Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ



ՏԵՂԵԿԱՆՔ

Բաբկեն Հուսիկի Վարդանյան։ Ծնվել է 1955թ. հունվարի 5-ին, Սյունիքի մարզի Գոռհայք գյուղում։ 1960թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Ջերմուկ քաղաք։ Թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ճարտարագիտական համալսարան՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։ 1974-77թթ. ծառայել է խորհրդային բանակի դեսանտային զորքերում, ստանալով ավագ լեյտենանտի կոչում։ Ծառայությունից հետո աշխատել է «Նաիրի» գիտաարտադրական միավորումում` որպես բանվոր, այնուհետեւ նույն միավորումում եղել է հերթափոխի պետ։ Այդ տարիներին զբաղվել է սամբո եւ ձյուդո սպորտաձեւերով։ 1985թ. աշխատանքի անցնելով Ջերմուկի հանքային ջրերի գործարանում, աշխատանքին զուգընթաց իրեն նվիրում է պատանիների ֆիզիկական, ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Նրա նախաձեռնությամբ 1990թ. Ջերմուկում ստեղծվում է հայկազունների մարմնամարզական ազգային միության մասնաճյուղը, որի ատենապետն է նշանակվում, իսկ միության անդամների մեծ մասը 1987թ. նրա կողմից ստեղծված «Սամբիստ-դեսանտայիններ» ակումբի սաներն էին։

Բաբկենի շնորհիվ Ջերմուկում ավանդական դարձան Զորավար Անդրանիկին նվիրված ձյուդոյի հանրապետական մրցաշարերը, բացվեց 1990թ. մայիսի 27-ին Երեւանի երկաթուղային կայարանում սադրանքի զոհ դարձած հայորդիների հուշարձանը։ Նույն ակտիվությամբ մասնակցում էր իր ծննդավայր Սիսիանի շրջանում կազմակերպվող բոլոր հայրենանվեր գործերին։ Սումգայիթի, Բաքվի կոտորածներից հետո 12 քաջազուն հայորդիներից ստեղծում է «Զորավար Անդրանիկ» ջոկատը եւ մեկնում է պաշտպանելու հայրենի սահմանները՝ Երասխ, Բարձրունի, Խնձորեսկ, Շահումյան, Ղարաչինար, Մեհմանա, Գյուղաթաղ, Ջանյաթաղ, Կիչան, Շուշի, Լաչին… Զոհվել է 1992-ի նոյեմբերի 22-ին, Արցախ աշխարհի Չլդրան բնակավայրի մարտերի ժամանակ։ Հետմահու պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Սեղանին լուսանկարներ են, թերթեր, որոնք ժամանակի շնչից արդեն խունացել են։ Տիկին Անգինին հուշերը նորից տարել են պատերազմական այն օրերը, որտեղ թախիծ կա, տխրություն եւ սակայն այդ ամենը` միախառնված անանձնական հպարտության հետ։

-Ամուսինս իր սաների հետ հաճախ էր դուրս գալիս արշավների, ծանոթացնում էր Սյունյաց աշխարհի պատմական կոթողներին, պատմում նախնիների հերոսական, հաղթական գործերից։ «Հայրենասիրությունը գալիս է հայրենագիտությունից»,- հաճախ էր կրկնում այս բառերը։

Պաշտամունք ուներ Զորավար Անդրանիկի նկատմամբ։ Մեր երեխաներին՝ Մարիամին, Սիփանին, Լիլիթին մկրտեցինք Խոր Վիրապում։ Կնքահայրը «Զորավար Անդրանիկ» միության նախագահ Նորայր Մուշեղյանը դարձավ։

