Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԴԵՐԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ



Շուշիի ազատագրումը Արցախյան ազատամարտի ծանրակշիռ նվաճումներից է, հրաշալի կազմակերպված ու հաղթական ավարտին հասցված մի ռազմագործողություն, որը, իրոք, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բնորոշմամբ, «իրական դարձրեց մեր անկախությունը» և «բացեց արցախյան զինված ուժերի հաջողությունների երկնակամարը»։ Այդ ռազմագործողությունը նշանավորվեց մեր հրամանատարների ու զինվորների ռազմական առանձնահատուկ ու փայլուն մտքի, հայ մարտիկի աննկուն կամքի ու վճռականության դրսևորմամբ։

Շուշիի պատմական հաղթանակի կոփման գործում անգնահատելի ավանդ ունեցան հայ հետախույզները։ Նրանք իրենց արգասաբեր գործունեությամբ աչքի էին ընկել դեռևս Արցախի հնօրյա ոստանի ազատագրումից շատ առաջ և Շուշիի ճակատամարտին նախորդած ժամանակահատվածում արդեն մարտավարական զգալի փորձ էին կուտակել։

Բարձր գնահատելով զինված ուժերում հետախույզի դերն ու նշանակությունը՝ ԼՂՀ ղեկավարությունը, խորհրդային զորքերը Արցախից դուրս բերելուց անմիջապես հետո ինքնապաշտպանական ուժերի կազմում ստեղծեց հետախույզների առաջին կանոնավոր ստորաբաժանումը՝ զորային հետախուզական վաշտը՝ Վիտալի Հարությունյանի հրամանատարությամբ։ Հետախուզական վաշտի և որոշ ժամանակ անց կազմավորված նորաստեղծ ռադիոհետախուզական խմբի մարտիկները խիստ կարևոր գործունեություն ծավալեցին՝ մարտագործողությունների պլաններ մշակող հրամանատարական կազմին մշտապես ապահովելով անհրաժեշտ հավաստի տվյալներով։ Նրանց գործունեությունը միայն տվյալներ հայթայթելով չէր սահմանափակվում։ Հետախույզները, ցուցաբերելով անօրինակ քաջություն ու արիություն, մյուս զինվորներին համահավասար նաև մասնակցում էին բուն մարտական գործողություններին։ Այդ առումով հատկանշական է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ թվով 100 մարտիկների մասնակցությունը ադրբեջանական հրոսակախմբերից Տող գյուղի մաքրման ռազմագործողությանը, երբ Վիգեն Գրիգորյանի խմբի ժամանակին ու հմտորեն կատարած հետախուզության շնորհիվ հայտնաբերվեցին ոչ միայն թշնամու շտաբի և հիմնական ուժերի տեղաբաշխման վայրերը, այլև հաշվարկվեցին հակառակորդի լրացուցիչ ուժերի` Ֆիզուլիից օգնության հասնելու հնարավորությունները և ժամանակը։ Պատահական չէ, որ մարտը տևեց ընդամենը մեկ ժամ, և երբ մեր հրետանու արձակած արկերը թափվեցին թշնամու շտաբի վրա, վերջինս խուճապի մատնվեց ու ճողոպրեց՝ չսպասելով անգամ Ֆիզուլիից ստանալիք օգնությանը։

Առանց հետախույզների համարձակ ու հմուտ գործողությունների անհնար կլինեին ինչպես Ստեփանակերտին հարակից Ջամիլլու, Կրկժան, Մալիբեյլու, Ղուշչուլար, Խոջալու գյուղերի ազատագրումը, այնպես էլ Հադրութի շրջանի Ջրաբերդ, Խրմանջուղ, Բլութան, Հախուլլու, Սալաքարին, Հողեր, Ասկերանի շրջկենտրոնի և շրջանի Խրամորթ, Խանաբադ, Նախիջևանիկ, Սառնաղբյուր, Մարտակերտ շրջկենտրոնի և շրջանի Թալիշ, Կիչան, Վաղուհաս, Սրխավենդ, Մանիքլու, Խաթունբեյլի, Բաշ Գյունեփայա, Օրթափայա, Սեյսուլան (Արծվաշեն), Կարմրավան, Յարմջա, Մարտունի շրջկենտրոնի և շրջանի Ամիրանլար, Բերդաշենի Ղարադաղլու, Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն, Շուշիի շրջանի Քարինտակ բնակավայրերի համար մղված ազատագրական ու պաշտպանական մարտերում մեր հաջողությունները։ Իրավամբ, դրանք «ոգեշնչման աղբյուր դարձան հայ զինվորի հետագա ռազմական փայլուն հաղթանակները կռելու համար», իսկ ժողովուրդը ոգեպնդվեց ու «պատերազմական հետագա դժվարություններին դիմանալու կորով և ուժ ձեռք բերեց»։

