Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԳԵՎՈՐ ԸՆԹԱՑՔԸ



ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԳԵՎՈՐ ԸՆԹԱՑՔԸԱՎԱՐԱՅՐ-ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-ՇՈՒՇԻ

 

Ամեն տարի գարնանը երփներանգ ծաղիկների շորերն են հագնում Հայոց աշխարհի լեռներն ու դաշտերը. չոր ու մրսած մերկությունը ծածկվում է տաք հանդերձներով: Նրանց մեջ շատ են կակաչները՝ արնանման, արնագույն: Ավանդությունն ասում է, որ ծաղիկները ՀԱՅՐԵՆԻՔԻ համար զոհվածներն են, ովքեր ամեն անգամ հարություն են առնում՝ հետևելու աշխարհի բնականոն ընթացքին, իրենց նրբությամբ ու գեղեցկությամբ չարն ու չարիքը խափանելու և բարությունը հաստատելու: 5-րդ դարի պատմիչ մատենագիր ԵՂԻՇԵՆ պատմական որոշակի փաստի վրա պնդում է, թե նրանք 451-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում նահատակվածներն են: Հայոց ոսկեդարի դասական պատմիչի ճշմարիտ մեկնաբանություն, որ պատմության հետագա հոլովույթի միջով անցնել-թրծվելով՝ դարձել է ընդհանրական ու թևավոր խոսք ոչ միայն Ավարայրի, այլև Հայրենական բոլոր ճակատամարտերում նահատակվածների մասին: Եվ ուրեմն՝ Եղիշեից դար ու դարեր անց, արդեն մեր օրերում Հովհաննես Շիրազի մեկնաբանությամբ՝ «Ով Հայրենիքի համար է մեռել, չի մեռել, ահա ծաղիկ է դարձել»: Այս թևավոր խոսքը ևս, ինչպես նրան խորհրդանշող զինվորները որոշակի ժամանակահատվածում, անցել է պատմության թոհուբոհի, բազմաթիվ ճակատամարտերի միջով, թրծվել-բյուրեղացել է: Նա նաև մեծագույն մասնակիցն է եղել Արցախյան պատերազմի: Հարության յուրօրինակ պատկեր, որը, բացի զինվորներին անսքող հայրենասիրության մղելուց, նաև մի ուրիշ խորհուրդ ունի. գալիք բոլոր սերունդներին ստիպում է երախտամոռ չլինել, ապրելու չափ հիշել անցած-գնացածը, անցած-գնացած հերոսներին, որովհետև, բան է, եթե սերունդներն ու ժամանակը, իրենց առօրյա հոգս ու տառապանքի մեջ, մոռանան նրանց, միևնույն է, Հայրենի հողը մշտապես պահելու է նրանց հիշատակը՝ ամեն գարնան ծաղիկների տեսքով վերածնելով:

Հիմա իմ հիշողության աչքերի առաջ միայն Տղմուտ գետի ափի Ավարայրի հերոսները չեն՝ իրենց ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ զորավարով հարություն առնողները. ահա այն դաշտում, ԱՎԱՐԱՅՐԻՑ դարեր անց, նույն խորհրդանշային մայիս ամսին տեղի ունեցած՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ հերոսամարտի հուշահամալիրն է, նորից արթնացել են հիշողության ծաղիկները, իբրև հնարավոր ու անզգույշ մոռացումի վրա փռված պահապան թիկնոց ու զգաստություն:

