Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԳԵՆԴԱՐ 5-ՐԴԸ



1992թ. աշնանը, հայոց զինուժի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու եւ հակառակորդի հարձակումներին հակահարված տալու նպատակով ստեղծվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը, որը կազմավորվեց կամավորական ջոկատներից ստեղծված գումարտակների բազայի վրա:

5-րդ բրիգադը կազմավորվեց այն փուլում, երբ մի կողմից ընթանում էր պատերազմը, իսկ մյուս կողմից բանակային կառուցվածքի ձեւավորումն էր սկսվել: Հայաստանի Հանրապետության նորաստեղծ պաշտպանության նախարարությունն արդեն հասցրել էր կազմավորել չորս գունդ: Իսկ շուրջ մեկ տասնյակ գումարտակներ եւ 6-7 տասնյակ կամավորական ջոկատներ գործում էին որպես առանձին միավորումներ:

Այդ օրերին հակառակորդն իր ամբողջ հնարավորությունները համախմբած` աքցանի մեջ էր առել ԼՂՀ սահմանները, իսկ Մարտակերտի հատվածում գյուղ առ գյուղ առաջ էր գալիս:

1993թ. փետրվարի երկրորդ կեսին նորաստեղծ բրիգադը փոխգնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարությամբ հասավ ԼՂՀ Մարտակերտի շրջանի ռազմաճակատի հատվածը:

Բրիգադի շտաբը տեղավորվեց Մարտակերտի Առաջաձոր գյուղի դպրոցում: Նույն օրը գումարտակներն ստացան առաջին մարտական հանձնարարությունները: Մինչ այս, Մասիսի կամավորական գումարտակն արդեն դիրքավորվել էր Լաչինի միջանցքի «Կոբրա» կոչվող բարձունքում:

Վանաձորի գումարտակը հանձնարարություն ստացավ պահելու Մարտակերտի հյուսիսային հատվածը` Քելբաջարի ուղղությամբ: Գյումրիի կամավորական գումարտակին հանձնարարվեց ապահովել Մեհմանա, Կուսապատ գյուղերի շրջակա տարածքի պաշտպանությունը:

Փետրվարի 25-ին Երեւանի գումարտակի երկրորդ եւ երրորդ վաշտերը` Հենրիկ Հովհաննիսյանի հրամանատարությամբ, սկսեցին հակառակորդին ետ մղելու գործողությունները:

Հակառակորդը տեղեկանալով, որ հայկական կողմն ուժեղացրել է պաշտպանությունը, հանկարծակի հարձակման անցավ Սարսանգի ջրամբարի շրջակայքում դիրքավորված Երեւանի գումարտակի 2-րդ եւ 3-րդ վաշտերի ուղղությամբ: Տեղանքին անծանոթ կամավորականները գիշերային պայմաններում ընկան շրջափակման մեջ, սակայն ահեղ մարտի բռնվելով եւ տալով մի քանի զոհ` լուսադեմին կարողացան ճեղքել շրջափակումը եւ մի կերպ դուրս գալ ծուղակից: Այնուհետեւ անմիջապես օգնության ուղարկվեց արդեն բազմաթիվ մարտերում թրծված Ջերմուկի վաշտը` Մուշեղ Բաբայանի` Ջերմուկի Համոյի հրամանատարությամբ, որը, միանալով Երեւանի վաշտերին, համատեղ ջանքերով կարողացավ հակառակորդին ստիպել նահանջել դեպի Կուսապատի բարձունքները:

Համառ մարտերի ու բազմաթիվ զոհերի գնով, մինչեւ մարտի վերջ, բրիգադի գումարտակները ղարաբաղյան ուժերի հետ առանձին ուղղություններով կարողացան դիմակայել հակառակորդի ուժերին եւ կանգնեցնել նրա առաջխաղացումը:

1993թ. մայիսի 5-ին, նախ, բրիգադը համալրվեց Էջմիածնի գումարտակով, եւ ապա բրիգադի հրամանատար նշանակվեց այդ գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Գրիգորյանը: Այս նշանակումը նոր որակ տվեց բրիգադին` վերակազմավորվեցին բոլոր ստորաբաժանումները, բրիգադը համալրվեց զրահատեխնիկայով, հրետանիով, ստեղծվեցին տանկային գումարտակ, շարժական եւ մոբիլային պահեստազոր: Անհամեմատ աճեց զինվորական կարգապահությունը:

Էջմիածնի գումարտակը դեռ 1988թ., որպես երկրապահ ջոկատ, Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ աչքի էր ընկել իր հստակ եւ հաղթական մարտավարությամբ, եւ ոչ միայն Հադրութի հատվածում. շատ հաճախ օգնության էր նետվում ծանր վիճակի մեջ ընկած ԼՂՀ տարբեր տարածքների ինքնապաշտպանական ջոկատներին: Գումարտակն արդեն կայացել էր որպես բանակային առանձին եւ հզոր կառույց` իր բոլոր տեսակի ծառայություններով: Միաժամանակ, տարիներ շարունակ գործելով ինքնապաշտպանության գոտու այս հատվածում, ծանոթ էր ռազմաճակատի այս ուղղության ընդհանուր դիրքերին եւ փայլուն կատարում էր իր առջեւ դրված խնդիրները:

