Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ…



ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ...Արցախ աշխարհի մշակութային մասունքների պահպանման և հանրայնացման խնդիրն այսօր, առավել քան երբևէ, արդիական է ու կարևոր: Վերջին պատերազմից հետո, երբ փորձ է արվում գնահատել Արցախի տարածքներում մինչև պատերազմը եղած մշակութային կոթողների կորստյան մասշտաբները, պատկերն առավել քան անմխիթար է թվում: Սրան զուգահեռ՝ հաշվի առնելով մեր «հարևանների» նկրտումներն ու մշակութային յուրացման հետևողականորեն ու շարունակաբար իրականացվող քաղաքականությունը, ակնհայտ է դառնում, որ շատ կարևոր մշակութային կոթողների ճակատագրերը, որոնք մնացել են «մեր տան մյուս կողմում», մշուշոտ ու աղետալի է: Հատկապես առկախ է Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական մշակութային այս հազվագյուտ գոհար-կենտրոնի հարուստ ժառանգության հարցը, որտեղ, ինչպես հայտնի է, այժմ մեծ թափով ընթանում են կարևոր հայկական մշակութային և հոգևոր կոթողների ոչնչացման կամ «պատմական ադրբեջանական ժառանգության» վերափոխելու, սեփական «հետքերի» ստեղծման աշխատանքները:

 

Այսօր կպատմեմ այն մասին, թե ինչպես անհատների սրտացավ վերաբերմունքի և հերոսության շնորհիվ Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ամենաթեժ մի օր տարհանվեց ու փրկվեց Արցախում հայերի բազմադարյան հոգևոր ու մշակութային ներկայության ու ժառանգության հյուսկեն վկայությունների՝ հայկական հին գորգերի մի մասը: Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստծատրյանին ու վերջին պատերազմին իր վարորդական ծառայություններով կամավոր զինվորագրված Արմեն Խաչատրյանին հաջողվել է նոյեմբերի 1-ին մտնել Շուշի և լիակատար մթության պայմաններում, առանց մեքենայի լույսերը միացնելու, գորգերի թանգարանից փրկել կարևոր նմուշների զգալի մասը: Այսօր արդեն տարհանված 160 գորգերից 71-ը ցուցադրվում են Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

Շուշիի Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստծատրյանին հանդիպեցի ցուցադրությանը. արտասահմանցի զբոսաշրջիկների խմբին պատմում էր գորգերի ակունքների մասին, մեկնում դրանց զարդանախշերի խորհրդանշական բովանդակությունը: Հին հայկական գորգագործության այս գոհարների հավաքագրման ու փաստագրման առաքելությունը նա ստանձնել է դեռևս Արցախյան առաջին պատերազմից առաջ:

-Դեռ խորհրդային ժամանակներում,- պատմում է Վարդանը,- ադրբեջանցիներն ու թուրքերը շրջում էին Արցախի գյուղերով, գնում էին հին գորգերը կամ դրանք փոխանակում էին նորերի հետ: Կանխազգում էի միտումը. մեր հին գորգերի հիման վրա սեփական մշակութային հիմք ստեղծել, քանի որ նոր ձևավորվող ազգ են. իրենց՝ այդ տարածքներում «խորը արմատների» մասին պատմություն պետք է գրեն: Հասկացա, որ մեր գորգագործության կարևոր նմուշները այսպիսով վերջնական մոռացության են մատնվելու, ու որոշեցի զբաղվել այս հարցով:

Վարդանն ասում է, որ նմուշների ընտրության գործում առաջնորդվել է այն կարևոր սկզբունքով, որ գորգերի սկզբնաղբյուրն ու ծագումնաբանությունը հստակ թվագրված և տեղորոշված պետք է լինեն: Հենց սրանով է նաև կարևորվում այս բացառիկ ցուցանմուշների թանգարանային արժեքը: Շուշիում գորգերի թանգարանը Վարդան Աստծատրյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է 2011 թ.:

-Ո՞րն է ցուցադրված ամենահին նմուշը:

ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ...-17-րդ դարի գորգը՝ Շոշ գյուղից: Պետք է նշեմ, որ մեր գորգերը նաև կրթական ու գեղագիտական դաստիարակության նշանակություն են ունեցել: Արդի ժամանակների լեզվով ասած՝ «զանգվածային լրատվամիջոց» են եղել: Գորգերը ոչ միայն կենցաղային հարց էին լուծում, այլև ժողովրդին բարձր բարոյական ու գեղագիտական արժեքներ էին փոխանցում:

Ցուցադրված հիմնական նմուշները աստղագորգերն են. խորհրդանշում են դեպի երկինք՝ առ Աստված, հայացքն ուղղելու մարդկային ձգտումը: Գորգերի մի մասում էլ Արարչագործության փուլերն են ներկայացված: Ցուցանմուշներից շատերը ժողովրդական բանահյուսությունն են արտացոլում. ծաղկագորգեր, պատկերագորգեր և այլն: Ընդհանրապես, զարդանախշերը համամարդկային արժեքներ են: Առանձին զարդանախշերի տարրերի կարող ենք հանդիպել տարբեր ժողովուրդների գորգերում, և դրանք հիմնականում մեկ որոշակի ուղղությամբ են զարգացել: Բայց հայերիս մոտ մի այլ յուրահատկություն ունեն գորգերը: Շատ հարուստ են. չկա մի զարդանախշ, որ մեր գորգերում չհանդիպի: Շատ կարևոր խորհրդանիշ է մեղուն. սա մեր հայկական ավանդություններում մեծ մոր կերպարն է խորհրդանշում՝ նրա կենտրոնական դերը ընտանիքում:

Արցախի բոլոր շրջաններից գորգեր ունենք այստեղ: Արևմտյան Հայաստանից գաղթական հայերի բերած, Իջևանի Սևքար գյուղից ցուցանմուշներ ունենք: Բոլորի ծագումնաբանությունը հստակ է. եթե որևէ նմուշի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չէր հաջողվում հայթայթել, չէի ներգրավում թանգարանում: Շուշիից պատերազմի ժամանակ 160 գորգ ենք տարհանել, 30 նմուշ 4-5000 տարի վաղեմություն ունեցող խեցեղեն և 50 գեղանկար: Շուրջ 100 գորգ, 90 խեցեղեն չհաջողվեց դուրս բերել՝ քարե դարի, բրոնզե դարի, միջին դարերի: Սակայն հաջողել ենք հիմնական արժեքավոր գորգերը փրկել:

…Երբ հասկացա, որ իրավիճակը օրհասական է, զանգեցի քաղաքապետարան, ասացի, որ մեքենա է անհրաժեշտ: Խնդրեցի, որ ուշ ժամի ուղարկեն, որպեսզի անօդաչուների համար աննկատ մնանք: Արմենին ուղարկեցին՝ որպես վարորդ, ինչի համար շատ ուրախ եմ: Ես ու ընկերս էինք Արմենի հետ, Շուշիում էլ երկու զինվորի հանդիպեցինք, որոնք նույնպես օգնեցին, որ դուրս բերենք, տեղավորենք գորգերը: Հեռախոսի լույսերով էինք գտնում անհրաժեշտ գորգերը: Մեր վարորդի՝ Արմենի խիզախության և վարպետության շնորհիվ հաջողվեց դուրս բերել գորգերը, քանի որ առանց լույսերը միացնելու կարողացավ վարել ամբողջ ճանապարհը: Ես չկարողացա այդ օրը իր հետ վերադառնալ, ասացի. «Արմե՛ն ջան, քո մեքենայի մեջ մի մեծ մշակութային շերտ ես տանում. տե՛ս, որ ապահով տեղ հասցնես»: Պատասխանեց. «Հանգի՛ստ եղիր: Մի վայրկյան չկասկածե՛ս. կհասցնե՛մ»:

 

♦♦♦

ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ...39-ամյա Արմեն Խաչատրյանը ստեփանակերտցի է: Ամուսնացած է, ունի 4 երեխա՝ երկու դուստր և երկու որդի: Փոքրը հինգ տարեկան է, մեծը՝ 12: Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, դիմել է Արցախի Ստեփանակերտի քաղաքապետարանին և սեփական մեքենայով կամավորագրվել պատերազմին՝ մասնակցելով սննդի, զինամթերքի, վիրավորների ու զոհվածների տեղափոխման աշխատանքներին: 2016 թվականին նույն այդ մեքենայով և էլի որպես կամավոր, անցել էր Ապրիլյան պատերազմով:

-Ինձ չկանչեցին հավաքներին,- ասում է Արմենը,- ենթադրում եմ՝ որպես բազմազավակ հոր, չէին ուզեցել տանել: Ես էլ մտածեցի՝ եթե չեն կանչել, ինքս կգնամ, կներկայանամ:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը Արմենը Մարտակերտի ուղղությամբ ներգրավված է եղել պաշտպանական շրջանի դիրքերի սննդապահովման գործում: Այնուհետև իր ծառայությունն է իրականացրել բոլոր ուղղություններով՝ Մարտունի, Հադրութ, Ասկերան…

