ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԱՄՆ–ի և Ռուսաստանի հարաբերություններն առանձին հարցերում այսօր ավելի վատ են, քան ԱՄՆ–ի և ԽՍՀՄ–ի հարաբերությունները 1962 թ. Կարիբյան ճգնաժամի ժամանակ:
Հունիսի 1-ին ռուսական «Կոմերսանտ» թերթին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը. «Համարում է կամ, համենայն դեպս, մինչև ինչ-որ պահ համարում էր, որ Ռուսաստանը մեռնող երկիր է, և նրա հետ կարելի է հաշվի չնստել», ուստի և արտաքին քաղաքականության ոլորտում «կատարել է մեծ թվով սխալներ»։
Ի պատասխան ՆԱՏՕ–ի գործողությունների՝ Ռուսաստանը մինչև 2021 թ. վերջ Արևմտյան ռազմական օկրուգում կստեղծի մոտ 20 նոր զորամիավորում և զորամաս, օկրուգին կմատակարարի ռազմական տեխնիկա և մոտ 2 հազար միավոր զենք:
Մայիսի 31-ին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, արևմտյան ռազմավարական ուղղության վրա ավելացրել է ռազմավարական ավիացիայի թռիչքների, զորավարժությունների և թևավոր հրթիռներով ռազմանավերի քանակը։
2021 թ. երկրորդ կեսին Ռուսաստանը Սև ծովում կանցկացնի 20 ռազմածովային լայնամասշտաբ զորավարժություն:
Հունիսի 1-ին հայտարարել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ
Սև ծովը Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության իսկական կաթսա է և Ռուսաստանի համար մեկնարկային հարթակ դեպի Հարավային Կովկաս, Բալկաններ, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Արևելյան Միջերկրածովյան շրջան:
Այս տեսակետն է արտահայտել Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, ներկայումս Ֆրանկֆուրտի Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ռազմավարական հետազոտությունների գծով փորձագետ, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը։
Թեպետ այսօր ամերիկյան խաղաթղթերն ավելի ուժեղ են, Չինաստանի դեմ ԱՄՆ–ի պատերազմը կլինի «համարյա հավասարների ճակատամարտ», իսկ առաջիկա տասնամյակում ԱՄՆ–ի և Չինաստանի միջև ուժերի տարբերությունը կկրճատվի՝ հասնելով նվազագույնի:
Ճապոնական «Nikkei Asian Review» անգլիալեզու շաբաթաթերթում այս տեսակետն է արտահայտել Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ԶՈՒ-ի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, «2034 թվական. Ասք երրորդ համաշխարհային պատերազմի մասին» գրքի հեղինակ, ամերիկացի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։
Հոդվածում նա փորձել է գնահատել ԱՄՆ-ի և Չինաստանի ուժերի հարաբերակցությունը։ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 733 մլրդ դոլար է, Չինաստանինը՝ 212.6 մլրդ դոլար։ ԱՄՆ-ը ունի 300 ռազմանավ, Չինաստանը՝ 350։ Չինաստանը հնարավոր ռազմաբեմին մոտ է լինելու, ԱՄՆ-ը՝ հեռու, և դա վերջինիս համար մատակարարման ու լրահամալրման խնդիրներ է հարուցելու։ Ռազմական տեխնիկայի (սուզանավեր, արբանյակներ, ԱԹՍ-ներ, արհեստական բանականություն, հիպերձայնային թևավոր հրթիռներ, կիբեռմիջոցներ և այլն) կատարելության հարցում ԱՄՆ-ը փոքր առավելություն ունի, բայց Չինաստանն արագորեն հասնում է նրան։
ԹՈՒՐՔԻԱ
Գնային առումով մատչելի թուրքական ԱԹՍ–ները փոխել են ուժերի ռազմավարական հավասարակշռությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև:
Հունիսի 4-ին գրել է ամերիկյան հեղինակավոր «The Wall Street Journal» օրաթերթը։ Հոդվածում նշվում է, որ համեմատաբար էժան թուրքական ԱԹՍ-ները Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են Ռուսաստանի դաշնակիցների «տանկերը, զրահատեխնիկան ու պաշտպանական համակարգերը»։ «Անօդաչուների հաջողությունն օգնեց Թուրքիայի նախագահ Էրդողանին մեծացնելու իր ազդեցությունը տարածաշրջանում»,- գրել է թերթը։
ԱԴՐԲԵՋԱՆ
44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևը Ղարաբաղի հարցում առնվազն երկու լուրջ սխալ է թույլ տվել. ա) արդեն 3 անգամ հրապարակավ վիրավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներին, բ) մերժել է էթնիկ փոքրամասնությունների իրավունքների մասին Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին համապատասխան ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և նույնիսկ ձևականորեն չի փորձել հայ փախստականներին վերադարձնել Շուշի և Հադրութ:
Մայիսի 27-ին «Eurasia Daily» ռուսաստանյան տեղեկատվական գործակալության «www.eadaily.com» կայքում գրել է պատմաբան (Թուրքմենստանի պետական համալսարան) Ալբերտ Հակոբյանը (Ուրումով)։
Առաջին սխալի հետևանքը. Ռուսաստանը կողմ է ՄԽ ձևաչափի պահպանմանը, որովհետև հակառակ դեպքում 2025 թ. մեն-մենակ կհայտնվի Բաքվի և Անկարայի դեմ՝ իր զորքերը և ազդեցության լծակները Ղարաբաղում պահելու հարցում։ Իսկ եթե ՄԽ-ն պահպանվի, և 5 տարի հետո Բաքուն պահանջի զորքերը հանել, ապա հենց ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, «որոնք գիտեն, թե ինչ ջերմաստիճանում պետք է մատուցել «վրեժ» կոչվող ուտեստը», հանդես կգան ավելի կարևոր նախաձեռնություններով, «ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում»։
