ԳՆԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆ
-Հայրիկիս զոհվելուց հետո, երբ առաջին անգամ ոտք դրեցի նրա աշխատասենյակ, անասելի հպարտության և անսահման կարոտի զգացողություն ապրեցի,- ասում է գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Նելլին, որի համար կարոտը ամենևին անսովոր հոգեվիճակ չէ, որովհետև, հայրը ծառայության բերումով հաճախ էր բացակայում տնից։- Ծառայության ընթացքում միայն ամանորյա գիշերն էինք միասին անցկացնում: Հիմնականում մենք էինք գնում իր մոտ, որ իր կողքին լինենք: Բայց ինքը, միևնույն է, իր զորքի կողքին էր,- հիշում է դուստրը:
Դեռ 90-ականներին ֆիզմաթ դպրոցն ու Տնտեսագիտական համալսարանը գերազանցությամբ ավարտած երիտասարդը, լսելով սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչը, 1995թ. ընդունվում է ռազմական համալսարան, և այստեղից սկսվում է հերոս հրամանատարի զինվորական փառահեղ ուղին…
Հետագայում գերազանց առաջադիմությամբ Հովհաննես Ավագյանն ավարտում է նաև Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Գիտելիքի հանդեպ անհագուրդ սերն ու գերազանց արդյունքներ գրանցելը գնդապետ Ավագյանի այցեքարտն էին:
-Ծառայության մեջ իր ղեկավարած զորամասերը գերազանց արդյունքներ են ցուցաբերել: Որտեղ էլ ծառայել է, ձգտել է առավելագույնին: Բարձր մակարդակի զինվորական կրթություն ունեցող Հովհաննեսը դեռ շատ ու շատ օգտակար կլիներ մեր զինված ուժերին,- ընկերոջն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, գնդապետ Վահրամ Գրիգորյանը:
Գնդապետներ Վահրամ Գրիգորյանն ու Հովհաննես Ավագյանը ծանոթացել են դեռևս 2000-ականների սկզբներին. միասին սովորել են Մոսկվայի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
-Բացառիկ հիշողություն ուներ։ Հրաշալի երգում էր: Մեր բանակի ամենաբանիմաց զինվորականներից էր։ Մի խոսքով՝ տաղանդավոր էր ամեն ինչում,- շարունակում է գնդապետ Գրիգորյանը։
Դասակի, ապա գումարտակի, զորամասի հրամանատար, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ. ահա հերոս գնդապետի զինվորական ուղին։
-Հարուստ ռազմական գիտելիքներով կատարյալ զինվորական էր։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի մեր բանակի սպայական դարբնոցը պատրաստի նվիրյալ, հայրենասեր ու բանիմաց սպաներ,- հերոս գնդապետին է ներկայացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը:
2020 թ. ամռանը Հովհաննես Ավագյանը ստանձնում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը և շարունակում հայկական երկրորդ հանրապետության բանակաշինության զարգացման գործը: Սակայն չարաբաստիկ սեպտեմբերի 27-ն ամբողջովին փոխեց նաև գնդապետ Ավագյանի ճակատագիրը։ Պատերազմի հենց առաջին օրվանից նա զենքը ձեռքին եղել է ռազմաճակատի բոլոր ուղղություններում։
-Նա շատ մանրակրկիտ, մտածված ու նախանձախնդրորեն էր կազմակերպում բոլոր գործողությունները: Գիտեր՝ ճակատի որ մասում ինչ է անհրաժեշտ, որտեղ ինչ պետք է շտապ հասցնել: Կարողանում էր այդ ամենը կազմակերպել և իրականացնել՝ որպես արհեստավարժ զինվորական,- մեր զրույցին է միանում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, մայոր Գուժ Ցոլակյանը, որը պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար էր:
Մայորը վերհիշում է իր և հրամանատարի հանդիպումը ռազմադաշտում.
-Հենց ինձ տեսավ, ժպիտը դեմքին, ինչպես միշտ հումորով, ասաց. «Ցոլակյան, դու էստեղ ի՞նչ ես անում»:
Պատերազմի մի թեժ օր մայոր Ցոլակյանն իր ստորաբաժանումը շրջափակումից հանելու ժամանակ վիրավորվում և անգիտակից վիճակում չորս օր մնում է հակառակորդի թիկունքում։Եվ Հովհաննես Ավագյանն անում է ամեն ինչ՝ երիտասարդ սպայի կյանքը փրկելու համար:
-Չլիներ Ավագյանը, ես այսօր ողջ չէի լինի: Նա արել է անհնարինը. նրա ղեկավարությամբ արագ ու առանց դույզն-ինչ խուճապի ինձ հանել են շրջափակումից և ուղարկել հոսպիտալ: Ես իմ փրկության համար պարտական եմ հենց գնդապետ Ավագյանին…
Նա նույնիսկ ամենաթեժ մարտերի ժամանակ կարողանում էր սառնասրտություն ու հանգստություն դրսևորել։ Եվ իր էդ հանգստությամբ ու հաստատակամությամբ վարակում էր բոլորիս,- պատմում է մայոր Ցոլակյանը:
42 օր շարունակ Հովհաննես Ավագյանը երդմանն ու կոչմանը հավատարիմ, անտեսելով իր դիրքն ու պաշտոնը, զինվորի կողքին ու նրա հետ հավասար մարտնչել է թշնամու դեմ… Քաջ հրամանատարը նոյեմբերի 7-ին հերոսավայել զոհվել է Շուշիի մատույցներում…
Հրամանատարի կինը՝ Ինեսան, պատմում է, թե համատեղ կյանքի 20 տարիների ընթացքում ինչքան երջանիկ են ապրել… Ունեն երեք դուստր, որոնցից ամենակրտսերը՝ Էվելինան, թեև փոքրիկ է, բայց արդեն քաջատեղյակ է հերոս հայրիկի սխրանքներին։
-Ես օրհնված եմ, որ արժանացել եմ նրա սիրուն, որ Հովհաննեսի կինն եմ եղել։ Ունենք հրաշալի երեխաներ։ Հովհաննեսը նրանց մեջ սերմանել է մարդկային վեհ արժեքներ, հայրենասիրություն։ Հիմա նա մեր կյանքում ավելին է, մենք մտքով անդադար իր հետ ենք, փորձում ենք ապրել էնպես, ինչպես ինքը կցանկանար ու ինչպես ինքն է ապրել,- ասում է հրամանատարի այրին:
Գնդապետ Հովհաննես Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նրան ճանաչողները հավաստում են. գնդապետ Ավագյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայկական ռազմարվեստի տարեգրությունում։
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից
Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Ճակատագրեր