ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի թռիչքուղին երկարացնելուց, դրա ծածկույթը փոխելուց և նոր լուսաազդանշանային ու ռադիոտեխնիկական սարքավորում տեղադրելուց հետո այնտեղ վերաբազավորվել են ՌԴ օդատիեզերական ուժերի 3 «Տու-22Մ3» հեռահար ռմբակոծիչներ՝ վերածվելով ռազմաքաղաքական զսպման գործոնի:
Այժմ ավիաբազան լիովին ինքնաբավ է թիկունքային ապահովման տեսանկյունից և կարող է ընդունել ցանկացած տեսակի, այդ թվում՝ ծանր ինքնաթիռներ։ Դրանով Ռուսաստանը վերահսկողություն է սահմանում ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանի, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի ու Պարսից ծոցի նկատմամբ։ «X-32» թևավոր հրթիռներ կրող «Տու-22Մ3»-ները մեծացնում են ռուսական նավատորմի և ավիացիայի հնարավորությունները Միջերկրական ծովում ամերիկյան ավիակիր խմբերին դիմակայելիս։ Բացի այդ, դրանք կարող են կրել միջուկային զենք։ «Ռուսական ռմբակոծիչները կարող են սպառնալիք լինել ՆԱՏՕ-ի երկրների համար»,- մայիսի 25-ին ասել է ռազմական փորձագետ Թոմաս Նյուդիկը կանադական «The Drive» հանդեսին։
Ռուսաստանն ուժեղացնում է իր արևմտյան սահմանները՝ ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի զորամասերը համալրելով ռուսական բանակի ամենահզոր՝ «Քրիզանթեմ-Ս» հակատանկային համալիրներով:
Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին մայիսի 27-ին «Իզվեստիա» թերթին ասել է, որ Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ-ն ունի առավելություն զրահատեխնիկայի հարցում. նախ՝ Լեհաստանի տարածքում տեղակայված է ամերիկյան ծանր զրահատանկային բրիգադ, երկրորդ՝ Լեհաստանն ինքն էլ մեծ ուշադրություն է դարձնում իր ցամաքային զորքերի զրահատանկային բաղադրիչին։
«Քրիզանթեմ-Ս»-ի գերձայնային հրթիռների հեռահարությունը 10 կմ է։ Համալիրը տեղադրված է «ՀՄՄ-3»-ի վրա, որը կարող է հաղթահարել ջրային արգելքներ և շարժվել 70 կմ/ժ արագությամբ։ Օժտված է բելառուսական արտադրության ջերմացուցային նշանոցով, նշանառության համակարգն ունի լազերային և ռադիոտեղորոշումային կապուղիներ, որոնք թույլ են տալիս ուղեկցել միանգամից երկու թիրախ ցանկացած եղանակային պայմաններում։
ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Լեհաստանի՝ Թուրքիայից 24 «Բայրաքթար-ՏԲ2» ԱԹՍ-ների գնումը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է:
Մայիսի 27-ին այս տեսակետն է հայտնել ճապոնացի ռազմական փորձագետ Մասասի Սատոն։ Նրա խոսքով՝ մարտական ԱԹՍ-ների ճիշտ մարտավարությամբ զանգվածային կիրառման դեպքում Լեհաստանի նման ոչ մեծ երկրները կարող են մեծ վնաս պատճառել Ռուսաստանի նման հսկա պետությանը։ Ուստի, ԱԹՍ-ները վերածվում են ռազմաքաղաքական զսպման և նույնիսկ ռազմական հավասարակշռության փոփոխման արդյունավետ գործիքի։ Տեղեկությունների համաձայն՝ տեսանելի ապագայում թուրքական ԱԹՍ-ների գնորդներ կարող են դառնալ նաև Մեծ Բրիտանիան, Չեխիան, Հունգարիան, Բուլղարիան և Ալբանիան։
Դիվանագիտության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը թուլացնում է Արևմուտքի երկրները, քանի որ ԱՄՆ-ը չի կարող պատերազմել երկու ճակատով և ապահովել անվտանգություն աշխարհի մի քանի տարածաշրջաններում միաժամանակ:
Մայիսի 23-ին շվեյցարական «Neue ZՖrcher Zeitung» օրաթերթում այս տեսակետն է արտահայտել շվեյցարացի ռազմական փորձագետ Բրայն Կարլսոնը։ Նրա խոսքով՝ «վիշապի և արջի պարը» մեծ դժվարություններ կառաջացնի ԱՄՆ-ի համար, եթե պատերազմ ծագի նրա և Ռուսաստանի միջև՝ Մերձբալթիկայի համար, և նրա ու Չինաստանի միջև՝ Թայվանի համար։ 2018 թ. ընդունված ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվում է մեկ խոշոր տերության հետ դիմակայությանը մշտական պատրաստականություն, բայց չի նախատեսվում հաղթանակ միաժամանակ երկու խոշոր հակառակորդների նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի համար Ռուսաստանը «առաջնահերթ սպառնալիք» է:
Ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ դժգոհելով իր երկրի սահմանների մոտ ռուսական ռազմանավերի և սուզանավերի ակտիվությունից։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրապարակել էր «Պաշտպանության, դիվանագիտության և միջազգային զարգացման հարցերով համալիր ռազմավարություն. գլոբալ Բրիտանիան մրցակցության դարաշրջանում» վերնագրով փաստաթուղթը։ Ըստ այդմ՝ Անգլիան առաջիկա 4 տարիներին պաշտպանական ծախսերն ավելացնելու է տարեկան 24 մլրդ ֆունտ ստերլինգով՝ նպատակ ունենալով վերականգնելու համաշխարհային ռազմածովային տերության իր կարգավիճակը և արդիականացնելու զինված ուժերը։ Եվս 7 մլրդ ֆունտ ստերլինգ ծախսվելու է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տիեզերքի հետազոտությունը, կիբեռնետիկան, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և ուղղորդված էներգիայով զենքը։
