Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՔ ՔԵԶ ՄԻԱՅՆԱԿ ԶԳՈ՞ՒՄ ԵՍ



Թեստը մշակվել է Իովայի սոցիալական և վարքային հետազոտման ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Դ.Ռասելի կողմից: Իր մասնագիտական բեղուն գործունեության մեջ նա բազմաթիվ հետազոտություններ է կատարել` կապված միայնության և հասարակական օժանդակության տարբեր ոլորտների հետ: Միայնության ներքո հիշյալ թեստի համահեղինակն է հոգեբանական գիտությունների դոկտոր Մ.Ֆերգյուսոնը: Թեստը, որպես հուսալի և վալիդ մեթոդիկա, ներառված է նրանց համատեղ «Միայնություն. նկարագիրը և գնահատումը» և «Միայնության չափի զարգացումը» հոդվածներում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

Ձեզ տրված է 20 համոզմունք, պահանջվում է ուշադիր կարդալ և գնահատել դրանցից յուրաքանչյուրը` հաշվի առնելով, թե որքան հաճախ է տվյալ համոզմունքն առաջանում Ձեր կյանքում: Յուրաքանչյուրի դեպքում ընտրում եք հետևյալ տարբերակներից որևէ մեկը` «հաճախ», «երբեմն», «հազվադեպ», «երբեք»:

1. Ես երջանիկ չեմ, քանի որ այդ ամենը միայնակ եմ անում:

2. Չկա մեկը, ում հետ կարելի է պարզապես զրուցել:

3. Ինձ համար անտանելի է լինել այդքան միայնակ:

4. Ես շփման կարիք ունեմ:

5. Ես զգում եմ, որ ոչ ոք ինձ իրականում չի հասկանում:

6. Ես լինում եմ սպասման վիճակում՝ ակնկալելով, որ մարդիկ ինձ կգրեն կամ կզանգեն:

7. Չկա մեկը, ում կարող եմ դիմել:

8. Հիմա ես արդեն ոչ ոքի հետ մտերիմ չեմ:

9. Այն մարդիկ, ովքեր ինձ շրջապատում են, իմ հետաքրքրություններն ու գաղափարները չեն կիսում:

10. Ինձ լքված եմ զգում:

11. Ես չեմ կարողանում շփվել նրանց հետ, ովքեր ինձ շրջապատում են:

12. Ես ինձ բացարձակ միայնակ եմ զգում:

13. Իմ սոցիալական կապերը և հարաբերությունները շատ մակերեսային են:

14. Մեծ է ընկերախմբի նկատմամբ կարոտը:

15. Իրականում ոչ ոք ինձ ինչպես հարկն է չի ճանաչում:

16. Ես ինձ մեկուսացված եմ զգում այլոցից:

17. Ես դժբախտ եմ, քանի որ այդքան մերժյալ եմ:

18. Դժվար եմ ընկերներ ձեռք բերում:

19. Ես ինձ զգում եմ այլ անձանց կողմից ընկերական հարաբերություններից դուրս մղված և մեկուսացված:

20. Մարդիկ իմ շուրջն են, բայց ինձ հետ չեն:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

1. Այն հարցերը, որոնց պատասխանել եք «երբեք»,

0 միավոր են ստանում

2. Հաշվեք «հաճախ» պատասխանների թիվը և այն

բազմապատկեք 3-ով,

«երբեմն» պատասխանների թիվը` 2-ով,

«հազվադեպ» պատասխանների թիվը` 1-ով:

3. Գումարեք ստացված արդյունքները

0-20 միավոր – միայնության ցածր աստիճան` շատ հազվադեպ եք միայնակ զգում, նախընտրում եք ընկերությունը և առհասարակ շփումները շրջապատի հետ: Դուք արժևորում եք այն դրականը, որ ստանում եք այլոցից և փորձում եք նույն կերպ պատասխանել նրանց: Սա գնահատվում է որպես իրական առավելություն, ինչի համար կարելի է Ձեզ շնորհավորել:

20-40 միավոր – միայնության միջին աստիճան` սա այն նորման է, որը բնորոշ է մարդկանց մեծամասնությանը: Ձեր կյանքի ընթացքում հանդիպում են այնպիսի փուլեր, երբ Դուք Ձեզ միայնակ եք զգում, բայց սա Ձեզ համար կործանարար չէ, քանի որ փորձում եք նմանատիպ իրավիճակներում Ձեզ համարժեք դրսևորել և Ձեզ համար ճիշտ որոշման հանգել:

40-60 միավոր – միայնության բարձր աստիճան` Դուք ձեզ զգում եք միայնակ և մեկուսացված: Այս դեպքում խորհուրդ է տրվում նախ հասկանալ պատճառը` ինչո՞ւ: Մտածեք և գտեք նաև այն դրականը, որ կա Ձեր միայնության մեջ. չէ՞ որ այս աշխարհում ոչինչ միանշանակ վատ լինել չի կարող: Այն բանից հետո, երբ Դուք կգիտակցեք, թե ինչն է ընկած Ձեր միայնության հիմքում, և ինչ առավելություններ ու թերություններ ունի այն, փնտրեք հնարավոր ելքը, ինչը նշանակում է փոխհարաբերությունների կամ մտերմության և ընկերության ամրացում, ինչո՞ւ չէ` նաև ստեղծում: Իսկ եթե, այնուամենայնիվ, Դուք գերադասում եք Ձեր միայնությունը, ուրեմն այն, համենայն դեպս կյանքի ներկայիս փուլում, Ձեզ չի խոչընդոտում:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ռազմական


07/12/2011