ՍՊԱՍՈՒՄ
-Այդ օրերին ամուսնուն, հարազատին պատերազմ ուղարկած ամեն մի հայ կին ինձ լավ կհասկանա, կզգա իմ ապրածը,- պատմում է Հովսեփ Տերտերյանի (կոմբատ Հոսոյի) կինը՝ տիկին Մարիամը։ -Որոշ ժամանակ անց, երբ արդեն Գարիկն էլ միացավ հորը, ես ծանր ապրումներից անկողին ընկա։ Փառք Աստծո, անցան այդ օրերը։
-Այն օրերին մայրիկի հետ ամեն օր հայրիկիս ու իր ընկերների համար Էջմիածնի վանքերից մեկում մոմ էինք վառում, աղոթում,- պատմում է Հովսեփի Սիրանույշ աղջիկը։ -Այդ օրերին կարոտ էի զգում, աննկարագրելի կարոտ, իսկ հիմա անչափ հպարտ եմ։ Մի օր էլ, երբ հորեղբայրս ներս մտավ՝ ձեռքին հայրիկիս զենքը, մենք ուրախությունից ճչացինք. «Հայրիկը եկավ, հայրիկը վերադարձել է, որովհետեւ ամեն անգամ, երբ հայրիկը վերադառնում էր ռազմի դաշտից, առաջինը այցելում էր տատիկիս, ու հորեղբայրս էլ, որպես աչքալուսանք զենքը վերցնելով` բացում էր մեր դուռը»։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Գծանկարը՝ ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ (Նիկօ)