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի ներքին գործերի նախարար և, հնարավոր է, առաջիկայում Էրդողանին նախագահի պաշտոնում փոխարինող Սուլեյման Սոյլուին թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրող քրեական հեղինակություն Սեդատ Փեքերի թիկունքում, որը 2020 թ. հունվարին փախել է արտասահման, կանգնած է ԱՄՆ-ը:
ԱՄՆ-ը վրեժ է լուծում այն բանի համար, որ 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննության արդյունքում Սոյլուն հայտարարել է, թե՝ «Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը կատարվել է ԱՄՆ-ի հրամանով»։
Ի պատասխան Փեքերի մեղադրանքների՝ ՆԳ նախարար Սոյլուն դադարեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցության բոլոր ծրագրերի իրականացումը և մերժել ամերիկացի գործընկերներին տրամադրել թուրքական ոստիկանության հետախուզական տվյալներ կասկածյալների և ընթացիկ հետաքննությունների մասին։ «Պարզ ասած՝ ամերիկացիներին թողել է առանց աչքերի ու ականջների, որպիսիք էին նրանց համար թուրքական ոստիկանության գործակալները Մերձավոր Արևելքի քրեական միջավայրում»,- գրել է ադրբեջանական «Haqqin.az»-ը։
Թուրքիան և ԱՄՆ-ը չեն շտապի այրել կամուրջները միմյանց միջև, մանավանդ որ ԱՄՆ-ը մտադիր չէ Էրդողանին ավելի ուժեղ հրել Ռուսաստանի կողմը:
Մայիսի 27-ին այս տեսակետն է արտահայտել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։
Նկատի ունենալով Գազայում վերջին պատերազմի շիկացրած կրքերը, կասկածելի է, որ Իսրայելն ու Թուրքիան կկարողանան հարթել իրենց տարաձայնություններն ու հասնել փոխըմբռնման՝ հարաբերությունները բարելավելու համար:
Մայիսի 26-ին այս տեսակետն է արտահայտել Շելդոն Կրիշները իսրայելական «Times of Israel» կայքում։
ԱԴՐԲԵՋԱՆ
Իրանի խորհրդարանի որոշ պետական գործիչների ելույթներ ուղղված են իրանա-ադրբեջանական հարաբերությունների փչացմանը:
Մայիսի 26-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը՝ մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի պաշտոնական այցն Ադրբեջան։ Ավելի վաղ, ինչպես մայիսի 20-ին տեղեկացրել է ադրբեջանական «Haqqin.az»-ը, «Իրանական պահպանողական վերնախավի կարկառուն ներկայացուցիչ, իրանական խորհրդարանում «ուժայինների» ֆրակցիայի առաջնորդ, Կումեցի շիական քարոզիչ, դոկտոր Մոջտաբա Զոննուրը» Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեջ և շեշտել, որ՝ «Հայ-իրանական սահմանը իսլամական պետության ռազմավարական շահերի գերակա մասն է»։
Ադրբեջանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կլուծի ոչ միայն Անդրկովկասի, այլև դեպի Իրան, Թուրքիա և Մերձավոր Արևելք ուղղությունների հետ կապված հարցեր, ինչը շատ կարևոր է ոչ միայն տնտեսության, այլև Ռուսաստանի և նրա գործընկերների ռազմավարական շահերի տեսանկյունից:
Մայիսի 24-ին այս տեսակետն է արտահայտել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ. «Հաճախացել են հրապարակային խոսակցությունները ԵԱՏՄ-ի աշխատանքներին Ադրբեջանի միանալու մասին, ինչը դեռ ոչ վաղ անցյալում պատկերացնել անգամ անհնար էր»։ Տարասովը ըստ «իրազեկ աղբյուրների», գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկայում Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր նպատակը Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» հարթակի ստեղծման հեռանկարի քննարկումն է։ Հարթակում առաջին 3-ը Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանն են, երկրորդը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
ԻՐԱՆ
Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբը «Համասի» հրթիռային գրոհներին հակազդելու նոր ռազմավարության փնտրտուքի մեջ է:
Մայիսի 24-ին հաղորդել է իսրայելական «Դետալի» հանդեսը։
Մայիսի 25-ին Սպահանում սկսված ՌԷՊ զորավարժության ընթացքում կիրառվել է իրանական բանակի նորագույն սպառազինությունը:
Այս մասին հայտնել է իրանական բանակի համադասման գծով պետի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին։
ՎՐԱՍՏԱՆ
«Ռուսաստանը նորմալ երկիր չէ, այլ ագրեսոր, ինչը երևում է այսպիսի տեղերում». մայիսի 27-ին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ այցելելով Վրաստանի և Հարավային Օսիայի տարանջատման գիծ, որտեղ աշխատում է Եվրամիության մշտադիտարկման առաքելությունը:
Դուդան նշել է, որ 2022 թ. ԵԱՀԿ-ում նախագահությունն անցնելու է Լեհաստանին, և սպառնացել, որ այդ հարցը բարձրացնելու է բոլոր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհրդում։ Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ասել էր, որ «Հյուսիսային հոսք-2» ռուս-գերմանական գազամուղը «պառակտել է Եվրոպան». Լեհաստանը, Ուկրաինան և Արևելյան Եվրոպայի մյուս երկրները կտրուկ կերպով հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության դեմ, իսկ Գերմանիան շարունակում է գազամուղի կառուցումը։
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Ռազմաքաղաքական