Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ



ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸՍամվել Գևորգյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: Ավարտել է թիվ 108 դպրոցը։ Դպրոցական տարիներին զբաղվել է  քիքբոքսինգ մարզաձևով, գրանցել բազում հաղթանակներ, արժանացել մեդալների, պատվոգրերի։ Դպրոցական տարիքում արդեն որոշել էր իր ապագա մասնագիտությունը. գաղափար ուներ ծրագրավորման տարբեր ճյուղերից ու միշտ պատրաստակամ օգնում էր բոլորին։ 2015 թ. հաճախել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Եվ դպրոցն ավարտելուց հետո, վստահ իր կարողություններին, ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։

Առաջին կիսամյակից հետո՝ 2019 թ. հունվարի 22-ին, մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է ուսումնական զորամասում։ Այդ ընթացքում նա հմտացել է մասնագիտության մեջ՝ որպես հրետանավոր։ Վեցամսյակն ավարտել է բարձր առաջադիմությամբ և արժանացել կրտսեր սերժանտի կոչման, ապա տասնօրյա արձակուրդից հետո մեկնել է Արցախ։

«Ամեն ինչ անելու եմ, որ կոչումս բարձրացնեն մինչև ծառայության ավարտը»,- հարազատներին վստահեցնում էր նա։

Որպես հրետանավոր, հաշվարկի հրամանատար, նա ծառայում էր ՊԲ զորամասերից մեկում։ Զինվորների ու բանակի մասին միշտ մեծ ոգևորությամբ էր պատմում։ Ասում էր` իսկական ընկերներ ձեռք ես բերում բանակում, սկսում ես ավելի գնահատել կյանքիդ ամեն վայրկյանը, որ անցկացրել ես հարազատներիդ կողքին։

Սամվելը շատ էր կապված ծնողների հետ և ամեն ջանք գործադրում էր, որ նրանք ապրեն ավելի բարեկեցիկ կյանքով։ Նաև որոշել էր իր հոր նման հայր լինել։

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ«Որոշակի ժամի Սամվելը պարտադիր պետք է տանը լիներ, որովհետև գիտեր, որ առանց նրա հայրը սեղան չի նստում»,- հիշում են հարազատները։

Հերոս հայորդին բավականին ընկերասեր էր, սիրում էր շփվել, լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Ընկերություն էր անում նաև իրենից տարիքով մեծ մարդկանց հետ։

…2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին օրը, արդեն սերժանտ Սամվելը նամակ էր գրել մայրիկին ու սիրելիին։

Մայրիկին.

«Մա՛մ ջան, ես քեզ շատ-շատ եմ սիրում, խոստացիր, որ մի գրամ արցունք չես թափի»։

Սիրելիին.

«Եթե զոհվեմ, իմացի՛ր` կյանքիցս շատ քեզ եմ սիրել»։

♦♦♦

«Պատերազմի ընթացքում այնպես էր խոսում, ինչպես մնացած բոլոր օրերին` բարձր տրամադրությամբ,- ասում են հարազատները։ Չնայած հեռախոսի մյուս կողմից լսվում էին սարսափելի պայթյունների ձայները, դրանցից ավելի բարձր նրա զրնգուն ծիծաղն էր, որ երբևէ չպակասեց այդ օրերին»։

Սամվելն ամեն օր զանգել է, խոսել շատ կարճ և վստահեցրել, որ իրենց մոտ հանգիստ է։ Վերջին անգամ՝ հոկտեմբերի 7-ին, խոսել է գրեթե բոլոր հարազատների, ընկերների հետ…

Հոկտեմբերի 9-ին նրա 20-ամյակն էր։ Ցավոք, ընտանիքը հենց այդ օրն էլ տեղեկանում է, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Սամվելն իր անունը փառքով է պսակել. զոհվել է Մատաղիսի պաշտպանության ժամանակ` անօդաչուի հարվածից։ Սամվել Գևորգյանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։

♦♦♦

Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Սամվել Գևորգյանը՝ կապուտաչյա տղան, անսասան կանգնել ու հող հայրենին էր պաշտպանում, իսկ իր սիրելին՝ Աննան, հավատով սպասում էր Սամվելի վերադարձին…

«Զոհվելու մասին իմացա հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը… Այդ գիշեր մինչև առավոտյան Սամվելին շատ նամակներ եմ գրել՝ սպասելով պատասխանի… Սամվելի հուղարկավորությունից մի քանի օր հետո նորից շարունակել եմ նամակներ գրել,- հուզված պատմում է Աննան:- Մի օր, երբ հերթական նամակն էի գրում, մտքովս անցավ, որ պետք է անպայման գիրք գրեմ Սամվելի մասին։

Պատերազմը դեռ չէր ավարտվել, մտածում էի, որ հաղթանակի մասին էլ անպայման կգրեմ, անգամ կգնամ Արցախ, Սամվելի զորամաս, միգուցե այնտեղ՝ Արցախում, ավելի մոտ զգամ իմ Հերոսին։ Բայց պատերազմի ավարտից հետո շատ հիասթափվեցի, որոշ ժամանակ դադարեցի գրել։ Հետո մեջս ուժ գտա ու շարունակեցի հանձն առած գործս»,- ասում է Աննան:

Իր սիրելիին նվիրված գիրքը վերնագրել է «Կապուտաչյա հերոսը», հերոս, որ ապրում է իր հետ և իր հետ պայքարում է ամեն օր…

«Գրել եմ ամենասկզբից, երբ դեռ նոր էինք ծանոթացել։ Յուրաքանչյուր դրվագ նորից վերապրելով ու միայն ժպիտով եմ գրել, մինչև պատերազմին հասնելը… Ամենադժվարը հենց պատերազմի մասին գրելն էր… Գրելուց առաջ յուրաքանչյուր մանրամասն Սամվելի հետ քննարկել եմ։ Իրականում, շատ ասելիք ու պատմելու բան կար, շատ անգամներ գրում էի, մի քանի րոպե հետո ջնջում։ Մի օր մայրիկիս ասացի՝ երբ արդեն գիրք դառնա, կգնամ Սամվելի մոտ, կնստեմ ու կկարդամ իր համար։ Մայրս էլ պատասխանեց՝ կարդալու կարիք չկա, որովհետև գիրքը երկուսով եք գրել»,- պատմում է Սամվելի ընտրյալը:

Աննան ցանկանում է, որ յուրաքանչյուր հայ այս գիրքը կարդա ու ճանաչի Սամվելին, որովհետև նա չափազանց բարի էր, հոգատար ու մարդասեր: Իսկ այդ բարությունն այսօր ապրեցնում է: Աննան գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրելու է վիրավոր զինծառայողների ապաքինման և վերականգնման շնորհակալ գործին:

ՎՈՎԱ  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/06/2021