Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ



ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄեր բանակի փայլուն հաղթանակների ամենավառ խորհրդանիշներից մեկը,  թերևս՝ ամենավառը, հայի իսկական գենի կրողը, հայկական մշակութային ու հոգևոր կենտրոն Շուշին ազատագրած գեներալը, պայծառագույն անձնավորությունը, Արցախի և ՀՀ Ազգային հերոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մայիսի 22-ին կդառնար 82 տարեկան: Ամենահամեստ այս մարդուն ճանաչում ու սիրում էին բոլորը՝ մեծից փոքր: Նրա հերոսական ուղին հարուստ է ու խորհրդանշական: Մեր փառահեղ գեներալի մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի: Այսօր նրա մասին իր հիշողությունները կպատմի որդին՝  «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահի տեղակալ,  ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի «Սնայպեր» ՍՊԸ տնօրեն Հայկ Տեր-Թադևոսյանը:

 

Երբ վերադառնում էր մարտական գործողություններից՝ երեք ամիս, վեց ամիս բացակայությունից հետո, առաջին բանը, որ անում էր, գրկում էր մեզ, համբուրում ու անպայման մի քանի ժամ պետք է մեզ հետ լիներ, քրոջս ու ինձ հետ երկար զրուցեր: Դպրոցական հաջողություններից էր հարցնում, ի՞նչ նոր գրքեր եմ կարդացել: Քանի որ գիտեի՝ հենց դա հարցնելու է, հեշտ ձև էի գտել. «Большая советская энциклопедия¦ եմ կարդում»: Հասկացել էր, ասում էր. «Ո՞ր տառին ես հասել»: Վերցնում էր, սկսում տարբեր տեղերից հարցեր տալ: Ես էլ, ճիշտն ասած, բոլորին պատասխանում էի: Իր ժպիտից, համբույրներից հասկանում էի, որ գոհ է ինձնից:

Ամենաչսիրած բանը սուտն էր: Անկեղծ ասած՝ այդ փորձը ունեցել եմ: Երեխա ժամանակ, չարաճճիություն անելուց հետո փորձել եմ թաքցնել, բայց, իհարկե, իմանում էր, ու պատժվում էի: Պատժելուց հետո բացատրում էր. «Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»: Ասում էր. «Եթե սխալ քայլ ես արել, ասա՛ ինձ, որ միասին լուծումը գտնենք, այլապես վիճակը կրկնակի կբարդանա»: Այսպես, փոքրուց հասկացա, որ ճշմարտությունը միակն է. մի քիչ այս, մի քիչ այն կողմ գոյություն չունի:

Հիմա մտածում եմ ու հասկանում, որ նա, մասնագիտությամբ մաթեմատիկոս լինելով, ճշգրիտ հաշվարկների կողմնակից էր: Ճիշտ լուծում ստանալու համար ճշգրիտ թվեր են պետք: Եթե թվերը սխալ լինեն, ճիշտ լուծումը չի գտնվի: Կյանքի խնդիրներին նույնպես նայում էր որպես մաթեմատիկական հավասարումների: Նրան պետք էին ճիշտ տվյալներ: Մի անհայտ ունենալով՝ կարող էինք գտնել մյուսը, բայց եթե սխալ էինք ներկայացնում՝  մի անհայտի փոխարեն ուրիշն էինք տալիս, այստեղ արդեն լրջորեն բարկանում էր: Այսպիսի երկու փորձ եմ ունեցել կյանքում և զգացել եմ նրա հայրական զայրույթը: Դա ինձ պետք էր. ես էլ իմ երեխաներին՝  11 տարեկան Հովհաննեսին ու 10 տարեկան Մարիամին եմ նույն ոգով դաստիարակում:

ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸԵրբ 17 տարեկան դարձա, ծննդյանս օրը հորս ասացի, որ եթե Աստված ինձ երեխաներ պարգևի, տղայիս կոչելու եմ հայրական պապիս անունով՝ Հովհաննես, աղջկաս՝ տատիս անունով՝ Մարիամ: Աստված ինձ պարգևեց նրանց: Մարիամը հենց տատիկիս ծննդյան օրն է ծնվել: Ասացի. «Պա՛պ ջան, խոստումս կատարեցի»:

Ուզում էի ինքս էլ զինվորականի ճանապարհով գնալ: Նախապատրաստվում էի, ֆիզկապես կոփվում՝ սպորտ, մարտարվեստներ: Ուզում էի օդադեսանտային ուսումնարան ընդունվել: Մայրս դեմ եղավ: Պետք է մեր երկրից դուրս մեկնեի: Ընտանիքով քննարկեցինք ու հասկացանք, որ մենք այստեղ՝ Հայաստանում պետք է լինենք: Զինվորականի ուղին շատ բարդ է: Հայրս ասաց, որ ինքը՝ որպես զինվորական, կանի, ինչ որ անհրաժեշտ է: Խորհուրդ տվեց, որ պատմաբան դառնամ, նպաստեմ մեր նորագույն պատմության ամրագրմանը: Ընդունվեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Հորս մարտական ընկերների հետ հանդիպումներին միշտ իր հետ էի:

