Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵՄ ԻՋՆԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ



ՉԵՄ ԻՋՆԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑԶոհվածի հարազատներին հանդիպելիս, Հայրենիքը պաշտպանած և զոհված քաջորդու կյանքի պատմությունը նրա մերձավորներից լսելուց առաջ, ես միշտ նայում եմ զինվորի լուսանկարները: Ի՞նչ է ինձ պատմում սովորական լուսանկարը, ի՞նչ հույզեր են  փոխանցում լուսանկարից նայող դեմքի գծերը, հայացքն ու աչքերը, չգիտեմ, բայց լուսանկարը իմ առաջին հանդիպումը, ծանոթությունն է նրա հետ, ում կերպարի գույները ընտրելիս առաջին հերթին պիտի ճգնեմ հավատարիմ մնալ իրականությանը: …Կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը շատ բարձրահասակ է, իմ նայելով՝ երկու մետր կլինի, որովհետև կողքի բոլոր մարդիկ հազիվ ուսերին են հասնում: Դեմքով մորն է նման, տարբերությունն այն է, որ որդու հայացքում մի ընդգծված վճռականություն կա, ինչ-որ խոհ, ներամփոփ ու անհաղորդ մի շեշտ: Շուտով մայրը՝ Ելիզավետան, կսկսի պատմել որդու մասին: Ու գուցե ես հասկանամ, թե ինչ ակունք ունի 19-ամյա տղայի հայացքի կարծրությունը: Գուցե մոր բառերը, անցյալի պատկերներն ու դրվագները կարողանան վերցնել աներևույթ շղարշը, ու նկարը կենդանանա, լցվի գույներով, հույզերով, ապրումներով, թրթիռներով….

-Իմ տղան շատ խելացի էր, աշխույժ, ընդունակ դեռ վաղ մանկուց,- ասում է Ելիզավետան։- Անընդհատ հարցեր էր տալիս, անընդհատ ինչ-որ բան էր սովորում: Դպրոց գնաց 5 տարեկանում, համադասարանցիներից 2 տարով փոքր էր, բայց բացարձակ գերազանցիկ էր: Արմենիս հետաքրքրությունները շատ-շատ էին: Նա ֆուտբոլ է պարապել, զբաղվել է հրաձգությամբ, բազկամարտով, հրաշալի նկարում էր, նույնիսկ մրցանակ է շահել, անհագ գեղարվեստական գրականություն էր կարդում, վաղ դպրոցական տարիքից թատրոնի, բալետի, օպերայի հանդիսատես էր…

-Ո՞րն է Արմենի կարդացած վերջին գիրքը,- չհասկացա՝ ինչո՞ւ հարցրի, ի՞նչ է տալու ինձ այդ հարցի պատասխանը:

-Վոյնիչի «Բոռը», բանակում էր կարդացել: Նույնիսկ վեպի ավարտը վերընթերցել էր…

Երբ ես Արմենի տարիքին էի, իմ ամենասիրելի գիրքը Վոյնիչի «Բոռն» էր՝ ճակատագրի հարվածներից չընկրկող, չճկվող, միշտ կանգուն Արթուրի կերպարը:

-Արմենը ուզում էր ուժեղ լինել: Առհասարակ, նա ջանում էր անթերի անել ամեն ինչ:

-Ինչո՞ւ,- ինչ-որ կիսատ բան կա այս պատումի մեջ, որ հայրենիքի ազատության համար քաջաբար ընկած քաջի կերպարը դարձնում է անորսալի..

-Ինչո՞ւ,- կրկնում է մայրը: Նա ռուսերենի ուսուցչուհի է ու հայերեն բառերը դժվարությամբ է ընտրում,- Արմենս մտածում էր, որ մարդ բարձր պիտի լինի. մեծ գործեր անի, հեռու լինի ցածր բաներից…Նա լավ ընկեր էր, լավ որդի, լավ աշակերտ, լավ եղբայր…Լավ զինվոր: Եվ ամենակարևորը՝ ջանում էր, որ կողքիններն էլ լավը լինեն: Պատասխանատվություն էր վերցնում ուրիշների համար, ասես՝ ինչ-որ մեկը իրեն առաջնորդ էր կարգել կամ ղեկավար:

-Ինչո՞ւ…

ՉԵՄ ԻՋՆԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ– Ես կարծում եմ՝ իրեն դուր էր գալիս ամենահասի, օգնողի, ուրիշների խնդիրները լուծողի կերպարը: Քննությունից որքան էլ շուտ դուրս գար, վերջինն էր հեռանում շենքից, մինչև հնարավորինս չօգներ բոլորին ու չիմանար բոլորի գնահատականները: Նա միշտ ինքնակամ ինչ-որ պարտավորություններ էր ստանձնում:

Մայրը պատմում է, իսկ ես նորից եմ նայում Արմեն Առուստամյանի լուսանկարները, ու դեմքի ընդգծված շեշտերը՝ ամուր սեղմած շուրթերը, մտածկոտ աչքերն ու վճռական հայացքը, այլևս առեղծվածային չեն թվում։

-Բոլորը սիրում էին Արմենին:

-Ինչո՞ւ…

Ելիզավետան մեղմ ժպտում է. երրորդ անգամ եմ հարցնում՝ ինչո՞ւ, ու վերջին կես ժամում ոչ մի այլ բառ չեմ արտաբերել:

-Արմենիս սիրում էին, որովհետև կարեկից մարդ էր, արդարամիտ էր, ազնիվ էր, հավատարիմ ու պարզ: Բանակում նրան հետախուզական ջոկ վստահեցին: Յուրաքանչյուր հանձնարարություն նա կատարում էր գերազանց, մի բան էլ ավելի, քան սպասում էին իրենից: Եթե ողջ մնար, մեծ գործեր կաներ հայրենիքի համար, նա Հայաստանի ամենալավ քաղաքացիներից մեկը կլիներ…

Ես հանկարծ հիշում եմ, որ Արմենը սկաուտ է եղել: Կենսագրության մեջ էր գրված:

-Արմենին դուր էր գալիս սկաուտների վարքականոնը: Նրա պատվի ու արժանապատվության զգացումը, մարդկային չափանիշները շատ բարձր էին: Այն, ինչ մենք անվանում ենք բարություն, սխրանք, համարձակություն, ազնվություն, Արմենի համար սովորական բան էին…

-Իսկ ի՞նչն էր անսովոր:

-Դուք ճանաչո՞ւմ եք հրամանատար Ժորա Պետրոսյանին:

-Չեմ ճանաչում:

-Նա ավելի լավ կպատմեր, որովհետև միշտ որդուս հետ է եղել: Տղաս մինչև նոյեմբերի 7-ը ամբողջ պատերազմի ընթացքում ամեն օր զանգում էր մեզ ու ասում, որ ինքը անվտանգ վայրում է, ու ամեն ինչ հրաշալի է: Այնպես էր խոսում իր առօրյայի մասին, ասես՝ հանգստյան տուն էր գնացել: Ասում էր՝ մա՛մ, այ, հենց հիմա նուռ ու մեղր եմ ուտում: Ես հետո իմացա, թե որոնք են հետախուզական ջոկի հրամանատարի պարտականությունները ծառայության ժամանակ, և ինչո՞վ է զբաղված եղել տղաս պատերազմի ընթացքում՝ 43 օր…

Ժորա Պետրոսյանը պատմում է, որ Արմենը պատերազմի դաշտում մի փչացած ՊԿ է տեսել, ասել է ՝ հրամանատա՛ր, թույլ տվեք՝ սարքեմ զենքը: Հրամանատարը զարմացել է՝ ո՞նց ես սարքելու, համ էլ՝ ինչի՞դ է պետք ՊԿ-ն: Արմենս սարքել է զենքը: Գիտեք՝ նա միշտ էլ հետաքրքրվել է զինատեսակներով, հնարավոր է, որ կարդալով է ստացել այդ գիտելիքները: Այդ օրվա ճակատամարտում մեր տղաները շրջափակման մեջ են ընկել, Արմենս կրակել է ՊԿ-ով, մեծ վնասներ է պատճառել թշնամուն ու ընկերներին դուրս է բերել շրջափակումից:

Մեկ ուրիշ անգամ, երբ հետընթացի հրաման են տվել, ասել է՝ մենք էս դիրքը արդեն վերցրել ենք, ես էս բարձունքից չեմ իջնի…Առհասարակ, նա սիրում էր բարձունքին լինել ու երբեք չիջնել բարձունքից:

-Բարձունքի՞ն զոհվեց:

-Երբ թշնամին սկսել է ականանետով խփել, տղաները մտել են խրամատները: Հրամանատար Ժորա Պետրոսյանը ասում է՝ չհասկացա, թե Արմենը ինչպե՞ս, ինչո՞ւ դուրս եկավ խրամատից: Ամենայն հավանակությամբ, գնացել էր օգնելու խոցված ընկերոջը, որը չէր հասցրել մտնել խրամատ: Արմենը խփվել է դրսում: Հաջորդ օրը պատերազմն ավարտվեց…

Երբ ես ասում եմ՝ եթե Արմենը խրամատից դուրս չգար, հիմա ողջ կլիներ, կրտսեր տղաս պատասխանում է.

-Մա՛մ, հիշի՛ր Արմենին, ու ինքդ քեզ հարց տուր՝ նա կարո՞ղ էր ողջ վերադառնալ այս պատերազմից: Ու ես հասկանում եմ, որ չէր կարող:

…Անկախ իմ կամքից, զանազան պատմություններ, հազար ու մի պատճառ գալիս են ու պնդում, որ պատերազմի դաշտում թշնամու գնդակը գտնում է ամենալավերին: Ես տասնյակ քաջերի մասին եմ գրել. գրեթե բոլորը իրենց դպրոցի, գյուղի, քաղաքի, բուհի ամենավառ կերպարներն են եղել՝ արտառոց ունակություններով, արտառոց առաքինություններով, արտառոց հմայքով….Ազգի սերուցքը, երիտասարդության սերուցքը:

-Չգիտեմ՝ ո՞նց եք շարունակելու ապրել,- մտածում էի՝ բարձր ստացվեց:

-Կրտսեր տղաս՝ Նորիկս, ասում է՝ ուզենք, թե չուզենք, կարողանանք, թե չկարողանանք՝ նաև նրանց փոխարեն ենք ապրելու, ովքեր չհասցրին ավարտին հասցնել իրենց գործը: Որքան էլ դժվար լինի, ինչ գնով էլ լինի՝ ելնելու ենք այն բարձունքը, որտեղից նրանք չիջան երբեք…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Ճակատագրեր


10/06/2021