ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Հիշում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը:
…Ահա լուսանկարները: Այստեղ՝ կազմի տակ, ոչ ալբոմի մեջ, մի նկար կա. Քաջիկն է՝ հորս վարորդը: (Ի դեպ, Քաջիկը՝ Քաջիկ Հովսեփյանը, նույն այն վարորդն է, որը Խոջալուի դեպքերի ժամանակ գերի ադրբեջանցիներին փոխանակելու է տարել: Նրա լուսանկարը՝ գրկին ադրբեջանցի երեխա, ետևից գերիները, ադրբեջանցիները Խոջալուի վերաբերյալ իրենց քարոզչական նյութերում օգտագործում են որպես «քաջ ադրբեջանցի զինվորի լուսանկար, որը գերությունից ազատել է հայրենակիցներին»): Սկզբում չէի հասկանում, ինչո՞ւ ալբոմի ներսում չի դրել. հիմա հասկանում եմ. Քաջիկը յուրահատուկ մարդ է: Հայրս շատ էր սիրում նրան: Մի դեպք էին պատմում Քաջիկի մասին: Հայրս և Ֆելիքս Գզողյանը հաջող մարտագործողությունից հետո մեքենայով Սրխավենդ-Կիչան ճանապարհով վերադառնալիս, Քաջիկը այնքան արագ է վարում մեքենան, որ Ֆելիքս Գզողյանը կատակով դիտողություն է անում ու խնդրում. «Դու երիտասարդ ես, կդիմանաս այդ ցնցումներին, մի տեղ հարմարեցրու՝ «թեթևանանք»: Կանգ են առնում։ Երբ արդեն պատրաստվում են նորից ճանապարհ ընկնել, հայրիկը մեքենայի մոտ է կանչում Քաջիկին ու Գզողյանին. մեքենայի անիվից ընդամենը սանտիմետրերի հեռավորությամբ ցույց է տալիս ականը. Քաջիկը ճիշտ ժամանակին էր կանգնեցրել մեքենան: Հայրս գորովանքով նայում է Քաջիկին ու ասում. «Каджик, а знаешь, почему я тебя люблю?». «Нет, Аркадий Иванович». «Потому что в тебе есть Бог…»:
Մի ուրիշ դեպք էլ է տպավորվել: Թեժ մարտերից մեկի ժամանակ իրենք մարտական գործողությունների ձախ ճակատում էին, բայց աջ թևում խնդիր էր առաջացել. հայրս պետք է արագ տեղափոխվեր այնտեղ: Տեղ հասնելու համար կա՛մ երեք կմ ճանապարհ պետք է անցնեին մեքենայով, կա՛մ էլ կրակի տակ գտնվող դաշտի միջով էին հատելու ճանապարհը: Դրա մեջտեղում խորդանոցի պես մի բան է եղել: Հայրս նստել է հրամանատարական «Վիլիսը», բայց դեռ չասած՝ որ ուղղությամբ պետք է շարժվեն, Քաջիկը հասկանալով, որ ծանր է դրությունը, ժամանակ չկա, առանց երկար-բարակ մտածելու քշել է ուղիղ դաշտի մեջ: Հակառակորդի տանկն անմիջապես դուրս է եկել թաքստոցից, և երբ մեքենան խորդանոցին է հասել, տանկը կրակել է նրանց վրա: Պայթյունից խորդանոցը «Վիլիսի» հետ կորել է փոշու ամպի մեջ: Տղաները, որ շունչները պահած հետևել են այս ամենին, հուսահատ աղաղակել են. «Հրամանատա՜րը, հրամանատարը զոհվե՜ց»: Վայրկյաններ անց, երբ փոշին նստել է, տեսել են, թե ինչպես է «Վիլիսը» սուրալով շարունակում իր ճանապարհը: Երբ հայրիկը և Քաջիկը հասել են աջ թևին, հայրս դուրս է եկել մեքենայից: Զայրացած ռուսերենից չթարգմանվող հայհոյանք է տվել ու ասել. «Каджик, ты что, дурак!? Тебя надо срочно расстрелять и отпустить…», հետո ժպտալով, թե՝ «Дурак, но храбрый…Настояший Каджик!»: Քաջիկի հետ սովորաբար պատկերավոր էր խոսում: Երբ ինչ-որ բան բարկացնում էր նրան, ասում էր. «Каджик, ты продал пол Карабаха…»: Իսկ երբ շատ էր զայրանում, ասում էր. «Ты весь Карабах продал!»: Սա նրա զայրույթի չափման միավորն էր: Շատ բաների միջով են անցել միասին: Մտածում եմ, որ Քաջիկը հորս համար իսկապես Աստծո կողմից ուղարկված մեկն էր…
