Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԴ՝ ԿՅԱՆՔԻՍ ՀԱՄԱՐ…



ԿՅԱՆՔԴ՝ ԿՅԱՆՔԻՍ ՀԱՄԱՐ...«Կյանքդ՝ կյանքիս համար, կյանքս՝ կյանքիդ գնով». այս խորագիրն էր կրում Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի հերոսների հիշատակին: Դպրոցի հինգ սան՝  ժամկետային զինծառայողներ Տիգրան Աբազյանը, Արտավազդ Ասատրյանը, Համլետ Բադալյանը, Արամ Թորոսյանը և  Էդգար Մհերյանը անմահացան 44-օրյա պատերազմում:

Դպրոցի սաներն  ու ուսուցիչները ներկայացրին  հերոս   տղաների անցած մարտական ուղին, նրանց սխրանքներն ու մարդկային նկարագիրը։  Կռվի օրերին տղաները քաջաբար կռվել են, չեն լքել մարտական դիրքերն  ու  կյանքը չեն խնայել Հայրենիքի համար: Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի խոսքով՝ անմահացած հայորդիները, մերօրյա հերոսները լուսավոր երիտասարդներ էին, բանիմաց, խելացի ու նվիրյալ տղաներ, որոնց մեծ ապագա էր սպասում: Բայց բոլորն էլ երկրի ազնիվ, վեհանձն ու նվիրյալ քաղաքացիներն էին: Ես հպարտ եմ, որ այս դպրոցը նրանց պես սաներ է ունեցել: Տղաներն իրենց հերոսական արարքով հավերժ կմնան մեր բոլորի սրտերում»,- ասաց տնօրենը:

ԿՅԱՆՔԴ՝ ԿՅԱՆՔԻՍ ՀԱՄԱՐ...Ժասմենա Արիստակեսյանը նաև դպրոցի անունից հերոսածին մայրերին   երախտիքի իր խոսքը հղեց ու շնորհակալագրեր հանձնեց՝ որդիների սխրանքների համար:

Միջոցառմանը Տերունական աղոթքով հերոսների հիշատակը ոգեկոչեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Դպրոցի  հինգ դասարաններ էլ անվանակոչվել են Տիգրանի, Արտավազդի, Համլետի, Արամի և Էդգարի անուններով: Այսուհետև մատաղ սերունդը հենց մեր ժամանակների հերոսների օրինակով է կրթվելու, դաստիարակվելու ու հայրենասիրական ոգի առնելու:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


10/06/2021