Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆ-60



ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆ-60Ծնվել է 1961 թ. մայիսի 27-ին, Էջմիածնի շրջանի Արագած գյուղում: Ավարտել է մանկավարժական համալսարանի պատմաիրավաբանական բաժինը:

Մենուա, Արգիշտի, Լուսինե, Նռանե. զավակների անուններն իսկ խոսում են Հերոսի մասին:

…1989 թ. Մեխակ Մեխակյանը մեկնում է Արցախ եւ մասնակցում ինքնապաշտպանական մարտերին:

1990 թ. ամռանը Մեխակն իր ջոկատով մասնակցում է Հաթերքի պաշտպանությանը՝ կանխելով հակառակորդի ծրագրերը: Ավելի ուշ ջոկատը մասնակցում է Հադրութի գյուղերի ազատագրմանը: Այնուհետեւ Մեխակին վստահվում է Ակնաղբյուրի վրա իշխող Խրմնջուկի բարձունքի պաշտպանությունը:

♦♦♦

1992 թ. մայիսի կեսերին թշնամին պարտություն կրելով Շուշիում եւ Լաչինում՝ փորձում է պատասխան հակահարձակման անցնել Էդիլուի ենթաշրջանի ուղղությամբ: Սակայն հանդիպելով համառ դիմադրության՝ նահանջում է: Այդ մարտերի ժամանակ Մեխակը ոտքից ծանր վիրավորվում է:

Հազիվ ապաքինված՝ վերադառնում է եւ գործուն մասնակցություն ցուցաբերում Ֆիզուլիի թշնամական կրակակետերի ոչնչացմանը:

Մեխակի մտահղացմամբ, ջոկատը փոքրաքանակ զինվորներով շրջանցում է հակառակորդի դիրքերը, ամրանում նրանց թիկունքում, և առավոտյան երկկողմանի խաչաձև կրակի տակ ընկած հակառակորդը խուճապահար փախչում է՝ բացելով Ֆիզուլի տանող ճանապարհը: Այս եղանակը Մեխակը կիրառում է նաև 1994 թ. գարնանը՝ Թալիշ-Մատաղիս գործողության ժամանակ:

1994 թ. ապրիլի 9-ի գիշերը Մեխակ Մեխակյանը իր 60 հոգանոց գրոհային խմբով թիկունքից հարձակվում և վնասազերծում է Արեգասարի ռազմական հենակետը, խուճապի մատնում Մատաղիսի մոտ տեղակայված հակառակորդին և նպաստում Մատաղիսի ու Թալիշի ազատագրմանը:

…Մայիսյան անձրևոտ գիշերներից մեկը լուսացավ առանց Մեխակի… Նրա կյանքն ընդհատվեց 1994 թ. մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆ-60Պատմության մեջ մնաց ամրագրված մի փաստ. եթե չլիներ Մեխակ Մեխակյանի հաստատակամությունն ու նվիրումը, թերևս հնարավոր չլիներ պահել Թալիշի բարձունքից մինչև Մարտակերտի դաշտային հատվածը ձգվող լեռնաշղթան, իսկ եթե այն գրավվեր, ապա ութ օր հետո կա՛մ զինադադար չէր հաստատվի, կա՛մ էլ կհաստատվեր Արցախի հյուսիսային սահմաններից ներս խորացած ռազմաճակատի բոլորովին այլ գծով:

Մեխակ Մեխակյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Փոխգնդապետ Մեխակ Վալենտինի Մեխակյանը հետմահու պարգեւատրվել է նաեւ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

♦♦♦

Կործանող նիրհից ազգը արթնացավ,

Բողոքեց ըմբոստ ու ոտքի ելավ

Ընդդեմ ոսոխի, որ նենգ, տմարդի

Փորձում էր կուլ տալ փոքրիկ կտորը

Հայոց աշխարհի:

Արդարություն էր հայը պահանջում,

Արցախն էր կանչում….

Սերտել էր էջերն հայոց պատմության,

Մեխակը գիտեր ցավը իր ազգի,

Կորուսյալ Էրգրի կարոտը սրտում

Կարծես լսում էր կանչը մայր հողի:

Նա զենք վերցրեց ու ոգով արի

Մտավ շարքերը կամավորների,

Նոր էջ գրելու հայոց պատմության,

Փառավոր մի էջ, որ նախաբանն էր

Մեր նոր զարթոնքի ու վերածնման:

Առաջին մարտեր… Շատ էր թշնամին,

Սակայն չերկնչեց անվախ հայորդին,

Դյուցազնի նման նա նետվեց մարտի,

Որ թուրք-ազերի հորդան բարբարոս

Հարազատ ու սուրբ հողը չպղծի:

Հերոսամարտեր… Հադրութ, Ֆիզուլի,

Հաթերքի կռվում ոգին էր մարտի,

Ղեկավարելով Երկրապահներին՝

Մատաղիս մտավ դափնով հաղթողի:

Բայց հաղթանակը հեշտ չէր նվաճվում,

Տառապանք ու վիշտ, զրկանքներ բազում,

Ընկերոջ կորուստ, վերքեր ու արյուն…

Դիմացավ, տարավ ամեն փորձություն

Քանզի իր գործը նպատակ ուներ,

Չէ՞ որ Արցախից պիտ սկիզբ առներ

Հզոր պայթյունը Հայկյան էթնոսի,

Ու ալիք տալով պետք է ընդգրկեր

Մի ողջ լեռնաստան….

Մարտակերտ…Վերջին մարտերն էին մղվում,

Անհամբեր էր նա, հանգիստ չէր գտնում,

Ուս ուսի տված հայ մարտիկներին`

Առաջին շարքում

Մեծ հաղթանակի, պայծառ գալիքի

Օրն էր մոտեցնում…

Կարծես հավերժի ու անմահության

Ուղին էր փնտրում….

Գարուն էր…Մայիս…Արտույտն էր երգում,

Ծաղկունք էր բուրում ազատ սարերում,

Այդքան երազած խաղաղությանը

Օրեր էին մնում,

Հերոսի հոգում ինչքա՛ն նոր հույսեր,

Ինչքա՛ն երազներ, մտքեր էին ծնվում…

Դավադիր ական….

Դու չկանգնեցրիր ընթացքը քաջի,

Այլ նոր թափ տվիր…

Ու նրա արյամբ ողողված հողից

Նորից կծնվեն բազում Մեխակներ`

Շարունակելու գործը հայ քաջի….

Անձնազոհության օրինակ տվիր,

Հայ Հավերժ Ոգու մասնիկը դարձար`

Ոգեշնչելու մեր պայքարն արդար,

Որ հզորացնենք երկիրն հայկական,

Ու միավորենք օրրանն հայության`

Միշտ վառ պահելով անունդ լուսե

Աննկուն զինվոր-մտավորական` Մեխակ Մեխակյան:

ՄԿՐՏԻՉ ՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Ճակատագրեր


10/06/2021