Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ 1918 թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ



ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ 1918 թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸՔաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում Անդրկովկասի պետական իշխանության մարմնի՝ Սեյմի կազմավորումը պայմանավորված էր տարածաշրջանի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնություններով և հասունացող թուրքական հարձակման վտանգով։ Անդրկովկասյան սեյմը, վրաց մենշևիկների և մուսուլմանների մեծամասնության ճնշման տակ, 1918 թ. ապրիլի 9-ին հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման և երկրամասի անկախության մասին՝ կատարելով թուրքերի պահանջը: Ստեղծվեց Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը: Այդ որոշումն ավելի արձակեց թուրք կառավարիչների և զինվորականության ձեռքերը:

Երբ Թուրքիայի կովկասյան բանակի հրամանատարությունն ստացավ Անդրկովկասի անկախության լուրը, պահանջեց անհապաղ դատարկել Կարսը: Անդրկովկասի նոր կառավարության նախագահ Ա. Չխենկելին կարգադրեց հանձնել Կարսը: Դրան առարկեց Հայկական առաջին կորպուսի հրամանատար Թ. Նազարբեկյանը, որն արդեն ստանձնել էր նաև ռազմաճակատի հրամանատարությունը: Նա կարծում էր, որ Կարսն ի վիճակի է դիմադրելու թուրքերին: 1918 թ. ապրիլին հետևեց Չխենկելու նոր հրամանը՝ Կարսը դատարկելու մասին: Վրաստանի համար կարևոր էր պահել Բաթումը:

Մինչ այդ հայերը ցույց էին տալիս կատաղի դիմադրություն Սարիղամիշի մոտ: Կնքվեց ժամանակավոր զինադադար: Կարսն անցավ թուրքերի ձեռքը: Կարսում մինչ այդ կռվում էին հայկական առանձին կորպուսի զորամասերը, հայկական երկրորդ գունդը, սակրավորների վաշտը, կամավորականների ջոկատը և այլն:

Թիֆլիսում մայիսի 11-ին հաշտության բանակցություններ սկսելու համար ժամանեցին Թուրքիայի, Գերմանիայի և Անդրկովկասյան Հանրապետության ներկայացուցիչները: Սակայն թուրքական հարձակումը չդադարեց: Մայիսի 15-ին թուրքերը հրետանիով հանկարծակի հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա: Կռվի մեջ մտան այնտեղ գտնվող զորամասերը՝ «Վասպուրական» ջոկատը, վանեցիների կամավորական ջոկատը, Եֆրեմովի ռուսական կամավորական ջոկատը, Կարսի հեծյալ գունդը և այլն: Սակայն Անդրկովկասյան Հանրապետության կառավարության կարգադրությամբ Ալեքսանդրապոլը նույնպես զիջեցին թուրքերին: Սկսվեցին նրանց վայրագությունները, թալանն ու սպանությունները: Էվակուացվեց Սուրմալուն: Ալեքսանդրապոլի գրավումը, մինչ այդ Տրապիզոնի, Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի, Կարսի և Բաթումի անկումը ոչ այնքան թուրքական զենքի հաղթանակն էր, որքան դիվանագիտական խարդավանքների արդյունք: Այստեղ դրսևորվեց Անդրկովկասի Հանրապետության ղեկավարների անհամաձայնեցված քաղաքականությունը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ 1918 թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸԱլեքսանդրապոլի գրավումից հետո թուրքական բանակի հսկողության տակ անցան ռազմավարական հաղորդակցության կարևոր ուղիները՝ Տրապիզոն – Բաթում, Կարս – Ալեքսանդրապոլ (Գյումրի), Օլթի – Մերդենեկ – Արդահան – Ախալցխա, Էրզրում – Սարիղամիշ: Թուրքական «Կարս» զորախումբն ստացավ նոր առաջադրանք: Կատարվեց թուրքական ուժերի նոր վերախմբավորում. դրանք բաժանվեցին չորս մասի: Առաջին զորախումբը հարձակման անցավ Վորոնցովկայի (Տաշիր) ուղղությամբ՝ ձգտելով դուրս գալու Բոլնիս-Խաչեն, Բորչալու, Թիֆլիս: Երկրորդ զորախումբը գրոհեց Ջաջուռ – Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Վանաձոր) – Դիլիջան – Ղազախ – Ելիզավետպոլ (Գանձակ) ուղղությամբ՝ նպատակ ունենալով դուրս գալու Բաքու: Երրորդ և չորրորդ զորախմբերը ներխուժեցին Սարդարապատ, Արարատյան դաշտ՝ գրավելու Երևանը: Մայիսի 21-ին այս զորախմբերի առաջապահ ուժերը, մտնելով Արարատյան դաշտ, գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը, դուրս եկան «Ղամիշլու» (Եղեգնուտ) կիսակայարան: Թուրքական զորախմբի դեմ կանգնած էին Էրզրումից մինչև Արաքս նահանջած սակավամարդ զորամասերը: Թշնամուն դիմակայելու համար կատարվեց հայկական զինուժի վերաբաժանում: Կազմավորվեց Երևանյան զորախումբը՝ գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ: Զորավար Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ ստեղծված զորախումբը պետք է պաշտպաներ Ապարանի մատույցները թուրքական 9-րդ դիվիզիայից: Երևանի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով միջոցներ ձեռնարկվեցին Կողբի և Իգդիրի ուղղությամբ: Նախիջևան – Շարուր (Նորաշեն) ուղղությամբ 3-րդ հետևակային բրիգադն էր՝ գնդապետ Տիգրան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ գործող Սարդարապատի զորամասը 1918 թ. մայիսի 22-ին անցավ հարձակման Քյորփալու (Արշալույս) և Ղուրդուղուլի (Արմավիր) գյուղերից: Նույն օրը նրանք ետ վերցրին մեկ օր առաջ գրավված Սարդարապատը: Թուրքերը մեծ կորուստներով անցան «Արաքս» կայարանի շրջանը: Այդ հաղթանակը մեծացրեց ժողովրդի հույսն ու հավատը: Մարդիկ ներկայանում էին զորամաս, հաղթանակի համար տրամադրում ամեն հնարավորը: Ազգային-քաղաքական միասնություն էր Հայաստանում, որովհետև մղվում էին կենաց ու մահու մարտեր: Բոլորին ոգևորում էին Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և Արամ Մանուկյանը: Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմեց հայ ժողովրդին.

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ 1918 թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ«Թուրքը՝ մեր արնախում ոսոխը, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի՝ մեր կենսագրության, գալիս է Էջմիածնի վրա: Մեր զորապետները Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը և ապաստանել Բյուրականում: Ո՛չ և ո՛չ, հազա՛ր անգամ ոչ, ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիների ավանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանա Հայոց Առաքելական օջախից: Եթե հայոց զինվորականությունն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստեղ՝ շեմի վրա Մայր Աթոռի, որի գահակալի պատիվը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստծու ողորմածությամբ»: Անկասկած, հայերի գլխին կախված էր ֆիզիկական ոչնչացման վտանգը: Դա հայրենական պատերազմ էր:

Սարդարապատը վերագրավելուց հետո մշակվեց թուրքերի շրջափակման և ջախջախման պլանը: Փոխգնդապետ Կարապետ Հասան Փաշայանի հրամանատարությամբ ստեղծվեց հարվածային խումբ, որն անվանվեց «Խզնաուզի ջոկատ»: Դրոյի զորաջոկատը 1918 թ. մայիսի 24-ին մտավ Ալի Քուչակ՝ մարտեր մղելով դեպի Բաշ-Ապարան շարժվող 36-րդ թուրքական դիվիզիայի դեմ: Համառ մարտերից հետո՝ մայիսի 29-ին, Բաշ-Ապարանում ջախջախվեց թշնամու 2 գունդ, ոչնչացվեց ծանր հրետանին. թշնամին տվեց 200 զոհ, թողեց մեծ քանակությամբ ռազմավար:

Բոլորը զենքը ձեռքներին շտապում էին Ղարաքիլիսա. ոգևորությունն աննախադեպ էր: Ղարաքիլիսայի մոտ 1918 թ. մայիսի 24-28-ը տեղի ունեցան կատաղի մարտեր, որոնց մասնակցեցին հայկական 4 գունդ, հեծյալ ջոկատը և բնակչությունից կազմված աշխարհազորայինները: Նրանք ունեին 7.000 զինվոր, 10 հրանոթ, 20 գնդացիր: Թուրքական զորքը 10.000 էր՝ թուրքական կանոնավոր և մահմեդական ավազակախմբերով: Հայերը հերոսական դիմադրություն ցույց տվեցին: Աչքի ընկան գնդապետներ Բեյ-Մամիկոնյանի և Նիկոլայ Ղորղանյանի (Կորգանով) զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը: Մարտում հերոսաբար զոհվեց շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը:

Քառօրյա մարտերի ժամանակ թշնամին մեծ կորուստներ ունեցավ, կասեցվեց նրա առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս: Մայիսի 30-ին, երբ սպառվել էր հայերի զինամթերքը, թուրքերը մտան Ղարաքիլիսա և դրսևորեցին իրենց բարբարոսությունը: Հայերի գործած սխրանքը խոստովանել է մինչև անգամ Մեհմեդ Վեհիբ փաշան Բաթումում՝ ասելով, որ հայերը Ղարաքիլիսայում ցույց տվեցին, որ իրենք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները: Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար պայքարի, վճռականության վկաները եղան: Հայ ժողովրդի Մայիսյան հերոսամարտերը վիժեցրին հայերին ոչնչացնելու երիտթուրքական ծրագրերը:

Երբ Հայաստանում՝ Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում վճռվում էր մեր ժողովրդի ճակատագիրը, Թիֆլիսում Անդրկովկասյան սեյմն իր հոգեվարքի վերջին օրերն էր ապրում՝ իր մեջ մտնող ազգությունների ու կուսակցությունների ներքին գզվռտոցի հետևանքով: Անդրկովկասի թաթարներն ունեին թուրքամետ կողմնորոշում, իսկ վրաց մենշևիկները հայերից գաղտնի բանակցությունների մեջ մտան Անդրկովկասում գտնվող գերմանացի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով Գերմանիայի հովանավորությամբ ապահովելու Վրաստանի անկախությունը: Վրաց մենշևիկների նախաձեռնությամբ և ադրբեջանցի մուսավաթների հավանությամբ մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը լուծարվեց, ինչը տեղի ունեցավ նաև Թուրքիայի կամքով: Սեյմի որոշման մեջ գրված էր. «Նկատի ունենալով, որ պատերազմի և հաշտության հարցերով արմատական տարաձայնություններ դրսևորվեցին այն ժողովուրդների միջև, որոնք կազմել էին Անդրկովկասյան անկախ ռեսպուբլիկա, և այդ պատճառով անհնարին էր դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմն արձանագրում է Անդրկովկասի տրոհման փաստը և վայր է դնում իր լիազորությունները»: Այդ օրը՝ մայիսի 26-ին, Վրաց ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը, իսկ մայիսի 27-ին մուսավաթները հռչակեցին Ադրբեջանի անկախությունը (Գյանջա կենտրոնով)՝ Խան Խոյսկու գլխավորությամբ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ 1918 թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸԱյդ ծանր պահին հայերի մեծ մասն անկախություն չէր ուզում, սակայն դեպքերի զարգացումն արագացրեց այն: Թուրքերի դեմ տարած հաղթանակը պետականության վերականգնման, Հայաստանի Հանրապետություն հիմնելու նախադրյալներ ստեղծեց: Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության փլուզումից հետո՝ 1918 թ. մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակվեց, ինչը տեղի ունեցավ պատմության ծանրագույն մի ժամանակաշրջանում: Դա միաժամանակ ազգային զարթոնքի շրջան էր: Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, մայիսի 28-ի առավոտյան Թիֆլիսի մեծահարուստ Ադամյանցի տան դահլիճում նիստ գումարեց՝ որոշելու ազգի անելիքը: Այստեղ կազմվեց Ավետիս Ահարոնյանի, Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Նիկոլ Աղբալյանի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման վերաբերյալ, որը հրապարակվեց մայիսի 30-ին՝ որպես ժողովրդին ուղղված կոչ: Հայաստանի Հանրապետության հիմնադիր այրերից մեկը՝ Սիմոն Վրացյանն այս առիթով գրել է. «Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան՝ համարվում է մայիսի 28-ը, այսինքն՝ այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկիզբը, որովհետև հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգային խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը»:

1918 թ. մայիսի 31-ին անկախության հռչակագիրը հրապարակվեց նաև մամուլում՝ Թիֆլիսում տպագրվող «Հորիզոն» և «ԽՈՉՍՈջրՍՏպ րսՏՉՏ» օրաթերթերում: Հայոց ազգային խորհրդի որոշման մեջ ասվում էր, որ վերջինս այն իրավունքներով, որոնցով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի ժողովրդավարական հանրապետություն: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:

Բաթումում թուրքական պատվիրակությունը մայիսի 26-ին վերջնագրի տեսքով ներկայացրել էր նոր պահանջներ Շարուր-Դարալագյազի, Երևանի, Նախիջևանի, Էջմիածնի, Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի նկատմամբ: Հայ ժողովրդի դարավոր իղձը հայոց պետականության վերականգնումն էր, որը կորցրել էր 500 տարի առաջ: Այդ մասին ի լուր ամբողջ աշխարհի հունիսի սկզբներին հայտնեցին Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավ. Ահարոնյանը, վարչապետ Հովհ. Քաջազնունին, արտաքին գործերի նախարար Ալ. Խատիսյանը: Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական բուրժուա-դեմոկրատական պետություն էր: Այն օրինաչափ փուլ էր հայ ժողովրդի պատմության մեջ:

Թուրքիայի և Անդրկովկասյան սեյմի պատվիրակությունների միջև մայիսի 11-ին Բաթումում վերսկսվել էին Տրապիզոնում ընդհատված բանակցությունները, իսկ Անդրկովկասյան սեյմը լիկվիդացնելուց հետո` մայիսի 30-ին, առանձին-առանձին բանակցություններ սկսվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ազգային խորհուրդների և Թուրքիայի միջև: Հայկական պատվիրակության նախագահն էր Ալ. Խատիսյանը, անդամները` Հովհ. Քաջազնունին, Միքայել Պապաջանյանը: 1918 թ. հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև: Հայաստանի համար խիստ ծանր էին հաշտության պայմանները: Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը՝ Կարսի մարզը և 5 գավառ, իսկ Հայաստանին, որի բնակչությունը 310.000 էր, մնում էր ընդհանուր առմամբ 10-12.000 կմ2 տարածք՝ Երևանից մինչև Սևան (պայմանագրի 2-րդ հոդվածում Հայաստանին պատկանող տարածքի մակերեսի փոխարեն նշված են հայկական այն բնակավայրերն ու աշխարհագրական վայրերը, որոնցով գծվելու էր նոր սահմանը): Հայաստանը բաղկացած էր լինելու Նոր Բայազետի գավառից, Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների առանձին մասերից: Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ: Այսպիսով` Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքը, Ախալցխան, Շարուր-Դարալագյազը, Նախիջևանը, Սուրմալուն և Կաղզվանը: Ընդհանուր առմամբ, Թուրքիան Արևելյան Հայաստանից խլեց 28.000 կմ2 տարածք։ Թուրք-հայկական սահմանը գծված էր այնպես, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում էր ընդամենը 7 կմ հեռավորության վրա: Պայմանագրով պետք է ցրվեին ֆիդայական բոլոր ջոկատները, ներառյալ Անդրանիկինը։ Ցանկացած պահի թուրքական հրանոթները կարող էին որոտալ սահմանագլխին: Զորավար Անդրանիկը Բաթումի պայմանագիրը համարում էր հայության վզին փաթաթած ստորության շղթա:

Պատմաբան Լեոն Բաթումի պայմանագրի կողոպտիչ բնույթի մասին գրում էր. «Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը, մեծ մասամբ լեռ ու անապատ՝ Սևանի լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման»: Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք, երկաթուղիների վերահսկողությունն անցնում էր Թուրքիային, որն իրավունք էր ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Ադրբեջան: Բաքվից դուրս էին բերվելու և լուծարվելու հայկական զորամասերը, որոնք կազմում էին Բաքվի կոմունայի պաշտպանների կորիզը:

Բաքվի ազգային խորհուրդը չենթարկվեց այդ որոշմանը: Նա իր ռազմական ուժերը 1918 թ. ապրիլի 25-ին դրեց Ստ. Շահումյանի կողմից ստեղծված Ժողովրդական կոմիսարների խորհրդի տրամադրության տակ: Մոտ 18.000 հայ մարտիկներ, որոնք ընդգրկված էին 4 բրիգադներում, 22 գումարտակներում, քաջ գիտակցում էին, որ պաշտպանելով Բաքուն, պաշտպանում են Ղարաբաղը, Երևանը, Էջմիածինը: Դրանց գրավումը թուրքերի կողմից կնշանակեր հայ ժողովրդի կործանում: Նրանք պաշտպանում էին քաղաքի 100.000 հայերին: Բաքվի պաշտպանությանը մասնակցում էին բանակի գեներալ Հակոբ Բագրատունին, բրիգադի հրամանատար Համազասպը, Գրիգոր Կորգանովը, Սեբաստացի Մուրադը, որն էլ հերոսաբար ընկավ մարտի դաշտում: Անդրանիկը թուրքական ներխուժումից պաշտպանում էր Զանգեզուրը: Նա Ղարաբաղ չմտավ, այլ կես ճանապարհից հեռացավ անգլիացիների պահանջով: 1918 թ. սեպտեմբերի 15-ին անգլիական ուժերը լքեցին դիրքերը, և թուրքերը մտան Բաքու: Նրանք երեք օր կոտորեցին ու թալանեցին անզեն հայերին:

Նորածին Հայաստանի Հանրապետության կնքած առաջին միջազգային պայմանագիրը ծանր էր, բայց օդի պես անհրաժեշտ: Դրանով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը, որը չէր վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը կորցրեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից՝ 1918 թ. նոյեմբերից հետո։ Հայաստանի Հանրապետությանը ժամանակ էր պետք կործանվող ժողովրդին փրկելու համար: Բաթումի պայմանագրով ՀՀ-ն, փաստորեն, հրաժարվում էր պահանջատիրությունից, ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած վնասների ու կորուստների փոխհատուցումից: Ստրկացնող պայմանները վրդովմունքով ընդունեցին հասարակության բոլոր խավերը: 1918 թ. հունիսի 5-9-ը Երևանում տեղի ունեցան խոշոր ցույցեր՝ ընդդեմ հայ-թուրքական հաշտության: ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանն ստիպված էր հանդես գալ հայտարարությամբ և բացատրել ժողովրդին, որ այլ ելք չկար: Ալ. Խատիսյանն էլ, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, Ավ. Ահարոնյանին հղած նամակում գրում էր, որ հպարտ է պետականության վերականգնման համար. «Հզոր է հայոց հողի ոգին: Մենք կբերենք վատ հաշտության դաշնագիր, սակայն կբերենք նաև անկախ Հայաստան՝ տուն, բույն, որտեղ կթրծվի ժողովրդի միտքը։ Այդ ամենը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը» : Հայաստանի անկախության հռչակումը, իրավամբ, շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական ու հոգևոր-մշակութային կյանքում:

Հայաստանի անկախությունն ուներ իր ներքին օրինաչափ ընթացքը, որը որքան էլ հետևանք էր Առաջին համաշխարհային պատերազմի և ռուսական հեղափոխությունների, նույնքան էլ արդյունք էր հայ ժողովրդի՝ 1918 թ. մայիսյան հերոսական ոգորումների: Ի վերջո, հարյուրամյակների ընդմիջումից հետո դարձյալ վերականգնվեց հայոց անկախ պետականությունը՝ քաղաքական նոր արժեհամակարգով ու պետական կառուցվածքով:

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ

Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Պատմության էջերից


03/06/2021