ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ. ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ
Վազգեն Թևանյան. 21 տարեկան, 65 կգ քաշային կարգ: Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանիների 2015 թ. և երիտասարդների 2018 թ. Եվրոպայի չեմպիոն, 2018 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, 2020 թ. աշխարհի անհատական գավաթի առաջնության և 2021 թ. եվրոպական վարկանիշային մրցաշարի հաղթող: Մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան:
Տաղանդավոր ըմբիշի համար բեկումնային էին 2020-21 թվականները, երբ Վազգենը նախ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նվաճեց աշխարհի անհատական գավաթը, ապա 2021 թ. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դարձավ եվրոպական վարկանիշային մրցաշարի հաղթող: Այս մրցաշարը 21-ամյա ըմբիշի համար իրադարձային էր նախ մարզական առումով. տիրացավ օլիմպիական խաղերի ուղեգրին, և մեծագույն նվաճումը. կիսաեզրափակիչում Վազգենը նախ զգետնեց օլիմպիական չեմպիոն Խինջիկաշվիլուն, իսկ եզրափակչում աշխարհի եռակի չեմպիոն, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հաղթող Հաջի Ալիևին:
Վազգենը ծնվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում: Ըմբշամարտով զբաղվում է 10 տարեկանից:
-Վազգենի հայրը, շաբաթը հինգ անգամ, նրա ձեռքը բռնած բերում էր պարապմունքների: Առաջին իսկ պարապմունքներից հետո նրա մեջ նկատեցի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են ըմբիշին. բնատուր ուժ, աշխատասիրություն, համառություն, նպատակասլացություն… Տքնաջան մարզումների և այս որակների համադրմամբ Վազգենը նվաճեց բոլորիս համար բաղձալի օլիմպիական ուղեգիրը,- ասաց Վազգենի մարզիչը՝ Ռաֆիկ Գոլեցյանը:
– Ֆիզիկապես ուժեղ և տեխնիկապես գրագետ ըմբիշ է: Ուսումնական հավաքների ժամանակ ամեն ինչ անում ենք, որ մեր ըմբիշների մոտ անհրաժեշտ բոլոր որակները հնարավորինս հասցնենք բարձրագույն աստիճանի: Չեմ կասկածում. Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը ըստ արժանվույն կներկայացնեն մեր երկիրը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում,- վստահեցրեց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Հանդիպման ընթացքում խնդրեցինք մի երկու խոսք ասել նաև Վազգենին.
-Մեր թիմի նպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Մարզավիճակս լավ է: Մեր հավաքականը այս պահին Ծաղկաձորի սպորտային համալիրում է հավաքներ անցկացնում: Մարզումների համար հրաշալի պայմաններ են ստեղծված: Օրական 2-3 անգամ պարապմունքներ ենք անցկացնում: Մնացածը կախված է մեզանից: Կանեմ ամեն ինչ, որպեսզի ուրախության ու հպարտության պահեր պարգևեմ իմ ազգին, արդարացնեմ բոլորի հույսերը:
Վազգեն Թևանյանը մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին և 7-ին:
Հաղթանակ ենք մաղթում մեր օլիմպիականներին, քանզի այս օրերին մեր երկրին, մեր ժողովրդին օդ ու ջրի պես շատ են պետք հաղթանակներ: Հաղթանակներ ամեն բնագավառում:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Մարզաշխարհ