Հորս երբեք չեմ ընկալել որպես Կոմանդոս, գեներալ, նա պարզապես իմ պապան էր: Երբ ինձ հարցնում էին. «Պապայիդ հարցազրույցը հեռուստացույցով տեսա՞ր»: Պատասխանում էի. «Ճիշտն ասած՝ այդ ժամանակ նրա հետ հողամասում աշխատում էինք»: Գալիս էր տուն, համազգեստը հանում էր ու ասում. «Իջնենք հողամաս»: Առանձնապես չէի սիրում հողի հետ աշխատանքը, բայց գեներալն էր հրամանը տվել… Շատ էր սիրում հողի հետ աշխատելը: Սերմեր էր ցանում, ուրախանում էր ամեն մի ծիլով: Հիշում եմ՝ լոլիկ էինք տնկել, թփերն արդեն մեծացել էին: Աշխատելիս պատահաբար ոտքով վնասել էի դրանցից մեկը: Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց: Կինս տանը գործ էր անում, այգուց լսվող ձայները լսելով, դուրս թռավ. «Фашист, ты почему угробил живое существо!»: Սկզբում չհասկացա՝ ինչ էր եղել: Շուրջս նայեցի, թե ի՞նչ հանցանք եմ գործել ու տեսա լոլիկի կոտրված թուփը: «Ախր, ընդամենը շիվ էր…»: Խեթ նայեց ինձ. «Չէ՛, դա կյանք էր…»: Այդտեղ հասկացա, որ այգում աշխատանքը նրա համար խորհրդանշական մի գործողություն էր. կյանք էր տնկում՝ զինվորականի իր կյանքում տեսած ավերների, մարդկային զոհերի փոխարեն…

17-ամյակիս ինձ մարտական կանոնագիրք նվիրեց, նաև՝ ռուսական բանակի, հետո նաև մեր՝ ազգային բանակի համար ձևափոխված կարգախոսն ասաց. «Բարձրագույն արժեքը ՀԱՅՐԵՆԻՔՆ է: Դա քո տունն է, քո շրջապատն է, հարևաններդ… Հայրենիքումդ պետք է սիրես բոլորին: Վատ մարդ, լավ մարդ… չկա այդպիսի բան. բոլորը քոնն են, քո մասնիկն են: Այդ ամենը ՄԵՐՆ է»:  Ասում էր. այս բարձրագույն արժեքի համար ամեն ինչ պետք է պատրաստ լինես տալու, անգամ կյանքդ: «Կյանքդ՝ Հայրենիքիդ, հոգիդ՝ Աստծուն, պատիվդ՝ քեզ»: Սրանք խոսքեր չեն. սա մեծ փիլիսոփայություն է, որի մասին միշտ շեշտում, հիշեցնում էր ինձ:

ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՆա խորհրդային բանակի սպա էր. պետք է աթեիստ լիներ, բայց իր սրտում միշտ հավատացյալ է եղել: Տատս, պապս միշտ նրան ասել են. «Դու հոգևորականի թոռ ես, հայ քրիստոնյա ես»: Ապրել է Խորհրդային Միությունում, բայց հոգևորը միշտ եղել է նրա մեջ: Այս ոգին էր, որ նրան առաջնորդեց Հայրենիքի համար վճռական պահին կատարելու իր պարտքը, դուրս գալ խորհրդային բանակի շարքերից ու վերադառնալ, ընդգրկվել հայ ազատագրական պայքարի մեջ:

Որպես պատմաբան, ինձ բախտ է վիճակվել տեսնելու Շուշիի ազատագրման օրիգինալ քարտեզները: Շատ մեծ գործ է արել Վալերի Չիթչյանը՝ ուղղություններից մեկի հրամանատարը: Մարտական ընկերներից հատկապես «26-ի Յուրայի» հետ էր կապված: Հարևաններ էինք, միշտ իրար տուն էինք գնում: Պատմում  էին, թե ռազմական տեսանկյունից ինչ գործողություններ են կատարվել մինչև Շուշիի ազատագրումը:

Քանի որ պատերազմական այդ շրջանում կապի միջոցներ չկային, տեսագրություններով էր հաղորդակցվում տնեցիների հետ: Մարտական ընկերները մեզ նկարահանում, տանում էին նրան ցույց տալու: Ինքն էլ մեզ էր այսպես հաղորդագրություններ ուղարկում: Այն ժամանակների «վայբերն» էր: Նամակներն էլ Զորի Բալայանի միջոցով էինք փոխանցում: Շուշիի գործողությունից առաջ մայրս մի նամակ էր գրել հորս՝ նկարագրելով, թե ինչպես Ռիմնիկ գետի մոտ Սուվորովը 25 հազարանոց ռուս բանակով հաղթանակ է տարել 100 հազարանոց թուրքական բանակի հանդեպ: Գրել էր. «Թուրքերի գլխավոր թշնամին խուճապն է…»: Ծալել էր, Զորի Հայկովիչին էր տվել, որ հորս փոխանցի: Հայրս կարդացել էր. «У всех жены как жены, а моя пишет мне как воевать с турками»:

44-օրյա պատերազմի ընթացքում էլ քույրս էր պրուսացի զորահրամանատար, ռազմական տեսաբան Կլաուզեւիցի գրքից մի հատված ուղարկել ինձ վայբերով: Կարդացի.  «Народное ополчение в горах -это непобедимая сила»: Ու այս ամենը՝ տակտիկական նրբություններով համեմված: ԴՕՍԱԱՖ-ում էր, մտա հորս սենյակը, ասացի. «Պա՛պ ջան, շատ յուրահատուկ ընտանիք ունես. կինդ 1992 թվին էր սովորեցնում, աղջիկդ էլ՝  հիմա»: Կարդացի՝ ինչ էր ուղարկել, ժպտաց…:

Հայրս ամեն գործողությունից առաջ մի «ստրատոգեն»՝ հին հունարենից թարգմանաբար՝ զինվորական խորամանկություն էր մշակում: Վերջին պատերազմի ընթացքում էլ մինչև վերջ աշխատանքային քարտեզ ուներ, կապի մեջ էր հրամանատարների հետ, փորձում էր տեղ հասցնել անհրաժեշտ տեղեկությունները: Նա վստահ էր այն հրամանատարների վրա, որոնք գտնվում էին առաջնագծում, և որոնց հետ առաջին պատերազմում հաղթանակներ էր կերտել: Իր «ձեռքը միշտ զարկերակին էր պահում»: Ինչ վերաբերում է Շուշիին, մի լավ խոսք կար, որ միշտ ասում էր. «Շուշին կարող են ազատագրել միայն հայերը»: Այդ քաղաքը ազատագրելը, կարելի է ասել, մեր մենաշնորհն է: Որպես հայ, որպես քրիստոնյա ու որպես զինվորական, հայրս վստահ էր, որ Շուշին չի ընկնի…

Շատ ծանր տարավ այդ նորությունը… Միշտ ենք ունեցել այդ զգացողությունը, որ Շուշին հայրիկիս երրորդ երեխան էր: Որպես ծնող՝ նա նույն զգացողությունն ունեցավ, երբ հեռացավ մեզանից… Հարցազրույցներից մեկի ժամանակ որդուս անունը տվեց. «Հովհաննեսս հետ կբերի»,- ասաց: Ոչ թե որպես քնարական մի խոսք է սա, այլ մի պատմություն եմ ուզում հիշատակել: Հովհաննեսի ավանդական «ակռահատիկին» լիքը բազմագույն խաղալիքներ էինք շաղ տվել գետնին, դրանց հետ պապայի զինվորական գոտին՝ անշուք ու դարչնագույն, որ պիտի փոքր երեխայի ուշադրությունը չգրավեր: Ամենահեռվում էի դրել. դրան հասնելու համար պիտի ջանք գործադրեր: Նա գունավոր խաղալիքների միջով անցավ, վերցրեց հենց այդ իրը: Դա խորհրդանշական եմ համարում: Մեր նորից ազատագրված Շուշիում մի օր էլի հարսանիքներ կլինեն…

…Ամուսնությանս արարողությունը պետք է լիներ Երևանում: Պատրաստվում էինք: Հայրս մի տեսակ անհասկանալի տրամադրության մեջ էր: Հետևում էր անցուդարձին ու մտորում: Հետո հարցրեց. «Քո հարսանիքը այստե՞ղ…»: Երեկոյան զանգեց. «Կուզե՞ս՝ հարսանիքդ Շուշիում անենք»: «Ամենամեծ երջանկությունս դա կլինի»: «Ուրեմն՝ որոշված է»: Մեր պսակադրության արարողությունը եղավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, նշեցինք Ստեփանակերտում: Հիշում եմ այն մարդկանց երջանկությունը, որոնց այդ օրը տուրիստական ավտոբուսներով Հայաստանից տարել էինք Արցախ:

Սիրած խոսք ուներ. «Բավական է խոսեք, գործով զբաղվեք, Հայրենիքին օգտակար եղեք»:

ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄինչև Հայաստան գալը Բելառուսում էինք: Մայրս կարևոր դերակատարում ունեցավ, որ վերադառնանք Հայաստան: Գյումրեցի է. դաստիարակված է հայկականության ոգով: Մի օր ասել էր հորս. «Գնանք Հայաստան. մեր աղջիկը մեծանում է, տղադ հասունանում է. վերադառնանք մեր արմատներին»: Հայրս որոշում կայացրեց, եկանք: Այն, ինչ կատարվում էր այդ շրջանում Հայաստանում, խորհրդային սպայի աչքերով հակապետական էր: Մաման ցույցերի էր մասնակցում, իսկ պապան՝ իր զինվորական գործերով: Իմ տատիկին՝ իր զոքանչին ասում էր. «Այն մարդն ու կինն ենք լինելու, որ կամուսնալուծվեն քաղաքական անհամաձայնությունների պատճառով»: Հետո Արցախ մեկնեց բժշկական օգնություն հասցնելու և այն, ինչ տեսավ այնտեղ, շրջադարձային եղավ նրա կյանքում. կարծում եմ՝ նրա մեջ միանգամից արթնացավ հայի գենը: Քահանայի թոռ է եղել: Կարսեցի են եղել մեր նախնիները: Հայրս ինձ դեռ փոքր ժամանակ պատմել է, որ եկեղեցու քահանա իր պապի ընտանիքը հենց եկեղեցու մեջ թուրքերը այրել են: Մեր տանը հիմա էլ պահպանվում է մեր քահանա նախահոր Կտակարանը, որը նա Կարսից էր բերել: Հայրիկս այդ Կտակարանը միշտ, ուր էլ գնար, իր հետ տանում էր:

Մի շատ հումորային պատմություն կա այս առթիվ, որ ինքն էր պատմում: Դե, բոլորը «գործակալ» էին, չէ՞, այն ժամանակ:  Սպան զորամասից դուրս գալուց խաչակնքվում է: Հարևանը տեսնում է, հայտնում է հակահետախուզությանը: Կանչում են զինվորականին. «Դուք հավատացյա՞լ եք»: «Ո՛չ»: «Հապա ինչո՞ւ եք խաչակնքվում»:  «Ստուգում եմ՝ ֆուռաժկաս գլխի՞ս է, պարտուպեն տեղո՞ւմ է, պարտիական գրքույկս ձախ ծոցագրպանո՞ւմս է, զինգրքույկս աջո՞ւմ է»,- պատասխանում է խաչակնքվելով:

Երբ Արցախ էր գնում, ասես՝ շունչը բացվեր: Ամեն անգամ, երբ վերադառնում էր, մեքենայի թափքը բացում էր ու արմատով, հողով մի ծառ, ծաղիկ էր բերում: Ինտերնետով Արցախում ինչ-որ հազվագյուտ բույս էր գտնում ու գնացողներին ասում, որ գտնեն, բերեն: Խեղճ մարդիկ երբեմն ամիսներով չարչարվում, փնտրում էին նրա ուզած բույսը, գտնում, բերում էին: Հիմա մեր այգում շատ լավ խաղողի վազեր կան, որ Արցախից են բերված: Պապայի մարտական ընկերն է ուղարկել: Ամեն մեկն իր անունն ունի. մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանն է, մեկը Մոնթեն է… Այս վազերը, հետաքրքիր է, երբեք չեն փչանում. սրսկվելու կարիք չունեն: Այդ խաղողի վազերի հետ նաև մի քիչ հող էինք բերել, որ խառնվի այստեղի հողին, որ ավելի ամրանան: Շատ համեղ սև խաղող է: Երբ հյուրեր էինք ունենում, բոլորի հետ տոպրակներով դնում էր: Չէր զլանում ամեն անգամ հյուրերի մոտ ինձնից բողոքել. «Հայկին ասացի, էլի մոռացավ ջրի»…

Ահա լուսանկարները: Այստեղ՝ կազմի տակ՝ ոչ ալբոմի մեջ, մի նկար կա. Քաջիկն է՝ հորս վարորդը: (Ի դեպ, Քաջիկը՝ Քաջիկ Հովսեփյանը, նույն այն վարորդն է, որը Խոջալուի դեպքերի ժամանակ գերի ադրբեջանցիներին փոխանակելու է տարել: Նրա լուսանկարը՝ գրկին ադրբեջանցի երեխան, ետևից գերիները, ադրբեջանական կողմը Խոջալուի վերաբերյալ իր քարոզչական նյութերում օգտագործում է՝ որպես «քաջ ադրբեջանցի զինվորի լուսանկարը, որը գերությունից ազատել է հայրենակիցներին»): Սկզբում չէի հասկանում, ինչու ալբոմի ներսում չի դրել. հիմա հասկանում եմ. Քաջիկը յուրահատուկ մարդ է: Հայրս շատ էր սիրում նրան: Լեգենդար մի դեպք է պատմել Քաջիկի մասին…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Շարունակելի

Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/05/2021