…Շատ ծանր ու բարդ իրավիճակ էր: Ալյուրն էլ էր ռազմավարական հումք դարձել: Հոսպիտալից դիմել էին հորս, թե՝ ալյուր է պետք, որ վիրավորների համար հաց թխեն. սոված են: Մտածել էր ու որոշել՝ ինչ է պետք անել: Մարտական գործողության համար անհրաժեշտ պիտույքների մեջ գրել էր. այսքան փամփուշտ, այսքան արկ, վառելիք և այլն ու այսքան ալյուր: Որ հետաքրքրվել էին, թե ալյուրն ի՞նչ գործ ունի այդ ցանկում, ասել էր. «Հատուկ տակտիկական խնդիր կատարելու համար»: Երբ ուղղաթիռով ուղարկել էին Արցախ, ադրբեջանցիները կրակել էին ուղղաթիռին ու ծակել էին ալյուրի պարկերը: Այլուրը սպիտակ ամպի պես սկսել էր թափվել: Ադրբեջանցիների մեջ լուրջ խուճապ էր սկսվել, թե՝ հայերը քիմիական զենք են գործածում:
«26-ի Յուրայի»՝ Յուրա Հովհաննիսյանի հետ շատ էր կապված: Երբ հայրս պատմում էր Յուրայի մասին, թե ինչ քաջ ու հզոր մարդ է, ես միշտ պատկերացնում էի ինձ ծանոթ ազատամարտիկներից մի ուրիշ Յուրայի՝ փառահեղ բեղերով, ավտոմատները միշտ ուսին, հաղթանդամ: Երբ մի օր իմացա, թե որ Յուրայի մասին է խոսքը, զարմացա: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս էր: Համեստ, բարի, խելացի, բնավ ոչ հաղթանդամ…
…«26-ի Յուրայի» հետ էր: Մի օր ամերիկյան լապտերիկներ էին նվեր ստացել, որոնք 500 մետրի վրա շող էին գցում: Մերոնց համար դա այլմոլորակային մի բան էր. ուրախացել էին շատ: Մտածել էին՝ ինչպես օգտագործեն այդ հրաշքը և գտել էին ձևը. ականները շարել էին, պայթուցիկները դրել դրանց վրա, որ հեռվից կառավարեն: Ինչպես ասում են՝ Կոմանդոսի «աչքն ալմաստ էր». բոլոր ականների տեղերը ճշգրտորեն հիշում է, և երբ մութն ընկնում է, այդ շողերն ուղղում են ականների վրա ու… դըմփ, դըմփ, դըմփ՝ հերթով սկսում են պայթեցնել: Ադրբեջանցիները, տեսնելով այդ լույսերը, որոշում են, որ մերոնք լազեր են կիրառում. մերոնք նրանց ռադիոկապն էին բռնել ու լսել, թե ինչ խուճապի մեջ են: Մինչդեռ այդ օրերին մերոնք փամփուշտներից խեղճացել էին. ստիպված էին նաև այսպիսի հնարքներով կռվել… Յուրայի կորուստը հատկապես ծանր տարավ: Միշտ ասում էր. «Ցանկանում եմ, որ այնպիսի ընկերներ ունենաս, ինչպիսին նա էր…»:
Իսկ Շուշիի գրավման դրվագներից ամենատպավորիչն ինձ համար սա է: Պատմում էր, որ երբ մարտական ընկերը՝ Խաչատրյան Աշոտը, իրեն զեկուցել էր, որ քաղաքում այլևս թշնամի չկա, պառկել ու քնել էր: Մարդիկ գնացել էին տոնելու, իսկ ինքը՝ վերջապես հանգստանալու: Գործն արդեն արված էր…
