Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՆԱՀԱՅՐԸ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ



Մի ավազակապետ կար, այնքան չարագործ, անողորմ, արյունարբու, որ ճանապարհին ում հանդիպում էր, սպանում էր։ Սուրբ ու առաքինասեր մի վանահայր, այս լսելով, կրկնակի հանդերձներ հագնելով եւ ազնվազարմ ձի նստելով, գնաց այն կողմերը, որտեղ ավազակապետն էր գտնվում։ Նրան բռնելով՝ բերեցին նրա առաջը։ Վանահայրն ավազակապետին հարցրեց.

-Ի՞նչ ես ուզում։

-Ձիդ ու զգեստներդ,- պատասխանեց նա։

Այն ժամանակ հայրը նրան ասաց.

-Իրավունք ունես խնդրելու, քանի որ այս ամենն Աստծունն են եւ մանավանդ հասարակաց են։ Արդ, քանի որ ես երկար ժամանակ վայելեցի, արժանի է, որ հիմա էլ դու վայելես։ Բայց կամենում եմ իմանալ, թե ինչ ես անելու դրանք։

Պատասխանեց.

-Վաճառելու ենք եւ ուտելիք գնելու։

Այնժամ հայրն ասաց.

-Որդյա՛կ, ինչո՞ւ ես այդքան չարչարանքով ու վտանգներով ուտելիք ու հանդերձանք հայթայթում։ Ինձ հետ արի, եւ ես բոլոր քեզ պետք եղած բաները կտամ։

Իսկ երբ նա հրաժարվում էր՝ ասելով, թե ոսպ ու բակլա ուտել չի կամենում, հայրը նրան ասաց.

-Քեզ ե՛ւ միս, ե՛ւ ձկնեղեն, ե՛ւ հաց, ե՛ւ անուշ գինի, ե՛ւ շքեղազարդ անկողին կտամ, միայն թե իմ հետեւից եկ։

Եվ երբ համաձայնեց եւ վանք եկավ, հայրը նրան հանձնեց եղբայրներից մեկին, ով ամեն օր նրան նախապես ասված բոլոր պետք եղած բաները բերում էր։ Արդ, երբ ավազակապետը հագենում էր, այդ կրոնավորը հոր կարգադրությամբ նստում էր գետնին՝ նրա դիմաց, եւ միայն հաց էր ուտում եւ ջուր խմում։

Ավազակապետը նրան հարցրեց.

-Ինչի՞ համար ես այդքան ծանր ապաշխարություն կատարում։ Մի՞թե մեկին սպանել ես կամ պոռնկություն արել։

Իսկ կրոնավորը, զարմանալով ու սոսկալով, պատասխանեց.

-Օ՜, հեռո՛ւ ինձնից, Աստված մի՛ արասցե, եթե ես մարդ սպանած կամ թե մարմինս պոռնկության մեղքով ապականած լինեմ, քանի որ մանկությունիցս ի վեր այս վանքում եմ մեծացել։ Բայց այն պատճառով եմ ապաշխարում, որպեսզի իմ մահվան ժամանակ Աստծո առաջ ողորմություն գտնեմ։

Այդ ժամանակ ավազակը, զղջալով, ասաց.

-Ես՝ եղկելիս ու թշվառականս, որ այնքան գողություն, այնքան մարդասպանություն, այնքան շնություն ու այնքան անթիվ չարիքներ եմ գործել ու երբեւէ պահք չեմ պահել, ինչպե՞ս ողորմած Աստծուն ինձ հետ կունենամ։

Եվ ընկնելով վանահոր ոտքերը, արտասուք թափելով՝ այնքան ապաշխարհությամբ իրեն ճնշեց, որ ժուժկալությամբ ամենքին գերազանցեց։

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Հոգևոր-մշակութային


07/12/2011