Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

«Երբևէ մեզ բոլորիս էլ կփոխարինեն, դա բնական, կենսաբանական գործընթաց է, բայց, ես վստահ եմ, որ ռուսաստանյան պետականության, տնտեսության, քաղաքական համակարգի հիմքերը կլինեն այնպիսին, որ նա ամուր կանգնած կլինի իր ոտքերին և վստահորեն կնայի ապագային»։

Հունիսի 11-ին ասել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը՝ պատասխանելով ամերիկյան «NBC» հեռուստաընկերության թղթակից Կիր Սիմոնսի այն հարցին, թե արդյոք նախագահի պաշտոնում Պուտինին փոխարինող գտնելուց հետո «ամեն ինչ մի ակնթարթում չի՞ փլուզվի»։ ՌԴ նախագահը նշել է, որ 2000 թ. Ռուսաստանը անհամեմատ ավելի ծանր պայմաններում էր, բայց այսօր վիճակը բացարձակապես այլ է. երկրում միջազգային ահաբեկչությունը «արմատախիլ է արված» և, իր կարծիքով, չի կարող վերածնվել։

Պուտինը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի վախենում Չինաստանի հզորացումից։ Նախ՝ որովհետև «մեր պաշտպանական ինքնաբավության մակարդակը շատ բարձր է», երկրորդ՝ վերջին տասնամյակներում ռուս-չինական հարաբերությունները բոլոր ոլորտներում հասել են վստահության և համագործակցության աննախադեպ բարձր մակարդակի, և «մենք չենք համարում, որ Չինաստանը մեզ համար սպառնալիք է»։

 

ԱՄՆ

1941 թ. օգոստոսի 14-ին ԱՄՆ նախագահ Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի ստորագրած՝ ՄԱԿ-ի ստեղծման գաղափարն արտահայտող Ատլանտյան խարտիայի նմանությամբ ս. թ. հունիսի 10-ին ԱՄՆ նախագահ Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի ստորագրած «Նոր ատլանտյան խարտիա» վերնագրով փաստաթուղթը վկայում է ՄԱԿ-ը և նրա ժառանգությունը մերժող մի նոր աշխարհակարգի ստեղծման մտադրության մասին, որում հիտլերյան Գերմանիայի դերը վերապահված է Ռուսաստանին ու Չինաստանին։

Այս տեսակետն է արտահայտել ռուսաստանցի վերլուծաբան Վլադիմիր Պավլենկոն։

Հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Բայդենը «մեծ յոթնյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նրանց հանդես գալ Չինաստանի աճող տնտեսական ազդեցության դեմ և հարյուր միլիարդավոր դոլարների վարկեր տրամադրել զարգացող երկրներին՝ որպես այլընտրանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների ու հաղորդակցական ցանցերի կառուցման Չինաստանի ծրագրին։

Հունիսի 13-ին գրել է ամերիկյան «The New York Times» օրաթերթը։ ԱՄՆ-ի առաջարկած այլընտրանքային ծրագիրը կոչվում է «Աշխարհի համար կառուցենք ավելի լավը» («Build Back Better for the World», կրճատ՝ «B3W»)։

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառներն են՝ Ռուսաստանի ագրեսիան հարևան երկրների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, ինչպես նաև՝ կիբեռհարձակումներն ու հիբրիդային հարձակումները ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ։

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ Գագաթնաժողովում որոշվել է ավելացնել պաշտպանական ծախսերը, որոնք տարեկան կկազմեն անդամ-երկրների ՀՆԱ-ների առնվազն 2 %-ը։

Դաշինքը մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը մեծացնում է իր միջուկային մարտագլխիկների և դրանց առբերման միջոցների քանակը, ծածուկ արդիականացնում է զինված ուժերը, որդեգրել է ռազմական ու քաղաքացիական բաղադրիչների միաձուլման ռազմավարություն, եվրաատլանտյան տարածաշրջանում մասնակցում է Ռուսաստանի զորավարժություններին։

Գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ Եվրոպայի, Թուրքիայի և Կանադայի պաշտպանությունը ՆԱՏՕ-ի «սրբազան պարտքն է»։

 

ԹՈՒՐՔԻԱ

Դատելով ըստ ամենայնի՝ հունիսի 14-ին Բրյուսելում ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպման արդյունքում կողմերը որոշել են հետաձգել իրենց հարաբերություններում եղած հակասությունների լուծումը՝ «սառեցնել» դրանք։

