ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽՆ Է
2021 թ. մայիսի 15-ին Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, բացվեց արցախցի գեղանկարիչ Նարեկ Ավանեսյանի «Ստեղծագործում է Արցախը» խորագիրը կրող գեղանկարների անհատական ցուցահանդեսը։
Նարեկը ծնվել է 1990 թ. ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ 2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը և ավարտել 2013 թվականին։ 2011-ից՝ որպես նկարչության ուսուցիչ, 2013-2019 Ճարտարի արվեստի դպրոցում աշխատել է տնօրեն։ Մասնակցել է 2016 թ. ապրիլյան ռազմական գործողություններին, Արցախյան վերջին պատերազմին, որի ընթացքում ծանոթացել է երևանցի Մուշեղ Միդոյանի հետ։ Միասին 40 օր անցել են ռազմի ճամփաներով և որոշել՝ ողջ մնալու դեպքում Երևանում կազմակերպելու են ցուցահանդես: Փառք Աստծո, Նարեկն ու Մուշեղը ողջ տուն են վերադարձել, և «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում օրերս իրագործեցին իրենց երազանքը։ Պատկերասրահի տնօրեն, Սարգիս Մուրադյանի դուստր Զարուհի Մուրադյանը մեծ սիրով է տրամադրել պատկերասրահի դահլիճները, որոնց պատերն այս օրերին զարդարված են Նարեկի կտավներով։ Ցուցադրված գեղանկարները նաև վաճառվելու են, իսկ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով։ Նարեկը ցանկանում է աջակցել Ճարտարի արվեստի դպրոցին, որտեղ տարբեր մասնագիտություններ են սովորում 200-ից ավելի երեխաներ։ Պատկերասրահում ցուցադրված է ռազմական թեմաներով 50-ից ավելի գեղանակար, որոնց մի մասը ստեղծվել է պատերազմից հետո։ Զրույցի ընթացքում Մուշեղն ասաց, որ չնայած հետպատերազմյան Արցախում Ճարտարը դարձել է սահմանամերձ բնակավայր, սակայն ճարտարցին շարունակում է ապրել, արարել և ստեղծագործել։
Այն հարցին՝ ինչո՞ւ են ընտրել «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը, Մուշեղը նշեց, թե՝ լսել էին, որ պատկերասրահում պատերազմի ամբողջ ընթացքում կազմակերպվել են Արցախին և արցախցիներին օժանդակելու բազում միջոցառումներ։
Պատերազմն սկսվելու առաջին օրվանից Զարուհի Մուրադյանի, նրա ընտանիքի օժանդակությամբ պատկերասրահը դարձել էր յուրահատուկ շտաբ։ Այստեղից մեծ քանակությամբ սնունդ ու հագուստ, գործիքներ, առաջնագծին անհրաժեշտ տարբեր իրեր էին հասցվում Արցախ։ Կամավորականները վերմակ ու ներքնակ էին կարում, քողարկող ցանցեր գործում զինվորների համար։ Պատերազմի ավարտից հետո էլ պատկերասրահը շարունակում է բարեգործական իր առաքելությունը՝ օժանդակում է տեղահանված արցախցիներին բնակարանային հարցերով, կազմակերպում բարեգործական ցուցահանդեսներ և իրականացնում այլ ծրագրեր։ Ներկայացնելով Նարեկին՝ Զարուհի Մուրադյանն ասաց. «Նարեկը երկու պատերազմ է անցել, համեստ, խելացի տղա է, նվիրված իր արվեստին՝ գեղանկարչությանը։ Եթե վաճառվեն նրա աշխատանքներից, ողջ հասույթը կհատկացվի կրթօջախի երեխաների համար նկարչական պիտույքներ գնելուն»:
Հայրենի Արցախի մեծ մասի կորուստը ծանր ազդեցություն է թողել Նարեկի վրա, սակայն երիտասարդ նկարիչն արցախցի է, չի ընկճվել, շարունակում է նկարել, ստեղծագործել։ Ունի երկու դուստր, որոնք բնակվում են Ճարտարում, նաև նրանց ապագայի համար է պայքարը. բարձր հիմքերի վրա պահել կրթությունը, մշակույթը, հարկ եղած դեպքում էլ, ինչպես արդեն եղել է, դառնալ սահամանապահ զինվոր։ Ներկայացնելով իր կտավները, որոնք 10 և ավելի տարիների գործեր են, շնորհալի նկարիչն ասաց, որ իր կտավներում Հայրենի երկիրն է պատկերված, իր քաղաքի բնակիչները, որոշ հերոսներ ունեն նախատիպեր։ Սակայն առավել կարևորել է հետպատերազմյան կտավները, որոնցում պատկերված է Արցախյան վերջին պատերազմի մասնակից Հայ զինվորը…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Հոգևոր-մշակութային