Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՈՐԴԻՍ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻ ՀՈՐԸ



ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՈՐԴԻՍ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻ ՀՈՐԸ-Ամուսինս ինձ շատ էր սիրում: Հիմա մտածում եմ, որ ես կատարյալ երջանիկ էի այն ժամանակ. հարգված ամուսին ունեի, հրաշալի որդի՝ Վահես, ապրում էի անհոգ, բարեկեցիկ կյանքով…Ամեն ինչ փլուզվեց,- ասում է Լիլյան: Նա երիտասարդ, գեղեցիկ կին է, հայացքն, ասես, հարցնում է՝ ինչո՞ւ, աչքերն ինչ-որ բան են փնտրում անվերջ:

-Վահեն էլի Ձեր կողքին է, խանութը կա, որ կշարունակի բարեկեցիկ կյանք ապահովել, այսինքն՝ ամեն ինչ չի փլուզվել,- մխիթարում եմ ես: Մեկ հոգու մահով ամեն ինչ չի կարող փլուզվել:

Լիլյան նայում է զարմացած: Դժգոհություն չկա, ուղղակի զարմացած է.

-Պատկերացրեք՝ ծառն առանց բնի: Ծառի բունը իր վրա է պահում ճյուղերը, տերևները, պտուղները: Եթե բունը հատես, ամեն ինչ կփլուզվի:

Ես թերթում եմ Խոջոյանների ընտանեկան ալբոմը…

-Սա Վարուժանն է, հարսանիք ենք գնացել: Այստեղ Վարուժանն է՝ տղայիս ծնունդին, իսկ այս նկարում Վարուժանը…

Նկարներում ուրիշ մարդիկ էլ կան, բայց Լիլյան ասես չի նկատում նրանց. Վարուժանը, Վարուժանը… Իսկ Վարուժանը ժպտում է: Առհասարակ, նկարներում բոլորը ժպտում են՝ Վարուժանը, կինը, տղան, ծնողները, ընկերները… Վարուժան Խոջոյանը գեղեցիկ տղամարդ է, բարձրահասակ, կանոնավոր դիմագծերով, խաժ աչքերով: Իսկ Լիլյան նույնն է, միայն աչքերի փայլն ու հայացքից կաթող երջանկությունը չկա:

-Գեղեցիկ ամուսին եք ունեցել,- ասում եմ:

-Շատ գեղեցիկ,- ասում ու շիկնում է Լիլյան։- Հենց գեղեցկությունն ինձ գրավեց, որ համաձայնեցի ամուսնանալ նրա հետ: Ես ուսանողուհի էի, և ապագա ամուսինս իմ պատկերացումներում պետական աշխատող էր, բարձրագույն կրթությամբ, որը գործի է գնում փողկապը կապած:

Ես ծիծաղում եմ. ծանոթ պատկեր է, երևի բոլոր աղջիկներն էլ 20 տարեկանում փողկապով ամուսին են երազում:

-Բայց Վարուժանը բարձրագույն կրթություն չուներ, ոչ էլ փողկապ էր կապում, փոխարենը՝ արտակարգ գեղեցիկ էր ու շատ մեծ հմայք ուներ: Անկեղծ էր, կենսուրախ, հումորով, համարձակ…Ե՛վ հախուռն էր, և՛ հավասարակշռված: Հենց առաջին հանդիպման ժամանակ ինձ ամուսնության առաջարկություն արեց…

-Իսկ Դո՞ւք…

-Մերժեցի: Հորական տատս հեղինակություն էր ոչ միայն մեր տանը, այլև ամբողջ գերդաստանում: Հայրս, մայրս բոլոր որոշումները նրա հետ էին համաձայնեցնում, նրա խոսքը մեր տանը օրենք էր:

-Խի՞ստ կին էր:

ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՈՐԴԻՍ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻ ՀՈՐԸ-Չէ՛, ուղղակի շատ խելացի էր, լայնախոհ ու հեռատես: Իմաստուն կին էր տատս, նա զրուցեց Վարուժանի հետ ու ինձ ասաց, որ Վարուժանը օրինավոր, բարեսիրտ, ազնիվ ու աշխատասեր տղա է, ու բոլորովին կարևոր չէ, որ բարձրագույն կրթություն ու պետական աշխատանք չունի, նա լավ ամուսին ու հայր կդառնա: Տատիս այս խոսքերը ցրեցին բոլոր կասկածներս, ու մենք նշանվեցինք… Այդ շրջանում ես ու Վարուժանը միշտ միասին էինք: Զբոսնում էինք, զրուցում, գծում մեր ապագան: Վարուժանը շատ լուսավոր էր: Բոլոր դժվարությունները հաղթահարում էր ժպիտով, հումորով, առանց տրտնջալու: Նրա կերպարի ամենավառ գիծը նվիրումն էր: Նա անմնացորդ էր նվիրվում:

-Ո՞ւմ էր նվիրվում,- հարցնում եմ ես ու մտածում, որ թերևս հենց բնավորության այդ գիծն էլ Վարուժան Խոջոյանին տարավ Արցախ՝ ռազմաճակատի առաջնագիծ:

-Պիտի տեսնեիք, թե նա ինչ սիրով էր գուրգուրում ծնողներին, ինչպես էր խնամում հիվանդ հորը: Ինչպես էր սիրում եղբոր երեխաներին, ու նրանք դժվարության հանդիպելիս առաջինը հոպարից էին օգնություն խնդրում: Վարուժանը անսահման սիրում էր եղբորն ու քույրերին, ինձ, որդուն, ընկերներին…

