Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՌՔԻ ԱՐԱՀԵՏՈՎ՝ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ…



ՓԱՌՔԻ ԱՐԱՀԵՏՈՎ՝ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ...Օրերս Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146  հիմնական դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝  նվիրված  կրթօջախի սաներին՝ Վահագն Էլոյանին, Ազատ Գեւորգյանին, Կարեն Մուրադյանին.  հայրենի եզերքի պաշտպանության համար տղաները  նվիրաբերեցին ամենաթանկը՝ կյանքը…

-Նրանք կատարեցին իրենց պարտքը, իսկ մենք դեռ պարտք ունենք ու  այդ պարտքը պետք է տանք ապրելով, շենացնելով, հզորացնելով ու ծաղկեցնելով  մեր երկիրը,- իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը:- Մեր պարտքն է նաեւ  հիշել  ու մեծարել մեր քաջերին,  վառ պահել նրանց հիշատակը:

Հուշ-ցերեկույթին ներկա էր նաեւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Վերջինս կարեւորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝  համարելով հայրենասիրական, ուսուցանող դաս մատաղ սերնդի համար.

-Այսօրվա  աշակերտը վաղվա զինվորն է, եւ հայրենասեր ու հայրենատեր ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատեւումը: Միայն կռվի դաշտում չէ, որ հաղթում եւ հերոսանում  են. ամեն մեկն իր ասպարեզում զինվորի նվիրումով, զինվորի պատասխանատվությամբ  ու պատվախնդրությամբ պետք է ծառայի հայրենիքին:

Միջոցառման ավարտից հետո ներկաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի անմահացածներին:

Առաջիկայում  դպրոցի երեք դասասենյակներ կանվանակոչվեն  խիզախ հայորդիների անուններով:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Բանակ և հասարակություն


24/06/2021