1992 թվականի մայիսին հնչեց Շուշիի զանգը, հասունացավ «ադրբեջանցիների ամենախոշոր ու վտանգավոր ռազմահանգրվանի վերածված բերդաքաղաքի ազատագրման պատմական պահը»… «Կա՛մ արցախյան շարժումը պետք է սպառվեր Շուշիի մատույցներում, կա՛մ պետք է թշնամին վտարվեր այնտեղից։ Այս ռազմավարությունը գիտակցում էր յուրաքանչյուր արցախցի, և բոլորս պատրաստվում էինք գնալ ի մարտ»,- այն ժամանակ իրավիճակն այսպես է բնութագրել ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Պատմության ընձեռած այդ բացառիկ հնարավորությունից չօգտվելը մահվան էր հավասար, և ինքնապաշտպանության ուժերի ղեկավարությունը Շուշին ազատագրելու ճակատագրական որոշում կայացրեց։ Բոլոր ուղղություններով (դիվանագիտական, լրատվաքարոզչական, ռազմական) նախապատրաստական աշխատանքներ ծավալվեցին։ Բնական է, որ ռազմական նախապատրաստության այս փուլում հատկապես կարևորվեց հետախուզական աշխատանքը։ Ռազմագործողության մշակման նպատակով հետախուզական տվյալների հավաքման, համակարգման գործընթացը սկսվել էր դեռևս մարտի վերջերին, համաձայն որոնց` Շուշիում ապրիլի 27-ի դրությամբ կենտրոնացված էին 11 միավոր տանկ, 9 ՀՄՄ. 10 ԶՓ, 2 ՀԻՄՄ, 100 մմ-ոց 3 թնդանոթ, 2 ՄՄ-21 հրթիռահրետանային կայանք, «ՈւԱԶ»-ների վրա խարսխված 3 ԿՊՎԴ գնդացիր, մոտ 1500 զինվոր։ Մայիսի 6-ին հետախույզները պարզեցին, որ Լաչինից Շուշի են բերվել լրացուցիչ 20 մեքենա, 4 ՀՄՄ, 4 ԶՓ։

Ռադիո, զորային և գործակալական հետախուզության ջանքերով պարզվեցին Շուշիում գտնվող «ազերի» բոլոր հրամանատարների անունները, նրանց օգտագործելիք նշանաբառերը, սպառազինության և զրահատեխնիկայի քանակական և որակական տվյալները։ Պարզվեց նաև, որ այնտեղ էր գտնվում այն ժամանակ Ադրբեջանում ամենամարտունակը համարվող «աֆղանցիների» «777» գումարտակը։ Շուշիի ադրբեջանական զորախմբի ընդհանուր հրամանատար էր նշանակվել Մեհմետևը, որը մինչ այդ` հունվար ամսին ամոթալի պարտություն էր կրել Քարինտակում ու հիմա ջանում էր իրեն արդարացնել։ Հետախուզության աշխատանքները շարունակական բնույթ էին կրում։ Հավաքված տեղեկությունները փոփոխվող իրավիճակին զուգընթաց պարտադիր կերպով ճշտվում էին։ Դիտարկումները և հակառակորդի թիկունք իրականացված անցումները հաճախ մեկ օրից ավելի էին տևում, իսկ առանձին դեպքերում առաջադրանքների կատարման ժամանակ անհրաժեշտություն էր առաջանում դիմելու կոնկրետ գործողությունների։ Օրինակ՝ Սղնախ գյուղի մոտակա բարձունքից (Չախմախ յալ) Լաչին-Շուշի ճանապարհով կատարվող երթևեկության մշտական դիտարկումն իրականացնող խմբերի կողմից տարբեր զինատեսակների կիրառմամբ շարքից հանվեցին թշնամու տասնյակ փոխադրամիջոցներ։ Հետախուզական տվյալներ հայթայթում ու գործողություններ էին իրականացնում ոչ միայն հետախուզական ստորաբաժանումները, այլև զինվորական մյուս ստորաբաժանումներն ու կամավորական ջոկատները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ։ Օրինակ՝ Նվեր Չախոյանի գլխավորած «աֆղանցիներից» բաղկացած ջոկատը պարզել էր, որ Զառսլուի ուղղությամբ և Լիսագորի ճանապարհի երկայնքով հակառակորդը մոբիլ հենակետեր էր ստեղծել։ Բոլոր ուղղություններում հակառակորդի թվաքանակի, զբաղեցրած դիրքի, սպառազինության ու բարոյահոգեբանական վիճակի մանրակրկիտ հետախուզման արդյունքում ստացած տեղեկությունների հիման վրա ռազմագործողության պլանավորման աշխատանքներում նոր ճշգրտումներ մտցվեցին։ Ի դեպ, Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մի քանի անգամ հետաձգվել է՝ հայ մարտիկներին անհրաժեշտ քանակությամբ զենքով ու զինամթերքով ապահովելու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական դիրքերի ու բնագծերի ամրացման, ինչպես նաև հետախուզության տվյալների ճշգրտման խնդիրների կապակցությամբ:

Ջանհասանի և Քյոսալարի ուղղությամբ Արցախյան ազատամարտում առաջին անգամ հայկական ջոկատներն իրագործեցին մարտով հետախուզություն։ Դա հնարավորություն տվեց ոչ միայն վերջնականապես ճշտելու հակառակորդի հենակետերի ու կրակակետերի տեղաբաշխումն ու դասավորվածությունը, այլև մոլորության մեջ գցելու թշնամուն` «ազերիները» կարծեցին, թե դա է հարվածի գլխավոր ուղղությունը։