-Հայրենիքը…

-Վարուժանը երբեք չէր խոսում Հայրենիքի մասին,- ֊ասում է Լիլյան։ Ուրիշների նման հայրենասիրական բոցաշունչ խոսքեր չէր ասում, Հայրենիքի կենացը չէր առաջարկում քեֆերի ժամանակ…Բայց երբ պատերազմի լուրը լսեց, ասաց՝ ես պիտի կռիվ գնամ: Բոլորս ընդդիմացանք. ո՞նց թե՝ կռիվ պիտի գնամ, իսկ ո՞վ պիտի խնամի մորդ, 17 տարեկան որդուդ… Եթե քեզ չեն կանչում, ինչո՞ւ պիտի գնաս: Ես ու մայրը երկար խոսեցինք, լսեց, լսեց ու ասաց՝ Վահեիս տարիքին տղաներ են զոհվում մարտադաշտում:

Մի քանի օր անց եկավ տուն ու ասաց, որ իրեն կանչել են զինկոմիսարիատ: Հետո պարզվեց, որ այդ ընթացքում ամեն օր գնացել է զինկոմիսարիատ ու խնդրել, որ իրեն տանեն ռազմաճակատ: Վարուժանի ձեռքը ձևախեղված էր, հաշմված, շինարարություն անելիս էր եղել, երևի այդ պատճառով էին մերժել: …Վերջին անգամ Վահեին էր զանգել, ասել էր՝ քեզ լավ կնայես, մորդ լավ կնայես…

-Դուք գիտե՞ք, թե ինչպե՞ս է զոհվել Վարուժանը:

-Ամեն օր ինչ-որ մեկը գալիս է մեզ մոտ ու ասում, որ իր, իր որդու, իր ընկերոջ, իր ազգականի կյանքը Վարուժանն է փրկել: Երբ հասկացել է, որ թշնամին շատ է մոտեցել, ու բոլորին զոհվելու վտանգ է սպառնում, տղաներին ասել է՝ դուք նահանջեք, ես կրակով կպահեմ թուրքերին…

-Կրակն իր վրա վերցնելով՝ դանդաղեցրել է թշնամու առաջխաղացումը, որ ընկերները նահանջելու հնարավորություն ունենան, ճի՞շտ հասկացա։

-Այո՛, այդպես էլ եղել է…Մտածում եմ՝ ես ինչո՞ւ մինչ այդ չեմ իմացել, որ նա՝ ամուսինս, այդքան քաջ է, հայրենասեր ու ուրիշի համար զոհվելու պատրաստ…

…Վահեին հանդիպել չկարողացա: Մտածում էի, որ Վահեի մեջ կտեսնեմ հոր կենդանի արտացոլանքը:

-Վարուժանը երբեք Վահեին չի խրատել, այլ իր վարքով, արարքներով, իր բնավորությամբ, ապրելակերպով է սովորեցրել ամեն ինչ,- ասում է Լիլյան:

Ուրեմն՝ իր հերոսական մահից հետո Վարուժանը իր տեղը դատարկ չի թողել մեր կողքին, մեր ապագան չի թողել անպաշտպան, մտածում եմ, իսկ Լիլյան շարունակում է.

-Համլետը՝ ամուսնուս մանկության ընկերը, ասում էր՝ որտեղ խելքի գործ կա, Վարուժանին են կանչում: Վարուժանի մայրը ասում էր՝ ով օգնության կարիք ունի, Վարուժանը կողքին է: Սկեսրայրս ասում էր՝ Վարուժանի համար յուրային կամ օտար չկա, կա միայն սխալ կամ ճիշտ: Վարուժանի աշխատասիրությունը բոլորին էր զարմացնում, Վարուժանի գթասրտության մասին անվերջ կարելի է պատմել: Միայն մի բան եմ ուզում հիմա՝ որդիս արժանի լինի հորը:

Ես մտածում եմ, որ ամեն մեկս ինչ-որ բան ենք դրել մեր հայրենական կռվի հաղթանակի նժարին: Իմ 80-ամյա հարևանուհին ասում էր, որ ինքը ամեն օր մի քանի ժամ աղոթել է, որ Տերը պաշտպանի հայ զինվորներին մարտադաշտում: Սյունեցի երիտասարդ նկարիչ Էրիկ Դավթյանը ռազմաճակատի համար փող է հայթայթել՝ իր նկարները վաճառելով, իմ հայրենակից՝ արտաշատցի Գարիկ Հարությունյանը նկարել է պատերազմի հերոսներին ու նվիրել նրանց ծնողներին, Նազանին զոհվածների մայրերի համար միջնադարյան մանրանկարչության մոտիվներով գլխաշորեր է նկարազարդել, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը նվագել է արցախցի երեխաների համար, իսկ դեկտեմբերին նրա մասնակցությամբ կայացած բարեգործական համերգի ամբողջ հասույթը հատկացվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։ (Առաջիկայում մանրամասն կպատմեմ նրանց մասին)…

Մենք մեր հողերը վարձկաններով չենք պաշտպանել, մենք մեր երկրի համար վահան ենք ձուլել՝ տալով ամենաթանկը…

Լիլյան եռանդով թափահարում է գլուխը.

-Մենք պարզապես ճակատամարտ ենք տանուլ տվել. իր հայրենիքն այսպես ինքնամոռաց սիրող ազգը չի կարող պարտվել: Վարուժանի նման քաջին չես հաղթի, մեկին, որ ամեն ինչ թողեց ու կամավոր գնաց մեռնելու հայրենիքի փրկության համար:

…Մենք ոգևորվում ենք. պահ առ պահ մեր ձայնը լցվում է ավյունով, լույսով, լավատեսությամբ:

-Եթե պետք լինի, մենք մեր կյանքը կդնենք հաղթանակի նժարին,- ասում է Լիլյան:

-Մենք երբեք չենք հրաժարվի մեր սուրբ նպատակներից,- ասում եմ ես:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/06/2021