Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է



Հակոբ Կամարի գյուղում, աղբյուրի մոտ, փոխգնդապետ Գագիկ Մարգարյանի եւ իր մարտական ընկերների հիշատակին կառուցված հուշարձան-խաչքարի բացումն էր։ Ելույթ են ունենում մարտական ընկերները, հարազատները։ Շարքում զինվորների կողքին կանգնած է հերոսի որդին՝ Արմենը, որը հոր հետ կողք կողքի քայլել է այս վայրերում։ Հուզիչ էր գյուղ վերադարձած բնակիչների այցը։ Լիդիա Իսահակյանը, Ժենյա Բաղդասարյանը, Սարավան Չալյանն ու կարմիրավանցի Ռոզա Ավագյանն արցունքն աչքերին, դաշտային մի փունջ ծաղիկներ գրկած, մոտենում են խաչքարին. «Ձեր ցավը տանեմ, դուք հերոսներ եք, հերոսներ, էդ ո՞նց շուն թուրքի հախիցը եկաք»։ Հուշարձան-խաչքարին գրված էր նաեւ Գագիկ Մարգարյանի զինակից ընկեր Լեւոն Ղազարյանի անունը։
Վերադարձին, երբ այդ մասին պատմում էի Լեւոն Ղազարյանի մորը՝ տիկին Կլարային, նա անհագորեն համբուրում էր ինձ ու անընդհատ կրկնել տալիս.
-Իրո՞ք Ղարաբաղում գիտեն, որ իմ բալեն հերոս է, իրո՞ք խաչքարին նրա անունը կա գրված,- ու դառնալով շուրջը խմբված գյուղացիներին՝ նորից կրկնում էր,- իմ որդին հերոս է։ Աշնանը մեր վարուցանքը արեց, հետո գնաց Ղարաբաղ։ Հիմա ցորենի բերքը հավաքել ենք, ինքը չկա… Իմ որդին հերոս է, ամբողջ Ղարաբաղը գիտի։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010