1993թ. հունիսի երկրորդ կեսին բրիգադը սկսեց դիմակայել ԼՂՀ Հադրութի շրջանի պաշտպանությունը ճեղքել փորձող հակառակորդին: Սակայն այդ օրերին ծանր վիճակ էր ստեղծվել նաեւ Մարտակերտի հատվածում:

Բրիգադի հանձնարարությամբ, շտաբի պետ Յուրա Հովհաննիսյանը` 26-ի Յուրան, որպես Մարտակերտի ռազմաճակատին լավ ծանոթ անձնավորություն, մի գումարտակով հատուկ հանձնարարությամբ տեղափոխվեց Մարտակերտ, բայց, ցավոք, հունիս 27-ին, ընկնելով ականապատված տարածք, զոհվեց:

Անհապաղ Մարտակերտի ռազմաճակատ ուղարկվեց Էջմիածնի գումարտակի հրամանատար կապիտան Հայրապետ Նավասարդյանը: Մարտակերտի հատվածում ամրապնդելով մեր ուժերի դիրքերը եւ հակահարված տալով հակառակորդին ու սահմանագծի պաշտպանությունը հանձնելով տեղի ուժերին` գումարտակը վերադարձավ Հադրութի տարածք:

Հուլիսի սկզբին հակառակորդը զգալով հայկական կողմի հզորանալը, Հադրութի պաշտպանական շրջանում սկսեց հրթիռակոծել կրակակետերը: Էջմիածնի գումարտակը, որ բոլորից լավ էր ծանոթ տարածքին, ռազմական գործողությունների ծանրությունը վերցրեց իր վրա: Հուլիսի 24-ին ռազմաճակատի այս հատվածում ահեղ մարտեր սկսվեցին: Մարտերից մեկում զոհվեց Էջմիածնի գումարտակի հրամանատար Հայրապետ Նավասարդյանը:

Օգոստոսի սկզբին արդեն մեր ուժերը սկսեցին ընդհանուր գործողություններն ուղղել դեպի Ֆիզուլի: Ֆիզուլի քաղաքը բրիգադի գումարտակների աքցանի մեջ էր: Միակ ազատ ճանապարհով քաղաքի բնակչությունն ու զինվորականությունը լքում էր քաղաքը: Օգոստոսի 22-ին ադրբեջանական 160-րդ գնդի գումարտակների փոխարեն Ֆիզուլիում էին մեր գումարտակները, իսկ հակառակորդը նահանջում էր դեպի համանուն շրջանի խորքերը: Բրիգադի գումարտակները քաղաք մտան տարբեր ուղղություններով: Ֆիզուլի քաղաքի ազատագրումից հետո բրիգադի գումարտակները սկսեցին իրար ետեւից ազատագրել շրջակա տարածքի գյուղերը եւ խորանալ դեպի Հորադիզ:

Օգոստոսի 30-ին բրիգադի գումարտակները մի կողմից արդեն հասել էին Քյուրդմահմադլու, իսկ մյուս կողմից էլ` Հորադիզ ավանին` ազատագրելով Ֆիզուլիի շրջանի շուրջ 1380 քառակուսի կիլոմետր տարածքը` մոտ 60 բնակավայր: Մյուս կողմից Արթուր Աղաբեկյանի ղեկավարած Հադրութի պաշտպանական գնդի գումարտակներն արդեն կանգնած էին Կուբաթլիի մոտ: Օգոստոսի 31-ին հայկական գումարտակները մտան Կուբաթլի: Ադրբեջանական ուժերը, չդիմանալով հայկական զինուժի գրոհներին, ճարահատ խախտում էին Իրանի սահմանը:

Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանների կրակակետերի ոչնչացման օգոստոսյան գործողությունները ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունեցան: Վերացվեց ԼՂՀ արեւելյան եւ հարավային սահմանների վրա կախված մշտական սպառնալիքը, ջախջախիչ պարտություն կրեցին համանուն շրջաններում կուտակված թշնամական խմբավորումները: Արցախի այս տարածքի շուրջ ընդլայնվեց անվտանգության գոտին:

Նոյեմբերին հարավային ռազմաճակատում կատարելով իր առջեւ դրված բոլոր խնդիրները, պաշտպանական սահմանագիծը հանձնելով հայկական մյուս զորամիավորումներին` բրիգադը վերադարձավ Երեւան` համալրման:

