Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է



ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ ԷՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրավաբանական բաժինը գործել է մինչև 2001 թ. մայիսի 11-ը, այնուհետև դարձել  է  վարչություն, և մայիսի 11-ը նշվում է որպես իրավաբանական վարչության ստեղծման օր։

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության գործունեությունն ուղղված է պաշտպանության ոլորտի իրավական կարգավորման գործընթացում նախարարության խնդիրների կատարման ապահովմանը, և ըստ այդմ՝ վարչությունն իրականացնում է մի շարք կանոնադրական գործառույթներ: Մշակում է պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, Կառավարության, Վարչապետի, փոխվարչապետների կողմից ընդունվող այլ իրավական ակտերի նախագծերը, կազմակերպում է դրանց համաձայնեցման և ընդունման ներկայացնելու գործընթացը: Կազմում է պետական մարմինների հեղինակած օրենսդրական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, Կառավարության, Վարչապետի, փոխվարչապետների կողմից ընդունվող այլ իրավական ակտերի նախագծերի, օրենսդրական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ իրավական եզրակացություններ: Կազմում և հաստատման է ներկայացնում պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ նախարարության պաշտոնական պարզաբանումների նախագծերը: Կազմակերպում է նախարարության իրավական ակտերի նախագծերի՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության փորձաքննության իրականացմանը և դրանց մշակմանը մասնակցելու աշխատանքը: Կազմակերպում է պաշտպանության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի, նախարարության կողմից քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքվող պայմանագրերի նախագծերի փորձաքննության և դրանց մշակմանը մասնակցելու գործընթացը: Կազմակերպում է նաև վարչական, քաղաքացիաիրավական հարաբերությունների և քրեադատավարական գործընթացների շրջանակներում նախարարության շահերի դատական պաշտպանության նպատակով դատարաններ հայցադիմումների ներկայացման և նախարարության դեմ բերված բողոքներով կամ որպես երրորդ անձ՝ դատարաններում նախարարության շահերի պաշտպանության ներկայացուցչության իրականացման գործընթացը:

Այս ամենի իրագործումը ենթադրում է ծավալուն և մասնագիտական բարձր վարպետությամբ աշխատանք: Մեխանիզմները որքան էլ կատարյալ լինեն, կադրերը վճռական գործոն են աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար: Ուստի, ՊՆ իրավաբանական վարչությունում կան ինչպես քաղաքացիական ծառայող իրավաբան մասնագետի պաշտոններ, այնպես էլ զինծառայողի՝ սպայական պաշտոններ: Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում, իսկ զինվորական պաշտոնի նշանակվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան, մասնավորապես՝ հաշվի առնելով պայմանագրային զինծառայողի համապատասխանությունը տվյալ պաշտոնին, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը, ծառայողական գործունեության փորձը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:

Օրենքները սերտ կապված են ոչ միայն իրավիճակի հետ, այլև նախանշում են զարգացումները, ճանապարհը, կանխում կամ խթանում են երևույթները:

ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է«Բնականաբար, պաշտպանության բնագավառին և զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծումը և կատարելագործումը ժողովրդավարական յուրաքանչյուր պետության առաջնահերթություններից է։ Բանակի ստեղծման օրվանից մինչ օրս ընդունվել են պաշտպանության բնագավառին, զինվորական ծառայությանը վերաբերող տարբեր օրենքներ, դրանց կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր, որոնք ժամանակի ընթացքում, զինված ուժերի զարգացմանը համահունչ, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքներով պայմանավորված՝ ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների, ուժը կորցրած են ճանաչվել նախկինում ընդունված շատ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, փոխվել են տերմիններ: Օրինակ՝ նախկինում ընդունված «Զինապարտության մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքները ուժը կորցրած են ճանաչվել, և նշված օրենքներին փոխարինել է 2017 թ. ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որի պահանջներից ելնելով՝ ընդունվել են ՀՀ կառավարության մի շարք նորմատիվ որոշումներ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններ: Նոր խմբագրությամբ ՝15.11.2017 թ. ընդունվել և 09.04.2018 թ.  ուժի մեջ է մտել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր»,- ասում է  իրավաբանական վարչության պետի տեղակալ Վիգեն Եսաֆյանը։