Երկրորդ սխալի հետևանքը. մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խանգարում էր երկու հարց՝ 7 շրջանների և ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Այժմ երկու խոչընդոտն էլ վերացել են, և «մնացել է զուտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, որը կարող է լուծվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրչի մեկ հարվածով»։ Եվ եթե հակամարտության կողմերը չհաշտվեն, ապա ՄԽ-ն կարող է առաջարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, ինչպես Կոսովոյի դեպքում, երբ Արևմուտքն անհնար համարեց նրա գոյությունը Սերբիայի կազմում։
Այսպիսով՝ «Լեռնային Ղարաբաղի պարտությունը 44-օրյա պատերազմում… որոշակիորեն մեծացրել է նրա անկախության ճանաչման հնարավորությունը»։
Մայիսի 12-ին պետական սահմանին տեղի ունեցած միջադեպը կարող է լինել ցուցիչ՝ հասկանալու համար, թե ինչպիսին էին ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Բաքու կատարած այցի արդյունքները:
Մայիսի 13-ին «Eadayli.com» կայքին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, Քաղաքական վերլուծության կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մայիսի 12-ին Սյունիքում տեղի ունեցած սահմանային միջադեպն ինչ-որ «մեսիջ» էր ռուսական կողմին։ Նույն կայքի հարցին, թե կարո՞ղ է ներկայիս լարվածությունը հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման, ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն մայիսի 15-ին ասել է. «Ոչ մի կերպ չի կարող։ Այս պահին ոչ ոք շահագրգռված չէ մեր տարածաշրջանում նոր հակամարտության առաջացմամբ»։
«Զանգեզուրի միջանցքն այսօր տարածաշրջանի ռազմավարական առումով ամենակարևոր տարածքն է ապագայի տնտեսական հեռանկարի տեսանկյունից։ Այդ միջանցքի բացումը Հայաստանի համար ստեղծում է վիթխարի հնարավորություններ։ Այդ միջանցքով հետաքրքրված են այնպիսի խոշոր դերակատարներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը, Եվրամիությունը, որովհետև բեռների հիմնական հոսքն ապահովվելու է այդ երկրների արտադրանքով, և դրա նկատմամբ վերահսկողության համար սպասվում է աշխարհաքաղաքական դաժան մրցակցություն»,- ապրիլի 30-ին նույն կայքին ասել է բաքվեցի քաղաքական մեկնաբան Էմիլ Մուստաֆաևը։
Հունիսի 3-ին թուրքական «TRT» հեռուստաալիքի եթերում «անզգուշաբար» հրապարակվել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ԶՈՒ կորուստների իրական թիվը՝ ոչ թե պաշտոնապես հայտարարված 2900, այլ՝ 6000 զոհ:
Հեռուստաալիքը ներկայացրել էր ռեպորտաժ, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկում նվերներ 44-օրյա պատերազմում զոհված շեհիդների երեխաների համար, և նշված էր, որ նվերներ կստանան 6 հազար ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներ։
ԻՐԱՆ
Իրանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ծավալը վերջին 5 տարում ավելացել է 10 անգամ:
Հունիսի 2-ին հայտարարել է Իրանի ԶՈՒ գերագույն շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բագերին։ Նա հավելել է, որ՝ «Այսօր Պաղեստինի ժողովուրդը սիոնիստական վարչակարգի հրեշավոր հանցագործություններին պատասխանում է ոչ թե քարերով, այլ՝ փամփուշտներով ու հրթիռներով»։ Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ռուսաստանյան «Russia Today» տեղեկատվական գործակալությանը հայտնել էր, որ պաղեստինցիների «խփիր ու փախիր» մարտավարության դարաշրջանն ավարտվել է, և «ձևավորվել է նոր՝ ավելի հզոր Պաղեստին, որն օրեցօր ավելի է հզորանում»։
ՎՐԱՍՏԱՆ
Թուրքիայի համար շատ կարևոր է եռակողմ համագործակցությունը Ադրբեջանի հետ, մենք աջակցում ենք ցանկացած այդպիսի համագործակցության, լինի Վրաստան–Ադրբեջան–Հայաստան, թե Վրաստան–Ադրբեջան–Թուրքիա:
Հունիսի 1-ին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս պատմության մեջ առաջին անգամ պետական այց էր կատարել Թուրքիա։ Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել էր, որ «սա շատ կարևոր այց է», որի ժամանակ քննարկվելու են Թուրքիայի հետ համատեղ իրականացվող և «ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի արդյունավետությունը» և դրանց «համատեղելիությունը իրավիճակի հետ»՝ «պայմանավորված նոր աշխարհաքաղաքական իրողությամբ»։
Բանն այն է, որ՝ «Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո հնարավոր է դառնում Ադրբեջանից դեպի Թուրքիա հաղորդակցությունների միջանցք ստեղծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքով, ինչը վերացնում է Վրաստանի՝ որպես տարանցիկ պետության աշխարհաքաղաքական նշանակությունը»,- հունիսի 2-ին «www.regnum.ru» կայքում նշել է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Բացի այդ, մեծանում է ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի վրա, «ինչին վերջինս ակնհայտորեն պատրաստ չէր»։
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Ռազմաքաղաքական