ԵՐԳՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ
ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 5-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում:
Փառատոնը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Համերգներին մասնակցում են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
Փառատոնի մեկնարկը մայիսի 30-ին մաեստրո Հեքեքյանը որոշեց տալ աղոթքով՝ Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ երգչախումբը երգեց սուրբ Պատարագի արարողության ժամանակ։
Եկեղեցում ներկա էին հավատացյալներ, ուխտավորներ, տեղի բնակիչներ, հայ զինծառայողներ, խաղաղապահ ռուս զինվորներ, և ինչպես իր խոսքում նշեց պատարագիչը, նրանց բոլորի աղոթքը խաղաղության մասին էր։
…Արցախում անցնող երկրորդ օրն է, հանդիպում, զրուցում ենք տարբեր մարդկանց հետ. բոլորիս խոսքերն ու զգացումները նույնի մասին են։ Հուսահատությունը, ցավոք, շատ է…
Ստեփանակերտի կենտրոնում թախծոտ աչքերով երեսնամյա երիտասարդը, որը 90-ականների արցախյան պատերազմում զոհված հերոսի որդի է, ինքն էլ զինվորական սպա, հետախույզ (անունը չեմ նշում), քառօրյայի, 44-օրյայի մասնակից, Հադրութում տուն ու տեղ կորցրած մարդ, խոսում էր ոչ թե անձնական ցավ ու կորստից, այլ հայի ճակատագրից… Եվ սպայի խոսքերից շատ այդ ամենի մասին նրա աչքերում երևացող ցավն էր պատմում։
Հարցրեց մեզ՝ ո՞վ ենք, ինչացո՞ւ ենք։ Ասացինք՝ երգչախումբ ենք։ Ինքն էլ, թե՝ ի՞նչ առիթ կա, եկել եք։ Ասացինք՝ եկել ենք մի բան անենք, մի բան փոխենք, ձեր կողքին լինենք, գոտեպնդենք, մենք մեզ պիտանի զգանք, դուք ձեզ մենակ չզգաք։ Ով ինչ կարող է, պիտի անի։ Հուսահատվելով չի։
Կրթելով է, լույսն ու վեհը տարածելով է, ճիշտ արժեքներ քարոզելով է, ով ինչպես կարող է։ Պիտի անենք։ Ու շտապե՛նք պիտի։
Ձեռքերը վար իջեցնելու չի՛. ավելի ծանր օրեր ենք ունեցել։ Մեր նախնիների կյանքն ու անցած ուղին վկա, հանուն հայի լինելու, կյանքը զոհած մեր հերոսները վկա, հայի մշակույթն ու գենը վկա, մեր աստվածային բնությունն ու դրանց մասին պատմող կոմիտասյան մեղեդիները վկա…
♦♦♦
Գանձասարում պատարագին, որի ընթացքում երգեց մեր երգչախումբը, ներկա էին նաև կռված տղամարդիկ՝ հիսունն անց, թիկնեղ, ամուր, պատերազմ ու կյանք ապրած։ Հուզիչ էր տեսնել նրանց՝ հպարտ ու հզոր, գլուխները խորանի առաջ խոնարհած, ծնկաչոք «Տե՛ր, ողորմեա» ասելիս, աղոթքով ու հավատով լի հայացքները, հիացմունքով ու շնորհակալությամբ լի խոսքերը՝ մեզ ուղղված. «Ի՜նչ մեծ նվեր էր ձեր երգն ու ներկայությունը մեր այսօրվա պատարագին։ Երբ դուք երգեցիք, մենք հասկացանք, Աստված նշան է տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու…»:
Սիրելու, շա՜տ սիրելու Հայրենիք ունենք։ Պիտի՛ աճեցնենք մեր մեջ այն չափի սերը, որքան կբավականացնի այն պահելու, պահպանելու համար։
Երգով ու սիրով, գործով ու համառ նպատակասլացությամբ հասնե՛նք այն խաղաղությանը, որին արժանի կլինենք հայոց նվիրական հողի վրա, արժանապատիվ ու անկախ ապագայով…
ՄԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դաշնակահար
Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Բանակ և հասարակություն