Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԵԿՈՒԹԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»



Չինացի փորձագետներից շատերը հոգեբանական օպերացիաների վարման ոլորտում շեշտը դնում են մարդու արժեհամակարգի վրա, հենց որի վրա էլ հիմնված են մարդու գործողությունների շարժառիթները: Նրանց կարծիքով` հոգեբանական պատերազմի առավել կարևոր ռազմավարական նպատակներին կարելի է հասնել հակառակորդի գաղափարախոսական համակարգի քայքայման միջոցով` խարխլելով արժեքների այն համակարգը, որը որդեգրել է տվյալ ժողովուրդը: Օրինակ` գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, այլ գործոնների հետ մեկտեղ, կարևոր դեր խաղացին նաև «սառը պատերազմի» շրջանում ԱՄՆ-ի կողմից տեղեկութահոգեբանական ոլորտում իրականացված նպատակային գործողությունները, որոնք նախատեսված էին դեռ 1945 թ. Ա. Դալեսի կողմից մշակված ծրագրով:

Այդ իսկ պատճառով Չինաստանում հոգեբանական օպերացիաների ոլորտում կատարվող գիտական հետազոտությունների մեծ մասը վերաբերում է պետության տեղեկութահոգևոր անվտանգության ապահովմանը, ինչը Չինաստանում պետական անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկն է:

ՈՒշագրավ է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է լուրջ քայլեր` ուղղված տեղեկութահոգեբանական ոլորտում պետության շահերի պաշտպանության արդյունավետ ռազմավարության մշակմանը: Նա համարում է, որ այդ ռազմավարությունը պետք է նպաստի Չինաստանի քաղաքացիների գիտակցության արդյունավետ տեղեկութահոգեբանական պաշտպանությանը, ինչը պետք է հիմնվի Չինաստանի ամբողջ բնակչության «իմունացման» վրա:

Այդ գործընթացը ենթադրում է, մի կողմից, արտաքին աշխարհից փոխառված գաղափարների հետ հաղորդակցման արգելքի վերացում, և, մյուս կողմից, այդ գաղափարների սխալականության ու վտանգավորության պարզաբանում: Հոգեբանական օպերացիաների վարման ոլորտում մասնագետներն առաջարկում են հենց այդպես ձևավորել ՉԺՀ բնակչության «իմունիտետը»:

Իսկ դա նշանակում է տեղեկատվական դաշտի խստագույնս վերահսկում հոգեբանական օպերացիաների տեսանկյունից, ինչն էլ իր հերթին ենթադրում է հոգեբանական պատերազմի վարման ռազմավարության մշակում և համապատասխան կառույցների առկայություն:

Օրինակ` Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի համար պատերազմի վարման ժամանակակից հայեցակարգերի շրջանակներում որոշված են հոգեբանական օպերացիաների ռազմավարության հետևյալ հիմնական ուղղությունները.

– զորքերի ու կառավարման մարմինների ուսուցման ընդհանուր ծրագրի շրջանակներում հարձակողական և պաշտպանական բնույթի հոգեբանական օպերացիաների վարման համար անհրաժեշտ գիտելիքների սերմանում,

– հոգեբանական օպերացիաների վարման համար անհրաժեշտ ուժերի ու միջոցների լիարժեք լրակազմի ծավալում,

– տեղեկութահոգեբանական ներգործության ոլորտում գիտական հետազոտությունների համապատասխան համակարգի ստեղծում,

– հոգեբանական օպերացիաներ իրականացնող մարմնի ներուժի զարգացում, այդ ոլորտի մասնագետների պատրաստման որակի բարձրացում:

Խիստ կարևոր ենք համարում շեշտել այն հանգամանքը, որ զորքերի կենսագործունեության կարևոր խնդիրներից մեկն է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պատշաճ մակարդակի ապահովումը: Գործնականում բոլոր ժամանակակից բանակներում կարևորում են ԶՈՒ-ի անձնակազմի բարձր մակարդակի բարոյական ու հոգեբանական պատրաստության և ազգային շահերը պաշտպանելու նրանց պատրաստակամության դերը: Հնարավոր չէ հասնել հաջողությունների առանց բոլոր կատեգորիաների զինծառայողների համապատասխան տրամադրվածության, առանց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու նրանց հոգեբանական պատրաստության: Մարդու հոգևոր- բարոյական արժեքների, անձնային դիրքորոշման, սոցիալական ինքնազգացողության գերակայության հաստատումը ցանկացած սոցիալական, այդ թվում նաև զինվորական, գործունեության հաջողության որոշիչ պայմանն է: Որպես հայրենիքի, ազգի նկատմամբ վերաբերմունքի դրսևորման օրինակ կարելի է ներկայացնել 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ երկու ազգերի ներկայացուցիչների վարքը:

Ամբողջ ճապոնական ժողովուրդը գիտակցում էր Ռուսաստանի հետ պատերազմի անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր ճապոնացու հոգեհարազատ էր այն գաղափարը, որ երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հետագա զարգացման համար հարկավոր են նոր հողեր, և դրանք կարելի է ձեռք բերել միայն նվաճումների միջոցով: Նման մտածելակերպի, գաղափարական մղումների, հետևաբար և վարքի հիմքերը ճապոնացիների մեջ կերտվել էին վաղուց, ինչի վկայությունն է, մասնավորապես, հետևյալ փաստը. երբ 1895 թ. եվրոպական տերությունների միջամտությունը Ճապոնիային ստիպեց հրաժարվելու Չինաստանի նկատմամբ իր տարած հաղթանակի գլխավոր նվաճումից` Պորտ-Արթուրից, քառասուներեք ճապոնացի սպաներ, հայտարարելով, որ ի վիճակի չեն համակերպվելու իրենց հայրենիքի ստորացման փաստի հետ, ինքնասպան եղան: Բուն պատերազմի ժամանակ ժողովրդի ջերմ համակրանքը մշտապես ուղեկցում էր ճապոնական բանակին: Նրա ամեն մի հաջողություն առաջ էր բերում հրճվանքի պոռթկում, իսկ ամեն մի անհաջողություն սուր ցավ էր առաջացնում ամբողջ երկրում: Պատերազմի նկատմամբ այս վերաբերմունքն էլ հենց ճապոնական հաղթանակների բանալին էր: Դրանից էր բխում ճապոնացի մարտիկի ձգտումը հաղթանակի, դրանով էր լիովին պայմանավորված այն ուժը, որը յուրաքանչյուր մարտիկի մղում էր «Ծագող արևի» երկրի դրոշը կանգնեցնելու ռուսական դիրքերում:

Միանգամայն հակադիր պատկերն էր Ռուսաստանում: Պատերազմի գաղափարը օտար էր մարտիկներին: Ժողովրդական լայն զանգվածները հետաքրքրվում էին այդ անհասկանալի պատերազմով միայն այնքանով, որքանով այն ազդում էր ընտանեկան ու տնտեսական շահերի վրա, իսկ կրթված հասարակության մեծ մասը միանգամայն անտարբեր էր պատերազմի նկատմամբ և հանգիստ զբաղվում էր իր առօրյա գործերով: Այս ամենը հանգեցրեց Ռուսաստանի պարտությանը:

Այստեղից հստակ երևում է, թե որքան կարևոր է երկարատև և պլանաչափ աշխատանքը` ուղղված աճող սերունդների բարոյական ոգու ամրապնդմանը, ազգային շահերին համահունչ մտածելակերպի և գաղափարական մղումների, պատասխանատվության զգացումի, տեղեկույթի նկատմամբ քննադատողականություն դրսևորելու ունակության և մի շարք այլ հատկությունների ձևավորմանը, որոնք էլ ինչպես բնակչության, այնպես էլ զինծառայողների բարոյահոգեբանական կայունության հիմքն են:

Հետևաբար, հակառակորդի տեղեկութահոգեբանական ներգործությանը հակազդման արդյունավետությունը մեծացնելու համար չպետք է սահմանափակվել միայն այդ ներգործությանը օպերատիվ հակազդմամբ, անհրաժեշտ է հեռանկարի տեսանկյունից պլանավորել ու իրագործել աճող սերունդների դաստիարակության խնդիրները: Դաստիարակության գործընթացը անձի զարգացման տարբեր փուլերում պետք է կազմակերպվի այնպես, որ երիտասարդության շրջանում «հայրենասիրություն», «արիություն», «ինքնազոհություն» և մի շարք այլ հասկացությունների մասին պատկերացումները ամրագրված լինեն ենթագիտակցականի մակարդակում և գործեն անձի զգացմունքների ու հույզերի հարթության մեջ: Դա նշանակում է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք վարել և ոչ թե մեկ, այլ մի քանի սերնդի հետ, այսինքն` այդ աշխատանքը պետք է շարունակական բնույթ կրի: Դա այն կարևոր համազգային խնդիրներից է, որի անտեսումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ապագայում: Այս հանգամանքը է՛լ ավելի կարևոր է դարձնում զինծառայողների և առհասարակ բնակչության ճիշտ դաստիարակության, նրանց բարոյահոգեբանական կայունության ապահովման ուղղությամբ համապետական քաղաքականության մշակումը, աշխատանքների կշռադատված, խելամիտ պլանավորումն ու կազմակերպումը: Ինչ վերաբերում է հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությանը օպերատիվ հակազդման արդյունավետությանը, ապա այն, ինչպես ցույց են տալիս տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները, կարող է ապահովվել հոգեբանական օպերացիաների հատուկ ստորաբաժանման ստեղծմամբ:

ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
հոգեբանական գիտ. թեկնածու, դոցենտ,
գնդապետ

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ռազմական


07/12/2011