Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ. ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ. ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ21 տարեկան ազատ ոճի ըմբշամարտիկ, 57 կգ քաշային կարգ: Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ: Պատանիների 2015 թ. և երիտասարդների 2018 թ. Եվրոպայի չեմպիոն, 2018 թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի մեծահասակների  չեմպիոն, 2020 թ. Աշխարհի անհատական գավաթի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Եվրոպայի վարկանիշային մրցաշարի հաղթող:

 

-Տաղանդավոր ըմբիշ է: Բայց մինչ ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին ներկայացնելը, ես ուզում եմ նրա կյանքից մի դրվագ պատմել: Երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Արսենը հոր հետ գնաց կռիվ: Նրա գնալու մասին միայն լրատվամիջոցներից իմացանք: Այսպես սուս-փուս գնաց Հայրենիքը պաշտպանելու: Խնդրելով, համոզելով ետ բերեցինք, քանի որ առջևում պատասխանատու վարկանիշային մրցաշարեր կային: Բայց էլի չէր կարողանում իրեն տրամադրել մարզումներին: Ուշքն ու միտքը այնտեղ էր, որտեղ հայրն էր կռվում, որտեղ իր հասակակից եղբայրներն էին կռվում: Այդքան ծանր ապրումներից հետո Արսենը  նորից գորգ դուրս ելավ և իր բացառիկ կամքի, աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ կարողացավ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել,- Արսենին ներկայացրեց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

-Առանց սպորտի կյանքը կլինի գորշ ու միապաղաղ, իսկ առանց ձեռքբերումների և հաղթանակների՝ անիմաստ,- ասաց Արսենն ու հավելեց՝ ամեն ինչ կանի, որ ծագող արևի երկրի մայրաքաղաքում բարձրացվի մեր Եռագույնն ու հնչի Օրհներգը:

-Իհարկե, օլիմպիադային մասնակցելը պատիվ է ցանկացած երկրի մարզիկի  համար: Իսկ օլիմպիական չեմպիոն դառնալը պատիվ է և՛ մարզիկի, և՛ նրա երկրի համար: Մենք պիտի հաղթենք,- վստահեցրեց  հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի

Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Մարզաշխարհ


17/06/2021