1993թ. դեկտեմբերի 15-ին բրիգադը ստացավ հերթական մարտական առաջադրանքը` մեկնել ԼՂՀ Մարտակերտի շրջան, որտեղ ընթանում էին օրհասական մարտեր: Այդ ժամանակահատվածում թշնամին կուտակել էր մեծաքանակ ուժեր, տեխնիկա, օգտագործելով ստեղծված զինադադարի հնարավորությունը, ամբողջ ճակատի երկայնքով անցել էր հարձակման եւ որոշ հատվածներում հասել հաջողության:

Մարտակերտի շրջանի հյուսիսային մասի պաշտպանությունը վտանգված էր, թշնամին կարող էր մխրճվել ԼՂՀ խորքերը: Մինչ բրիգադի գումարտակները կհասնեին Մարտակերտի ռազմաճակատ, հակառակորդը սկսել էր առաջ ընթանալ ռազմաճակատի հարավային հատվածում, դիրքերը առաջ բերելով հատկապես Հորադիզ կայարանի տարածքում:

Դեռ Մարտակերտի ռազմաճակատ չհասած` բրիգադի որոշ ստորաբաժանումներ, հրամանատար Մանվել Գրիգորյանի հրամանատարութամբ, վերադառնում են ռազմաճակատի Հորադիզի հատված` տեղում գործող ուժերին աջակցելու եւ հակառակորդին ետ շպրտելու: Հորադիզի հատվածում, հակառակորդի առաջխաղացումը կանխելուց հետո, հրամանատար Մանվել Գրիգորյանը շտապում է Մարտակերտի ռազմաճակատ:

Ստանձնելով Մարտակերտի սահմանագծի պաշտպանությունը` բրիգադի ստորաբաժանումներն արյունահեղ մարտերով կասեցրին թշնամու առաջխաղացումը եւ վերականգնեցին ռազմաճակատի գիծը` ազատագրելով մի շարք բնակավայրեր:

Հունվարի վերջին օրերից մինչեւ փետրվարի կեսը ծանր մարտեր էին ընթանում Հակոբ Կամարի, երեք Տոնաշեններ ու Դաստակերտ գյուղերի համար: Փետրվարի առաջին կեսերին մարտերը տեղափոխվեցին Տոնաշենի եւ Դաստագիրի հատված: 1994թ. փետրվար-մարտ ամիսներին թեեւ զինադադարի շուրջ բանակցություններ էին ընթանում, հակառակորդը շարունակ խախտում էր պայմանավորվածությունները, եւ բրիգադը հարկադրեց հակառակորդին բնակավայր առ բնակավայր նահանջել:

Ապրիլի 11-ին, ազատագրելով Մատաղիսը, բրիգադի գումարտակներն արդեն Թալիշի մոտերքում էին: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը տարբեր ուղղություններով սկսվում է գրոհը Թալիշի ուղղությամբ, եւ կեսօրին Թալիշն արդեն ազատագրված էր: Այնուհետեւ հայկական ուժերը մի կողմից մտան Վերին Չայլու եւ Լեւոնարխ գյուղերը, իսկ մյուս կողմից էլ մաքրեցին Թալիշի շրջակա տարածքը:

Կատաղի մարտեր ընթացան հատկապես ապրիլի 28-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը չէր ուզում հաշտվել դիրքային առավելություն ունեցող Թալիշի կորստի հետ, սակայն բրիգադի գումարտակները նահանջելու ցանկություն չունեին: Մայիսի 1-ին զինադադարի կնքումից օրեր առաջ Թալիշի բարձունքներում զոհվեց բրիգադի հրամանատարի տեղակալ Մեխակ Մեխակյանը:

Մինչեւ մայիսյան զինադադարը, հայկական ուժերը մեկը մյուսի հետեւից ազատագրելով հայկական բնակավայրերը, մոտենում էին Միրբաշիրի շրջանին: Ղարաբաղյան եւ հայաստանյան ուժերը` ի դեմս 5-րդ բրիգադի գումարտակների, պատրաստ էին հուժկու գրոհով մտնել Միրբաշիր: Սակայն տարածաշրջանային, ավելի ստույգ` միջազգային ուժերի եւ Ռուսաստանի առաջարկությամբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ հաշտություն խնդրելու:

5-րդ բրիգադի դերն ու կատարած առաքելությունն ընկալելու համար անհրաժեշտ է վերհիշել, վերապրել 1992 թվականի մայիս-հունիսյան հաղթանակները, դրանց հաջորդած անկումային վիճակը` հակառակորդի կողմից Մարտակերտի տարածքի բռնազավթումը, այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի «Մահապարտների» գումարտակ ստեղծելու ճիգը եւ այն խմորումներն ու պրպտումները, որոնց ծնունդն է 5-րդ մոտոհրաձգայինը, բայց արդեն ոչ մահապարտի, այլ հաղթողի կեցվածքով ու կնիքով` լեգենդար ու հերոսական հռչակված ժողովրդական համբավով:

Շնորհավոր տարեդարձդ, լեգենդար 5-րդ:

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Պատմության էջերից


07/12/2011