-Ճանապարհներին անընդհատ նրանց անօդաչուներն էի տեսնում,- պատերազմական օրերն է վերհիշում Արմենը:

Վերջին օրերին կատարել է Շուշիի մատակարարման աշխատանքները:

-Հոկտեմբերի 28-30-ը մարդկանց տարհանում էինք Ստեփանակերտից: Արդեն շատ վտանգավոր էր քաղաքում մնալը: Մարդկանց առանձին, նրանց իրերն առանձին էինք տեղափոխում. մեքենաներն ամեն պահի կարող էին թիրախավորվել. դրանք ծանրաբեռնված չպիտի լինեին, որ արագ սուրային վտանգավոր հատվածներով: Այդ օրը՝ նոյեմբերի 1-ին, մարդկանց հերթական խմբին հասցրել էի Երևան՝ Կիլիկիայի ավտոկայան և հետ էի գնացել՝ օգնությամբ բեռնված մեքենայով: Շուշին ռմբակոծությունների մեջ էր: Ասացին, որ գիշերով պետք է մտնեի Շուշի, դուրս բերեի գորգերը: Գիշերով՝ 12:30 Վարդանի ու նրա ընկերոջ հետ մտանք Շուշի: 40 րոպեում ինչ հասցրինք՝ դուրս բերեցինք ու տեղավորեցինք բեռնատար մեքենայի մեջ: Թուրքն արդեն Քարին Տակում էր: Առանց լույսի էի վարում մինչև Տեղ գյուղ՝ մոտ 40 կմ ճանապարհ, որը նրանց հսկողության տակ էր: Այդ գիշեր հաջողեցի հետ գալ. հաջորդ օրվա ընթացքում արդեն այդ ճանապարհը փակվեց: Գիշերը ժամը չորսին հասա Գորիս, մի երկու ժամ քնեցի ու ճանապարհվեցի Երևան՝ գորգերով լի մեքենաս վարեցի ուղիղ դեպի քաղաքապետարան:

Մի ուրիշ դեպք էլ է հիշում Արմենը: Նոյեմբերի 7-ին Այգեստան գյուղում արկերով բարձելով մեքենան, կրկին բարձրացել էր Շուշի: Այդ օրն արդեն մեքենայի վրա բոլոր կողմերից ականանետով կրակում էին: Չնայած դրան՝ հաջողել էր Շուշի հասցնել արկերը:

-Երբ պատրաստվում էի իջնել բերդաքաղաքից, ուժեղ գնդակոծության տակ ընկա: Անմիջապես մեքենայից իջա ու պատսպարվեցի Շուշիի քաղաքապետարանի շենքի նկուղում: 15 րոպեից, երբ լռեցին պայթող ռումբերի ձայները, վերադարձա մեքենայի մոտ, միացրի շարժիչն ու սլացա ամբողջ արագությամբ: Էլի ռմբահարում էին բոլոր կողմերից:

Շուշիից իջնելիս մի քանի ոլորան հաղթահարելուց հետո էր նկատել, որ մեքենայի հետնապակիներն ամբողջությամբ փշրվել են: Շուշիից իջել ու անմիջապես էլ լծվել էր Ստեփանակերտից բնակիչների տարհանման գործին:

-Մեքենայիս նստատեղերը մինչ այդ հանել էի՝ բեռնափոխադրումների համար տեղ ազատելով: Անմիջապես մարդկանց, առաջին հերթին՝ տարեցներին նստեցրի մեքենայի հատակին ու այդ վիճակում հասցրի Գանձասար. այդտեղից նրանց փոխանցում էինք Հայաստան մեկնող ավտոբուսներին ու մեքենաներին:

Այսպես մինչև կեսգիշեր առանց դադարի տեղափոխել էր հայրենակիցներին թշնամու ներխուժման վտանգի տակ գտնվող մայրաքաղաքից…

-Երբ վերադարձա Ստեփանակերտ, արդեն բոլոր կողմերից ռմբահարում էին քաղաքը: 11 հոգու տեղափոխելուց հետո ամսի 8-ին էլի վերադարձա Ստեփանակերտ: Այստեղ արդեն շատ քիչ մարդ կար. հիմնականում՝ տարբեր կազմակերպություններից: Բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր: Վտանգն, իրոք, շատ մեծ էր. թշնամին մոտ 1,5 կմ-ի վրա էր:

-Ի՞նչը Ձեզ տարավ առաջնագիծ,- հարցնում եմ Արմենին:

-Հոկտեմբերի 3-ին ես Մարտակերտում էի, երբ ընկերս Էջմիածնից եկավ մինչև Քաշաթաղի սահման ու տեղափոխեց ընտանիքս՝ կնոջս ու երեխաներիս: Մնացին հայրս ու մայրս: Նրանք էլ հոկտեմբերի 14-ին դուրս եկան Ստեփանակերտից, երբ ռմբահարեցին էլեկտրացանցը, որը մեր տնից մոտ 70 մետր հեռավորության վրա էր: Հայրս այդ ժամանակ էլեկտրացանցում պահակ էր աշխատում: Առավոտը՝ լույսը բացվելուն պես, երբ հերթափոխը հանձնել ու տուն էր գալիս, ռմբահարեցին էլեկտրացանցը: Ես այդ ժամանակ մեր գյուղից մի երիտասարդի դիակն էի տեղափոխում գերեզմանոց: Տղան մեր տնից մոտ 500-600 մետր հեռավորության վրա ռմբակոծությունից էր զոհվել: Երբ իմացա էլեկտրացանցի մասին, մտածեցի, թե հայրս դեռ գործատեղում է: Շինության ներսում երեք հոգի էին եղել: Երկուսը տարբեր ծանրության վիրավորումներ էին ստացել, իսկ մեկը մահացել էր:

Այդ օրերին ինքնաթիռով հրթիռակոծել ու պայթեցրել էին նաև մեր տանը շատ մոտ գտնվող շինանյութի խանութը: Մի քանի անգամ ռմբահարել էին շուկան, հիվանդանոցը…

Ռմբահարումների ժամանակ հիվանդանոցում էի: Գնացել էի, որ ծննդաբերական բաժնից ծննդկաններին տեղափոխեմ Հանրապետական հիվանդանոցի նկուղ, որտեղ ավելի ապահով էր: Մի ծեր մարդ մոտակա շենքերից մեկում՝ իր բնակարանում ռմբահարումից մահացավ: Ծնողներիս ուղարկեցի, ինքս մնացի, որ օգտակար լինեմ:

-Հիմա ի՞նչ տրամադրություններ են տիրում Ստեփանակերտում, ի՞նչ վիճակ է:

-Մեծ անորոշություն. ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են մեր տները քանդում Շուշիում: Ճանապարհից երևում է, թե ինչպես են Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդել: Թե ինչ են մտադիր անել, անհայտ է… Արագ-արագ փորձում են տներ կառուցել: Երևան բեռնափոխադրում իրականացնելիս ամեն անգամ ճանապարհին նրանց շինարարական նյութերով բեռնված մեքենաների շարասյանն եմ հանդիպում:

…Քաշաթաղի ճանապարհին նրանք են կանգնած: Իհարկե, ռուսներն էլ են կանգնած, բայց եթե պատերազմից առաջ ցանկացած ժամի, գիշերով էլ էի գնում-գալիս այդ ճանապարհով, ապա հիմա արդեն անվտանգ չի գիշերով վարելը. ամեն ինչ կարող է լինել…

-Ռուս խաղաղապահների ներկայությունը ինչպե՞ս կգնահատեք: Ապահո՞վ եք զգում ձեզ:

-Այո՛: Դեռ ապահով ենք զգում: Դեռ…

Արմենը շատ պարզ ու սովորական է խոսում վերջին երկու պատերազմներում իր մատուցած ծառայությունների մասին, ասես ուրիշ մեկի մասին խոսի: Փոխարենը՝ Վարդան Ասծատրյանը գովեստի ու հիացմունքի խոսքեր չի խնայում անվախ վարորդի հասցեին:

-Վերջերս գտա Արմենին, հեռախոսով զրուցեցինք: Երբ եկավ Երևան, տեսավ այս մեծ ցուցադրությունը, զարմացավ՝ «Էս ամբողջը ե՞ս եմ բերել…»: Անչափ երախտապարտ եմ նրան. հարգանքի ու գնահատանքի արժանի, մեծ, հերոսական արարք գործեց:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և Վարդան Աստծատրյանի անձնական արխիվից

Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/06/2021