Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ, ԶՈՐԱԿԱՆԸ



ԱԿՈՒՆՔԸ

Գորգիսյանների տոհմական բնօրրանը եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Սղերդ սանջակում: Սղերդ քաղաքում է ծնվել Մովսեսի պապը` Սամի Չաուշը: 1915թ. Մեծ եղեռնի օրերին նա դարձավ պայքարի մարտիկ: Սամի Չաուշը հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, այդ թվում նաև Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին` Վերոնիկային, վիճակված էր դառնալ նրա կինը` Մովսեսի տատը: Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարան Եգիպտոս: Եղեռնի տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք է տարագրվում նաև Մովսեսի մոր` Աթթարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո` 1947թ. հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ Մովսեսի ծնողները. Գևորգը` Կահիրեից և Ալիսը`Հալեպից, առաջին իսկ քարավանով հայրենադարձվեցին: Սակայն խորհրդային իշխանությունների որոշումով նրանք դասվում են հասարակության համար անցանկալի տարրերի շարքը, բռնագաղթում են Ալթայի երկրամաս: Այնտեղ էլ հանդիպում են Մովսեսի ծնողները, ամուսնանում, ունենում զավակներ` Սամվելին և Արաքսին:

Ստալինի մահից հետո Գորգիսյանների ընտանիքին թույլատրվեց վերադառնալ հայրենիք, հաստատվել Երևանում, որտեղ էլ 1961 թվականի դեկտեմբերի 3-ին ծնվեց ընտանիքի կրտսեր զավակը` Մովսեսը: Մովսեսը տակավին 3 տարեկան էր, երբ աքսորավայրում ձեռք բերած բազմաթիվ հիվանդություններից մահանում է նրա հայրը: Դեռ փոքր հասակից աչքի էր ընկնում գերզգայուն, ընկալունակ, անչափ հետաքրքրասեր խառնվածքով: Դպրոցական տարիներին աչքի էր ընկնում նաև իր սկզբունքայնությամբ: Մովսեսը ցնցել էր ուսուցիչներին Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի հանդեպ տածած իր կարոտաբաղձությամբ:

Հարևան Նաջարյանների տանը հաճախ էին հավաքվում Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ-ի) անդամները: Մովսեսը դպրոցական երեխա էր և երբեմն ներկա էր լինում այդ հավաքներին, ակնապիշ լսում զրույցներն ու արտասանում նրանց համար: Այստեղ նա մոտիկից ծանոթացավ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, ֆիդայիների սխրագործություններին, ազգային երգերին և նորօրյա ընդհատակյա պայքարին: Հետո ծանոթացավ Աշոտ Նավասարդյանի հետ, որ Մովսեսի նվիրվածությունը ստուգելու համար մի քանի հանձնարարություն էր տվել ու ապշել նրա հավատարմության դրսևորումից:

1979թ-ին ավարտեց թիվ 158 միջնակարգ դպրոցը: Հետագայում` բուհն ավարտելուց հետո, նույն դպրոցում թատերական խմբակ էր ղեկավարում: Դպրոցը 1990-ին, ի հիշատակ Մովսես Գորգիսյանի, հետմահու անվանակոչվեց հերոսի անունով: Դպրոց տանող ճանապարհին, Շիրակի 14 շենքի վրա` այն տանը, որտեղ ապրել է Մովսես Գորգիսյանը, 2001թ. տեղադրվեց հուշատախտակ (քանդակագործ` Խաչիկ Հակոբյան):

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

1980թ. Մովսեսն ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին: Բնատուր տվյալներով շատ արտիստիկ էր, կիրթ, հմայիչ: Անվանի ռեժիսոր Արման Մանարյանն ու Հենրիկ Մարգարյանը «Ոսկի և հող» գեղարվեստական ֆիլմը նկարահանելիս գլխավոր դերը վստահեցին Մովսեսին, որը նա կատարեց իրեն հատուկ դերասանական փայլով և, ավաղ, սեփական ճակատագրի բնութագրումով: Սանթուրը ռազմաճակատ մեկնեց հայրենիքը պաշտպանելու և չվերադարձավ: Այդպես էլ ինքը` Մովսես Գորգիսյանը:

Ամուսնացավ իր համակուրսեցու` Ռուզանի հետ, որ դարձավ Մովսեսի ամենահավատարիմ ընկերն ու գաղափարակիցը, իսկ 1982թ. ծնվեց նրանց դուստրը` Գոհարը: Նրանք այն հազվադեպ զույգերից էին, որ թողած մայրաքաղաքի աշխատանքը և ստեղծագործական նշանակալի հնարավորությունները, վճռեցին գնալ Հայաստանի հեռավոր շրջան` Գորիս: Գորիսի դրամատիկական թատրոնում Մովսեսը խաղաց Շեքսպիրի «Սխալների կոմեդիա», Լև Կորսունսկու «Ինքնակոչը», Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացումներում:

2004թ-ին հետմահու պարգևատրվեց Խ.Աբովյանի անվան ոսկեզօծ հուշամեդալով: 2007-ին, բուհի լսարան-արվեստանոցը անվանակոչվեց նրա անունով: 2011-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճը եւս անվանակոչվեց Մովսեսի անունով:

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

17 տարեկանում` 1979-ի փետրվարի 18-ին, Մովսեսը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ անդամագրվեց Հայաստանի պետականության վերականգնման, Հայ դատի արդարացի լուծման, ազգային-ազատագրական պայքարին ու դարձավ Ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամ: Այնտեղ էլ` Ծիծեռնակաբերդի բարձունքում տարիներ անց գտավ իր մշտական հանգրվանը:

Բնական էր, որ խորհրդային կարգերի ժամանակ այլախոհության ցանկացած դրսևորում, էլ ուր մնաց Հայաստանի ԽՍՀՄ կազմից դուրս գալու կամ Հայկական հարցի արդարացի լուծման պահանջատիրություն դատապարտված էր: ԱՄԿ-ի գաղափարակից ավագ ընկերները ձերբակալված էին և խորհրդային ճամբարներում էին:

1987թ. ԱՄԿ-ի հենքի վրա ստեղծվեց Ազգային Ինքնորոշում Միավորումը: ԱՄԿ-ի անդամներ, ԱԻՄ-ի հինգ հիմնադիր-անդամներ` Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանը, Մեխակ Գաբրիելյանը և Սուսաննա Ավագյանը ընդհատակից պայքարը տեղափոխեցին բացախոսության ու ժողովրդավարության դաշտ` ազգային շահերին համահունչ գործունեություն ծավալելու:

Եվ սկսվում է գործունեության նոր փուլ: Որպես առաջին քայլ` ստեղծվեց Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե` այլախոհներին բանտերից, հոգեբուժարաններից ազատ արձակելու: Անկախության գաղափարը տարածելու և ժողովրդի սեփականությունը դարձնելու ակնկալությամբ էլ որոշվեց ստեղծել «Անկախություն» շաբաթաթերթը, որը դարձավ հայ ազատ մամուլի առաջնեկը:

Որոշ ժամանակ անց Մովսես Գորգիսյանը սկսեց ռուսերենից թարգմանաբար հրատարակել «Գլաստնոստ» («Հրապարակայնություն») պարբերականը, սակայն հրատարակումը խոչընդոտվեց ՊԱԿ-ի կողմից:

Երբ 1988-ին սկսվեց ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը` Ղարաբաղյան շարժումը, շատերն անգամ չէին մտածում անկախ պետականության վերականգնման մասին: Մովսեսն իր ներքին ուժով, խոսքի վարպետությամբ, բացատրելու, համոզելու, վստահեցնելու մեծագույն ունակությամբ կարողացավ բոլշևիզմի սերմանած վախն ու բարդույթները արմատախիլ անել ժողովրդի միջից: Թեև երեք տարվա ընթացքում վեց անգամ ձերբակալվեց, այդուհանդերձ մնաց անընկճելի:

1988-ի մայիսի 28-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ ծածանվեց մեր անկախության խորհրդանիշ Եռագույնը: Մովսեսը հրատարակեց հայ ազատամարտին նվիրված գրքույկներ, իսկ երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ կոմիտեի» անդամները, ի պաշտպանություն նրանց, հրատարակեց երկլեզու «Մեղադրվում են» ժողովածուն: Նա այցելում էր ձերբակալվածների ընտանիքներին, սատարում նրանց: Կազմակերպում և մասնակցում էր արտոնված և չարտոնված հանրահավաքներին, ցույցերին: Հանդիպումներ էր ունենում hանրապետական, միութենական և միջազգային տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների, թղթակիցների, մտավորականների ու քաղաքական գործիչների հետ, զորավիգ էր լինում այլ հասարակական կազմակերպություններին, որպես փորձառու` աջակցում նրանց մամուլի հրատարակմանը, ապահովում էր հայաստանյան տեղեկատվությունը արտասահմանում, տալիս համարձակ հարցազրույցներ: Հանդուրժողականությամբ ու ներողամտությամբ, սիրով ու հմտորեն գաղափարական համոզիչ աշխատանք էր տանում տեղական ոստիկանների և կառավարության ներկայացուցիչների հետ:

Երկրաշարժի առաջին իսկ օրը իր բողոք-հացադուլով մեկուսարանում պահանջեց անհապաղ իրեն ազատ արձակել և հնարավորություն ընձեռել ազգի համար ողբերգական ժամին իր ժողովրդի կողքին լինելու, նրա ցավը կիսելու և օգնելու տուժածներին: Նա տեսնում էր, որ ազգովի ընտրված խորհրդարանը կարող է լուրջ քաղաքական ուժ լինել հայ ժողովրդի համար: «Ղարաբաղ» պահանջող ժողովրդին բացատրում էր, որ միայն անկախ, ազատ և հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին:

ԶՈՐԱԿԱՆԸ

1988-ի փետրվարին Խորհրդային Ադրբեջանում սումգայիթյան ոճրագործությունները ապացուցեցին, որ անհրաժեշտ է ունենալ Հայկական Բանակ: Մովսեսը դարձավ «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրը: Զինաթափված հայությանը նախ զինեց ոգով, ապա և` զենքով: 1990 թվականի հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա տարածքի վրա իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե ահագնացող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները աճապարում էին դեպի Երասխավան: Մովսեսն այդ օրը հիվանդ էր` ջերմություն ուներ: Գործերը շատ էին, ո՛չ կազդուրվելու, ո՛չ սնվելու, ո՛չ էլ քնելու ժամանակ կար:

Երասխավանի կռիվը «Անկախության Բանակի» առաջին մարտն էր, այն էլ` խորհրդային բանակի դեմ: Գիտակցելով, թե սադրանքների հեղինակներն ովքեր են և ինչ նպատակ են հետապնդում, 1990-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա լսվեցին բաց ճակատով, համարձակ քայլող Մովսեսի վերջին խոսքերը. «Չեք տեսնում, սա խաղ է` թատրոն»: Դավադիր գնդակը գտավ հասցեատիրոջը: Մի ճիչ լսվեց. «Մոսոն խփվեց»…

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդում` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարևանությամբ: 1990թ. Արարատի թիվ 2 մանկապարտեզը կոչվեց նրա անվամբ: 1993-ի դեկտեմբերի 24-ին Քաշաթաղում հիմնադրվեց Մովսեսաշեն գյուղը: 1996-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն` «Ազգային հերոս» կոչումը:

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/12/2011