Այս տեսակետն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին։ «Համաշխարհային կարգը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է Թուրքիան. նա չափից ավելի մեծ է, ռազմական առումով չափից ավելի հզոր, և նրա աշխարհագրական դիրքն ունի վճռորոշ նշանակություն։ Բայց Էրդողանը բարդ գործընկեր է»,- ասել է Ջեֆրին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են տարածաշրջանում առկա սպառնալիքներին՝ «Իրանին, Ռուսաստանին և ահաբեկչությանը» դիմակայելու հարցում։

Թուրքիա-ԱՄՆ հիմնական հակասություններն են՝ 1. Թուրքիայի ԶՈՒ-ի սպառազինության մեջ ռուսական «Ս-400» համալիրների ընդգրկման հարցը, 2. ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» կազմակերպությանը, որը Թուրքիան համարում է ահաբեկչական, 3. Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, 4. ԱՄՆ-ում պատսպարված՝ 2016 թ. Թուրքիայում պետական հեղաշրջման կազմակերպիչ Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու՝ Թուրքիայի պահանջի մերժումը, 5. Թուրքիայում հեղաշրջմանը հաջորդած զանգվածային հալածանքներն ու մարդու իրավունքների խախտումները. 90 հազար մարդ ձերբակալվել է, 150 հազարը ազատվել աշխատանքից, 6. տարաձայնությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում, 7. 2018 թ. ԱՄՆ-ում թուրք բանկիր Մեհմեթ Խաքան Աթիլլի դատապարտումը 32 ամսվա բանտարկության՝ Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցում օգնելու մեղադրանքով (2019 թ. նա արտահանձնվել է Թուրքիային), 8. ԱՄՆ-ի նախագահի անձնական վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ՝ վերջինի քաղաքական ընդդիմախոսներին աջակցելու՝ Բայդենի նախընտրական խոստումը։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի ստորագրած Շուշիի հռչակագիրը, որը ոչ մի սենսացիոն գաղափար չի պարունակում, և որով Թուրքիան, փաստորեն, ստանձնում է իր դաշնակցի տարածքի անձեռնմխելիության երաշխավորի դեր, առաջացնում է հարց. իսկ ումի՞ց է ավելի շատ վախենում Ալիևը՝ ներկայիս պարտված Հայաստանի՞ց, թե՞ իրականում Ռուսաստանից։

Հունիսի 16-ին «regnum.ru» կայքում այս հարցադրումն է արել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ժամանակ բունդեսվերը (Գերմանիայի ԶՈՒ-ն) ստիպված լիներ պատերազմելու Ադրբեջանի դեմ, ապա հազիվ թե որևէ հնարավորություն ունենար. սպառազինության այնպիսի համակարգերից, ինչպիսիք են մարտական անօդաչուներն ու դրոն-կամիկաձեները, մենք չէինք կարողանա համարժեք կերպով պաշտպանել մեզ, հենց միայն ՀՕՊ-ի բացակայությունը կհանգեցներ մեր պարտության։

Կարծիք է հայտնել Պաշտպանության ու ռազմավարության հարցերով գերմանական ինստիտուտի (GIDS) փորձագետ, փոխգնդապետ Միխայել Կարլը՝ ներկայացնելով նշված ինստիտուտում Արցախյան 44-օրյա պատերազմի և ռազմական ԱԹՍ-ների զարգացման ներկայիս միտումների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները։

 

ԻՐԱՆ

Հունիսի 10-ին Իրանի ՌԾՈՒ «Սահանդ» էսկադրային ականակիրը և «Մակրան» ռազմանավը, դուրս գալով Իրանից, առաջին անգամ ուղևորվել են Ատլանտյան օվկիանոս՝ առանց ուրիշ երկրների նավահանգիստներում կայանման։

Տեղեկացրել է Իրանի ԶՈՒ ղեկավարի՝ համադասման գծով տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին՝ նշելով, որ «միջազգային ջրերում ներկայությունը ԻԻՀ-ի բանակի ՌԾՈՒ անքակտելի իրավունքն է»։

 

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանին մշտապես խոստանալով անդամակցություն ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ-ը մտադիր է Անդրկովկասում պահպանել բարձր լարվածության վիճակ, որպեսզի առանց պատերազմի սանձազերծման զսպի Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում։

Հունիսի 15-ին փորձագիտական կարծիքների «iarex.ru» կայքում գրել է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ի մի բերելով նախօրեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները։ Գագաթնաժողովի ընդունած հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ն. «Ի պատասխան Ռուսաստանի հետզհետե ապակայունացնող գործողությունների, սերտորեն աշխատում է Վրաստանի հետ՝ ապահովելու անվտանգությունը Սև ծովի շրջանում»։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Տարածաշրջան


24/06/2021