Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԴԻ ԻԼՅԱՆ ԿԱՄ՝ ՉՈՐՍ ԸՆԿԵՐ, ՈՐ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԳՐԱԴԻ ԻԼՅԱՆ ԿԱՄ՝ ՉՈՐՍ ԸՆԿԵՐ, ՈՐ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՍտեփանյան Զավենը, Սաֆարյան Արան, Վարդանյան Կարենն ու Նահապետյան Իլյան ընկերություն էին անում մանկապարտեզից… Այս սկիզբը հետաքրքիր, իրադարձություններով լի շարունակություն է խոստանում: Բայց շարունակություն չկա, որովհետև  չորսն էլ զոհվեցին վերջին պատերազմում: Զավենն ընկավ Մատաղիսում, Արան՝ Շուշիում, Կարենի վերջին կռիվը Խոջալուում էր, իսկ Իլյան Հադրութում զոհվեց…

Փոքր ժամանակ ես սիրում էի ներկել անգույն նկարները: Փոքր ժամանակ հեշտ էր. տերևը՝ կանաչ, արևը՝ դեղին, լուսինն՝ սպիտակ, ու գետը՝ կապույտ: Իսկ հիմա ես նստած եմ այս ահռելի ուրվանկար-կտավի առաջ,  պիտի ներկեմ սուրբ ու նվիրական պատկերները: Ու չգիտեմ՝  որտեղից գտնեմ նրանց ընկերության գույները, ով ինձ կուղեկցի մանկապարտեզից բանակ ընկած նրանց ճանապարհը անցնելիս, ո՞վ կասի՝ ինչպե՞ս են նրանք ապրել, ի՞նչ են խոսել, ի՞նչ են երազել…

Չորս տղա, որ ընկերություն են արել մանկապարտեզից, զոհվեցին Հայրենիքի ազատության համար պայքարում, երբ դեռ չէին բոլորել 20 տարին: Ոչինչ պետք չէ ավելացնել: Սա աշխարհի ամենահոգեցունց ակնարկն է, ամենացնցող պատմությունը՝ կազմված մեկ նախադասությունից: Չորսից մեկը մականուն է ունեցել՝ Գրադի Իլյա: Գուցե հենց նրա մասին էլ գրեմ: Թող Գրադի Իլյան մարմնավորի չորսի կերպարը:

-Իլյայիս մասին ինձնից լավ ոչ ոք չի կարող պատմել… Նա չշփվող, ինքնամփոփ, սակավախոս երեխա էր:  Հանդարտ, հավասարակշռված, խաղաղասեր: Չեմ հիշում մի դեպք, որ Իլյան կռիվ աներ փոքր ժամանակ կամ մեծ տարիքում: Մինչև մանկապարտեզ գնալը, երբ  մեր տուն մարդ էր գալիս, Իլյան սկսում էր լացել, էդ աստիճանի ինքնամփոփ էր: Մանկապարտեզում առաջին անգամ խաղաց իր հասակակիցների հետ, գտավ նրանց մեջ Զավենին, Կարենին, Արային ու… էլ երբեք չբաժանվեց նրանցից,- ասում է մայրը՝ տիկին Ալլան։

… «Գրադն» ու խաղաղասիրությունը համատեղելու համար  ես դեռ երկար պիտի խոսեմ  մոր հետ, որ հասկանամ, թե որտեղ էր թաքնված Իլյայի հոգու ուժը և երբ  բացահայտվեց: Մանավանդ՝ ես տեսել եմ Իլյայի լուսանկարները՝ հաղթահասակ, ընդգծված դիմագծերով, հոգու մեծ ուժը՝ աչքերի մեջ: Ես նայել եմ տեսանյութ, որտեղ Իլյան «Գրադի» ֆոնին, ամբողջովին զինավառ, իր հզոր կեցվածքով,  ռումբերի ոռնոցի տակ հանգիստ ասում է.