Ե՛վ ԱՎԱՐԱՅՐԻ, և՛ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, և՛ ՇՈՒՇԻԻ հերոսամարտերի մասին շատ է գրվել ու խոսվել, վավերագրական պատմություն ու գեղարվեստական բազմաթիվ ասքեր են հյուսվել դրանց շուրջը, և այդ ամենի վրա դժվար է, գրեթե անհնար է նոր բան ավելացնել: Եվ ծաղիկների այսօրինակ արթնացման մասին ավանդությունը, ոսկեբերան Եղիշեից ի վեր, հազար անգամ կրկնված խոսք է, բայց էլի, ինչ էլ պատահի, հինը սրբագործվում է՝ կրկնվելով: Որովհետև պատմությունն ինքն էլ նույնանման պահերի յուրօրինակ կրկնություն է: Որովհետև ժամանակի մեջ էությունը մնում է նույնը, փոխվում են միայն կատարողները: Այս իմաստով նույն առաքելությամբ են հանդես եկել նախկինում, ասենք, մի Վարդան Մամիկոնյան, 1918-ին՝ մի Մովսես Սիլիկյան, մի Դանիել Բեկ-Փիրումյան, մի Դրաստամատ Կանայան կամ մի Մոնթե Մելքոնյան: Նրանք այս թվարկված ու չթվարկված առաջնորդները, նույն հող ու ջրի նվիրյալներն էին՝ նույն Երկրի ու ժողովրդի համար իրենց մահկանացու կյանքը վտանգի ենթարկած: Այս է պատճառը, որ մենք հաճախ կրկնում ենք՝ 1918-ի Սարդարապատը ժողովրդի լինել-չլինելու, շարունակելիության առումով նույն Ավարայրն է՝ պարզապես ժամանակի միջով տեղափոխված: 451-ի մայիսի 26-ին, հաստատ է, հնչել են Հայոց եկեղեցիների տագնապի զանգերը, մարդկանց մղել զգաստության, նախապատրաստել զգոնության կռվին: Նույն ահասարսուռ ղողանջները ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհը տագնապի մեջ են պահել նաև 1918-ի մայիսի 22-ից 26-ի օրերին Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերի ընթացքում:

Կարելի է պատկերացնել այն լարվածությունը, որ զանգերի ղողանջները սփռել են մարդկանց, առավել ևս՝ կռվի ելած մարտիկների հոգիների վրա: Ներշնչանքի, սխրանքի կոչող աղբյուր են եղել, ինչ-որ տեղ, թերևս, հոդաբաշխ խոսքից ոգևորիչ: Զինվորների գլխավերևում, բացի ծաղիկների հարության մասին թևավոր խոսքից, եկեղեցիների զանգերը ևս՝ արդեն անցած ու գալիք ճակատամարտերի չափազանց կարևոր մասնակիցն են դարձել: Կարելի է նաև մտածել, որ զանգերի պարբերաբար կրկնվող ղողանջները, հայ մարտիկներին քաջալերելու հետ միաժամանակ, խուճապ են առաջացրել թշնամու շարքերում, մշտական ահ ու սարսափի մեջ պահել նրան: Թշնամու գլխին իջնող մահաբեր ռումբի պայթյուն էր դա կամ էլ նշանառու նետերի տարափ էր՝ անվրեպ արձակված:

Պատերազմի երևացող և աներևույթ մասնակիցները շատ են, ամենքին մեկ առ մեկ թվարկել հնարավոր չի, բայց դրանցից մեկ-երկուսն իրենց կարևորությամբ հառնում են աչքերիս առջև, տակնուվրա անում հիշողությունս: Պատմական փաստ է, և մենք հիշատակում ենք հպարտորեն, որ հայերը Սարդարապատում և Բաշ-Ապարանում պարենի ու զինամթերքի պակաս չզգացին ճակատամարտերի ամբողջ ընթացքում: Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես էր սովահար, թուրք Վեհիբ փաշայի զորքով օղակված, աշխարհից անջրպետված ՀԱՅԱՍՏԱՆԸ կազմակերպում պարենի ու զինամթերքի կանոնավոր ու անխափան մատակարարումը: Եվ այստեղ է ահա, որ իմ դիմաց հառնում է թիկունքում գործող հայ կանանց ու ծերերի, բովանդակ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ զոհաբերության չափանիշը, որը կենաց ու մահու կռվի ժամանակ սահմաններ չի ճանաչում: Ծեր ու մանուկ, այր և կին գիշեր ու զօր ուտեստ, զենք ու զինամթերք էին տեղափոխում ռազմաճակատ և այնտեղից, թշնամու արկերի պայթյուններ տակ, դուրս բերում վիրավորներին, նրանց բուժում առաջինը: Եվ ուրեմն՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ Երևանի պարետի հերոսական կերպարը… Նա էր գլխավորում ժողովրդական ինքնաբուխ շարժումը: Ով-ով, 1915-ի Վանի՝ մեկ ամիս տևած հերոսական հերոսամարտի ղեկավարը քաջ գիտեր ուտեստի և զինամթերքի արժեքը կռվի ժամանակ:

Պատմության մեջ որքան շատ են դեպքերը, երբ զենք ու զինամթերք չունենալու պատճառով բանակներ են նահանջել ակամա, ձեռքից բաց են թողել շոշափելի թվացող հաղթանակները, պարտվել են: Եվ ուրեմն՝ պատմության ուսանելի դաս, որ սերտել և հաջողությամբ իրականացրել են, 5-րդ դարում՝ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ զորավարը, 20-րդ դարասկզբին՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ պարետը, զորահրամանատար ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆԸ և շատ ու շատ ուրիշներ:

Հանրագիտարանային տվյալները հաստատում են, որ Սարդարապատի ճակատամարտի մասնակից, հետագայում փառաբանված զորավար, մարշալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ բարձր է գնահատել Սիլիկյանի մարտավարական տաղանդը, իր հուշերում նրան բնութագրել որպես «ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին», որը հայ ժողովրդին սպառնացող թուրքական ահեղ վտանգի պահին ընդունել է միակ ճիշտ, «հանգամանալիորեն կշռադատված, տաղանդավոր որոշումը», Հայրենիքը պաշտպանելու կոչել «զորքը և բոլորին, ովքեր ընդունակ են զենք կրել»: Այս նշանավոր հրամանատարը նաև հեռուն գնացող զգոնություն է ցուցաբերել: Այն պահին, երբ Սարդարապատի հաղթանակից հետո, երբ դաշնակցական կառավարությունը փորձել է բանակցությունների միջոցով լուծել Հայաստանի հետագա գոյության փաստը, դատապարտել է 1918-ի մայիսի վերջին կայացած Բաթումի խայտառակ հաշտության պայմանագիրը և պահանջել շարունակել հարձակումը թուրք զավթիչների դեմ: Հնար լիներ, պատմությունը հետ շրջվեր, և Հայաստանի այն ժամանակվա կառավարողները անսային զորավարի խոսքին, շարունակեին հաղթական պատերազմը թուրքերի արդեն խուճապահար, ցաքուցրիվ, պարտությունից ահաբեկված բանակի դեմ: Ինչքան բան, Տեր Աստված, կփոխվեր հիմնովին, և հնարավոր է, այսօր չէինք ունենա այսքան փոքրիկ Հայաստան աշխարհ…

Հայ մարդկանց կամքի, զորության, հոգևոր ու մարմնական զենքի հանրագումարն է Սարդարապատի հաղթությունը: Ժամանակը պահանջել է՝ հայը տաղանդավոր զորավար է ունեցել՝ վերը թվարկված ու չթվարկված հոգևոր հատկանիշներով զրահավորված, պահանջը հասունացել է, և անձնազոհության ելած զինվորի կողքին հայտնվել է հոգևոր առաջնորդը, որը մինչ այդ Խաչն ու եղեգնյա գրիչն էր բռնել ձեռքին, իսկ հիմա նուրբ ու մագաղաթի գույն ունեցող ձեռքերը կոշտացել են զենքի հետ հպվելուց: Ես չգիտեմ, Ավարայրի դաշտում զինվորներին նախնիների օրինակով ոգևորող ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑԸ թշնամու վրա նետ, տեգ ու նիզակ է արձակել, թե ոչ. պատմությունը միայն նրա հոդաբաշխ խոսքն է արձանագրել, բայց այդ նույն պատմությունը պահպանել է ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ճակատամարտի հոգևորական հերոսներից մեկի՝ ԳԱՐԵԳԻՆ արքեպիսկոպոս ՀՈՎՍԵՓՅԱՆԻ վավերական կերպարը. ահա նա, թողած վեհարանի պատերն ու իր կազմած ու հրատարակած գրքերը, եղեգնյա գրիչը թողած, մի ձեռքին Խաչ, մյուսին՝ հրացան, թշնամու ռումբերի ու գնդակների սուլոցի տակ, նախնյաց օրինակով կենաց և մահվան կռվի է կոչում հայ զինվորներին: Նրա խոսքը զուտ ոգեղենիկ չէ, նրա խոսքը նաև գործ է՝ իր անձով հաստատված: Կգա պահը, և նա առաջիններից մեկը թշնամու վրա կկրակի, և զինվորներն իրենց աչքով կտեսնեն, թե նրա արձակած գնդակից ինչպես են խոցվում թուրք ասկյարները: Հերոս նախնիների ուրվական է, պահապան հրեշտակ է սև նափորտ հագած այդ սրբազանը, որը մինչև այդ սնվել է այդ հոգևոր գրով ու գրչությամբ, թե իրական հրամանատար է՝ անձնական առաջամարտիկ գրոհով իր ջոկատը առաջնորդող: ԳԱՐԵԳԻՆ արքեպիսկոպոս ՀՈՎՍԵՓՅԱՆԸ… Չորս օր զենքը ձեռքից վայր չդրեց, չորս օր մյուս բոլոր զինվորների հետ հավասար կիսեց արհավիրքները, հավասար տարավ ճակատագրով բաժնեգրված Գողգոթան: Եվ դա նույն կռիվն էր, ինչ նա մինչ այդ վարել էր գրչով, իր նշանավոր աշխատություններում, դա հոգեկան կռվի շարունակությունն էր՝ այս անգամ փոխակերպված նաև մարմնականի: Խոստովանենք, նման զենքերով զինված բանակն անպարտելի է, որքան էլ թվական գերազանցություն ունենա թշնամին:

Այս և նման բազմաթիվ, ներքին և արտաքին զրահներն են պատճառը, որ, ինչպես գրում է պատմաբան Ջոն Կիրակոսյանը. «Սարդարապատի ճակատամարտը համաժողովրդական կռիվ էր հանուն պատվի, ապրելու և գոյատևելու: Այդ հերոսամարտը մեր ժողովրդի ազգային-ազատագրական բազմադարյան պայքարի ամենափայլուն էջերից մեկն է, որն անջնջելի է նրա պատմությունից»:

Այդպիսի անկոտրելի զրահի էր հանդիպել մեր երկիրը ներխուժած թուրք հրոսակը, և բնական է, որ և՛ թշնամին, և՛ օտարները պիտի զարմանային հայերի միասնական ոգու և կամքի նման դրսևորման վրա: Այդպես՝ թուրքական զորքի հրամանատար Շևքի փաշան պետք է զարմանքով հաստատեր, որ. «Հայ զորքը կռվել է հիանալի», որ ինքը տաճկական ոչ մի ռազմաճակատում նման կռիվ չի տեսել, չնայած իրենց ուժերի և տեխնիկական առավելություններին: Ըստ Շևքի փաշայի հաղորդման՝ թուրքերը Սարդարապատում ունեին 10 հազար կանոնավոր զորք՝ չհաշված կամավոր հրոսակներին, իսկ հայերն ընդամենը՝ 7 հազար: Սա պարտություն կրած թշնամու ակամա խոստովանությունն է՝ հենց ճակատամարտին հաջորդող օրերին, և դրա վավերականությունը կասկածելի չէ: Իսկ ահա թե 1918 թ. հունվարի 29-ին ինչ է գրել ֆրանսիական մի թերթ. «Արյունաքամ Հայաստանը, շրջապատված, առանց հացի, առանց օգնության, առանց հույսի Հայաստանը սրբազան ճիչ է արձակում՝ վե՛ր կացեք, մեռածնե՛ր: Եվ նա ոտքի է կանգնում թուրքի դեմ: Նա կտրում է նրա ճանապարհը, նա կռվում է, նա նրան պարտության է մատնում Պարսկաստանի և Միջագետքի ճանապարհների վրա, նա կատաղի բորենուն հաղթականորեն դիմադրում է Վանում, Կարսում, Սարդարապատում, Բաքվում»:

Այնուհետև, ըստ Ջոն Կիրակոսյանի գրքի մեջբերման, ֆրանսիական թերթը գրում է, թե. «Ընդհանուր կարծիքն այն էր, որ հայերին պետք է միայն ողբալ, բայց, պարզվեց, որ նրանցով պետք է հիանալ»: Դա երևացող և աներևույթ զրահների միացյալ հաղթություն է՝ մարմնացած ԱՎԱՐԱՅՐԻ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ, ՇՈՒՇԻԻ հերոսամարտերում:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Պատմության էջերից


27/05/2021