ՀԱՎԵՐԺ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՂԵԿԸ
Գևորգ Հրայրի Սիմոնյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին… Երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, հույս կար, թե գուցե ողջ է…
Գևորգը ծնվել է 1990 թ. մարտի 5-ին Ջերմուկ քաղաքում։ Կնոջ ասելով՝ շատ էր հպարտանում, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանն ու ինքը նույն օրն են ծնվել։ Ծնողները Արենի գյուղից էին տեղափոխվել Ջերմուկ, և Գևորգը դեռ երեխա մնացել էր առանց ծնողների…
Ավարտել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանը, որից հետո՝ 2008-2010 թթ. ծառայել է լեգենդար «Եղնիկներում»: Ծառայության ընթացքում աչքի է ընկել պարտաճանաչությամբ, ստացել է շնորհակալագրեր, պատվոգրեր։ Զորացրվել է լեյտենանտի կոչումով։ 2010 թ. բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում։ Գյուղն ունի պատմական անցյալ. այն հիշատակել է դեռևս Մովսես Դասխուրանցին։ Ահա այս պատմական գյուղի դպրոցում էլ աշխատանքի է անցել որպես զինղեկ։ Մեկ անգամ չէ, որ նրա աշակերտները միջդպրոցական մրցումների և օլիմպիադաների ժամանակ զբաղեցրել են առաջատար տեղեր, մասնակցել նաև հանրապետական մրցափուլին։ Ինքը՝ Գևորգը, ռազմաուսումնական հավաքների ժամանակ աչքի է ընկել գերազանց իմացությամբ, արժանացել «Լավագույն զինղեկ» պատվոգրին, այլ գնահատանքների։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից էլ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Ուռեկանում Գևորգը 2013 թ. ամուսնացել է գյուղի բուժկետի բուժքույր Անուշ Շեգունցի հետ։ Ունեն 2 երեխա՝ Նարեկը և Ամալյան։ 2016 թ. քառօրյա պատերազմի մասնակից առաջին կամավորականների շարքում էր։
… Արցախյան վերջին պատերազմից առաջ ընտանիքով Երևանում էին։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ զանգահարեցին ու ասացին՝ Ստեփանակերտը ռմբակոծում են… Գևորգը մեզ էլ իր հետ տարավ Արցախ։ Ճանապարհին շատ հուզված էի, մեծ տագնապ կար սրտումս։ Իսկ ինքը, կարծես, ուրախ էր։ Անընդհատ կրկնում էր՝ գնալու է տղերքին թևութիկունք լինի, պիտի բոլորով պայքարենք թշնամու դեմ»,- պատմում է Անուշը։
Առավոտ կանուխ արդեն մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի տարածքը։ Գործել սկսեց Քաղպաշտպանության շտաբը։ Շատ կամավորներ էին գալիս՝ առաջնագիծ մեկնելու համար։ Այսպես շարունակվեց օրեր շարունակ։ Սեպտեմբերի 28-ին Գևորգն էլ՝ որպես պահեստազորային, մեկնեց առաջնագիծ։ Ընկերները պատմում են, թե ինչպես էր բոլորին ոգևորում ու հորդորում չընկճվեն՝ հաղթանակած են վերադառնալու։ Քաջաբար կռվում էին տղերքն առաջնագծում, թիկունքն էլ աշխատում էր, որ զինվորները կարիք չունենան։ Սակայն հենց առաջին օրերից ստանում էինք քաշաթաղցի տղաների՝ զոհվելու, վիրավորվելու, անհետ կորելու մասին լուրեր։ Բայց կար նաև հույս, որ հաղթելու ենք։ Իրենց պարտականությունը բարձր էին կատարում բուժաշխատողները շրջանային հիվանդանոցում, գյուղերում։ Ջրականի տարածքում մարտնչող ամուսնու վերադարձին սպասելով՝ Ուռեկանի բնակչությանը բուժօգնություն էր ցուցաբերում նաև Անուշը՝ պատերազմի առաջին իսկ օրից իր բժշկական հմտությունները գործի դնելով։ «Գյուղը լքեցինք հոկտեմբերի 17-ին, երբ սկսեցին կրակել հենց Ուռեկանի ուղղությամբ։ Ամուսնուս եղբայրն օգնեց, եկանք Ջերմուկ, տուն վարձեցինք ու մինչ օրս վարձով ենք ապրում այնտեղ…»,- ասում է Անուշը ու… խոսքը շարունակում Գևորգի մասին. «Ընտանիքին նվիրված մարդ էր՝ լավ հայր, լավ ամուսին, նրանից շատ ու շատ բան եմ սովորել, որ ամբողջ կյանքում կուղղորդեն ինձ, և մեր երեխաներն էլ կմեծանան նույն հայրենասիրությամբ, նույն հպարտությամբ… Շատ ենք կարոտում Գևորգին, առանց նրա շատ դժվար է։ Այս մեծ ցավին համակերպվել չի լինում…»։
Ըստ ընկերների՝ ասում էր. «Դուխով կլինեք, չհանձնվեք։ Մինչև վերջ պիտի գնանք։ Պատերազմ է, չենք իմանա՝ ինչ կլինի, բոլորդ մի թղթի վրա ձեր անուն, ազգանունը, տարեթիվը գրեք, դրեք գրպանում»։ Կռվի թեժ պահերին էլ տղերքին խորհուրդներ է տվել մարտավարության վերաբերյալ։
Արցախի հարավային սահմանում մարտերն առավել թեժ ընթացք ունեցան հոկտեմբերի սկզբներից։ Հոկտեմբերի 3-ի լուսաբացին ծանր մարտերի ժամանակ վիավորվել էր, և ճակատագիրն անհայտ էր։ Ապրիլի 9-ին են հայտնաբերել նրա դին, ապրիլի 15-ին հուղարկավորել են Արենի գյուղի գերեզմանատանը։ Հերոս զինղեկի մասին Քաշաթաղի նախկին շրջվարչակազմի ԿՄՍ բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը գրել է. «Գևորգ Սիմոնյանն ազատագրված և այժմ թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի երիտասարդ և անգերազանցելի զինղեկն էր։ Մեծ հայրենասեր էր և սեփական օրինակով էր դաստիարակում մատաղ սերնդին։ Պատասխանատու և նպատակասլաց զինղեկին հաջողվում էր առաջադրված ցանկացած խնդիր լուծել։ Սրտացավ, բայց և խստապահանջ զինղեկին սիրում էին իր բոլոր աշակերտները։ Հավատարիմ մնալով զինղեկի կոչմանը՝ առաջիններից մեկն էր, որ մեկնեց առաջնագիծ։ Զոհվեց հանուն այն գաղափարների, որով տարիներ շարունակ դաստիարակել էր իր աշակերտներին։ Զոհվեց հանուն հայրենիքի և հայ ազգի հարատևման»։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ճակատագրեր