Տարիների ընթացքում, բնականաբար, փոխվում են բանակի զարգացման առաջնահերթությունները, և օրենքները ներդաշնակվում են այդ առաջնահերթություններին: Բանակի զարգացման տարբեր փուլերում հնչում էին կարգախոսներ՝ զինվորակենտրոն բանակ, հրամանատարական պատրաստության բարձր մակարդակ, օրինական զորակոչ և այլն: Ու այս կարգախոսները ամրագրվում էին օրենքներով:

Մեր հանրային ընկալումներում բանակն արդարացիորեն համարվում է անկախ պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը քաղաքացիական վերահսկողության ներքո են, ինչը նշանակում է, որ մեր երկրում պետք է անընդհատ կատարելագործվեն զինված ուժերում մարդու իրավունքների և զինվորական ծառայությունը հանրության մեջ առավել գրավիչ դարձնելու հստակ մեխանիզմներ: Պաշտպանության բնագավառին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները նպատակաուղղված են նպաստելու և օժանդակելու ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համակարգի խնդիրների լուծմանը, զինծառայողների կարգավիճակի և զինվորական ծառայության հեղինակության բարձրացմանը, սահմանելու ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայություն անցած կամ անցնող, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած, մահացած կամ զոհված զինծառայողների, մարտական գործողությունների մասնակիցների, վերջիններիս ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները:

Այսօր համաներում է շնորհվում նախկինում զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիներին: Երբ վերացավ ֆինանսական փոխհատուցմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափածներին ներում շնորհելու օրենքը, որը երկարացվում էր տարիներ շարունակ, պատճառը հասկանալի էր. մենք ազգային անվտանգության բազում խնդիրներ պիտի լուծենք, և զինծառայությունից խուսափելուն դույզն-ինչ նպաստող օրենքները պիտի վերանայվեին: Իսկ զորակոչից խուսափածներին ներում շնորհելու այժմյան մտայնության վերաբերյալ պարոն Եսաֆյանը հետևյալ պարզաբանումը տվեց.

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել էր 17.12.2003 թվականին, ուժի մեջ մտել 01.03.2004 թվականին և ուժը կորցրել 31.12.2019 թվականին: «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմքում ընկած են հետպատերազմական հետևանքների մեղմումը, ինչպես նաև մարդասիրության և համերաշխության սկզբունքների դրսևորումը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք և սեփական ավանդը ներդնելու ՀՀ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացման գործում: Համաներումը չի կիրառվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

…Զինվորական օրենսդրությունը, բնականաբար, կատարելագործվում է, նորմաստեղծ աշխատանքը անընդհատ գործընթաց է. մշակվում, լրամշակվում են գործող իրավական ակտերը, ընդունվում նորերը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, բացերը, դատական ակտերը և Սահմանադրական դատարանի որոշումներն  ու դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ նպատակ ունենալով սահմանելու հստակ իրավակարգավորումներ, որոնք թույլ կտան սահուն կերպով ապահովելու զինվորական ծառայության կազմակերպաիրավական գործընթացը:

Օրենսդրական գաղափարախոսությունը հիմնականում բովանդակում է ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կառավարության կողմից վավերացված միջազգային պայմանագրերին համահունչ՝ նպաստում է  զինվորական ծառայության սկզբունքների՝ մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների գերակայության, զինծառայողների իրավունքների և ազատությունների առաջնահերթության, զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի, խտրականության արգելման, իրավական, սոցիալական պաշտպանվածության ապահովմանը և այլն»։

ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Վիգեն Եսաֆյանի հավաստմամբ՝ վարչությունն իր երկարամյա գործունեության ընթացքում, հիմնվելով օրենքի գերակայության և հանրային ծառայության սկզբունքների վրա, կատարել և այսուհետ ևս մասնագիտական բարձր սկզբունքայնությամբ ու պատասխանատվությամբ կշարունակի իր առաքելությունը պաշտպանության բնագավառի օրենսդրության զարգացման, կատարելագործման բարդ և պատասխանատու գործում՝ ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը:

20-ամյակի առթիվ  շնորհավորում ենք ՊՆ իրավաբանական վարչության անձնակազմին, մաղթում ձեռքբերումների ամրապնդում և նոր հաջողություններ։ Թող մասնագիտական պատվախնդրությունը մշտապես ուղեկցի ձեզ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Ազգային բանակ


20/05/2021