-Տրամադրությունը բարձր է, մարտական, անձնակազմը գործում է ոգևորված, ակտիվ, առաջադրանք ստանալուց րոպեներ անց  հասնում ենք մեր նպատակին:

ԳՐԱԴԻ ԻԼՅԱՆ ԿԱՄ՝ ՉՈՐՍ ԸՆԿԵՐ, ՈՐ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ-Իլյային բնութագրող ամենաճիշտ բառը օրինավորն է,- ասում է տիկին Ալլան։- Նա ամեն ինչ անում էր  առանց որևէ շեղման: Դպրոցից գալիս էր տուն, սովորում դասերը, կատարում բոլոր հանձնարարությունները: Փայլուն առաջադիմություն ուներ, լավ էր սովորում հատկապես մաթեմատիկան: Դպրոցում լսող էր, հնազանդ, պարտաճանաչ: Երբեք այնպիսի բան չէր անում, որ դիտողություն ստանար: Մի օր էլ ասաց՝ ուզում եմ զինվորական դառնալ ու խնդրեց, որ իրեն տանենք «Փոքր Մհեր» վարժարան:

-Չէ՛, մարդիկ հանկարծակի նման որոշումներ չեն կայացնում, էն էլ՝ ինքնամփոփ, խաղաղասեր, չշփվող մարդիկ: Որտեղի՞ց էր լսել վարժարանի մասին,  ո՞վ էր ներշնչել զինվորական  դառնալու միտքը, ի՞նչ էր փոխվել նրա խառնվածքում:

Տիկին Ալլան նայում է մտազբաղ, փորձում է ինչ-որ բան հիշել, հետո թափահարում է գլուխը:

-Զինվորական դառնալու, առավել ևս՝ «Փոքր Մհեր» վարժարանում սովորելու Իլյայի ցանկությունը մեզ համար անակնկալ էր: Բայց մենք առաջին անգամ չէինք անակնկալի գալիս Իլյայի որոշումներից: Ես մտածում էի, որ նա կընտրի մաթեմատիկայի իմացության հետ կապված որևէ մասնագիտություն, գիտության հետ կապված որևէ աշխատանք  կունենա հետագայում: Բայց պնդեց ու գնաց «Փոքր Մհեր» վարժարան:  Հետո անակնկալները հաջորդեցին մեկը մյուսին: Իլյան կարող էր ոչ միայն պաշտպանել ինքն իրեն, իր սկզբունքները, այլև կանգնել ճշմարտության կողքին, որքան էլ դժվար ու վտանգավոր լիներ: Իլյան կարող է անտրտունջ հաղթահարել դժվարություններն ու չընկրկել: Այնուամենայնիվ, նա ներփակ էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչ կա նրա հոգու խորքում… Նրա բոյովանալն էլ եղավ միանգամից ու անսպասելի:

Ես ժպտում եմ: Ինձ թվում է՝ տիկին Ալլան մի քիչ չափազանցում է:

-Միջահասակ տղա էր, մեկ էլ տեսանք՝ հասակը դարձել է 1 մետր 94 սանտիմետր:

-Այդպես ո՞նց կլինի…

-Ոնց եղավ, որ «Փոքր Մհեր» ու հետո «Մոնթե Մելքոնյան» վարժարանները գովասանագրերով ու մեդալով ավարտած տղան հանկարծ ասաց՝  Ռազմական համալսարան չեմ գնալու, բանակում պիտի ծառայեմ։

-Բայց ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ:

-Հիմա պիտի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ լիներ, բայց գնաց ժամկետային զինծառայության: Ասաց՝ հիմա ուզում եմ բանակում ծառայել, հետո կերևա:

-Երևի ուզում էր սեփական մաշկի վրա զգալ զինվորի հոգսերը, ժամկետային ծառայության յուրահատկությունները, որ հետո ավելի լավ հասկանար զինվորին:

-Բանակում ավագ սերժանտի կոչում ստացավ, «Գրադի» հաշվարկի հրամանատար էր: Զոհվելուց օրեր առաջ լեյտենանտի կոչում էին տալու:

-Զինվորին՝ լեյտենանտի կոչո՞ւմ:

-Այո՛, հրամանատարն էր ասել:  Սկզբում, երբ զանգում էր, ասում էր՝ մա՛մ ջան, չվախենաս, ինձ գնդակ չի դիպչի: Վերջում ասաց՝ մա՛մ, պատերազմն առանց զոհերի չի լինում: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Իսկ թե ինչպես է կռվել տղաս, թող պատմեն իր մարտական ընկերները: Նա երկու կերպար ուներ: Ինձ համար նա իմ զգայուն, բարի, հոգատար Իլյան էր, ուրիշների համար՝ Գրադի Իլյան: Աբովյանցի Արամը, որը տղայիս հետ էր ծառայել, ասում էր. «Գրադի Իլյայի համբավը տարածվել էր ռազմաճակատով մեկ: Երբ նա եկավ Հադրութ, արդեն մթնում էր: Մեկ էլ դիրքերում զինվորներից մեկը վազելով մտավ խրամատ ու ասաց՝ Գրադի Իլյան է գալիս մեզ մոտ: Տղաները կրակվառիչներով լուսավորեցին խրամատը: Իսկ երբ Իլյան եկավ, սկսեցին նրա հետ նկարվել: Ռմբակոծության ժամանակ  զինվորները  մտնում էին  խրամատ, իսկ Իլյան  իր ահռելի բոյով բազկատարած արծվի նման փակում էր խրամատի մուտքը: Երբ ասում էի՝ ուրիշներին պաշտպանում ես, իսկ քո կյանքը չես խնայում, հիշի՛ր, տանը քեզ նույնպես սպասող կա, Իլյան ժպտում էր ՝ ինձ գնդակ չի դիպչի»։

Տարիքով ավելի մեծ զինվորները՝ մոբի տղաները, Իլյային փաղաքշաբար կոչում էին Իլյուշա՝ մեր Իլյուշան: Նրանցից մեկը՝ Արմեն Ապրեսյանը, հիշում է.

-Իլյուշան բարձրահասակ էր, լայնաթիկունք, հաղթանդամ: Եվ որքան քաջ ու հզոր էր կռվելիս, նույնքան համեստ ու զուսպ  էր մարդկային հարաբերություններում: Մեր Իլյուշան կիրթ էր, հարգալից, զիջող: Երբ հարցնում էին՝ ինչի՞ կարիք ունես, քեզ ի՞նչ բերենք քաղաքից, ամեն անգամ պատասխանում էր՝ ինձ ոչինչ պետք չէ: Իլյուշան կերպարանափոխվում էր «Գրադի» կողքին, ուրիշ մարդ էր դառնում: Նա կռվում էր ինքնամոռաց, անձնազոհ, անվախ: Նրա շուրթերին մարտադաշտում այս բառերն էին՝ խփենք, հարվածենք, խոցենք, կրակենք: Ինքը հաշվարկում էր, ինքն էլ կրակում: …Փոքրիկ բրդուճներ էինք անում ու կրակի տակ հասցնում Իլյուշային, որ սոված չմնա: Իլուշան չէր խնայում իրեն, Հայրենիքը նրա համար վեր էր ամեն ինչից: Իլյուշան իր ահռելի չափսերով, իր անվախ հոգով այնքան էր սազում «Գրադին»…Նա հերոս էր:

…Ստեփանյան Զավենը, Սաֆարյան Արան, Վարդանյան Կարենն ու Նահապետյան Իլյան ընկերություն էին անում մանկապարտեզից: Չորսն էլ զոհվեցին Արցախյան վերջին պատերազմում, որ մենք չկորցնենք մեր վերջին զարկի ուժն ու հավատը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/06/2021