Բաբկենի զոհվելուց հետո Նորայր Մուշեղյանը հիշում է. «Զորավար Անդրանիկ» միության անդամներով պատրաստվում էինք մեկնել Կամոյի շրջանի Ծովազարդ գյուղ, որտեղ պետք է բացեինք Մեծ Զորավարի կիսանդրին։ Այդ պահին ներս մտավ Բաբկենը` ձեռքին մի փաթեթ։ Ինչպես հետո իմացանք` ադրբեջանական դրոշ էր, որ նա վերցրել էր Արցախի Մեհմանա եւ Գյուլաթաղ գյուղերի մարտերի ժամանակ։ Ու թեեւ երկար ժամանակ չէր եղել տանը՝ Ջերմուկում, անչափ կարոտել էր հարազատներին, ընտանիքին, սակայն իմանալով մեր մեկնելու առիթը, ընկերացավ մեզ։ Գյուղում, երբ հանդիսավորապես բացվում էր հուշարձանը, Բաբկենն իր ռազմական ավարը փռեց Զորավարի կիսանդրու պատվանդանի տակ։ Նա ասես զեկույց էր տալիս քաջ Անդրանիկին, թե իրենք՝ խիզախ ազատամարտիկները, պահպանում են նրա ոգին ու շատ տարիներ առաջ տված մարտական հրահանգները»։

-Երբ տուն էր գալիս, գրկում էր Սիփանին ու սկսում էր հայրենասիրական, ֆիդայական երգեր երգել։ Շատ էր լինում, որ ինքն էր հորինում։ Այսպիսի մի երգի տողեր եմ հիշում,- վերհիշում է տիկին Անգինը.

-Կռունկներ ջան, նամակս ջուրը չգցեք՝

Տարեք հասցրեք իմ Սիփանին…

-Ես երեք տարեկան եմ եղել, հայրիկին չեմ հիշում,- ժպտում է Սիփանը,- սակայն հայրիկիս ընկերների, հորեղբորս, հորաքույրերիս պատմություններից ամբողջացել է նրա կերպարը։ Արայիկ հորեղբայրս նույնպես մասնակցել է ազատագրական պայքարին, որդուն անվանակոչել է հայրիկի անունով։

-Այդ օրերին ե՛ւ ամուսնուս ծնողները, ե՛ւ քույրերը ամեն կերպ իրենց մասնակցությունն էին բերում մեր պայքարին,- շարունակում է տիկին Անգինը,- հաց էինք կտրատում-մանրում ու չորացնելով ուղարկում էինք ռազմի դաշտ՝ տղաներին։

Շուշիի, Լաչինի ազատագրումից հետո, երբ տուն մտավ, երջանկությունից ցնծում էր ողջ քաղաքը, մենք։ Փողոցի երեխաներին միրգ էր բերել, կրակված փամփուշտներ, ինձ էլ նվիրեց երկու նռնակ ու կատակով ասաց.

-Ուրիշ թանկարժեք նվեր չունեմ, սա է Շուշիի ու Լաչինի հաղթանակների մաղարիչը,- ժպտում է տիկին Անգինը, ապա, ցույց տալով մի լուսանկար, պատմում է.

-Կենտրոնում Ղարաչինարից մի տատիկ է, որը գուլպա է գործում, կողքին Բաբկենն է ու ղարաչինարցի մի ազատամարտիկ։ Ես նրանց անունները չգիտեմ, մոռացել եմ։ Այդ գուլպաները ես մինչեւ հիմա պահում եմ։ Տատը այդ գուլպաները գործել էր Բաբկենի համար.

-Բաբկեն ջան, քո մայրը հեռու է, դու տնից-տեղից կտրված եկել ես մեզ օգնության, հագիր, որ մորդ սիրտը թեթեւանա,- ասել էր արցախցի մայրը։

…Ջերմուկ քաղաքի ազատամարտիկ-ֆիդայիների ծառուղին, որտեղ ննջում է Բաբկեն Վարդանյանը, ծածկվել է ձյան ճերմակով։ Փողոցներից մեկը, ինչպես նաեւ սկաուտական կազմակերպությունը կոչվում է նրա անունով։ Մեծացել, հասակ են առել նրա զավակները, Մարիամն ամուսնացել է, Սիփանը ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, Լիլիթը ԵՊՀ-ի ուսանող է։ Հայոց բանակին նվիրված Լիլիթի գրած շարադրությունը 10-րդ դասարանում արժանացել է մրցանակի։ Անգին մայրը ամեն մի դժվարություն հաղթահարելով կարողացել է ուսման տալ, կրթել, դաստիարակել հայրենիքի իսկական քաղաքացիներ` միշտ հավատարիմ ամուսնու խոսքերին՝ հայրենասիրությունը գալիս է հայրենագիտությունից։

-Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել, սատար են կանգնել մեր ընտանիքին։ Շնորհակալ եմ պաշտպանության նախարարին, ով ամեն կերպ օգնում է մեզ, հասկանում,- ասում է տիկին Անգինը։

…Հրաժեշտին, երբ Ջերմուկից դուրս էինք գալիս, սկսեց մանր փաթիլներով ձյուն տեղալ։ Ձյուն էր, սակայն մայրամուտի արեւով բոցավառվել էին ճերմակ ժայռերն ու ձյան փաթիլները, որոնք երկնքից ճերմակ հուշեր էին ցած բերում, որ գարնան ձնհալից լուսե աղբյուրներ դարձած, խոխոջալով ցած իջնեն լեռներից, հոսեն ու խոսեն, պատմեն ու ամբողջացնեն Բաբկեն հայորդու կարճ, սակայն իմաստալից ու գիտակից ապրած կյանքը, պատմեն հայոց աշխարհից, Սյունյաց աշխարհից…

Ու թվաց` արեւից բոցավառ ձյան փաթիլները մեսրոպյան գրեր են, որոնք իջնում են հայոց երկրին, իջնում են Բաբկեն Վարդանյանի կրտսեր զավակի՝ Լիլիթի շուրթերից.

«Ձմռանը երկնքի արցունքները ճերմակ-ճերմակ են լինում, եւ այդ ճերմակ արցունքների մեջ կյանք կա թաքնված։ Եվ կյանքն այդ նա սիրով նվիրելու է հողին, անտառին, կենդանիներին, մարդկանց, բայց կաթիլ-կաթիլ…

…Ես երկու տարեկան թոթովախոս մանուկ էի, երբ դու գնացիր։ …Գնացիր, ու հիմա քեզ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում… Մի անգամ էլ, երբ մայրիկն ասաց` գնում ենք հայրիկի մոտ, ուրախացա, իսկ հետո շատ զարմացա, երբ մայրիկն ինձ գրկեց, սեղմեց կրծքին ու ազատություն տվեց արցունքներին։ Ծաղիկներով ծածկված հողաթմբի մոտ կանգնել եւ ուզում էի հասկանալ, ահա թե ինչու հայրիկը տուն չի գալիս, արդեն հեռու, շա՜տ հեռու է գնացել… Տարիներ անցան։ Ես հիմա շատ բան գիտեմ քո մասին։ Գիտեմ, որ դու մեր նորաստեղծ հայկական բանակի առաջին զինվորներից ես եղել։ Ղարաբաղյան շարժում է եղել, եւ անխուսափելի է եղել պատերազմը։ Դու էլ հարյուրավոր կամավորների հետ մեկնել ես պատերազմ՝ մայրիկի խնամքին թողնելով մեզ՝ քո երեք անչափահաս երեխաներին։

Նորաստեղծ հայոց բանակի քաջազուն մարտիկներդ անվարան առաջ եք գնացել, կասեցրել թուրք ազերիների գրոհները։ Անհավասար մարտերից մեկի ժամանակ հակառակորդի դարանակալ գնդակը կտրել է քո կյանքի թելը…

…Հիմա իմ սենյակի պատին փակցված է քո նկարը՝ զինվորական համազգեստով, ավտոմատը ուսիցդ կախ, աչքերումդ լուսավոր հավատը ապագայի հանդեպ…

Հայրի՛կ, ես հպարտ եմ քեզանով… Շնորհավորում եմ բոլորին հայկական բանակի ստեղծման եւ ղարաբաղյան պատերազմի հաղթանակի առթիվ, մաղթում եմ խաղաղություն… Շնորհավոր տոնդ, հզոր բանակ մեր հայկական»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ճակատագրեր


07/12/2011