Պապան միշտ մի բան էր խնդրում ու պահանջում՝ միասնական լինել: Խոսք ուներ. «Հերի՛ք է խոսեք, բլա-բլա անեք, գործ արեք»: Շատ ծանր էր տանում, շատ էր բարկանում, երբ որոշ քաղաքական ուժեր սկսում էին իրար հետ ինչ-որ հաշիվներ պարզել: «Մեր ուժը մեր միասնության մեջ է». սա հենց մեր մարտավարական ու ռազմավարական ամենակարևոր զենքն էր համարում: Ցավով էր ասում. «Երբ հարցը վերաբերում է անձնականին, բոլորը պատրաստ են, երբ ավելի ընդհանրական խնդիր է քննարկվում, հասկանալը հասկանում, բայց նույն եռանդով չեն միավորվում»: «Եթե նպատակ ունես,- ասում էր ինձ,- ոչ մեկին ուշադրություն մի՛ դարձրու. գտի՛ր համախոհներիդ ու գնա՛ առաջ»:
Երբ մտածում էր ապագայի մասին, Կարսն էր տեսնում: Եվ ոչ թե քնարական ելևէջներով, այլ ռազմավարական տեսանկյունից հստակ տեսնում էր դա: Չէ՞ որ մենք մտածում էինք, թե Արցախն էլ հնարավոր չէր…
44-օրյա պատերազմի ընթացքում մեզ մոտ տղաներ եկան. ծրագրավորողներ էին: Հարցրին՝ «Արկադի Իվանիչ, ինչո՞վ կարող ենք օգնել», ասաց՝ «Անօդաչու կարո՞ղ եք պատրաստել»: Երկու ամիս այս մարդիկ իրենց բոլոր գործերը թողած՝ զբաղվեցին դրանով: Կոմանդոսն էր ասել, չէին կարող չանել: Գիշեր-ցերեկ, սոված-ծարավ մնացին, ու …ստացվեց: Փորձարկեցինք, ափսոս՝ չհասցրինք մինչև պատերազմի ավարտը կիրառել: Ամեն ինչ հնարավոր է: Միայն ցանկություն է պետք:
44-օրյա պատերազմի օրերին աշխատում էինք կամավորական ջոկատների, Մոբի հետ: Բոլոր աշխատանքներն ընթանում էին Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ: Շատ չէր խոսում, ճառեր ասել չէր սիրում: Կարող է` պարապմունքի ընթացքում մոտենար, ասեր. «Ո՞նց եք»: Այդքանը բավական էր տղաներին. ոգևորվում էին, աչքերը փայլում էին… Երբ ԴՕՍԱԱՖ-ի շենքի մոտից «Գնաս բարով» էինք անում տղաներին, նա անպայման անձամբ գալիս, բոլորին ճանապարհում էր: Երջանիկ էր, որ այդքան մարդիկ կամավոր պատրաստ էին սահման գնալու՝ հանուն հայրենիքի, բայց նաև մտահոգ էր. ա՜յ, թե մի քանի բան էլ հասցնեին սովորել…
Երբ 1992 թ. Արցախում ընդունել էր ինքնապաշտպանական ուժերի հրամանատրությունը, հորս առաջին հրամանը եղել էր Ժնևյան հռչակագրի օրենքների խստիվ պահպանումը: Այն ժամանակ սա հատկապես գերիների խնդրին էր վերաբերում: Եվ նրա համար իսկական շոկ էր, երբ իմացավ, որ 44-օրյա պատերազմում արգելված զենքեր են կիրառվում զինվորականների և քաղաքացիականների նկատմամբ: Որպես զինվորական՝ լավ էր հասկանում, թե դա ինչ աղետ է…, թե ինչ սարսափելի մարդկային տանջանքներով է այդ ամենն ուղեկցվում: Ցավում էր նաև, որ այդ խնդիրը ըստ արժանվույն չէր բարձրաձայնվում: Ասում էր. «Իսրայելի վրա հրթիռ է ընկնում, ամբողջ աշխարհով մեկ բարձրաձայնում են՝ «Խաղաղ բնակիչնե՜րը»: Իսկ այստեղ մեզ ողջ-ողջ վառում են, ու ոչ մի արձագանք…»: Օրվա իրադրությունը զեկուցում էի նրան: Որոշ բաներ էի ցույց տալիս: Ասում էր. «Էլ պետք չի. մի՛ ցույց տուր…»:
Վերջին օրերին համարյա չէր քնում։ Եվ գիտեր, որ կողքին եմ. խոսում էր հետս: Բայց մի այլ իրականության մեջ էր նաև. մարտ էր վարում… Մարտական ընկերների անուններն էր տալիս. «Մայի՜ս, Մայի՜ս, աջ ֆլանգը պահե՛ք: Սամվե՜լ, էրեխեքի՜ն հանեք, էրեխեքի՜ն…»: Ասում էի՝ «Պա՛պ ջան, մի քիչ հանգստացի՛ր, քնի՛ր»: Շրջվում էր դեպի ինձ, ասում. «Все нормально… Ты спи»: Մարտական ընկերների անունները շուրթերին ու զինվորների մասին մտահոգությամբ էլ տարան վերակենդանացման բաժին: Մենք հասկացանք, որ արդեն ճանապարհին է…
Նույնիսկ Շուշիի կորստյան ցավը մի կերպ հաղթահարեց, բայց մի ուրիշ բան նրա ուժերից վեր էր… Վերջին հանդիպումը մեր զոհված տղաների ծնողների հետ էր, մարտի 9-ին: Ես առաջին անգամ տեսա նրան՝ գլխիկոր կանգնած ու իրեն ուղղված հարցին պատասխան չունենալով. «Ես չգիտեմ՝ ձեզ ինչո՞վ կարող եմ օգնել…»: Երբ հիմա դիտում եմ այդ հանդիպման տեսագրությունը, տեսնում եմ իր թոռնիկներին կորցրած մի անօգնական պապիկի… Երբ հանդիպումից տուն եկավ, այս բառերն ասաց. «Мое сердце искрится…»: Ես սկզբում չհասկացա, անկեղծ ասած: Հաջորդ օրն ասաց. «Սիրտս ցավում է…»:
…Երեխաները նրան պաշտում էին: Հարևանների երեխաներին հավաքում ու ամեն օր զբոսնում էր նրանց հետ: Երեխաները՝ փոքր, մեծ, երբ ժամը գալիս էր, տան դուռը թակում էին. «Ձյաձ Արկադին տա՞նն է: Ժամը յոթն է. զբոսնելու ժամն է, չի՞ գա դուրս»: Ասում էի՝ «Պա՛պ, ընկերներդ են եկել»: Երբեք չէր մերժում. դուրս էր գալիս. երթուղի ունեին՝ Ամերիկյան համալսարանի շուրջբոլորը: Յոթ հոգով դուրս էին գալիս զբոսնելու, շուտով տասնհինգն էին դառնում: Իրենց հուզող թեմաներով էին զրուցում՝ հեծանիվն ի՞նչ մակնիշի է, սքեյթի վրա ի՞նչ արագություն կարելի է զարգացնել: Շատ էր հոգում նրանց անվտանգության մասին. կհարցներ. «Ինչո՞ւ գլխիդ կասկա, ոտքերիդ՝ ծնկակալներ, արմունկներիդ՝ արմնկակալ չես դրել…»: Իրեն ճանաչող-չճանաչող երեխաներին մագնիսի պես ձգում էր…
Հ.Գ.
Արկադի Տեր-Թադևոսյանը երբեք չէր մերժում ուսումնական տարբեր հաստատություններից ստացած հրավերները։ Սիրում էր շփվել երեխաների, պատանիների, երիտասարդների հետ։ Հաճախ էր ասում. «Երբ փոքր ժամանակ չարություն էի անում, տատս ասում էր` «Խելո՛ք մնա, թե չէ՝ թուրքերը կգան, ականջներդ կկտրեն»: Հիմա ոչ մի տատիկ նման բան չի ասում իր թոռներին, ընդհակառակը` թուրքերն են ասում` խելոք մնա, թե չէ՝ հայերը կգան…Մենք ուժեղ ազգ ենք, իսկ մեր նպատակների իրականացումը ձեր մեջ եմ տեսնում…»:
…Շուշին կարոտում է իր ազատագրողին՝ ՀՀ եւ Արցախի հերոս գեներալին, իսկական լեգենդին, բոլորիս սիրելի Կոմանդոսին… Բայց Շուշին սպասում է նաև իր ազատարարներին՝ մեր փառավոր Հերոսի գործը շարունակողներին… Ու էլի Հարսանիք կլինի մեր լեռներում…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ Արկադի Տեր-Թադևոսյանի անձնական արխիվից
Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում