ձեր աչքերով:

-Այո՛, իհարկե, շատ բան եմ տեսել: Մի անգամ կանգնած էի հյուրանոցի մոտ՝ Ստեփանակերտի եկեղեցուց ոչ հեռու, հիվանդանոցից կես մղոն հեռավորության վրա, երբ նրանք ռմբահարեցին հիվանդանոցը: Ես դա նկարահանել եմ: Տեսել եմ ոչ միայն հիվանդանոցի, այլև ենթակայանի ավերածությունները: Ռմբահարումից հետո մեքենայով շրջում էինք, ու ականատեսը եղանք նաև քաղաքացիական տների փլուզումների: Այդ օրը երկու տատիկների հանդիպեցինք, որոնց տներն էին փլուզվել: Նրանք ընդամենը տեղաբնակներ էին, ոչնչով չէին կարող սպառնալ ադրբեջանցիներին: Մի՞թե ադրբեջանցիք նրանց էին սպառնալիք համարում: Անպատիվ ու նպատակադրված էին նրանց ահաբեկչական գործողությունները: Սա ոչ թե պատերազմական հանցագործություն է, այլև հանցագործություն է մարդկության դեմ: Այս ամենի մասին փաստերով պետք է տեղեկանա միջազգային հանրությունը: Ահա սա եմ ես փորձում անել:

-Դուք ականատես եք եղել նաև, թե ինչպես է Ադրբեջանը կիրառել միջազգայնորեն արգելված զենքեր՝ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր:

-Լիովին անաչառ, անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ զենքերը իրականում արգելված չեն այն երկրների համար, որոնք չեն ստորագրել այս զինատեսակների գործածումն արգելող միջազգային համաձայնագրերի տակ: Բայց քաղաքացիական անձանց դեմ սպիտակ ֆոսֆոր կիրառելը նույնն է, ինչ քիմիական զենքը: Դա անբարո է, անմարդկային է, անպատվաբեր է: Ադրբեջանի պես երկրին, որ բավականաչափ հեռու է քաղաքակրթությունից, ոչինչ չի կարող կանգնեցնել: Ժնևյան հռչակագրով չպետք է թիրախավորել հիվանդանոցները: Բայց, օրինակ, թալիբաններն Աֆղանստանում անընդհատ հենց դա են անում, քանի որ իրենք Ժնևյան կոնվենցիայի անդամ չեն: Դա է պատճառը, որ Ադրբեջանը թքած ունի, որ այլ երկրները համաձայնել են չօգտագործել կասետային ռումբեր: Իսկ այ Թուրքիան այլ պատմություն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Բայց նրանք էլ ասում են. «Ես չեմ գործածել, այլ՝ Ադրբեջանը»: Նույնն է, ինչ արեցին սիրիական բանակի դեմ: Երբ 2019 թ. նոյեմբերին վերջին անգամ Սիրիայում էի, նույն մարդկանց, որոնք 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախում էին, տեսել եմ այնտեղ: Վստահեցնում եմ՝ այս մարդիկ անխիղճ են, բարոյազուրկ, անպատիվ, վախկոտներ են, և սա է միակ բացատրությունը, որ նրանք այդ միջոցներով են կռվում:

-Արդյո՞ք նրանք չէին փորձում ոչ միայն քաղաքացիական անձանց վնասել, այլև հնարավորինս մեծ վնասներ պատճառել զինվորականներին: Անել այնպես, որ նրանց հետագա կյանքը տանջանք դառնա: Պատերազմից հետո տեսել եմ երկու ոտք, մի ձեռք կորցրած, սարսափելի այրվածքներով զինվորականների:

-Պատերազմն ընդհանրապես լեցուն է այս սարսափներով: Նրանք գործածում են առավելագույն ուժեղ զենքերը, որպեսզի հաղթեն: Եվ, տրամաբանությունն եմ ուզում բացատրել. ավելի արդյունավետ է, երբ դու ծանր վիրավորում ես հակառակորդիդ, քան, երբ սպանում ես: Չէ՞ որ, երբ վիրավորում ես, շարքից հանում ես նաև նրան մարտադաշտից դուրս բերող մեկ կամ երկու զինվորականի: Այսպես ապահովում ես հնարավորինս շատ զինվորների մարտադաշտը թողնելը: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք ոչ միայն զինվորականների ուղղությամբ էին ռումբեր նետում, այլև դպրոցների, հիվանդանոցների, խաղահրապարակների… Երբ ես սա տեսա իմ աչքերով, որոշեցի, որ աշխարհը պետք է իմանա, թե նրանք ինչ են անում հայերի նկատմամբ: Հասկանում եմ, որ շատերը Հայաստանում զայրացած են Իսրայելի վրա, և հասկանում եմ ինչու. քանի որ վերջինս պատերազմի ընթացքում օժանդակում էր Ադրբեջանին: ԱՄՆ-ում շատերը աջակցում են Իսրայելին, քանի որ այնտեղ շատ են քրիստոնյաները: Սուրբ Ավետարանը մեզ ասում է. «Եթե դու օրհնում ես Իսրայելը, օրհնում ես ինքդ քեզ»: Տեսնում են, որ Իսրայելը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, որ ուզում են նրանց սրբել աշխարհի երեսից: Եվ մենք ուզում ենք աջակցել Իսրայելին, որպեսզի նա կարողանա գոյատևել: Իմ կարծիքն այն է, որ եթե մենք աջակցում ենք Իսրայելին, ապա շատ ավելի պետք է աջակցենք Հայաստանին, քանի որ այն ավելի շատ թշնամիներով է շրջապատված: ԱՄՆ-ի քրիստոնյաները, վստահ եմ, կաջակցեն հայերին, եթե ավելի շատ բան իմանան Հայաստանի մասին: Այդ նպատակով ես որոշ քրիստոնյա ամերիկացիների որոշեցի բերել Հայաստան, որպեսզի իրենց աչքերով տեսնեն Հայաստանը: Եվ ամբողջ շաբաթ, որ մենք այստեղ ենք, նրանք անընդհատ ասում են. «Մենք անգամ պատկերացում չունեինք, թե ինչ է Հայաստանը, թե որքան գեղեցիկ երկիր է, թե ինչերի միջով են անցնում հայերը…»: Ես այժմ փորձում եմ անել այնպես, որ Հայաստանը հնարավորինս շատ մարդ ճանաչի:

-Դուք եղա՞ք Ցեղասպանության թանգարանում:

-Այո՛, հենց առաջին օրը: Այս օրերին ես կարդում եմ մի գիրք, որ գնել եմ թանգարանից: Կոչվում է «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունն է: Զարմանահրաշ մի պատմություն, որի մասին ես գաղափար անգամ չեմ ունեցել: Մինչև այդ ես լսել էի հայերի ցեղասպանության մասին, բայց մանրամասներին ծանոթ չէի: Գիտեի, որ Օսմանյան կասյրությունը սկզբում զինաթափել, այնուհետև ոչնչացրել է հայերին: Եվ հնարավոր է՝ նրանք չկարողանային գործել ցեղասպանություն, եթե հայերը զինված լինեին:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԵԺ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ-Դուք եղաք Արցախում, շփվեցիք այնտեղի հայերի հետ: Ի՞նչ տպավորություն ունեք մարդկանցից: Ի՞նչ հետաքրքիր պատմություններ հասցրիք լսել, վավերագրել:

-Գնացինք տեսնելու այն տներից մեկը, որ ավերվել էր հրթիռի հարվածից: Տեղում տեսանք ընդամենը մի հսկա փոս: Շուրջբոլորը տները նույնպես ավերված էին. միայն քարակույտեր էին մնացել: Շրջում էինք այդ քարակույտերի մեջ ու նկարահանում: Մի ծեր տատիկ հայտնվեց այդ կույտերի միջից. անգամ չհասկացա՝ որտեղից դուրս եկավ: Կարծեմ՝ 84 տարեկան էր: Միայնակ ապրում էր փլատակներից մեկում, որ մի ժամանակ իր տունն էր եղել. ոչ պատուհան էր մնացել, ո՛չ դուռ… Միայն երկու սենյակն էին փոքրիշատե կանգուն: Դռան փոխարեն վարագույրներ էին կախված: Այդտեղ էր մնում: Հունվարն էր: Շատ ցուրտ էր: Ներսում մի փոքրիկ էլեկտրական սալիկ էր դրված, որով տաքացնում էր այդ տարածքն ու ճաշ եփում վրան: Պատմեց իր պատմությունը և շատ ուրիշ սարսափելի պատմություններ՝ թե ինչպես է ողջ մնացել, թե ինչպես է կորուստներով լի մի քանի պատերազմ վերապրել: Ու հիմա էլ հանձնված էր իր հարևանների մեծահոգությանը, նրանց խնամքին: Ասաց. «Ես վախենում եմ, քանի որ դուռ չունեմ: Ցանկացած մեկը կարող է մտնել տունս…»: Մենք նրան մի քիչ գումար տվեցինք, որ գոնե դուռ դնի: Բայց վախենամ՝ նա այդ գումարը սննդին էր տալու… Այս անգամ ուզում էինք գնալ՝ օգնելու տուժածներին, նաև տատիկին օգնելու տան հարցով: Ցավոք, Արցախի արտաքին գործերի նախարարությունից չկարողացանք նորից այնտեղ մեկնելու թույլտվություն ստանալ:

-Չեմ կարծում, որ Արցախից չեն թույլատրել, այլ խնդիրը առավելապես Ադրբեջանի դրած պայմանների մեջ է:

-Մեզ չբացատրեցին՝ ինչու: Ամեն դեպքում, դա նորից շատ վախկոտ գործելաոճ է նրանց կողմից:

-Այո՛, նույն այն սկզբունքով, որ Ադրբեջանը չէր թույլ տալիս իր երկիր եկած արտասահմանցի լրագրողներին առաջնագիծ գնալ՝ պատճառաբանելով, որ այնտեղ շատ վտանգավոր է:

-Մերժելու միակ պատճառը երևի այն էր, որ նրանք փորձելու էին հարձակվել ինձ վրա: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ նրանք ինձնից ավելի շատ են վախենում, քան ես իրենցից: Ինչևէ, մենք այս անգամ չկարողացանք գնալ այնտեղ: Փոխարենը՝ փորձեցինք օգնել Հայաստանում գտնվող փախստականներին: Այցելեցինք վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին: Էջմիածնում, օրինակ, հանդիպեցինք մի ընտանիքի, որի միակ կերակրող հայրը հաշմանդամություն է ձեռք բերել պատերազմում: Ստիպված են եղել գրավ դնել իրենց տունը: Մենք վճարեցինք տան գումարը և հանեցինք գրավի տակից: Գիտեմ, որ հազարավոր այսպիսի ընտանիքներ կան հիմա, և հնարավոր է՝ կկարողանանք մոտ ապագայում ավելի մեծ օգնություն կազմակերպել:

-Արցախի Հադրութի շրջանից, որը միշտ բացառապես հայերով էր բնակեցված, շատ փախստականներ ունենք, որ կորցրել են ամեն ինչ:

-Անցյալ անգամ մենք հանդիպեցինք Շուշիից եկած ընտանիքների: Նրանց էլ հաջողեցինք օգնել: Մի խոսքով, փորձում ենք օգնել հնարավորինս շատ ընտանիքների, որոնք մեծ կորուստներ են կրել այս պատերազմում: Աղոթում ենք Աստծուն, որ մեզ ուղարկի հենց այն մարդկանց մոտ, ովքեր տվյալ պահին առավել մեծ օգնության կարիք ունեն, որոնք փողոցում մնալու վտանգի առաջ են կանգնած: Ուզում ենք փոխել այն իրավիճակը, որում նրանք հայտնվել են, նրանց նոր կյանք սկսելու հնարավորություն տալ: Այցելեցինք մի ընտանիքի, որի հայրը զոհվել էր, իսկ կինը պատերազմից հետո երեխա էր ունեցել: Մենք կօգնենք նրանց՝ ինչով կարող ենք: ԱՄՆ-ում շատ մարդիկ, քրիստոնյաներ կան, որոնց երբ սկսում եմ պատմել ականատեսի իմ դիտարկումները, ասում են. «Չգիտեինք, որ մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը այսպիսի տանջանքներ ու զրկանքներ են կրում Հայաստանում: Ուզում ենք օգնել նրանց»:

Բայց ամենամեծ օգնությունը, որ ես կարող եմ այսօր ցուցաբերել, կարծում եմ, իմ արած վավերագրական ֆիլմի եթեր հեռարձակելն է, որ միլիոնավոր մարդիկ կարողանան տեսնել ու Հայաստանի համար ավելին անեն, քան ես կարող եմ անել միայնակ: Երկար տարիների ընթացքում եկել եմ այն համոզման, որ հեռուստատեսությամբ պատերազմներում մարդկային ճակատագրերը լուսաբանելով, կարող եմ ինչ-որ չափով օգնել փոխելու այս իրավիճակները: Ամերիկացիները շատ մեծահոգի են, և եթե իմանում են, որ ինչ-որ մեկը կարիքի մեջ է, պատրաստ են օգնելու: Բայց ինչ-որ մեկը պետք է պատմի նրանց այս ամենի մասին: Ահա թե ինչ եմ անում ես:

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար, այն ամենի համար, ինչ արել եք պատերազմի օրերին՝ վտանգելով Ձեր կյանքը և անում եք այսօր: Կա՞ մի բան, որ կուզեք ավելացնել մեր հարցազրույցի վերջում: 

-Ես մի շիշ գինի էի գնել Տող գյուղի գինեգործարանից, որն այսօր այլևս գոյություն չունի: Կտանեմ այն տուն ու կբացեմ այն ժամանակ, երբ Արցախը ազատ կլինի: Երկար կյանք Արցախին: Աստված օրհնի (հայերենով է ասում):

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Չաք Հոլթոնի անձնական արխիվից

Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


20/05/2021