ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
19-20-րդ դդ. պատմությունը վկայում է, որ Եվրոպայում խաղաղությունը երբեք կայուն չի եղել, եթե հետպատերազմյան աշխարհակարգը չի ներառել պարտված տերությանը այն պայմաններով, որոնք վերջինիս համար եղել են ընդունելի։
Հետպատերազմյան աշխարհակարգում ներառված պետությունների օրինակներ են Ֆրանսիան նապոլեոնյան պատերազմներից և Արևմտյան Գերմանիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Չներառվածների օրինակ են Գերմանիան և Ռուսաստանը Առաջին համաշխարհային պատերազմից, իսկ այժմ նաև Ռուսաստանը՝ Սառը պատերազմից հետո։ «Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում ներկայիս մրցակցությունն ու նույնիսկ թշնամանքը այն գինն է, որն Արևմուտքը վճարում է Ռուսաստանին ոչ միայն Եվրատլանտյան կառույցներից ներս չթողնելու, այլև Եվրոպայի անվտանգությունը Մոսկվայի առաջարկներին համապատասխան, այսինքն՝ արևմտյան (նատօական) և արևելյան (ռուսական) երկու հենքերի վրա չկառուցելու դիմաց»,- հունիսի 9-ին ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում նշել է միջազգայնագետ, Մոսկովյան Կառնեգի վերլուծական կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը։
Նրա կարծիքով՝ դիմակայող կողմերը չպետք է հատեն միմյանց «կարմիր գծերը», ինչը կնշանակի պատերազմ։ Ռուսաստանի համար դրանք են՝ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, Բելառուսում ռուսամետ իշխանության տապալումը, Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռային համակարգերի տեղադրումը, ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին։
ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգը կուժեղացվի «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համալիրներով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հարվածի տակ պահել Եվրոպայում ծավալված ՆԱՏՕ-ի բոլոր խմբավորումները։
Հունիսի 9-ին ՌԴ ՊՆ իր աղբյուրին հղում անելով հաղորդել է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը՝ հիշեցնելով, որ առայժմ «Կինժալները» ծավալված են միայն Հարավային ռազմական օկրուգում։
ԱՄՆ-ը Սիրիայից արտահանում է նավթ և գյուղատնտեսական արտադրանք, իսկ ստացված հասույթով աջակցում քրդական անջատականությանը Եփրատ գետի արևելյան ափին:
Հունիսի 9-ին Մոսկվայում համաշխարհային քաղաքականության և տնտեսության գծով փորձագետների՝ 2015 թ. կազմակերպվող «Պրիմակովյան ընթերցումներ» ամենամյա միջազգային համաժողովում ասել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը:
ԱՄՆ
Ի պատասխան այն բանի, որ Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծում են նոր զինատեսակներ, ԱՄՆ-ը նրանց դեմ կիրառում է ոչ միայն «պատժի սպառնալիքով զսպման» ավանդական ռազմավարությունը, այլև «ժխտման միջոցով զսպում», որի էությունը ագրեսորի համար թիրախ-պետությունը գրավելու ճանապարհին ֆիզիկական խոչընդոտների ստեղծումն է, ագրեսիայի նկատմամբ այդ պետությունների «դիմադրողականության» մեծացումը։
Այդպիսի խոչընդոտներ ստեղծելու եղանակներն են Ռուսաստանի և Չինաստանի ջանքերը փոշիացնելու նպատակով նրանց հնարավոր ագրեսիայի թիրախ հարևան երկրներին ՀՕՊ միջոցների, հակատանկային ու հականավային հրթիռների տրամադրումը, ՌԴ և ՉԺՀ սահմանամերձ գոտիներում ստորջրյա և վերգետնյա ականների տեղադրումը։ Այս ռազմավարությունը կիրառելիս ԱՄՆ-ը հիմնական խաղադրույքը կատարում է ԱՊՀ կովկասյան, միջինասիական, Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրների վրա՝ դրանք հակառուսական ռազմահենադաշտերի վերածելու համար։ Նշված ռազմավարության նպատակը հնարավորինս առանց լայնամասշտաբ զինված ընդհարման հակառակորդին քայքայելը, հաղթելն ու նրա նկատմամբ արտաքին կառավարում հաստատելն է. «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե» շաբաթաթերթում գրել է ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Բարտոշը։
Մերձավոր Արևելքում Ռուսաստանը փնտրում է միջոցներ՝ իրեն դիրքավորելու որպես Արևմուտքին այլընտրանք՝ տարածաշրջանային հակամարտություններում առաջարկելով միջնորդություն, վաճառելով զենք, առաջարկելով ռազմական փորձի փոխանակում և անդամակցելով տարածաշրջանային կազմակերպություններին։
