ՀՈՒԶՈՒՄՆԵՐԻ ՍԿԶԲԻՑ Ի ՎԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 307 ԵՐԵԽԱ ԵՎ 116 ԿԻՆ
Ամենաարյունալին եղել է նոյեմբեր ամիսը, երբ սպանվել է 56 երեխա: Իսկ ընդհանուր զոհերի թիվն արդեն անցել է 4.000-ից: ՄԱԿ-ը պնդում է, որ այսչափ երեխաների սպանվելու փաստն արդեն իսկ բավարար է, որ հանցագործության քննությամբ զբաղվի Հաագայի միջազգային քրեական դատարանը:
Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Գյուլի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ասադի վարչակազմի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել ազգամիջյան բախումների ու իրադրության ապակայունացման ողջ տարածաշրջանում և Սիրիայի նախագահին հերթական անգամ կոչ է արել վերջ տալ արյունահեղությանը և թողնել իշխանությունը:
Իսկ Լիբանանի իշխանությունները փակել են Սիրիայի հետ սահմանը, երբ սիրիական զորքերը, որոնք երկրի այս հատվածում պատժիչ գործողություն են սկսել ընդիմության կողմն անցած դասալիք զինծառայողների դեմ, անկանոն կրակ են բացել սահմանի լիբանանյան կողմում կուտակված փախստականների վրա, որոնք իրենց բողոքն էին հայտնում Ասադի վարչակազմի գործողությունների նկատմամբ: Գնդակոծության արդյունքում վիրավորվել է երեք մարդ, այդ թվում, Լիբանանի քաղաքացի մեկ կին:
Սիրիական բանակը նաև ականապայթուցիկային արգելափակոցներ է տեղադրել Լիբանանի հետ սահմանի երկայնքով՝ արգելելու համար այս երկրի տարածքով զենքի մատակարարումը սիրիական ընդիմությանը:
Միաժամանակ լրատվամիջոցները երեկ հաղորդել են, թե Սիրիայի իշխանությունները ստորագրել են երկրում Արաբական պետությունների լիգայի դիտորդների մշտական ներկայությունը թույլատրող փաստաթուղթը:
Զուգահեռաբար, Ասադի վարչակարգն արգելել է երկիր ներկրել, ինչպես նաև ունենալ «iPhone» սմարտֆոններ, սպառնալով առգրավել դրանք և քրեական պատասխանատվության ենթարկել դրանց տերերին, քանի որ շատերն այդ սարքերն օգտագործում են հակակառավարական ելույթների տեղն ու ժամը միմյանց հաղորդելու համար:
Խորագիր՝ Նորություններ