Հետախուզական աշխատանքները շարունակվեցին Շուշիի ազատագրման նպատակով իրականացված բուն մարտագործողությունների ընթացքում։ Բոլոր 4 ուղղություններում ընդգրկված հետախուզական ստորաբաժանումները գործում էին համարձակ, գրագետ ու վճռական։ Արցախի Ինքնապաշտպանական ուժերի հետախուզական վաշտի բոլոր մարտիկներն անմիջականորեն մասնակցում էին բերդի գրոհին։ Ստանալով կոնկրետ խնդիր և զբաղեցնելով համապատասխան դիրքեր՝ վաշտի դիպուկահարները ճակատամարտի հենց սկզբից շարքից հանեցին թշնամու առավել վտանգավոր կրակակետերն ու դիպուկահարներին։

Հետախուզական ջոկատների հրամանատարներ Միքայել Մելիք-Ստեփանովի, Վիկտոր Սաղաթելյանի, Հայկազ Անանյանի հմուտ ու անսպասելի ճեղքումների արդյունքում հակառակորդը շփոթահար եղավ ու հայտնվեց ծանր հոգեբանական վիճակում։

Հաղթանակի կռման գործում մեծ է հետախուզական վաշտի՝ Սեմյոն Աբրահամյանի և Վալերի Հայրիյանի հրամանատարությամբ գործող գրոհային երկու խմբերի ավանդը։ Նրանք գրավեցին Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի ճանապարհամերձ երկու բարձունք և կրակային աջակցություն ցույց տվեցին ձախ թևով գրոհող 4-րդ վաշտին։ Շրջարդմիավորման պահեստների ու երաժշտական գործիքների գործարանի ուղղությամբ շարունակելով առաջխաղացումր՝ հետախույզները դիրքավորվեցին դիմացի բարձունքներում, իսկ մայիսի 9-ի առավոտյան, ճնշելով հակառակորդի դիմադրությունը, վաշտի մարտիկները մտան Շուշի…

Շուշիի (արևելյան) ուղղությունում խիզախումի, անձնվիրության, հաղթանակի հասնելու վճռականության բարձր որակներ դրսևորեցին Ռուսլան Իսրայելյանի ընդհանուր հրամանատարությամբ գործող հատուկ հետախուզական խմբի մարտիկները։ Ջանհասան-Քյոսալար (հյուսիսարևմտյան) ուղղությունում՝ ԻՊՈւ-ի շտաբի դիվերսիոն–հետախուզական խմբերի ռազմիկները։ Վերջիններս՝ Լուսաձորի (Սեհտիշենի) ջոկի տղաների հետ մտան Ջանհասան ու տարածքն «ազերիներից» մաքրելով՝ ելան Կումայրի ջոկատի պաշտպանության գոտին՝ օգնության հասնելով անհավասար մարտն ընդունած հայ կամավորականներին։ Համատեղ հասցված հուժկու հարվածին թշնամին չդիմացավ ու դիմեց փախուստի։

Իր խելացի, հմուտ ու ակտիվ գործողություններով Շուշիի գրոհի ողջ ընթացքում աչքի ընկավ նաև ռադիոհետախուզությունը։ Ադրբեջաներենին անթերի տիրապետող մեր հետախույզների եթեր արձակած թշնամու ռադիոխոսակցություններն անմիջապես «ընդունվում» էին, և դրանց բովանդակության մասին անմիջապես զեկուցվում էր հրամանատարությանը։ Հենց ռադիոհետախույզների միջոցով հայտնի դարձավ, որ հակառակորդը խուճապային տրամադրություններից արդեն «հոգեվարքի» մեջ է, ինչն էլ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության ղեկավարներին հնարավորություն տվեց խլելու նախաձեռնությունը ու տրամաբանական ավարտին հասցնելու հայոց հինավուրց քաղաքի ազատագրումը։

«Իր 273-ամյա պատմության ընթացքում Շուշի բերդ-ամրոցը, որը միշտ էլ հայտնի է եղել իր անառիկությամբ, առաջին անգամ անձնատուր եղավ հանուն պատմական արդարության, հանուն տիրոջ սիրո։ Երկու օր տևած մարտական այդ փայլուն ռազմագործողության ընթացքում ակնհայտ դարձավ հայրենիքին ծառայելու կոչված մարդկային արժանապատվության անվիճելի իրողությունը, որը ցայտուն դրսևորվեց ինքնապաշտպանության ուժերի 1-ին, 4-րդ, 6-րդ, Ակնաղբյուրի, Բալուջայի վաշտերի, հետախույզների և մյուս ստորաբաժանումերի սխրագործություններում»,- Շուշիի ազատագրմանը այսպիսի ճշմարիտ գնահատական է տրվել ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի 1993թ. համարներից մեկում։

Նյութը պատրաստել է ՀՀ ԶՈՒ ԳՇ
հետախուզության վարչությունը

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


07/12/2011