Հունիսի 8-ին Պենտագոնի կազմակերպած հատուկ ճեպազրույցում ասել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության (որի պատասխանատվության գոտում է Մերձավոր Արևելքը) հրամանատար, գեներալ Կեննետ Մաքքենզին։ Ավելի վաղ՝ մայիսի 23-ին, նա նշել էր, որ մինչ ԱՄՆ-ը կրճատում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, որպեսզի կենտրոնանա Չինաստանի և Ռուսաստանի հետ մրցակցության վրա, վերջիններս ձգտում են լցնել այդ տարածաշրջանում առաջացած վակուումը և ընդլայնել իրենց ազդեցությունը Պարսից ծոցի շրջանում։ «Չինաստանն իր ազդեցությունն ընդլայնելու համար համագործակցում է տարածաշրջանի համարյա բոլոր երկրների հետ՝ օգտագործելով պարտքային ծուղակները, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և բժշկական դիվանագիտությունը իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութով, որի արդյունավետությունը կասկածելի է»,- ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական հրամանատարության գերակայություններից մեկն էլ «Իրանի ապակայունացնող գործունեության զսպումն է», ինչը ենթադրում է «ԱՄՆ-ի ռազմանավերի, ավիացիայի և հակահրթիռային պաշտպանության միջոցների ծավալում»։
Համաճարակի զոհ է դարձել ամբողջ աշխարհը, սա պարզապես ողբերգություն չէ, այլ՝ հանցագործություն, և ինչ տեսանկյունից էլ քննենք կորոնավիրուսի ծագման հարցը, այդ հետաքննության կենտրոնում Չինաստանն է. անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ։
Հունիսի 7-ին ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում տպագրված հարցազրույցում ասել է կորոնավիրուսի համաճարակի ծագումը պարզելու նպատակով ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ 2020 թ. սեպտեմբերից մինչև 2021 թ. հունվար կատարված հետաքննության ղեկավար Դևիդ Աշերը։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Տրամպն էլ հայտարարել է, որ Չինաստանը՝ որպես կորոնավիրուսի համաճարակի մեղավոր, պարտավոր է աշխարհի երկրներին վճարել 10 տրիլիոն դոլար փոխհատուցում։ Սակայն «Քաղաքական տեղեկույթի կենտրոն» ռուսաստանյան վերլուծական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի կարծիքով՝ Չինաստանի պարզաբանումներից հետո կարող է պարզվել, որ պատասխանող կողմը հենց ԱՄՆ-ն է:
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքական մարտական անօդաչուները զինված ուժերի համար մեծ խնդիր են ամբողջ աշխարհում և սպառնալիք՝ Հունաստանի անվտանգությանը։
Հունիսի 7-ին գրել է հունական «The National Herald» թերթը՝ նշելով, որ «անօդաչուները խորհրդանշում են պատերազմավարության նոր դարաշրջանի սկիզբ»։ Ըստ թերթի՝ Հունաստանն առայժմ չունի հստակ պատասխան, թե արդյո՞ք Թուրքիան մտադիր է իր անօդաչուները կիրառել Հունաստանի դեմ։
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է ղրղըզական զինված ուժերի արդիականացման համար Թուրքիայի կանոնավոր ռազմատեխնիկական օգնության կարևորությունը։
Հունիսի 10-ին հաղորդել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։
Հունիսի 7-ին Լատվիայի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիայի «Բայկար» Ազգային գիտահետազոտական և ԱԹՍ-ների արտադրական կենտրոն։
Նշված է թուրքական ձեռնարկության թվիթերյան էջում։
ԱԴՐԲԵՋԱՆ
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Հունիսի 9-ին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը՝ հավելելով, որ համանախագահները «տվյալ փուլում, հավանաբար, չպետք է արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն փոխվստահության ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, այն բանին, որ հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն միասին ապրել անվտանգ ու տնտեսապես բարեկեցիկ։ Եվ այդժամ, ես ձեզ հավաստիացնում եմ, 2-3 տարի հետո, եթե մենք կարողանանք այդպիսի կյանք ապահովել, կարգավիճակի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ»,- ասել է Լավրովը։
ԻՐԱՆ
Հունիսի 8-ին Իրանի ճանապարհների և քաղաքների զարգացման նախարար Մոհամմադ Էսլամի Բաքու կատարած այցի նպատակը Իրանի արտգործնախարարի՝ վերջերս Ադրբեջան այցի ժամանակ արած առաջարկությունների իրագործումն է։
Խոսքը Նախիջևանը Ադրբեջանի մյուս մասերի հետ կապելու, Թավրիզ-Նախիջևան երկաթուղին վերագործարկելու և մինչև Թբիլիսի շարունակելու, ինչպես նաև Նախիջևան-Կարս նոր երկաթուղի կառուցելու մասին է։
ՎՐԱՍՏԱՆ
Այս տարի վրացական գինիների միանգամից 5 տեսակ ճանաչվել են վատագույնը ներմուծվող գինիների ռուսաստանյան շուկայում:
Վրացական գինիները Ռուսաստան են արտահանվում 2013 թվականից՝ 7 տարվա արգելքից հետո։ 2021 թ. սկզբից մինչև այսօր Վրաստանից արտահանված 28 մլն շիշ գինու կեսից ավելին՝ 17 մլն շիշը, արտահանվել է Ռուսաստան։ Վրացական կողմը չի մեկնաբանել իր վարկին հասցված հարվածը, հունիսի 8-ին հաղորդել է «Սպուտնիկ-Վրաստան» ռուսաստանյան լրատվական գործակալությունը։
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Տարածաշրջան